Մահվան պատմություն։ Ադրբեջանում կին է մահացել․ «շտապօգնության առաջին կանչից 15 ժամ և 7 րոպե է անցել»
Բաքվեցի Վիկտոր Շապոշնիկովն է հրապարակել այս պատմությունը Ֆեյսբուքում։ Մեկնաբանություններում նա հարցնում է, թե արդյոք այդտեղ հանցակազմ կա։ Նրան միանգամից պատասխանել են, որ դա Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդված 142–ն է՝ հիվանդին օգնություն չցուցաբերելը։
«Զոքանչս վիրահատության անենթակա մենինգիոմա ուներ [ուղեղը պատող թաղանթի ուռուցք – խմբ․], նրա վիճակը քիչ թե շատ կայուն էր։ Չորեքաբթի երեկոյան առողջական վիճակը վատթարացել էր, նման բան նախկինում էլ էր եղել։
Հունի 4
Հինգշաբթի առավոտյան՝ հունիսի 4–ին, պարզ էր դարձել, որ պետք է շտապօգնություն կանչել, նա արդեն բացարձակ չէր կարող տրանսպորտային միջոցով տեղափոխվել, և ինքներս որևէ տեղ գնալու ոչ մի հնարավորություն չունեինք։
Շտապօգնությունը եկել է։ Երբ իմացել է, որ ոչ մեծ (այդ պահին 37,2) ջերմություն ունի (գլխուղեղի այտուցի դեպքում ջերմությունը բարձրանում է), սովորական շտապօգնությունը պարզապես հեռացել է՝ ասելով, որ պետք է կանչել կորոնավիրուսային թիմին։
Կանչել ենք, եկան, պարզապես անալիզ վերցրին։ Ասացին, որ ինքներս պետք է շրջանային պոլիկլինիկա գնանք, ուղեգիր վերցնենք, կրկին շտապօգնություն կանչենք և փորձենք ինքնուրույն հիվանդանոց գտնել, որը կարող է մեզ ընդունել, և շտապօգնությունը կտանի։
Գնացինք պոլիկլինիկա, մեզ հետ ուղարկեցին՝ ասելով, որ բժիշկներն այժմ տուն չեն այցելում, իսկ առանց դրա ոչ ոք ուղեգիր չի տա։ Ասացին, որ շարունակենք շտապօգնություն զանգահարել, կարծես թե նրանք պետք է նման դեպքերում արձագանքեն, այլ ոչ թե պոլիկլինիկան։
Կրկին սկսեցինք շտապօգնություն զանգահարել, նրանք չէին ուզում բրիգադ ուղարկել, սակայն, այնուամենայնիվ, ուղարկեցին, կարծեմ արեն սկսել էի նրանց վրա բղավել, արդեն չեմ հիշում։
Շտապօգնությունը եկավ, դա հինգշաբթի օրվա ցերեկն էր արդեն։ Ջերմությունն արդեն բարձրացել էր 38–ից, ակնհայտ էր, որ ջրազրկում կա, հիվանդը չէր կարողանում ուտել և խմել։
Շտապօգնությունն ասաց, որ իրենք ոչինչ չեն կարող անել, որ նրան ոչ մի տեղ չի կարելի տանել առանց անալիզների, անգամ եթե տանեն, ոչ մի տեղ չեն ընդունի։ Շտապօգնությունն անալգին–դիմեդրոլ դուրս գրեց ջերմությունը հետագայում իջեցնելու համար, մեր պնդմամբ արեցին այդ ներարկումն ու հեռացան։
Ծանոթ բժիշկ եկավ, օգնեց կաթիլային միացնել։ Վիճակը մի փոքր բարելավվեց։
Մինչև առավոտ սպասում էինք COVID–ի անալիզին։
Հունիսի 5
Ուրբաթ առավոտյան հասկացանք, որ չի կարելի պարզապես նստել և սպասել, և կրկին սկսեցինք շտապօգնություն կանչել։ Առաջին կանչն արել ենք առավոտյան 11:17։
Կանչն ընդունեցին, ասացին, որ, քանի որ ջերմություն ունի, կրկին պետք է կորոնավիրուսային բրիգադն ուղարկեն, սակայն ոչ ոք չեկավ։ Յուրաքանչյուր կես ժամը, մի ժամը մեկ կրկին էինք զանգահարում, նրանք անընդհատ կրկնում էին, որ կանչն ընդունվել է, սպասեք, պետք է գան։
Ողջ օրը փորձել են ինքներս ինչ–որ կերպ բուժել նրան ծանոթ բժշկի օգնությամբ, սակայն չենք կարողացել նույնիսկ ջերմությունն իջեցնել։
Օրվա մեջ 6 կամ 7 անգամ շտապօգնություն ենք կանչել։
Երեկոյան ծանոթների միջոցով էլի բժիշկ գտանք, որն, ըստ ախտանիշների, էլի դեղորայք նշանակեց։
Այո, այդ ողջ ընթացքում փորձում էինք պայմանավորվել նաև մասնավոր հիվանդանոցների հետ, սակայն նրանք պարտավոր չեն ընդունել այդպիսի հիվանդների՝ ի տարբերություն պետականների։
Ուրբաթ երեկոյան դեղատներ էի վազում (ինչպես այս բոլոր օրերին), նոր դեղեր գնում, բայց երբ տուն եկա, հասկացա, որ արդեն ուշ է։
Հունիսի 6
Հունիսի 6–ին գիշերվա 2:24–ին զոքանչս մահացավ։ Ուրբաթ առավոտյան շտապօգնության առաջին կանչից անցել էր 15 ժամ 7 րոպե։
Շտապօգնություն կանչեցի մահը գրանցելու համար, ինձ ասացին․ «Հոգին լուսավորվի, այսօ՞ր էիք չէ կանչել։ Ի՞նչ է, այդպես էլ չեկա՞ն»։
Մահը գրանցելու համար շտապօգնությունը եկել է կանչից 40-50 րոպե անց։
Կորոնավիրուսի բացասական պատասխանը եկել է անալիզից 3.5 օր անց և մահվանից 1.5-2 օր անց։