Գիգա Օտխոզորիայի սպանությունը
Գալի շրջանում մայիսի 19-ին, 23-ամյա Գիգլա Օտխոզորիայի մահը հանգեցրեց վրացական և աբխազական հասարակությունների միջև հարաբերությունների կտրուկ սրման: Սոցցանցերը պայթում են բացասական մեկնաբանություններից ու քննակումներից, մարդկանց մեծ մասը զանգվածաբար իշխանություններին մեղադրում է ոչ բավարար խիստ արձագանքի համար:
JAMnews-ն առաջարկում է կատարվածի մանրամասն պատկերը՝ ինչպիսին այն ներկայանում է յուրաքանչյուր կողմից:
Ի՞նչ պատահեց մայիսի 19-ին
Թբիլիսիի վարկածը
Մայիսի 19-ին Խուրչա գյուղում՝ վրաց-աբխազական ադմինիստրատիվ սահմանին, Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում աբխազ սահմանապահի կողմից սպանվեց Վրաստանի քաղաքացի Գիգա Օտխոզորիան:
Սկզբում, երկու զինծառայող Օտխոզորիայի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել, հետո՝ նրան հրազենային 6 վնասվածք հասցրել: Գնդակներից մեկը ճակատին էր դիպչել:
Գոյություն ունի տվյալ սպանության տեսանյութը, որը նկարահանվել է վրացական սահմանային անցակետում տեղադրված արտաքին հսկողության տեսախցիկով:
Վրացի իրավապահ մարմինների հայտարարության համաձայն, ենթադրյալ մարդասպանի անձն իրենք արդեն պարզել են: Ինչպես պնդում են ականատեսները, նա աբխազ սահմանապահ, Թքվարչելի քաղաքի բնակիչ, Ռաշիդ Կանջիօղլին է:
Վրացի իրավապահ մարմինների հայտարարության համաձայն, ենթադրյալ մարդասպանի անձն իրենք արդեն պարզել են: Ինչպես պնդում են ականատեսները, նա աբխազ սահմանապահ, Թքվարչելի քաղաքի բնակիչ Ռաշիդ Կանջիօղլին է:
Տեղացիների խոսքով, կոնֆլիկտն առաջացել է սահմանային անցակետում: Ինչպես հայտնում է սպանվածի ընտանիքը, նա փորձել էր մթերք տեղափոխել Գալում մահացած բարեկամի թաղման համար: Սահմանապահները նրանից գումար են պահանջել, ինչն էլ վեճի առիթ է դարձել:
Ականատեսներն ասում են, որ վեճից հետո Օտխոզորիան շրջվել է և շարժվել վրացական անցակետի ուղղությամբ, սակայն երկու աբխազ սահմանապահներ հետևել են նրան և արդեն վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում կրակել:
Միջադեպը տեղի է ունեցել 15:00-ին, անցակետը բազմամարդ էր: Այսպիսով, շատերն են եղել սպանության ականատեսը:
Աբխազիայի 31-ամյա փախստական Գիգա Օտխոզորիան ընտանիքի հետ միասին ապրում էր վարձած բնակարանում՝ Զուգդիդիում: Նա ուներ կին և երկու փոքր երեխա:
Ինչպես պնդում են նրա հարազատները, փախստական դառնալուց հետո, նա ոչ մի անգամ չի մտել Աբխազիայի տարածք:
Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Գիգա Օտխոզորիայի սպանության փաստով: Կասկածյալը հետախուզվում է ինչպե՛ս ազգային, այնպե՛ս էլ միջազգային մակարդակով:
Ինչպես պնդում է ներքին գործերի փոխնախարար Արչիլ Թալաքվաձեն, 4-ամյա դադարից հետո կվերականգնվեն Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմների շրջանակում հանդիպումներն աբխազական ուղղությամբ:
Առաջին հանդիպումը «կկայանա առաջիկայում», նշեց նա՝ չհստակեցնելով օրը:
Կատարվածի ողջ պատասխանատվությունը իշխանությունները դնում են Ռուսաստանի Դաշնության վրա, որը փաստացի այդ տարածքի վերահսկողությույունն իրականացնողն է:
Վրաստանի ԱԳՆ հայտարարության համաձայն, իրավիճակը տարածաշրջանում «մտահոգիչ է» և «բացարձակապես անվերահսկելի», ինչը Գալի շրջանի բնակչության համար վտանգ է ստեղծում:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով՝ Վրաստանը պետք է պատասխան պահանջի ոչ թե Ռուսաստանից, այլ միջազգային կազմակերպություններից:
