Ոչ վստահություն, ոչ էլ կոալիցիա
Աբխազիայում վաղաժամ նախագահական ընտրությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու ընդդիմության պահանջի արդյունքում առաջացած քաղաքական պառակտումն արդյունավետ միջանկյալ կետի է հասել:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան հունիսի 1-ին, որոշում է ընդունել հունիսի 10-ին հանրաքվե նշանակելու հրաման ստորագրել:
«Ըստ երևույթին, օրինական իշխանություններին ցանկացած գնով հեռացնելու ուղղությամբ են աշխատում… Նրանք, ինձ վաղաժամ հեռանալու պահանջի հիմք հանդիսացող ոչ մի մեղադրանք չեն կարող ներկայացնել»:
«Մենք կարող էինք վիճարկել հավաքած ստորագրությունների իսկությունը… և մերժել հանրաքվեի անցկացման առաջարկը: Սակայն ես նման բան չեմ անի, քանի որ հիանալի հասկանում եմ, որ հանրաքվե անցկացնելու նախաձեռնողները հույսը դրել են ոչ թե իրենց համար քվեարկության դրական ելքի, այլ հանրաքվեն մերժելու վրա՝ ցանկանալով օգտագործել այդ որոշումն իրավիճակի ապակայունացման և ներքաղաքական կրքերը թեժացնելու համար»:
Քաղաքական դիմակայությունը բացահայտ բնույթ սկսեց կրել մարտի 2-ին, երբ 46 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբը մամուլի ասուլիս կազմակերպեց՝ հայտարարելով, թե «հանրաքվեի անցկացումը կապված է հասարակական-քաղաքական իրավիճակի վատթարացման հետ»: JAMnews-ը մանրամասն գրել էր հանրաքվեի կողմնակիցների և դրանում կասկածողների փաստարկների մասին:
Միաժամանակ Աբխազիայում ակտիվորեն քննարկվում է մի նախաձեռնություն, համաձայն որի, նախագահին հերթական անգամ վաղաժամ պաշտոնանկ անելու փոխարեն առաջարկվում է փոխել կառավարության աշխատանքի համակարգը, այսինքն՝ ստեղծել բոլորովին նոր՝ «ժողովրդական համաձայնության կառավարություն»:
Այդ գաղափարն առաջադրել են ցենտրիստական բնույթի երկու կազմակերպություն՝ “Արդար Աբխազիան ու «Աբխազիայի ժողովրդական ճակատ՝ հանուն արդարության և զարգացման» քաղաքական կուսակցությունը:
Նոր խաբեբաներ պետք չեն
Այս նախաձեռնության հեղինակները կարծում են, հանրային համաձայնության հիմքի վրա ստեղծված կառավարությունը կկարողանա իրական բարեփոխումներ անցկացնել և գործող իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջև դիմակայությունը չեզոքացնել:
«Մենք դեմ ենք, որպեսզի մի խաբեբաներին փոխարինեն մյուսները: Նոր կառավարությունը պետք է պրոֆեսիոնալ և արդյունավետ լինի: Նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ են այս գաղափարին, գիտակցաբար արգելափակում են համաձայնության հասնելը», — պնդում է «Արդար Աբխազիայի» համանախագահ Դավիթ Ագրբան:
«Աբխազիայի ժողովրդական ճակատ՝ հանուն արդարության և զարգացման» կուսակցության առաջնորդ Լաշա Սականիան հերքում է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե իրենք պարզապես ուզում են իշխանության հասնել. «Ոչ ես անձամբ, ոչ էլ իմ գործընկերները մեզ չենք առաջադրում որպես ժողովրդական միասնության կառավարության անդամների: Մենք պատրաստ ենք կանգնել նախագահի կողքին և ակտիվ մասնակցություն ունենալ այդ բարեփոխումների գործընթացում, սակայն մենք պետական իշխանության շրջանակներում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն չենք փնտրում»:
Ծանրաքաշները ստվերից դուրս են գալիս
Նոր քաղաքական խաղացողների գաղափարը (երկու կազմակերպություններն էլ ստղծվել են նախորդ տարվա վերջում) կարող էր աննկատ մնալ, եթե դրան չաջակցեր քաղաքական ծանրաքաշ, «Միասնական Աբխազիայի» առաջնորդ Սերգեյ Շամբան: Նրանից անմիջապես հետո դրական է արձագանքել ոչ միայն «Միասնական Աբխազիան», այլ նաև նախկին վարչապետ Բեսլան Բուտբայի «ԷՌԱ» կուսակցությունը և Բեսլան Էշբայի «Ապսադգիլ» շարժումը:
«2004 թվին մենք երկու անգամ հրաշքով մեծ վտանգից խուսափեցինք: Եվ, ցավոք, այժմ մենք նույնպես շարժվում ենք այդ ուղղությամբ: Չկա ոչ մի շարժ կոնֆլիկտի կողմերի միջև փոխզիջումների գնալու ուղղությամբ», — ասել է Սերգեյ Շամբան:
Նրա խոսքով, ժողովրդական միասնության կառավարությունը կարելի է որպես փորձարկում դիտարկել.«Վստահ եմ, որ ոչ ոք, այդ թվում նաև ընդդիմությունը, որը հանրաքվե է նախաձեռնել, չի ուզում, որ իրադարձությունները դուրս գան սահմանադրական սահմաններից: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք խոսել, իշխանության և ընդդիմության միջև միջնորդներ դառնալ հանրաքվեի հարցը չեղարկելու համար, ժողովրդական վստահության կառավարության շուրջ միավորվել, հետևել, թե ինչպես է այն ղեկավարելու երկիրը», — առաջարկել է Շամբան:
«Մեր տունն Աբխազիան է» հասարակական կազմակերպության ղեկավար Ռաուլ Լոլուան նախաձեռնությունն անիրատեսական է համարում, քանի որ այդպիսի կառավարություն կարելի է ստեղծել միայն խորհրդարանական հանրապետության պայմաններում.
«Մեզ մոտ նախագահական կառավարման համակարգ է, և միայն նախագահն է նշանակում և հաստատում նախարարների կաբինետը: Այնպիսի ձևաչափ, ինչպիսին է կոալիցիոն կառավարությունը, մեր օրենսդրությունը չի նախատեսում: Եվ ինչպե՞ս ենք մենք նախագահից պահանջելու, որ նման բան ստեղծի»:
«Արդար Աբխազիան» մայիսի կեսերին սոցիոլոգիական հարցում է անցկացրել Աբխազիայի քաղաքներում և շրջկենտրոններում, և հարցվածների 66,7 տոկոսը կողմ է արտահայտվել նախաձեռնությանը: Սակայն հարցաթերթիկներում այլ ձևակերպում է եղել՝ «կոալիցիոն կառավարություն»:
Իրակլի Խինտբան, ով ժամանակին նախագահի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում, սոցկայքերից մեկի իր էջում սարկազմով էր արձագանքել. «Կոալիցիոն կառավարություն և ժողովրդական վստահության կառավարություն՝ երկու մեծ տարբերություն»:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան մերժեց գաղափարն՝ ընտրելով հանրաքվեն:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:
Հրապարակկվել է 02.06.2016