Պարտադիր աջակցություն բանակին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջարկում է կտրուկ ավելացնել Հայաստանի պաշտպանության ժամանակ վիրավորված զինծառայողների և զոհվածների ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցությունը:
Այդ մասին Վիգեն Սարգսյանը զեկուցել է Սերժ Սարգսյանին և նշել, որ գտնվել է գումարի հայթայթման բանաձև, որը նախատեսվում է գործի դնել 2017 թ. հունվարի 28-ից: Այսինքն, այն օրվանից, երբ ՀՀ բանակը կտոնի իր 25-րդ տարեդարձը:
Համաձայն այդ բանաձևի՝ ստեղծվելու է արտաբյուջետային հիմնադրամ, որին ՀՀ յուրաքանչյուր աշխատող անձ ամսական փոխանցելու է 1000 դրամ (2 դոլարից մի փոքր ավելի): Հիմնադրամը կհամալրվի նաև անհատական նվիրատվություններով (ենթադրաբար ավելի խոշոր):
Ըստ նախարարի՝ դա հնարավորություն կտա զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքներին ստանալ միանվագ 10 մլն. դրամ (մոտավորապես 21 հազար դոլար) ապահովագրական վճար, իսկ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին՝ 5 մլն. դրամ:
Փաստացի ստացվում է, որ հանրային հանգանակության գաղափարը, որը շատ ակտիվ ու արդյունավետ աշխատեց 2016 թ. ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի օրերին, այլևս դառնալու է նոր տիպի հարկատեսակ:
Օրենքի այս նախագիծը Սերժ Սարգսյանի հավանությանն է արժանացել: Նա ասել է. «Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը»:
Իրականում այս իրավիճակը շատ նուրբ հոգեբանական խաղի է նման: Հայրենիքը պաշտպանող պատանիները անվերապահորեն ու ջերմորեն են ընկալվում քաղաքացիների կողմից, որոնք օգնել և շարունակում են օգնել բանակին: Օգնում են սրտի թելադրանքով ու կամավոր, քանի որ առաջնագծում կանգնած ու ամեն րոպե վտանգի տակ հայտնվող զինվորները զերծ են վարկաբեկված իշխանավորների հետ տարվող զուգահեռներից:
Հիմա էլ շատ ՀՀ քաղաքացիներ դեմ չեն ֆինանսական օգնությունը պարբերական ու նույնիսկ պարտադիր դարձնելու: Խնդիրն ավելի շուտ հարկերի (ընդ որում՝ բոլոր տեսակի հարկերի) թափանցիկ ու խելամիտ հավաքագրումն ու ծախսն է: Պետական մարմինները ապավինում են քաղաքացիների հույզերին ու բարեսրտությանը, մինչդեռ դասակարգային լուրջ խզումները Հայաստանում այդպես էլ չեն հարթվում:
Իշխանություններին մոտ կանգնած չինովնիկների ու գործարարների հարստացումը, ի վերջո, հանգեցրել է ծուղակային իրավիճակի: Հանրությունը պատրաստ է օգնել բանակին, բաց խուսափում է որպես միջնորդ տեսնել պետական կառույցները:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը ռազմական ուղի չի անցել, առաջ էր քաշել ազգ-բանակ հայեցակարգը, ըստ որի՝ բանակը ոչ միայն պետք է լինի «հասարակության հայելին», այլև դառնա նրա «յուրօրինակ դարբնոցը»:
Ենթադրվում է, որ այդպես բանակը կդառնա օրինակելի մոդել ու կամրապնդի պետություն-քաղաքացի կապը: Ի վերջո, Վիգեն Սարգսյանն էլ է լավ հասկանում, որ «քաղաքացի» եզրն ավելի առաջադեմ է, քան «ազգ» եզրը: Բայց շեշտադրումն անելով հենց «ազգ» բառի վրա, նա փորձում է չհիշեցնել պետության մասին ու կանգ առնել պատմականորեն և բնազդաբար ավելի ընկալելի բառապաշարի վրա:
Եվ հարց է առաջանում. եթե ազգն ու բանակը միասին են, ապա ո՞րն է պետության դերակատարումը:
Պետությունը վստահեցնում է, որ ստեղծվելիք հիմնադրամում գործելու է խորհուրդ` «հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար ևս ամբողջությամբ թափանցիկ և հրապարակային այդ գործընթացը»:
Փաստորեն, պետությունը լիենլու է վերահսկողի դերում: Ասենք, վերահսկելու է «հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց» նշանակումները: Նշանակելու է, հետո՝ վերահսկելու:
Սոցցանցերում նոր հիմնադրամի ստեծումը ոչ միանշանակ ընդունվեց: Մեջբերում ենք Ֆեյսբուկի օգտատերի գրառումներից.
