Հյուսիսային Օսիային հեղափոխական աշուն չի սպասվում
Հյուսիսային Օսիա-Ալանիայում սպասում են, որ սեպտեմբերի 18-ի Պետդումայի ընտրություններից հետո տեղի առանց այդ էլ ոչ այնքան ակտիվ քաղաքական կյանքը վերջնականապես կանշարժանա:
Հանրապետությունում գործում է խառը համամասնական-մեծամասնական ընտրական համակարգ, և դրա կուսակցական հատվածում ամեն ինչ կանխատեսելի է. այստեղ ընտրություններն ըստ երևույթին համառուսաստանյան ընտրությունների արտացոլումը կլինեն: Իշխանական «Միասնական Օսիան» 11 մրցակից ունի, ընդ որում ազգային քաղաքականության կողմնակից տեղական կուսակցություններ Հյուսիսային Օսիայում չկան:
Նախընտրական պայքարը շատ ավելի ակտիվ է ընթանում մեծամասնական հատվածում: Ինչպես ասում է «Ազատ հայացք» թերթի խմբագիր Բադրի Գազզատին՝ բանն այն է, որ մեծամասնական թեկնածուների այս պահի հիմնական նպատակը Հյուսիսային Օսիայի ղեկավարի աթոռն է, այլ ոչ թե Պետդումայի պատգամավորի կարգավիճակը:
«Յուրաքանչյուր թեկնածու այդ նպատակն է հետապնդում, մեկը՝ ակնհայտ, մյուսը՝ ոչ այդքան», — ասում է Գազզատին:
Երեք առաջատար մեծամասնական թեկնածու
Նրանք երեքն էին, սակայն տվյալ պահին արժե խոսել միայն նախընտրական քարոզարշավի 2 առաջատարների մասին, քանի որ ԿԸՀ վերջերս կտրականապես հրաժարվեց գրանցել նրանցից ամենաընդդիմադիրին՝ Մուրատ Ագուզարովին, ով հանրապետության մահացած ղեկավար Թամերլան Ագուզարովի եղբայրն է (նա ղեկավարում էր հանրապետությունը 2015թ-ի հունիսից մինչև 2016թ-ի փետրվարը):
Մուրատ Ագուզարովին մեղադրեցին ընտրողների 16 հազար ստորագրություններից 14-ը կեղծելու համար: Այս կասկածների հետ համաձայնեցին նաև Մոսկվայից հրավիրված ձեռագրաբանները:
«Սա սկանդալ է, քանի որ հենց Ագուզարովի համար էր պատրաստ քվեարկել հանրապետությունում բնակվողների նվազագույնը մեկ երրորդը, ովքեր չեն ընդունում ոչ իշխանություններին, ոչ ընդդիամդիրներին», — ասում է Բադրի Գազզատին:
Նա հնարավոր է համարում, որ Ագուզարովի որակազրկումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:
«Նախկինում իշխանությունները հեշտությամբ հաղթում էին ցանկացած ընտրություններին՝ վարչական ռեսուրսի և ընտրողների պասիվության շնորհիվ, սակայն այսօր իրավիճակն այլ է: Թամերլան Ագուզարովի մահվանից հետո հանրապետությունում փաստացի ղեկավար չկա, նրա պարտականությունները ժամանակավորապես դրված են Վյաչեսլավ Բիտարովի վրա, ով այդ պաշտոնում հաստատված չէ և փաստացի չի կարող օգտագործել վարչական ռեսուրսը», — ասում է Գազզատին:
Քանի որ Մուրատ Ագուզարովն այդպես էլ չկարողացավ հաղթահարել ԿԸՀ մերժումը, Պետդումայում տեղ զբաղեցնելու հիմնական մրցակցությունը գնում է երկու այլ ֆավորիտների միջև. նրանք երկուսն էլ հայտնի ըմբիշներ են, բազմակի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ Արսեն Ֆաձաևն ու Արթուր Թայմազովը:
Նրանցից առաջինը քաղաքական փորձ ունի, այդ թվում նաև՝ Պետդումայում, երկրորդը քաղաքականությունում նոր մարդ է, սակայն տեղական իշխանությունների աջակցությունն ունի:
Բադրի Գազզատիի կարծիքով, ուժերի այս ոչ պարզ դասավորությանը բարդություն է ավելացնում այն փաստը, որ այդ երեք ֆավորիտները օս ժողովրդի 3 հիմնական ենթաէթնոսներն են ներկայացնում:
«Ֆաձաևը դիգորցի է, ծնվել է Չիկոլա գյուղում, որը խիտ բնակեցված է մուսուլման օսերով: Թայմազովը կուդարցի է, ծնվել է Հարավային Օսիայի Նոգիր գյուղում, որտեղ բնակվում են քրիստոնյա օսերը: Ագուզարովը իրոնցի է՝ ամենաբազմամարդ օս ենթաէթնոսի ներկայացուցիչ»:
Հեղափոխական աշուն Հյուսիսային Օսիային չի սպառնում
Չնայած 3 մեծամասնական թեկնածուների միջև սուր մրցակցությանը, այդ թվում նաև՝ Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնի համար, սա ընդամենը կիսաինտրիգ է, որը որոշվում է Մոսկվայում:
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշի, որ ղեկավարի պաշտոնակատար Վյաչեսլավ Բիտարովն իր պարտականությունները լավ է կատարում, սեպտեմբերի 18-ին նրան կներկայացնեն Հյուսիսային Օսիայի ղեկավարի պաշտոնում: Եվ դժվար է գեթ մեկ պատճառ նշել, որի համար հանրապետության խորհրդարանը որոշի Մոսկվային դեմ գնալ և հրաժարվել Բիտարովին հաստատել այդ պաշտոնում:
Տեղի քաղաքական գործիչներն ու քաղաքագետները հիմնականում համակարծիք են, որ Բիտարովը կհաստատվի և այդ պաշտոնում ևս 5 տարի կանցկացնի:
«Բիտարովի հանդեպ որոշակի ընդիմադիր կեցվածք ունեցողներ կան ի դեմ Մուրատ Ագուզարովի, ինչպես նաև հանրապետության նախկին ղեկավար Մամսուրովի շրջապատից մի քանի հոգու: Սակայն լուրջ քաղաքական ընդդիմություն նրանցից ոչ ոք իրեն չի անվանի, ոչ հասարակության մտածելակերպը, ոչ տնտեսության վիճակը նման բան չեն ենթադրում», — կարծում է Բադրի Գազզատին:
Հանգիստ սցենարի օգտնին է խոսում նաև այն, որ նույնիսկ գրանցման մերժումից հետո Մուրատ Ագուզարովը ֆեյսբուքյան իր էջում բնակչությանը խնդրեց խնդրագրեր չստորագրել և հանրահավաքներ չկազմակերպել՝ սադրանքներից խուսափելու համար: Չնայած որ իրեն իրավունք վերապահեց որոշ գործողություններ կատարել «իր կողմնակցիների հետ մանրամասն քննարկելուց հետո»:
Հրապարակվել է 08.09.2016