Լուսանկարիչը պատերազմում
Ֆոտոլրագրող Անաստասիա Վլասովան ընդամենը 23 տարեկան է: Սակայն նրա աշխատանքները հարպարակել են The New York Times, Time, Newsweek, NBC News, The Guardian և The Wall Street Journal պարբերականները:
Bird in Flight-ին տված հարցազրույցում Անաստասիա Վլասովան պատմում է, թե ինչպես է աշխատել Ուկրաինայից անկախություն հռչակած Դոնեցկում և Լուգանսկում, որտեղ Կիևը հակաահաբեկչական գործողություններ (ՀԱԳ գոտի) է իրականացնում:
2013թ-ին նա սկսել է ֆոտոլրագրողի իր աշխատանքը «Kyiv Post» թերթում: Հենց այդ ժամանակ էլ սկսվել է Եվրամայդանը, որը նրա կարիերայի համար իսկական խթան էր:
Աշխատանքը Ղրիմում և ՀԱԳ գոտում
— Երբ պատերազմը սկսվեց, ես գիտակցեցի իմ դերը կատարվող իրադարձություններում: Լուսանկարչությունն օգնեց հասկանալ ինքս ինձ և դուրս գալ շրջանակներից:
Ինձ հետաքրքիր չէ Դոնբաս մեկնելը, ուզում եմ այլ թեմաներով զբաղվել: Եթե ՀԱԳ գոտի մեկնեմ, հետաքրքիր կլինի այնտեղ բնակվող մարդկանց մասին պատմություններ պատրաստել: Հոգնեցնում է, երբ հասնում ենք հերթական անցակետ կամ զինվորների բազա, իսկ այնտեղ ինձ հարյուրերորդ անգամ ցույց են տալից լոգարանն ու խոհանոցը:
Ես դադարեցի Դոնեցկ գնալ այն բանից հետո, երբ ինձ ձերբակալեցին լուսանկարիչ Ալան Չինի հետ: Նա Կիևում վարպետաց դասընթացներ էր անցկացնում, մենք հանդիպեցինք և որոշեցինք մեկնել Դոնեցկ:
Հինգ րոպեի ընթացքում քաղաքացիական հավատարմագրություն ստացանք, որը մեզ թույլ էր տալիս շրջել քաղաքում և ազատ նկարել: Մեր վարորդ Սաշան առաջարկեց ապաստարան գնալ, որը կազմակերպվել էր հիվանդանոցի տեղում:
Մուտքի մոտ ինչ-որ հարբեցող ժամապահ էր կանգնած: Հավանաբար, նա կարծեց, թե մենք կամավորներ ենք և մեզ ներս թողեց: Մի քանի րոպեից նրա ղեկավարությունը եկավ, մեզ բռնեցին և «հատուկ բաժին» տարան:
Ինձ հարցաքննության կանչեցին: Նրանք երեքն էին, խոսում էր հիմնականում մեկը: Պատմում էր, թե նա հասարակ հանքափոր է, սակայն այն բանից, թե ինչպես էր խոսում, հասկացվում էր, որ հարցաքննելու բավականաչափ փորձ ունի:
Սկզբում մեզ երեքիս ուզում էին գնդակահարել, սակայն հետո որոշեցին, որ ես հիմարիկ աղջիկ եմ, ով կապվել է ամերիկացի լրտեսի հետ: Մի քանի ժամ պահանջվեց նրանց համոզելու համար, որ մեզ բաց թողնեն: Ընդ որում, մեզ վերադարձրին բոլոր իրերն ու ոչինչ չջնջեցին տեսախցիկներից:
Այդ դեպքից հետո չեմ ուզում այնտեղ վերադառնալ: Այնտեղ ես չեմ կարողանում ամբողջությամբ աշխատանքին տրվել: Անընդհատ ետ եմ նայում վախենում եմ ավելորդ քայլ անել: Երբ մենք Դեբալցևոյում էինք, և արկերը մեզնից 500 մետր այնկողմ էին ընկնում, ես ավելի ազատ էի աշխատում, քան հոգեբանական ճնշման մթնոլորտում: Ես աղջիկ եմ և հասկանում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ինձ գերի վերցնեն «նկուղում»:
Տարբերությունների մասին
Magnum Fellowship-ում մեզ ասում էին, որ պետք չէ պատմություններ փնտրելու վրա ժամանակ ծախսել, լավագույնները հենց քթիդ տակ են:
Շատ լավ պատմություն պատրաստելու համար պարտադիր չէ դիմանկարների շարք անել կամ երկու շաբաթ ապրել ՀԱԳ վրանում: Դա ամենապարզունակ ձևն է:
Հետխորհրդային երկրներն այնպիսի թեմաներ են փնտրում, որոնք լավ են նայվում, հետո արդեն մտածում են դրա բովանդակության մասին:
Արևմուտքում ընդհակառակը, գլխավորն այն է, որ սրտացավ լինես ընտրված պատմության հանդեպ: Սկզբում պետք է կոնցեպտը լինի, հետո նոր մտածես, թե ինչպես է այն ավելի լավ ներկայացնել:
Իսկ երբ մեզ մոտ սկսում են կարևոր թեմաներով զբաղվել, չեն մտածում վիզուալ այն ներկայացնելու մասին: Կարծում են, որ եթե դու հետաքրքիր պատմություն ունես, կարող ես քեզ թույլ տալ այն ձանձրալի նկարել:
Ֆոտոլրագրության և ֆոտոլրագրողների մասին
Ֆոտոլրագրության 60%-ն այսօր անձնական պատմություններ են:
Լավ աշխատանքը պետք է դիսկուսիա առաջացնի:
Ես միայն հիմա եմ ձևավորում իմ վիզուալ լեզուն, փորձում եմ հասկանալ, թե ինչ եմ սիրում անել և կոտրել թղթակցի իմ փորձը:
Աշխատում եմ չխաբել իմ հերոսներին: Միայն երկու անգամ եմ ասել, որ ամուսնացած եմ. երբ լուսանկարում էի Լեռնային Ղարաբաղում և երբ պատմություն էի պատրաստում Ղրիմի թաթարների մասին, ովքեր ապրում են Գալիչինում:
Եթե ես ուզում եմ, որ մարդիկ ինձ վստահեն, պետք է բաց լինեմ: Ինձ մոտ եղել են իրավիճակներ, երբ անծանոթ մարդկանց պատմություններ եմ պատմել, որոնք չէի պատմի ամենամոտ ընկերներիս:
Ես երբեք մարդուն կադրի համար չեմ սադրի, չեմ ստիպի ինչ-որ բան անել: Եթե նա չի ուզում, որ նկարեմ, թե ինչպես է գլուխը լվանում, նահանջում եմ: Ժամանակ եմ անցկացնում նրա հետ, վստահություն ձեռք բերում, և հետո նա թույլ է տալիս լուսանկարել ոչ միայն թե ինչպես է գլուխը լվանում, այլ նաև իրեն՝ բաղնիքում:
Ես անընդհատ մտածում եմ, թե ինչ է լինելու լուսանկարում, ինչպիսի զգացմունքներ է այն արթնացնելու: Իմ նպատակը սարսափ առաջացնելն է, այլ ոչ թե զզվանք:
Եթե ես լուսանկարում եմ ինչ-որ հանրահավաքներ, հարցազրույց, ապա լուսանկարն ինձ համար արհեստ է դառնում: Ես ամաչում եմ, օրինակ, Բանդերայի ծննդյան օրը ազգայնական քայլերթերի մասին ռեպորտաժների համար:
Լուսանկարում եմ, քանի որ դա իմ աշխատանքն է, ինչ-որ մեկը պետք է չէ՞ դա նկարի: Այո, դա աչքի փուշ է, սակայն այն գոյություն ունի, և դա չի կարելի թաքցնել:
Լուսանկարիչն իր ներկայությամբ արդեն կարող է մարդուն սադրել գործողության:
Ես փառասեր եմ, ինչպես և ցանկացած ստեղծագործ մարդ: Սակայն փառքը նպատակ չէ: Ես պարզապես ուզում եմ պատմություններ նկարել, որոնց համար չեմ ամաչի:
Տղամարդը մասնակցում է Դոնեցկի կենտրոնական փողոցում անցկացվող համերաշխության հանրահավաքին, Ուկրաինա: Հանրահավաքի մասնակիցներին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դրոշներ են անվճար բաժանել: «Պատերազմի զգացողություն» նախագծից:
Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի և Վլադիմիր Լենինի դիմանկարները Սլավյանսկում ալկոհոլիզմի և թմրամոլության բուժման կենտրոնի՝ արկից փլված պատին, Ուկրաինա: «Պատերազմի զգացողություն» նախագծից:
Ռուսամետ զինյալներն անցնում են Malaysia Airlines ավիաընկերության Բոինգ 777-ի բեկորների կողքով, որը կործանվեց Դոնեցկ քաղաքի մոտ, Ուկրաինա: Malaysia Airlines-ի ինքնաթիռը 295 ուղևորների հետ միասին վթարի ենթարկվեց հուլիսի 17-ին Ուկրաինայի հարավում: Եվ կառավարությունը, և տարածաշրջանում կռվող անջատողական ուժերը հերքում էին վթարին մասնակից լինելու վարկածը: Ինքնաթիռի բոլոր ուղևորներն, ովքեր MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էին թռչում, զոհվեցին: «Պատերազմի զգացողություն» նախագծից:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 30.08.2016