«Սա առաջին զոհն է մեր՝ իշխանության գալուց ի վեր, ինչը հարցականի տակ է դնում այն խաղաղ քաղաքականությունը, որն իրականացվում էր մինչ այժմ: Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր խաղաղ քաղաքականությունից, սակայն մտադիր ենք պահանջել այդ մարդու համար ամենախիստ պատիժը»:
«Ի՞նչ սպասել Ռուսաստանից, ո՞վ է նրան պատժելու: Մենք դա պահանջում ենք միջազգային կազմակերպություններից»:
«Սա ծանր սպանություն է… [սակայն այն] բացառություն է: Այն համակարգային բնույթ չի կրում, ինչպես դա Ազգային շարժման կառավարման տարիներին էր: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս դեպքը միակը լինի», — հայտարարել է Պաատա Զաքարեիշվիլին:
Թբիլիսիում և Զուգդիդիում այս օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում «Ոչ օկուպացիային», «Ռուսաստանը սպանում է» կարգախոսներով:
Սոցիալական ցանցերում
Օտխոզորիայի սպանությունը մեծ վրդովմունք է առաջացրել սոցցանցերում, հազարավոր մարդիկ կիսվել են սպանության կադրերով:
Թրենդ առաջին: Կատարվածում մեղավոր է Ռուսաստանը:
«Վրաստանի անկախության օրվանից ի վեր Ռուսական կայսրության դեմ պատերազմը տարվում: Այդ պատերազմն ունեցել է թեժ փուլեր՝ հազարավոր սպանվածներով և խեղվածներով, տասնյակ հազարավոր փախստականներով և համեմատական հանգստության ժամանակաշրջաններ, երբ մարդուն կարող են նման կերպ սպանել… Ցանկանանք տեսնել, թե ոչ, բայց Վրաստանը պատերազմում է զզոն թշնամու դեմ»:
«Եկեք ուղղակի ընդունենք, որ պետությունն ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին… Պետք է ընդունել, որ գոյություն ունեցող «կարգավորման» քաղաքականությունը խաղաղության չի տանում: Ռուսաստանը գալիս է և ուղղակի սպանում է, ահա այսպես՝ դաժանաբար»:
Թրենդ երկրորդ: Աբխազներն արժանի չեն բարի վերաբերմունքի:
«Իսկ մենք դեռ աբխազների ետևից ենք ընկել, նրանց հետ եղբայրական սիրուց ենք խոսում, անվճար բուժում ենք, նրանց վրա բյուջետային միջոցներ ենք ծախսում՝ սպասելով, որ արժան կհամարեն մեր կողմ բարյացակամ հայացք նետել: Միգուցե նրանք շոյվեն վիզային ռեժիմի ազատականացումից… Իսկ նրանք այդ ընթացքում մեզ հայհոյում են, ոտքերը մեր վրա սրբում և մեզ «շներ» ու «վախկոտներ» անվանում»:
«Եթե մենք մեզ հարգող պետություն լինեինք, մեր հատուկ ծառայությունները վաղուց այդ շներին կգտնեին և հանրային պատժի կենթարկեին», — գրում են Ֆեյբուքի վրացի օգտատերերը:
Թրենդ երրորդ: ագրեսիա հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հասցեին:
Հատուկ աժիոտաժ է Ֆեյսբուքում առաջացրել Պաատա Զաքարեիշվիլիի մեկնաբանությունը [մեջբերված է տեքստում], ով, խոսելով Խուրչայում տեղի ունեցած սպանության մասին՝ այսպիսի արտահայտություն է արել՝ «սա համակարգային սպանություն չէ, այլ բացառություն»:
«Պատկերացրեք, որ օկուպանտները սպանել են ձեր ընտանիքի անդամին, իսկ Զաքարեիշվիլին այդպիսի մեկնաբանություն է արել: Հետո հիշեք և այն, որ այդ մարդու աշխատավարձը դուք եք վճարում»:
«Ի՞նչ է նշանակում բացառություն: Ամեն մարդու կյանքը միակն է ու բացառիկ: Ինչպե՞ս կարող է նախարարն այդքան անպատասխանատու հայտարարությունր անել»:
Փորձագիտական գնահատական
Վրաստանի ընդդիմությունն ու փորձագետների մեծ մասը իշխանություններին մեղադրում է անգործության համար և պահանջում հակամարտության գոտում անվտանգության միջոցների ուժեղացում և տեղի ունեցած սպանությանն ավելի կտրուկ արձագանք:
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիա.
