Դոնալդ Թրամփը հաղթեց` տանելով ԱՄՆ-ն դեպի անորոշ ապագա
Երեքշաբթի օրը ընտրատեղամասերի փակվելուց հետո ձայների հաշվարկի արդյունքում Դոնալդ Թրամփի հաղթանակը փլուզեց հույսերը՝ վեր հանելով ամերիկացի ընտրողների խորը հականոմենկլատուրային տրամադրություններն ու աշխարհն ուղարկելով քաղաքական անհայտության ճամփորդության:
Թրամփը, հանրապետականների թեկնածուն, հասել է ԱՄՆ ժամանակակից պատմության ամենաանհավանական քաղաքական հաղթանակներից մեկին՝ չնայած մի շարք սկանդալներին և տարաձայնություններին, որոնք հեշտությամբ կոչնչացնեին ցանկացած այլ թեկնածուի:
Նրան զարմանալիորեն չխանգարեցին էքստրեմիստական հայտարարությունները, որոնք քննադատության արժանացան ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից:
Նրա հաղթանակին չխանգարեցին ոչ նրա ռասիստական արտահայտություններն ու սեքսիստական պահվածքը, ոչ էլ ավանդական քաղաքական փորձի բացակայությունը:
Ըստ նախնական արդյունքների՝ Ֆլորիդայում, Հյուսիսային Կարոլինայում և Օհայոյում տարած անսպասելի հաղթանակներից հետո եկավ ԱՄՆ արդյունաբերական գոտու նահանգների հերթը (ԱՄՆ արդյունաբերական Միջին Արևմուտքը) հաստատելու նրա շշմեցնող հաղթանակը:
Առավոտյան, երբ նախագահական ընտրարշավն ավարտական հանգուցալուծման հասավ, Թրամփը հաղթում էր Վիսկոնսին և Միչիգան նահանգներում, որոնք մեծապես տուժել էին արդյունաբերական աշխատատեղերի կրճատման հետևանքով և որտեղ Հիլարի Քլինթոնը դեմոկրատական փրայմերիզները տանուլ էր տվել Բերնի Սանդերսին:
Ընտրական օրվա ավարտին Associated Press գործակալությունը Թրամփի հաղթանակն էր կանխագուշակում Վիսկոնսին նահանգում և ընդհանուր առմամբ ընտրություններում, քանի որ Թրամփը կարողացել էր հավաքել ընտրողների կոլեգիայի անհրաժեշտ 270 ձայնը:
Որոշ ժամանակ անց Քլինթոնը զանգահարել էր Թրամփին և ընդունել իր պարտությունը, սակայն նա հանրային ուղերձով դեռ ելույթ չէր ունեցել:
Լքելով Թրամփ Թաուերը՝ Դոնալդ Թրամփը ուղևորվեց դեպի Հիլթոն միդթաուն, որտեղ արդեն որպես ընտրված նախագահ բեմ բարձրացավ և, դիմելով իր կողմնակիցներին, վստահեցրեց, որ արդարացի է լինելու բոլորի նկատմամբ:
«Ներողություն, որ սպասեցրի ձեզ, բարդ գործ է, շատ բարդ գործ է, — իր ելույթը սկսել է Թրամփը, որն ուղեկցվել է նրա կողմնակիցների՝ «Ա-Մ-Ն, Ա-Մ-Ն» աղմկոտ վանկարկումներով: — Հենց նոր ինձ զանգահարեց պետքարտուղար Քլինթոնը: Նա շնորհավորեց մեզ, խոսքը մեր ու մեր ընդհանուր հաղթանակի մասին է, իսկ ես իմ հերթին շնորհավորեցի նրան, որ արժանապատվորեն պայքարեց դժվար նախընտրական պայքարում:
Այժմ ամերիկացիների համար եկել է երկպառակության և տարաձայնությունների վերքերը բուժելու ժամանակը, — ավելացրել է նա, — եկել է որպես մեկ ժողովուրդ միավորվելու ժամանակը… Ուզում եմ մեր երկրի յուրաքանչյուր բնակչին խոստանալ, որ ես լինելու եմ նախագահ՝ բոլոր ամերիկացիների համար»:
