Հայաստանի գլխավոր հենարանը սփյուռքն է
Լուսանկարը՝ Լուսի Սարգսյան, JAMnews
Նոյեմբերի 26-ին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին իր ելույթում Հայաստանի նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն մեծ տեղ հատկացրեց սփյուռքի հետ հարաբերություններին: Եվ թեև նա ոչ մի հստակ բան չասաց, սակայն նման ուշադրությունը գնահատվեց որպես Հայաստանն ու սփյուռքը «միավորելու» և «ազգի հայր» դառնալու Սերժ Սարգսյանի մտադրություն:
2008թ-ին իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը դանդաղ, բայց հստակ առաջ էր տանում հայերի համար պետության-ազգի գաղափարը՝ հայտարարելով, որ կցանկանար նախագահ լինել աշխարհում ապրող 10 մլն հայերի համար, այլ ոչ միայն Հայաստանում ապրող 3 մլն-ի: Իր նախագահության 8 տարիների ընթացքում այդ գաղափարն այդպես էլ իրավական ձևակերպում չստացավ: Հայաստանի կյանքին և պետական որոշումների կայացմանը սփյուռքի մասնակցության մեխանիզմներ նույնպես չմշակվեցին: Սակայն Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտին չի բացառվում ազգային «ցանցային» մարմնի ստեղծում, որի ղեկավարը հենց ինքը կլինի:
Մինչ օրս հայկական սփյուռքը, որը խիտ բնակեցված է Ռուսաստանում (որոշ տվյալներով՝ 3 մլն մարդ), ԱՄՆ-ում (2 մլն), Ֆրանսիայում (500 հազ.), Մերձավոր Արևելքում, Իրանում, Հայաստանի կյանքին մասնակցել է միայն տնտեսապես, հիմնականում՝ նվիրատվությունների մակարդակով:
Ընդ որում, Հայաստանի գրեթե բոլոր արտգործնախարարները (Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Վարդան Օսկանյանը) հատկապես Հայաստանի անկախության սկզբնական փուլում սփյուռքի ներկայացուցիչներ էին և արտաքին քաղաքականությունն էին որոշում գլոբալ քաղաքականության համակարգում, այլ ոչ թե հետխորհրդային տարածքում: Դա Հայաստանի ինքնիշխանության կայացման փուլն էր, և սփյուռքը, չնայած իշխանությունների հետ ունեցած հակադրություններին, պատրաստակամությամբ ներդրումներ էր անում Հայաստանում: Ինչեր արժեր միայն ամերիկացի միլիարդատեր Քըրք Քրքորյանի «Լինդսի» հիմնադրամի օգնությունը, որը մի քանի տարվա ընթացքում անվերադարձ Հայաստանում ավելի քան 220 մլն դոլար է ներդրել:
Բայցի այդ, խոսվում է ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում նաև՝ Լիբանանում և Իրանում, հզոր հայկական լոբբիի մասին: Հայկական լոբբին առաջ է տանում ոչ միայն Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման, այլ նաև ինքնիշխան Հայաստանին տնտեսական և քաղաքական օգնույթուն ցուցաբերելու գաղափարը: Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ որպես իրենց հակառակորդ են ընկալում ոչ այնքան Հայաստանի Հանրապետությունը, որքան սփյուռքը:
Սփյուռք ասելիս, որպես կանոն, ենթադրվում են ոչ «խորհրդային» հայերը: Հետխորհրդային տարածքում ապրող հայերը, որպես կանոն, ասիմիլացվել են, ազդեցություն չունեն այն երկրների քաղաքական որոշումների վրա, որտեղ ապրում են, և այդքան էլ հետաքրքրված չեն պատմական հայրենիքի հետ կապերով: Դա հատկապես վերաբերում է Ռուսաստանին, որտեղ սփյուռքն ավելի շատ Հայաստանի վրա ազդելու Մոսկվայի լծակներից է, քան Ռուսաստանում հայերի ազգային շահերն առաջ տանելու գործիք:
Մյուս կողմից, վերջին տարիներին Ռուսաստանը սկսել է ճիգեր գործադրել հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ, և Հայաստանում սկսել են ավելի շատ հարուստ հայեր հայտնվել Ռուսաստանից, որոնք բնական կերպով ներգրավվում են քաղաքական համակարգ: Օրինակ, 2015թ-ին «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունը Ինտեր ՌԱՕ ռուսական ընկերությունից գնել է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը («Տաշիր» ընկերությունների խումբ): Հայաստանում զբոսաշրջության և կրթության ոլորտում ավելի վաղ սկսել է ակտիվորեն ներդրումներ անել հայտնի ներդրող և բարեգործ Ռուբեն Վարդանյանը: Իսկ 2016թ-ին Հայաստանի վարչապետ նշանակվեց ռուսական «Գազպրոմ» ընկերության թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանը:
Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի գործերում սփյուռքի մասնակցության որոշակի փոփոխություն տեղի ունեցավ դեպի Ռուսաստանի կողմ: Չնայած որ արևմտյան սփյուռքը շարունակում է կարևոր աշխատանք անել՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական աջակցություն Հայաստանին, սակայն նրա մասնակցությունն ավելի պակաս նկատելի է դառնում: Արևմտյան ներդրողներից Հայաստանում է մնացել թերևս միայն արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը, որը «Զվարթնոց» օդանավակայանի և Հայաստանի փոստի կոնցեսիոներն է:
