Պայքար թոշակառուների համար
Բաբիլինա Խունդաձեն այս տարի 80 տարեկան դարձավ: Նա ապրում է Գուրիայում՝ Կվեմոխեթի գյուղում:
Հպարտանում է իր հիշողությամբ. մանրամասն հիշում է Ստալինի մահվան հետ կապված համազգային սուգը, «վերակառուցումը», մութ 90-ականները, Սահակաշվիլիի կառավարումն ու մանրամասն կարող է պատմել Իվանիշվիլիի՝ իշխանության գալու դետալների մասին: Եվ այն խոստումների, որոնք քաղաքական գործիչները աջուձախ բաժանում են ընտրությունից ընտրություն:
Այս նախընտրական քարոզարշավին Բաբիլինա Խունդաձեն հետաքրքրությամբ է հետևում: Ամեն երեկո, ավարտելով տան աշխատանքը, գնում է հարևանուհու՝ իր հասակակից Թինայի մոտ, զրուցելու: Հեռուստացույց են միացնում, նորություններ նայում, քաղաքական գործիչներից բամբասում:
«Այս տարի, Թինա, մեր բախտը կարծես բերել է, — ասում է Բաբիլինան: — Չե՞ս տեսնում, թե ինչպես են միմյանց հետ մրցում մեր կենսաթոշակը բարձրացնելու համար»:
«Նրանք երևի մտածում են, որ եթե մենք տարեց թոշակառու ենք, վաղը ոչինչ չենք հիշելու», — պատասխանում է Թինան, և ընկերուհիները ծիծաղում են:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 8-ին: Կուսակցությունները հեռուստաեթերում արդեն տեղադրել են իրենց տեսանյութերը՝ գլխավոր նախընտրական ուղերձներով:
«Կենսաթոշակ» և «թոշակառու» բառերն առկա են բոլոր գովազդային հոլովակներում: Բոլոր քաղաքական ուժերի ամենաառաջնային խոստումը կենսաթոշակի բարձրացումն է:
Այսօր Վրաստանում կենսաթոշակը կազմում է 180 լարի (76 դոլար): Վերջին տարվա ընթացքում վրացի թոշակառուների թոշակներն ավելացել են 20 լարիով, չնայած եթե հաշվի առնենք մթերքի ու դեղորայքի թանկացումը, կպարզվի, որ նրանց բարեկեցությունը ոչ մի կերպ չի ավելացել:
Եթե 180 լարին բաժանենք օրացույցային օրերին, կստացվի, որ թոշակառուի ամենօրյա ծախսերը չպետք է գերազանցեն 6 լարին: Իսկ հիմա հանեք նաև կոմունալ ծախսերն ու դեղորայքի գումարը, որը միջինում 70-80 լարի է կազմում:
Ամենաբարձր կենսաթոշակը խոստանում է նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի քաղաքական թիմը: «Ազատ դեմոկրատները» հաղթանակի դեպքում պլանավորում են կենսաթոշակը բարձրացնել մինչև 300 լարի: Ալասանիան վստահեցնում է, որ իշխանության գալուց հետո հաջորդ 4 տարիներին երկրի տնտեսությունը կաճի 7-8%-ով, ինչը նշանակում է, որ բյուջեն կավելանա 4 մլրդ լարիով, որոնցից մեկուկես միլիարդը կուղղվի հենց կենսաթոշակի, կենսամինիմումի և նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
Ավանդաբար շռայլ խոստումներով են աչքի ընկնում նաև վրացի լեյբորիստները, որոնց առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ընտրություններում հաղթելու պարագայում պատրաստ է կանանց կենսաթոշակային տարիքը իջեցնել մինչև 55 տարեկան, իսկ տղամարդկանցը՝ 60, ներդնել կենսաթոշակի տարբերակման մեթոդը՝ հաշվի առնելով աշխատանքային ստաժը, 13-րդ կենսաթոշակ մտցնել, իսկ 80 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակն ամեն տարի ավելացնել 100 լարիով:
Իրեն խոստումների առումով չի սահմանափակում նաև օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն, ով կուսակցություն է ստեղծել և հույս ունի խորհրդարան անցնել: Բուրչուլաձեն պլանավորում է կենսաթոշակը բարձրացնել մինչև 250 լարի բյուրոկրատական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու հաշվին:
Մի փոքր զուսպ են իրենց խոստումներում նախընտրական պայքարի գլխավոր սուբյեկտները՝ ամենավարկանիշային ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն ու իշխող «Վրացական երազանքը»:
Առաջինները խոստանում են կենսաթոշակը 50 լարիով բարձրացնել արդեն 2016թ-ին և նույնպես պլանավորում են դա անել բյուրոկրատական ապարատի ծախսերը 1 մլրդ լարիով կրճատելու հաշվին: Միաժամանակ նրանք խոստանում են, որ կրկին իշխանության գալու դեպքում 2017թ-ից կենսաթոշակների բարձրացումը մշտական բնույթ կկրի և ուղղակիորեն կապված կլինի տնտեսության աճի հետ: 4 տարի առաջ «Ազգային շարժման» կառավարման տարիներին կենսաթոշակը 125 լարի էր:
Ներկայիս իշխող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հստակ չի նշում, թե որքանով է պատրաստ ավելացնել կենսաթոշակը: Իշխող թիմն ընտրողներին 2017թ-ից առաջարկում է անցում կատարել անձնական կուտակային համակարգի: Խոսքը կուտակային կենսաթոշակի մոդելի մասին է, որին պետք է մասնակցեն բոլոր գործատուներն ու աշխատողները, ամեն ամիս նրանք պետք է կենսաթոշակային ֆոնդին որոշակի գումար փոխանցեն: Աշխարհում գոյություն ունեն կուտակային կենսաթոշակի բազմաթիվ մոդելներ, և զարգացած երկրներում հենց դրա հետ են կապում այսպես կոչված «ապահով ծերությունը»: Չնայած, եթե 2017-ից Վրաստանն իրոք կարողանա այս մոդելին անցնել իր բոլոր առավելություններով, ապա, օրինակ, Բաբիլինան ու Թինան չեն կարողանա դրանից օգտվել: Այդ մոդելը տարածվում է միայն նրանց վրա, ովքեր այժմ աշխատում են և թոշակի են անցնելու դեռ 10-15 տարի հետո:
«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Իրակլի Կոխրեիձեն հայտարարել է, որ կուսակցությունը «իրատեսական խոստումների» սահմանը չի անցնի:
Երկրի կառավարման 4 տարվա փորձ ունեցող «Վրացական երազանքը» այս ընտրություններին շատ ավելի զգուշավոր է, քան 2012-ին:
Այն ժամանակ այս քաղաքական ուժի առաջնորդները բնակչությանը խոստացան կոմունալ ծախսերի կրկնակի կրճատում, 220 լարի կենսաթոշակ, առանց տոկոսի վարկեր: Սոցցանցերում մինչ այսօր մեծ տարածում ունեն 2012-ի տեսանյութերը, որտեղ «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պոպուլիստական և ոչ իրատեսական խոստումներ են բաժանում.