«Այն, ինչ տեղի է ունեցել Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում, ինձ զայրացրել է: Անհրաժեշտ է անհապաղ արտակարգ միջոցներ ձեռնարկել: Եթե այնտեղ ոստիկանության աշխատակից է եղել, նա պարտավոր էր արձագանքել և կրակ բացել նրանց ուղղությամբ, ովքեր բոլորի աչքի առաջ սպանել էին Վրաստանի քաղաքացու»:
«Ազգային շարժման» անդամ Սալոմե Սամադաշվիլի.
«Վրացական կողմը պետք է հայտարարի Ռուսաստանի հետ բանակցությունները դադարեցնելու մասին, քանի դեռ այս գործով քննություն չի սկսվել»:
«Պետք է վերջ դնել ինքնախաբեության քաղաքականությանը: Վրաստանի ներկայիս իշխանությունները պետք է ուշքի գան և գործեն այնպես, ինչպես հարիր է ինքնիշխան պետությանը»:
Սուխումի վարկածը
Մայիսի 19-ին Գալի շրջանի Բատաիգուարա գյուղում՝ Աբխազիայի և Վրաստանի «Նաբակիա» հսկիչ անցակետում տեղի ունեցավ կոնֆլիկտ աբխազ սահմանապահի և Վրաստանի քաղաքացի Գիգլա Օտխոզորիայի միջև:
Վերջինս փորձում էր ընկերոջ հետ աբխազական տարածք ապօրինի կերպով մթերք անցկացնել: Սակայն նա Աբխազիա մուտք գործելու համար անհրաժեշտ անցագիր չուներ, որը տրամադրում է տեղական ադմինիստրացիան, և նրան թույլ չտվեցին անցնել:
Նրա ընկերն առանց վիճաբանելու վերադարձավ վրացական տարածք: Իսկ Օտխոզորիան լավ խմած էր և սկսել էր պնդել, որ իրեն թույլ տան անցնել: Նա բարձր հայհոյում էր, սպառնում սահմանապահին, փորձում քաշքշուկ առաջացնել, սակայն պատասխան ստանալուց հետո ուղևորվեց հետ: Այստեղ աբխազ սահմանապահը հասավ նրան և կրակ բացեց ծառայողական զենքից:
Աբխազիայի Հանրապետության ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Աբխազիայի Հանրապետության Պետանվտանգության ծառայության սահմանապահ ջոկատի զինծառայողի նկատմամբ (անունը չի նշվում) Աբխազիայի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացի այդ, Աբխազիայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է դիմել Աբխազիայի ԱԳՆ՝ ստանալու և քննության ընթացքում Վրաստանի պատկան մարմինների կողմից այս փաստի առթիվ հավաքագրած նյութերն օգտագործելու համար: Դրա համար կարող է օգտագործվել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ժնևյան քննարկումների ձևաչափը:
Աբխազիայի ԱԳՆ-ն Օտխոզորիայի սպանության կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել:
«Տեղի ունեցած ողբերգական միջադեպը խորին ափսոսանք է առաջացնում: Բայցևայնպես ափսոսանք է առաջացնում նաև այն, որ վրացական կողմը, մասնավորապես՝ Վրաստանի ԱԳՆ-ն, որոշել է օգտագործել այլ միջադեպը իրավիճակը սրելու և տեղեկատվական պատերազմում քաղաքական միավորներ շահելու համար՝ Աբխազիայում իրավիճակը բնութագրելով որպես «բացարձակապես չվերահսկվող» և միջադեպի ողջ պատասխանատվությունը ռուսական կողմի՝ որպես «օկուպացիոն ուժի» վրա դնելով:
Աբխազիայի Հանրապետության ԱԳՆ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և խուսափել հեռուն գնացող եզրակացություններից, քանի դեռ մոտ ապագայում Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակում քննարկում չի կայացել և Աբխազիայում անցկացվող քրեական հետաքննության արդյունքների մասին չի հայտարարվել»:
Սոցցանցերի տեսություն
Թրենդ առաջին. սպանել չի կարելի:
«Որքան էլ իրեն վատ պահի հարբած վրացին, դա սպանության դրդապատճառ չպետք է դառնա: Չէ՞ որ Օտխոզորիան զինված չէր»:
Թրենդ երկրորդ. «Թող վրացիներն իրենց նայեն»:
«Վրացիները տիեզերական մասշտաբի աղմուկ են բարձրացրել հարբած կռվարարի սպանության շուրջ՝ աբխազներին մեղադրելով բոլոր մեղքերի մեջ: Չնայած՝ մեր իշխանությունները սպանության փաստով քրեական գործ են հարուցել, և ոչ ոք չի պատրաստվում աչքաթող անել այդ գործը: Սակայն, երբ մեր տարածք էին ներխուժում նրանց դիվերսանտներն ու սպանում մեր քաղաքացիներին, չգիտես ինչու օրենքի և բարոյական չափանիշների մասին Վրաստանում ոչ ոք չէր հիշում: Ընդհակառակը՝ մարդասպաններին ազգային հերոսներ էին դարձնում: Իսկ հիմա գտեք տարբերությունը»:
Փորձագիտական գնահատական
Գալի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Թեմուր Նադարիա.