Ավելի վաղ Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան ելույթ էր ունեցել Քլինթոնի կողմնակիցների խելագարված ամբոխի առջև՝ հայտարարելով, որ Քլինթոնն իր պարտությունն ընդունելու վերաբերյալ ելույթ չի ունենա և հանրային կերպով չի շնորհավորի Թրամփին հաղթանակի կապակցությամբ:
«Գնացե՛ք տուն, — դիմել է նա մարդկանց, — քնե՛ք: Վաղը մենք դեռ ասելիք կունենանք:
Այս գիշերը շատ երկար էր, նախընտրական քարոզարշավը՝ նույնպես: Մի՞թե մենք չենք կարող մի քիչ էլ սպասել: Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, և յուրաքանչյուր քվե նշանակություն ունի, որոշ նահանգներում դեռևս դժվար է արդյունքը կանխագուշակել, այնպես որ այսօր մենք էլ ասելու բան չունենք»:
Թրամփի գրասենյակի հաղորդմամբ, Քլինթոնը մոտավորապես հենց այդ ժամանակ զանգահարել է նրան, և Թրամփն ասել է. «Դուք շատ խելացի եք, դուք հրաշալի նախընտրական արշավ անցկացրիք, շնորհակալ եմ զանգի համար, մեծ հարգանքով եմ ձեզ վերաբերվում»:
Թրամփը զրուցել է նաև Բարաք Օբամայի հետ, ով զանգահարել է, որպեսզի շնորհավորի ընտրություններում տարած հաղթանակի համար: Օբաման հրավիրել է Թրամփին հանդիպման Սպիտակ տուն հինգշաբթի օրը:
Հանրապետականները մեծամասնություն են ապահովել նաև Ներկայացուցիչների պալատում և Սենատում, ինչպես նաև Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում իրենց թեկնածուին են առաջադրել, որը հավանաբար կվերընտրվի 5-րդ անգամ: Այսպիսով, հանրապետականները նոր նախագահին ապահովել են նվազագույն քննադատական վերահսկողություն:
Ողջ աշխարհի ֆինանսական համակրգերը սարսափած են այս ընտրությունների հետևանքից: Dow Jones արդյունաբերական ֆոնդային ինդեքսի ֆյուչերսը արդեն ընկել է ավելի քան 600 կետով:
Քվեարկության արդյունքները ստանալուն զուգընթաց, Ամերիկայի ապագայի վերաբերյալ երկու շատ տարբեր հայացքներ ունեցող թեկնածուները միմյանցից ընդամենը երկու րոպե հեռավորության վրա հեռուստացույց էին դիտում. Քլինթոնն ու իր թիմը՝ Մանհեթենի կենտրոնի Peninsula հյուրանոցում, հանրապետականների թիմը՝ Թրամփ Թաուերում:
Սակայն Թրամփի ճամբարում տրամադրույթունն ավելի շուտ փոխվեց. այն բանից հետո, երբ հայտնվեցին Ֆլորիդայում քվեարկության արդյունքների բարձր ցուցանիշները, իսկ Քլինթոնի կողմնակիցները սկսեցին մտահոգվել այդ արդյունքների հետևանքների համար, որոնց հնարավորությունը քչերն էին կանխատեսում:
Քլինթոնի կողմնակիցների համար «հաղթանակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը» Peninsula հյուրանոցի ապակե առաստաղի տակ պետք է դառնար հաղթական գիշերվա էպիկական խորհրդանիշը, որը պետք է ջախջախեր Ամերիկայում գենդերային բոլոր արգելքները: Սակայն այժմ դահլիճում մռայլ տրամադրություն էր տիրում:
Մանհեթենի կենտրոնում տեղակայված Jacob Javits խորհրդակցությունների կենտրոնում, ինչպես նաև դրսում հավաքված հազարավոր մարդկանց հայացքներն ուղղված էին հեռուստատեսային էկրաններին: Մի կին տարակուսանքով բերանն էր փակել ձեռքերով, երբ հաղորդավարները հայտարարեցին Հյուսիսային Կարոլինայում Թրամփի հաղթանակի մասին:
Տրամադրությունները կտրուկ անկում ապրեցին քվեարկության նոր տվյալների մասին հաղորդագրություններից հետո. Օհայոն, Ֆլորիդան, Հյուսիսային Կարոլինան քվեարկել էին Թրամփի օգտին: Javits Center-ից դուրս՝ այսպես կոչված «փողոցային երեկույթին», այր ու կին գրկեցին միմյանց, կինը սրբում էր արցունքները դեմքից, իսկ ամուսինը նրա մազերն էր շոյում:
Մեկ այլ տղամարդ, որն իրեն պարզապես Թեո անվանեց, ընտրությունների արդյունքները «սարսափելի և մտահոգող» անվանեց: «Դուք չեք մտածում, որ այս երկրում այսքան ատելություն կարող է լինել, սակայն այն կա»:
Պոդեստի ելույթից հետո Քլինթոնի ցնցված կողմնակիցները, որոնցից ոմանք բլոկի գույներով կոստյումներ էին հագել, հեռանում էին, հոգնած երեխաներին քարշ տալով և սրբելով արցունքները:
«Ի՞նչ պատահեց: Այս ի՞նչ արեցինք մենք հենց նոր», — հարցնում էր Գվատեմալայից տղա որդեգրած Գլորիա Լոուելը:
Նախընտրական շտաբի անդամները գրկում էին միմյանց և մաքրում արցունքները: Նրանք ենթադրում էին, որ այսպիսի ելք էլ կարող է լինել, սակայն իրականում դրան չէին հավատում:
Սյուզի Շեննոնը հատուկ էր Կալիֆորնիայից եկել երեքշաբթի գիշերը Javits Center-ում լինելու համար, որպեսզի 8-ամյա դուստր Գրեյսին կարողանար ասել, որ նա եղել է այն վայրում, որտեղ Քլինթոնը նախագահ է ընտրվել:
Նրանք լքեցին կենտրոնը չորեքշաբթի վաղ առավոտյան՝ ցնցված:
«Մենք մի քանի ժամ սպասել ենք, որպեսզի այստեղ գանք այս գիշեր, — ասաց նա՝ շոկի մեջ, իր աղջկա ձեռքը բռնած: Ես կցանկանայի, որպեսզի Քլինթոնը դուրս գար և դիմեր մեզ: Հաճելի կլիներ լսել նրան»:
Այդ ընթացքում Թրամփի ընդունելությանը հավաքված ամբոխը Հիլթոն միդթաունում ավելի էր ոգևորվում: Մարդիկ բուռն ծափահարում էին ամեն անգամ, երբ հեռուստատեսային էկրաններին հայտնվում էին Ֆլորիդայում և Օհայոյում քվեարկության հերթական արդյունքները: Տրամադրություններն ավելի ու ավելի լավատեսական էին դառնում: Ներկաները հուզմունքով հավաքվել էին էկրանների մոտ՝ ամուր բռնելով իրենց խմիչքներն ու բջջային հեռախոսները:
Քլինթոնի անվան յուրաքանչյուր հիշատակման ժամանակ շատերը գոռում էին՝ «Նա պետք է ճաղերի ետևում հայտնվի» և կշտամբում էին ԶԼՄ ներկայացուցիչներին քվեարկության արդյունքները ոչ օպերատիվ ներկայացնելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Թրամփին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի շնորհավորել Թրամփին, բայց հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության սպասելիքներ ունի, «քանի որ Գերմանիային և Ամերիկային միավորում են այնպիսի ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են մարդկանց հավասարությունը՝ անկախ նրանց ծագումից, կրոնից, սեռից, սեռական կողմորոշումից և քաղաքական նախասիրություններից»:
Հրապարակվել է 09.11.2016