Ուշադրությունը թոշակառուների վրա սևեռելը բավականին շահեկան նախընտրական քայլ է: 2014թ-ի մարդահամարի տվյալների համաձայն՝ Վրաստանում 531 073 թոշակառու կա, ինչը կազմում է բնակչության 14,3 %-ը: Բնականաբար նրանցից յուրաքանչյուրն ընտրելու իրավունք ունի:
Բացի այդ, հենց թոշակառուներն են ամենախոցելի և կարիքավոր շերտը, ինչն էլ ամեն ընտրություններին վարպետորեն օգտագործում են քաղաքական գործիչները:
Որքանո՞վ են իրատեսական քաղաքական գործիչների նախընտրական խոստումները: Նրանք հիմնվում են իրական հաշվարկների՞, թե՝ միայն նախընտրական պապուլիզմի վրա:
Տնտեսագետ Զվիադ Խորգուաշվիլին կարծում է, որ նրանք, ովքեր խոստանում են կենսաթոշակն ավելացնել ավելի քան 50 լարիով, պատկերացում անգամ չունեն, որտեղից են միջոցներ գտնելու դրա համար:
«Կենսաթոշակի բարձրացումն անհրաժեշտ է ինչ-որ բանով հավասարակշռել. կառավարությունը կամ պետք է կրճատի այլ բյուջետային ծախսերը, կամ պարտքերի մեջ խրվի: Կենսաթոշակը 50 լարիով բարձրացնելու համար անհրաժեշտ է 450 մլն լարի լրացուցիչ գումար, ինչին կարելի է հասնել, օրինակ, բյուրոկրատական ապարատի պահպանման ծախսերը կրճատելու միջոցով: Դրա համար բյուջեում ռեսուրսներ կան: Իսկ դրանից ավել կենսաթոշակները բարձրացնելու խոստումները հեքիաթներ են»:
Տնտեսագետ Ակակի Ցոմայայի կարծիքով՝ կենսաթոշակը հնարավոր է բարձրացնել, սակայն գլխավորն այն է, թե ինչի հաշվին դա կարվի: Գլխավոր խնդիրն, ըստ նրա, գործող կենսաթոշակային համակարգն է:
«Իմ կարծիքով, իշխանությունները պետք է հրաժարվեն մարդկանց կենսաթոշակով ապահովելու պարտավորությունից:
Պետք է առանձնացնել կենսաթոշակներն ու սոցիալական օգնության նպաստները: Այն, որ այսօր քաղաքական գործիչներն ընտրողներին խոստանում են բարձրացնել, իրականում սոցիալական օգնությունն է, այլ ոչ թե կենսաթոշակը»:
«Երկիրը օր առաջ պետք է անցնի կուտակային կենսաթոշակային համակարգի: Այլապես երկաժամկետ հեռանկարում պետությունը կսկսի դժվարանալ հասարակությանը նորմալ կենսաթոշակով ապահովել: Կենսաթոշակային համակարգի՝ կառավարության առաջարկած բարեփոխումն ավելի շատ կոսմետիկ է, քան արմատական: Այն ավելացնում է վճարումների ծանրաբեռնվածությունը: Սակայն պետք է հակառակը լինի. հարկային վճարումները պետք է կրճատվեն, և մարդիկ իրենք պետք է որոշեն, թե որքան գումար և որտեղ են պահելու», — ասում է Ակակի Ցոմայան:
Չնայած շքեղ խոստումներին՝ թոշակառուներն, ում հետ մենք զրուցեցինք, առանձնակի հույսեր չեն կապում գալիք ընտրությունների հետ:
«Նույնիսկ չգիտեմ, թե ով ինչ է խոստանում: Հույսս միայն ինձ վրա է, այդ պատճառով էլ այստեղ կանգնած եմ», — ասում է թբիլիսցի թոշակառու Գրիշա Մաիսուրաձեն, ով վերջին տարիներին փողոցում միրգ ու բանջարեղեն է վաճառում՝ հոգալով ընտանիքի հոգսը:
«Առավոտյան 9-ից ապրանքը շարում եմ, և առևտուր եմ անում մինչև երեկոյան 10-ը: Եվ սա ծերությո՞ւն է կոչվում: Այսպես շարունակվելու է նաև հաջորդ 4 տարիներին, և դրանից հետո, եթե իհարկե ուժերս դեռ տեղը լինեն և մահացած չլինեմ»:
13. 09. 2016