«Աբխազիայի դատախազությունը քննություն է վարում: Տարբեր մեկնաբանություններն ու հույզերը հասկանալի են, սակայն գոյություն ունի իրավունք և օրենք: Մենք այս տեսանյութում (սոցցանցերում հրապարակվել է վրացի օգտատերերի կողմից) միջադեպի միայն մի մասն ենք տեսնում: Իսկ այն, թե ինչպես է ամեն ինչ սկսվել, սահմանապահների վրա հարբածի հարձակումն ու ֆիզիկական բռնությունը կադրում չկան:
Աբխազ սահմանապահների մեղքն այն է, որ սահմանապահ ծառայության աշխատակցի հետ կռիվ սարքած մարդը չի ձերբակալվել: Եթե այդպես անեին, սպանություն չէր լինի:
Մենք իրավական պետություն ենք կառուցում: Ամեն օր սահմանին մի քանի խախտում անող է ձերբակալվում, նրանց տեղափոխում են այնտեղ, որտեղ որ հարկն է, տուգանում են, իսկ ոմանց հանդեպ նույնիսկ՝ քրեական գործ հարուցում: Հենց դա է պրոֆեսիոնալիզմը:
Սակայն այստեղ մեր սահմանապահը գերազանցել է օրենքով իրեն տրված իրավասությունները և մարդ սպանել: Դրա համար պետք է պատասխանատվություն կրել:
Չնայած, պետք է նշել, որ հենց այդ զինծառայողին տեղացիներն, ովքեր հաճախ են սահմանն անցնում, միշտ բնութագրում էին որպես ամենաուշադիր և հավասարակշռված աշխատակցի»:
Թեմուր Նադարիա
Հումանիտար ծրագրերի կենտրոնի իրավապաշտպան Ասիդա Շակրիլ.
«Աբխազական իրավապահ մարմինների համար պատվի հարց է մանրակրկիտ, այլ ոչ թե ցուցադրական քննություն անցկացնելն ու դրա արդյունքում սպանության մեղավորին պատժելը:
Խոսքը ինչ-որ մասնավոր դեպքի մասին չէ, օրինակ, շուկայում վիճաբանության մասին: Սա սահմանային միջադեպ է, որի արդյունքում աբխազ սահմանապահը մարդ է սպանել: Ճիշտ եզրակացություններն ու արդարացի պատիժը մեզ պետք են ոչ թե նրա համար, որ միավորներ հավաքենք միջազգային հանրության առջև, այլ որ հաշվի առնենք մեր պետական շահերն ու նորմալ իրավական պետություն կառուցելու մղումը»:
JAMnews-ի դոսյե
• 13 ամիս տևած պատերազմը տեղի է ունեցել 1992-93թթ-ին, երբ Վրաստանն անկախություն ձեռք բերեց ԽՍՀՄ փլուզումից հետո, և Աբխազիան ցանկացավ անկախանալ Վրաստանից: Աբխազական ուժերը 1993թ-ի սեպտեմբերին վերահսկողություն սահմանեցին Աբխազիայի ողջ տարածքի վրա: Աբխազիայի բնակչության կեսը, հիմնականում՝ վրացիներ, լքեցին իրենց տները:
• 1994թ-ի մայիսին հաշտության մասին համաձայնագիր կնքվեց, որը վերջ դրեց պատերազմին: Սակայն խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում չվերահաստատվեցին:
• Մայիսի 19-ին տեղի ունեցած միջադեպը վրացի իրավապահ մարմինների հետ միասին ուսումնասիրում են միջազգային դիտորդական հանձնաժողովի ներկայացուցիչները:
• Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց կատարվածի վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն հրավիրելով միջադեպերի կանխարգելման և արձագանքի մեխանիզմների խստացման անհրաժեշտության վրա: Դեսպանատան հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծված է, որ «ԱՄՆ-ն ամբողջությամբ աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Կազմի լուսանկարը. բողոքի ակցիա Թբիլիսիում, 2016թ. մայիսի 22 Հեղինակ՝ Սոֆո Բուկիա
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 22.05.2016