Հուսադրող վարչապետ
Հայաստանում ընթանում է կառավարության ստեղծման գործընթաց, որը վստահված է Երևանի նախկին քաղաքապետ և ռուսական Գազպրոմի նախկին թոփ-մենեջեր Կարեն Կարապետյանին:
Հայաստանում քաղաքական ուժերը, նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիրները չառարկեցին Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակմանը. ընդամենը առանձին հայտարարություններ հնչեցին այն մասին, որ նա կարող է Ռուսաստանի դրածոն լինել: Սակայն նոր վարչապետից բոլորի սպասումները տարբեր են, և դա պայմանավորված է Հայաստանի արտաքին և ներքին կոնյունկտուրայով, որը սրընթաց ձևափոխման միտում ունի:
Փորձենք դիտարկել Կարեն Կարապետյանի գործառույթները ներքին և արտաքին իրողությունների մի քանի կտրվածքով:
Առաջին հերթին, պետք է հիշել, որ Հայաստանում ավարտին է մոտենում իշխանության հերթական տասնամյա ցիկլը՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ և, ինչպես փորձագետներն են ասում, կրիմինալ օլիգարխիայի իշխանությամբ: Երկրում իշխանությունն ու ազգային բարիքների շահագործումից եկամուտ ստանալու իրավունքը բաժանված է մի շարք օլիգարխիկ ընտանիքների ու անձանց միջև, որոնք էլ ստանում են հիմնական եկամուտը:
«Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի» ավարտն անխուսափելիորեն կհանգեցնի կապիտալի և ազգային բարիքներից հավելյալ արժեքի ստացման վերաբաշխմանը: Հատկապես, որ այդ ցիկլի ավարտից հետո, նոր Սահմանադրության համաձայն, Հայաստանում սուպերնախագահ չի լինի, և իշխանությունը կկենտրոնանա խորհրդարանում:
Ինչ-որ մեկը պետք է համակարգի վերաբաշխման գործընթացը, և այդ պաշտոնի լավագույն թեկնածուն Կարեն Կարապետյանն էր: Նա ներհայկական օլիգարխիկ խմբավորումների անդամ չէ, և նրա համար ավելի հեշտ կլինի «արբիտր» լինել կապիտալի և քվոտաների վերաբաշխման ժամանակ:
Հատկապես այն պարագայում, որ Հայաստանում վերջերս «ազգային համաձայնության» ակտ տեղի ունեցավ. հիմնական քաղաքական ուժերն ընտրությունների վերահսկման մեխանիզմների հուշագիր ստորագրեցին: Հայաստանի 25 տարվա պատմության մեջ սա առաջին նման ակտն է, և որոշ փորձագետներ այն գնահատեցին որպես իշխանության նախօրոք արված բաժանման և այսպես կոչված «ցանցային կառուցվածքի» ստեղծման կայացած փաստ:
Երկրորդ կտրվածքը, որում Կարեն կարապետյանին կարևոր դեր է հատկացված, արտաքին քաղաքական ուղղությունն է: Հայաստանը կանգնած է ջրբաժանի առջև. ԵՏՄ կազմում ներառվելն ու Ռուսաստանի հետ չափազանց սերտ հարաբերությունները հանգեցրին նրան, որ Հայաստանը հնարավորություն չունի փոխշահավետ հարաբերություններ հաստատել Իրանի հետ: Սակայն ակտիվորեն քննարկվում է ոչ միայն Հայաստանի կողմից իրանական գազի գնման, այլ նաև դեպի Վրաստան դրա տարանցման, իսկ այնտեղից էլ դեպի Եվրոպայի սևծովյան ափ տեղափոխելու հարցը:
Չնայած որ բոլորն են ընդունում հայ-իրանական համագործակցության առավելությունները, այն տեղից չի կարողանում շարժվել, ինչը շատ վերլուծաբաններ պայմանավորում են Ռուսաստանի վախերով, որը վախենում է կորցնել ոչ միայն հայկական շուկան, այլ նաև տարածաշրջանային հաղորդակցության հանդեպ վերահսկողությունը:
Կարծիք կա, որ Կարեն Կարապետյանը, հնարավոր է, կոչված է Իրանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու՝ համոզելով Ռուսաստանին հաղթահարել վախերը: Պատահական չէ, որ Կարապետյանի առաջին հանձնարարությունը գազի սակագները վերանայելն էր: Հայաստանը գազ է ստանում հիմնականում Ռուսաստանից: Սակայն փորձագետներն ասում են, որ Իրանից ստացվող գազի մատակարարման աճի ֆոնին չի բացառվում, որ Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվածություն ձեռք բերեն գազի սվոպային (փոխարինման սխեմայով) մատակարարման շուրջ: Իսկ դա կարող է ազդել ողջ տարածաշրջանային դասավորության վրա:
Եվս մեկ կտրվածք է կոռուպցիայի դեմ պայքարը, որը հիմնական միջազգային կառույցները առաջ են քաշում որպես Հայաստանին վարկի տրամադրման կամ խթանիչ ներդրումներ կատարելու պայման: Կարեն Կարապետյանին ունևոր մարդ են համարում անգամ հայ օլիգարխները: Պատգամավոր-գեներալ-օլիգարխ Մանվել Գրիգորյանն, օրինակ, հայտարարել է, որ Կարապետյանը գումար վաստակելու համար չէ Հայաստանի վարչապետ դարձել: Նա եկել է աշխատելու, ասում է գեներալը, իսկ դա նշանակում է, որ գոնե արտաքնապես Հայաստանում կարող է կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքար սկսվել:
Դա կարող է Հայաստան նոր ներդրումներ գրավելու լավ ֆոն ստեղծել: Մասնավորապես, հոկտեմբերի կեսերին ԱՄՆ-ում Հայաստանի համար ներդրումային կոնֆերանս է նախանշվում, որին ներկա է լինելու Սերժ Սարգսյանն ու նորաթուխ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նոր վարչապետը պետք է համոզի արևմտյան ու ասիական ներդրողներին, որ իր գողաբարո նախորդների արատավոր պրակտիկան չի շարունակվելու:
Կարեն Կարապետյանը հավանաբար մի շարք այլ գործառույթներ նույնպես ունի, որոնք կարտահայտվեն Հայաստանում 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո: Սակայն թերևս նրա գլխավոր արժանիքն այն է, որ նա Հայաստանի մշտապես միմյանց դեմ մարտնչող օլիգարխիկ կլաններից բարձր է և պետական սեփականության իրավունքի վերաբաշխման քարտ-բլանշ ունի:
Եթե նա կատարի երեք հիմանկան գործառույթները՝ «արբիտրաժն» իշխանությունը հանձնելիս, Իրանի հետ հարաբերությունների մերձեցումն ու արտասահմանյան ներդրումների ներգրավումը, ապա կարելի է խոսել Հայաստանի համար հաջող ընտրություն կատարելու մասին:
Հրապարակվել է 20.09.2016