«Պարոնայք, մենք արդեն բավականաչափ հարկեր ենք վճարում, ուրեմն բարի եղեք մեր արդեն իսկ բարձր հարկերից ձևավորված պետական միջոցները ծախսել նպատակային ու արդյունավետ՝ ուղղելով բանակին ու զինծառայողներին, ոչ թե ապահովելով ձեր շքեղ գործուղումները, մեքենաները, կաբինետների կահույքն ու վարագույրները»:
«Այս հիմնադրամը պետք է ստեղծվեր դեռ տարիներ առաջ, թեև լավ է ուշ, քան երբեք: Մենք ենք մեր երեխաներին ուղարկում բանակ, որ պաշտպանեն մեր երկիրն ու մեզ, մենք էլ միասին կարող ենք և պետք նրանց աջակիցը դառնան, երբ կա դրա կարիքը»:
«Նման կառույցի անհրաժեշտությունը կայանում է դրանում, որ զինծառայողներն ու իրենց ընտանիքները դժվար պահին չսպասեն, թե երբ ու որ բարերան է իրենց աջակցելու: Եվ միևնույն ժամանակ, բարերարները, ավելի մեծ եկամուտ ստացողները լավ կլինի ավելի լուրջ մասնակցություն ունենան այս ընդհանուր գործին: Մինիմալաշխատավարձ ստացողները չեն մասնակցելու նախաձեռնությանը, դրա փոխարեն մեծահարուստները թող ամսական ավելի մեծ գումար փոխանցեն հիմնադրամին»:
«էն, որ մարդիկ կամավոր էին անում, պետությունը տեսավ ու ասեց՝ ձեր մոտ լավ էլ ստացվում ա, սրանից հետո կանեք պարտադիր: Ու չասեք, թե ամիսը 1000 դրամը փող չի, ափսոս չի: Ես առանց էդ էլ լիքը հարկեր եմ մուծում, պետությունը թող բարի լինի՝ նպատակային ծախսի»:
Հայաստանի իշխանավորները սովոր են օգտագործել «հայրենիք» բառը, որը փոխարինում է «Հայաստանի Հանրապետություն» բառակապակցությունը: Ասում են «հայեր»՝ խուսափելով այն մտքից, որ քաղաքացի լինելը պարզապես ազգի ներկայացուցիչ լինելուց ավելի բարձր իրավական կարգավիճակ է:
Հայրենինքն ու ազգը կարող են լինել միմյանց հայելին ու դարբնոցը, քանի որ դրանք վերացական ու հուզական հասկացություններ են (ինչպես փոխաբերաբար օգտագործվող «հայելին» և «դարբնոցը»), իսկ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրիվ այլ, շատ կոնկրետ, Սահմանադրությամբ ամրագրված պարտականություններ, իրավունքներ ու սահմանումներ ունեցող հասկացություններ են:
Եվ այդ մասին ցանկալի է հիշել անգամ այն դեպքերում, երբ պետական կառույցները փորձում են իրենց գործառույթները սահմանափակել վերացական «դարբնոցներ» կերտելով:
Հրապարակվել է՝ 12.11.2016