Սակայն Հայաստանում այդպես էլ չհայտնվեց մի ինստիտուտ, որը կօրինականացներ սփյուռքի հայերի մասնակցությունը Հայաստանի քաղաքական որոշումների ընդունմանը: Շատ երկար խոսվում էր երկպալատանի խորհրդարանի ստեղծման մասին, որտեղ Սենատը կընտրվեր սփյուռքից: Սակայն թե չկարողացան ընտրելու մեխանիզմներ մշակել, թե ինչ-որ պատճառներ կային սփյուռքին թույլ չտալու Հայաստանում որոշումներ կայացնելուն մասնակցել, այնուամենայնիվ «պետություն-ազգի» ստեղծումն այդպես էլ պաթոսային գաղափար մնաց:
Այդ գաղափարն առաջ են տանում արևմտյան և արևելյան սփյուռքի ներկայացուցիչները, սակայն կարծես թե այն դուր չի գալիս նրանց, ովքեր հետաքրքրված են Ռուսաստանից Հայաստանի ավելի մեծ կախվածության մեջ: Չէ՞ որ ազգային Սենատը կարող է ձախողել Մոսկվայի ցանկացած «ինտեգրացիոն» նախագիծ, որոնք Հայաստանում հաճախ արտահայտված էքսպանսիոնիստական բնույթ են կրում:
Սակայն հարցն այնուամենայնիվ քննարկվում է հավանաբար Սերժ Սարգսյանի ապագայի համատեքստում, և ՀՀԿ-ի համագումարին նրա ելույթը դրա վկայությունն է: «Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, մշակութային, տեղեկատվական և այլ ոլորտներում արդեն բոլոր նախադրյալները ստեղծվել են: Ժամանակն է, որ մենք զգալիորեն ավելացնենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքը: Դա միասնականության և պատասխանատվության համադրությունն է»,- ասել է Սերժ Սարգսյանը: Սակայն նա չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի: Կարծիք կա, որ խոսքը վերպետական Ազգային խորհրդի ստեղծման մասին է:
Հայաստանում ասում են, որ սփյուռքն իշխանության համար միշտ «կթու կով» է եղել, որը ազգային տուրք է վճարել, ընդ որում, նրան թույլ չեն տվել մասնակցել պետական որոշումներին: Սփյուռքը մինչ այսօր էլ վճարում է, սակայն ավելի շատ բարեգործության, այլ ոչ թե զարգացման մեջ ներդրումների տեսքով: Ոչ ոք հստակ թվեր չգիտի, թե որքան գումար է սփյուռքը ներդրել Հայաստանում, սակայն ոչ ոք չի էլ թաքցնում, որ Հայաստանն ու Ղարաբաղը կարողանում են ապրել ու կայունություն պահպանել հենց սփյուռքի շնորհիվ:
Բառացիորեն վերջերս՝ նոյեմբերի 24-ին, Լոս Անջելեսում (ԱՄՆ) տեղի ունեցավ 19-րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որը կազմակերպում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այդ հեռուստամարաթոնները նվիրատվություններ են հավաքում Ղարաբաղում և Հայաստանում սոցիալական խնդիրների լուծման և ճանապարհների շինարարության համար: Այս տարի մոտ 16 մլն դոլար է հավաքագրվել. մոտավորապես նույն գումարն է հավաքվում ամեն տարի:
Ժամանակին ներդրվել էր «ազգային տուրքի» գաղափարը, երբ յուրաքանչյուր հայից փոքր գումար էր պահանջվում, որն էլ արդյունքում պետք է ծառայեր համազգային շահերին: Սակայն գաղափարը կենսունակ չէր, և բարեգործությունը կրկին մնաց ունևոր հայերի և հայկական կազմակերպությունների ուսերին:
Շատ էին խոսում այն մասին, թե ինչպես սփյուռքից կապիտալ ներդնել բիզնեսում: Հայ-ամերիկյան կապիտալի ներգրավման գործում ներգրավվում էին նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանները, սակայն նրանք բոլորն էլ խոստովանում էին, որ ամեմրիկահայերն այնքան էլ չեն վստահում Հայաստանի իշխանություններին՝ նրանց կոռումպացված լինելու համար կասկածելով: Հատկապես որ սփյուռքին համառորեն թույլ չեն տալիս ներգրավվել քաղաքական ինստիտուտներին, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ վերահսկողություն իրականացնել:
Հայաստանի ներդրումային ցուցանիշներն աշխարհում ամենացածրներից մեկն են: 2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստանն առաջին անգամ բացասական թվեր ցույց տվեց. ներդրումների արտահոսքը գերազանցեց ներհոսքը: Արտաքին պարտքի ավելացման ֆոնին, որն արդեն գերազանցում է ՀՆԱ 60%-ը, ներդրումների բացակայությունը գնահատվում է որպես անվստահություն Հայաստանի տնտեսության հանդեպ: Այդ թվում նաև՝ սփյուռքի կողմից: Սփյուռքն ուզում է ներդնել և վերահսկել, սակայն նա դեռևս նման մեխանիզմներ չունի:
«Աշխարհում այնպիսի հաջողությունների հասած հայրենակիցներ ունենք, որոնց անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բանի զարգացման հարցում շատ ավելի մեծ են, քան նույնիսկ մի քանի պետական գերատեսչության հնարավորությունները միասին: Եվ այդ մարդիկ իրոք մտահոգված են Հայաստանի զարգացմամբ: Հետևաբար եկել է զարգացման քաղաքականության համատեղ իրականացման ժամանակը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Ունևոր հայերի կապիտալն իրոք երբեմն համեմատելի է Հայաստանի բյուջի հետ: Սակայն այդ կապիտալները Հայաստան ներգրավելու համար իշխանությունները պետք է թափանցիկ պետական կառույցներ ստեղծեն և ավանդական ոլորտներում մոնոպոլիաներից զրկվեն: Հնարավոր է, որ դա իրականացվի ցանցային ազգային կառույց ստեղծելու օգնությամբ:
Հրապարակվել է` 06.12.2016