Խումբը հանձնվել է
Հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք գրավել են Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանին: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, տեղափոխման և պահպանման համար:
Հուլիսի 17-ին ապստամբները պահանջում էին, որպեսզի նրան բերեն իրենց մոտ և հայտարարում, որ պատրաստ են կատարել միայն նրա հրամանները: Բացի այդ, խմբի անդամները պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Խմբի անդամներին և նրանց պահանջներին աջակցությունը վերածվեց բողոքի շարժման, որը դեռևս ընդգծված առաջնորդներ չունի:
31.07.2016 21.20
Ժամը 20.00 սահմաններում «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը զանգահարել է «Առաջին լրատվականի» խմբագրություն և հայտնել, որ խումբը որոշում է կայացրել հանձնվել «ռազմագերու կարգավիճակով»: Ավետիսյանի խոսքով, վերջին օրերին ոստիկանությունը մարտիկներից շատերին հանել է շարքից՝ ոտքից վիրավորելով, այսօր խմբի անդամներից մեկը դիպուկարարի կրակոցից վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում: ՊՊԾ գնդի տարածքում հիմա իրենք 20 հոգով են մնացել: Ավետիսյանը հայտնել է նաև, որ անցած գիշերվանից ինչ-ինչ նկատառումներով իրենք բանակցություններ են սկսել:
Ի վերջո, Ավետիսյանի խոսքերով, նրանք պետք է ընտրեին 2 տարբերակներից մեկը. կամ «մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունը, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմի հետ», կամ չգնալ արյունահեղության, այսինքն ընդունել «ռազմագերու կարգավիճակ»: Դա ծանր որոշում է եղել իրենց համար, բայց նրանք այն ընդունել են:
Ավետիսյանը կրկին հայտարարել է, որ իրենց առաքելությունը համարում են կատարված. ժողովրդական ընդվզումը սկսվել է:
Հայաստանի Առաջին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արդեն պաշտոնապես հայտարարվեց. խումբը հանձնվել է:
Իրադարձությունների ժամանակագրություն
2016թ-ի հուլիսի 30-ի 14:00-ից մինչև հուլիսի 31-ի 14:00-ը
Այս ժամանակահատվածում բազմաթիվ հայտարարություններ եղան: Վերջինը հուլիսի 31-ի առավոտյան արեց բողոքի շարժումը համակարգող Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Համակարգող խորհուրդը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը կալանված կամ ձերբակալված է, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ շարունակել իրենց գործունեությունը:
Բաղդասարյանը հայտարարել է, որ աննպատակահարմար ու ոչ արդյունավետ է իր կողմից շարժումը կոորդինացնող խորհրդի անունից գործելը: Նա պատասխանատվությունը դնում է հանրային վստահություն ունեցող անձանց, այդ թվում նաև պատգամավորների վրա՝ կոչ անելով ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել Սասնա ծռերին միայնակ:
Դրան նախորդել էր Հակաճգնաժամային խորհրդի՝ հուլիսի 30-ին հրապարակած հայտարարությունը: Դրանում ըստ էության խոսվում է այն մասին, որ ոստիկանությունը հուլիսի 29-ին բիրտ ուժ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների, լրագրողների հանդեպ, ձերբակալել և կալանավորել է խորհրդի անդամներին՝ կաթվածահար անելով դրա գործունեությունը: Այն կոչ է արել ոչ անտարբեր քաղաքացիներին “ինքնակազմակերպվել և շարունակել պայքարը, անհնազանդության ակցիաները:
Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացրել է քաղաքացիներին, որ գրավված գնդի փակ գոտի ներխուժելու բոլոր փորձերը գնահատվել և գնահատվում են որպես ահաբեկչական ակտի մասնակցություն, և այն անձինք, ովքեր նման բան կանեն, քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ անկախ իր դիրքից:
ԱԱԾ-ն տարածել է նաև խմբի անդամ, ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Արթուր Մելքոնյանի ցուցմունքների տեսագրությունը: Մելքոնյանի խոսքով՝ զինված գրոհի մասնակիցների մի մասը չի իմացել, թե ուր է գնում և ինչու:
Ոստիկանությունը կոչ էր անում բնակչությանը արկածախնդրության չգնալ, երթեր չկազմակերպել անվտանգության նկատառումներով փակված գոտում, իրավապահ մարմինների համար լրացուցիչ դժվարություններ չստեղծել:
Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանը նույնպես հայտարարությամբ հանդես եկավ: Դրանում ասվում էր, որ արդեն 14-րդ օրն է, որ իր գաղափարակից ընկերները կյանքի գնով շարունակում են դիմադրել, նպատակ ունենալով ժողովրդին մասնակից դարձնել բարձրացված ապստամբությանը։ Եվ բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն ազատ, արդար, ժողովրդավար եւ ինքնիշխան հայկական պետության համար է.
“Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։ Սակայն Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։
Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղին ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու եւ ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։ Ուստի, կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ որ մեր ժողովուրդը ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։
Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է բազմապատկել ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամ։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղին, ընդունել ժողովրդի պահանջը եւ նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ եւ պարտվողներ:
Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ հուլիսի 29-ին զինված խմբի կողմից գրաված ՊՊԾ գնդին հարող փողոցներում լրագրողների հանդեպ բռնության դեպքերի առթիվ փաստեր են հավաքագրվում: Հաղորդվում էր նաև, որ դատախազությունում համապատասխան քրեական գործ է հարուցվել:
Սակայն 11 լրագրողական կազմակերպություններ պատասխան հայտարարությամբ հանդես եկան, որտեղ լրագրողների հանդեպ բռնությունների դեպքերը քննելու ոստիկանության խոսումը «զավեշտալի» անվանեցին:
Նրանք արձանագրեցին, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններն ու օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերն առ այսօր անպատասխան են: Եվ ստեղծված իրավիճակում լրագրողական կազմակերպություններն անիմաստ են համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից՝ իրենց իրավունք վերապահելով դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։
Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 30-ին հերթական անգամ դիմեց “Սասնա ծռեր խմբի անդամներին՝ պահանջելով վայր դնել զենքն ու մինչև 17:00-ն հանձնվել առանց դիմադրության:
Սակայն խմբի անդամները ոչ միայն չհանձնվեցին նշված ժամանակահատվածում, այլ նաև կրակ բացեցին, որի արդյունքում զոհվեց ոստիկան՝ 1986թ-ին ծնված Յուրա Տեփանոսյանը: Որևէ տեղեկատվություն չկա, որը կբացատրեր տեղի ունեցածի պատճառներն ու իմաստը: Միայն հաղորդագրություն է տարածվել, որ ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է 350-400 մետր հեռավորության վրա գտնվող մեքենայում նստած ոստիկանը: Ավելի ուշ հայտնվեց “Սասնա ծռերի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը. «Ամենայն պատասխանատվությամբ տեղեկացնում ենք, որ ոստիկանը մեր կրակոցից չի սպանվել»:
Հայաստանում տեղի ունեցած նման դեպքը հուլիսի 17-ից առաջ ուշադրություն կգրավեր, սակայն այժմ աննկատ մնաց: Հեղափոխական տրամադրությունները, փոփոխությունների հասնելու հնարավորության ոգևորությունն այն աստիճանի է հասել, որ մարդկանց չի հիասթափեցնում ոչ առաջնորդների բացակայությունը, ոչ շարժումը համակարգողների միջև առկա տարաձայնությունները, ոչ հստակ նպատակների բացակայությունը՝ նույնիսկ առաջիկա երեկոյի համար երթի ուղղությունը որոշելիս:
Ազատության հրապարակում ավանդական հանրահավաքի ժամանակ հուլիսի 30-ի երեկոյան Հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ տեղեկատվություն կա, որ «Սասնա ծռեր» խումբը վնասազերծվելու է, իշխանությունները գործում են մարդկանց չեզոքացնելու խորհրդային սկզբունքով՝ «չկա մարդ, չկա խնդիր»:
Ողջ խորհրդից հանրահավաքին միայն երկու հոգի էր մասնակցում: Եվ կրկին պատգամավորներին կոչ հնչեց մոտենալ բարձրախոսին և գլխավորել շարժումը: Ազատության հրապարակում էին ժողովրդի ընտրյալներից երկուսը, ովքեր չարձագանքեցին այդ կոչին:
Ակցիայի մասնակիցները չէին կարողանում որոշում կայացնել, թե ինչ երթուղով է ընթանալու երթը: Արդյունքում որոշեցին փողոցներ փակել, կաթվածահար անել մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը, որպեսզի ապացուցեն, որ նրանք վախեցած չեն բիրտ ուժից, որը ոստիկանությունը կիրառել է հուլիսի 29-ին:
Երթը խաղաղ անցավ՝ բնակչությանն ուղղված սովորական կոչերով՝ միանալ և ռեժիմն առանց արյան տապալել, իշխանությանն ուղղված կոչերով՝ դադարել հրաձգությունը գրավված գնդի տարածքում: Ոստիկանությունն ապահովում էր ակցիայի մասնակիցների տեղաշարժման անվտանգությունը, սակայն նախագահական նստավայր տանող փողոցը փակ էր:
Ակցիայի մասնակիցները կանգ առան այնտեղ, որտեղ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույց էր ընթանում: Այդ վայրը նոր ալիքի, մարդկանց իրավունքների պայքարի նոր փուլի խորհրդանիշն է դարձել:
Եղան նաև միջադեպեր: Ակցիայի մասնակիցներից մեկը ինքնահրկիզման փորձ արեց, սակայն նրան թույլ չտվեցին գործն ավարտին հասցնել: Միասնական ուժերով կրակը մարվեց:
«Ինքնակազմակերպվող» պայքարը շարունակվում է: Այն գլխավորելու ցանկություն ունեցողներ դեռ չկան:
Սոցիալական կայքերում
Թրենդ առաջին. վաղ թե ուշ նախագահը հրաժարական կտա
«Ինձ հետաքրքիր է, թե ինչ կազմով է հայկական «էլիտան» քննարկում Սերժ Սարգսյանի «հանձնվելը: Այն, որ քննարկում են, չեմ կասկածում: Ինչպես նաև չեմ կասկածում, որ Սերժ Սարգսյանը գիտի այդ մասին»:
Թրենդ երկրորդ. Պետք է աջակցել հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժածներին
«Ո՞վ է հիմա վճարում ոստիկանության ու քրեական անձանց կողմից դաժանորեն ծեծվածների բուժումը: Նրանք պետպատվերի շրջանակո՞ւմ են բուժվում, անվճա՞ր, թե՞ պետք է իրենց հաշվին վերականգնեն իրենց առողջությունը: Իսկ ի՞նչ է լինելու տուժած երեխաների հետ: Մարդկանց վնասված գույքի՞ հետ: Իրավական մեխանիզմներ կա՞ն, որ ովքեր մարդու առողջությանը վնաս են հասցրել, բուժման վճարը մուծեն: Միգուցե այդ գումարը պահենք ոստիկանության բյուջեի՞ց»:
«Աչքը կորցրած երիտասարդը վաղը մենակ է մնալու իր խեղված հոգեկան աշխարհի հետ: Նա մենակ է լինելու, հնարավոր է՝ չարանա: Այրված տան տերը մենակ է մնալու իր խնդիրների հետ: Նա ուղղակի մենակ է լինելու, հնարավոր է՝ պատրաստ ընդվզման, ապստամբության: Ոստիկանության կողմից ահաբեկված երեխաների հայրը վաղը, հնարավոր է, ի վիճակի չի լինելու ներել և ելքը զենք վերցնելու մեջ է տեսնելու»:
Փորձագիտական կարծիք
Վերլուծաբան Իգոր Մուրադյանն իր կարծիքն է հայտնել Lragir.am-ում.
«Վարուժան Ավետիսյանը (ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներից մեկը) վերջապես հայտարարեց, որ Ռուսաստանն ուղղակի կապ ունի ապստամբության հետ, սակայն փաստարկներ չբերեց:
Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ տվյայլ ապստամբությունը կարող էր ավելի լայն դիապազոն ունենալ, եթե պահանջ պարունակեր վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դադարեցնել Ռուսաստանի հետ պայմանագրերի գործողությունը, ՀԱՊԿ կազմում, Եվրասիական միությունում և վերջապես հակաօդային պաշտպանության համաձայնագրում Հայաստանի մասնակցությունը: Եվ ամենակարևոր բանը, որը հուզում է արևմտյան հասարակությանը՝ Գյումրիի ռազմաբազան է, որը աչքի փուշ է դարձել:
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն, անկասկած, ռուսներին դավաճան ու կասկածելի ազգ է համարում, որը կորցրել է իր վստահության վերջին կաթիլը: Սակայն քաղաքական ղեկավարությունը երբեք այդ առթիվ որևէ բան ասելու կամք ու վճռականություն չի կարող ունենալ: Ռուսները Հայաստանում վնասակար բակտերիա են դարձել, ովքեր որոշել են, որ Հայաստանը գաղութ է…
Հայաստանը հասցվել է չքավորության ու ամայացման, ենթակա է բնակչության արտագաղթի վերջնական ալիքների: Հայաստանը չի կարող ոտքի կանգնել այդքան մեծ թվով կապիտուլյանտների առկայության դեպքում, այդ թվում նաև՝ խորհրդարանում, ովքեր իրենց գարշելի բերանը բացում են և կոչ անում Ղարաբաղում տարածքներ հանձնել: Ընդ որում՝ դա անել ի շահ Ռուսաստանի ու Ադրբեջանի…
Եթե այս ամենը տեղի ունենար ապստամբության հենց սկզբում, մենք կզարթնեինք ուրիշ Հայաստանում, ուրիշ մտքերով… Մի՞թե պետք է ամբողջությամբ պարտվել պատերազմը հասկանալու համար, որ Հայաստանի թշնամին Ռուսաստանն է»:
Հրապարակվել է՝ 31.07.2016