Հավատալ, թե չհավատալ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես թույլ է տվել աբխազական ընդդիմաությանը ստորագրահավաք իրականանցնել նախագահ Ռաուլ Հաջիմբային անվստահություն հայտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար: Ինչպես հաղորդում են ակցիայի նախաձեռնողները, ապրիլի 1-ի դրությամբ արդեն հավաքվել է ավելի քան 14 հազար ստորագրություն, սակայն պահանջվում է 10 հազար: Եվ ընդդիմությունը չի պատրաստվում դադարեցնել ստորագրահավաքը:
Ըստ օրենքի, այս ընթացակարգին երկու ամիս է հատկացվում: Հետո՝ ևս երկու շաբաթ ԿԸՀ-ն կուսումնասիրի ստացված նյութերը և դրական արդյունքի դեպքում հայտարարի հանրաքվեի օրը: Այն պետք է անցկացվի երեք ամիսների ընթացքում: Գործող օրենսդրության համաձայն, հանրաքվեի կայացման համար պահանջվում է, որպեսզի ընտրության գա երկրի քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների նվազագույնը 50 տոկոսը և ևս մեկ ընտրող:
Հաջիմբային անվստահության հայտնելու կողմնակիցների փաստարկները
Ստորագրահավաքն անցկացվում է Աբխազիայի բոլոր շրջաններում, բացառությամբ՝ Գալի շրջանի:
«Մենք դուրս ենք թողել Գալի շրջանը, քանի որ այսօր դժվար է հասկանալ, թե այնտեղ ո՞վ քաղաքացիություն ունի, իսկ ով՝ ոչ: Խառնաշփոթից խուսափելու համար և որպեսզի հետո հարցեր չառաջանան, մենք գիտակցաբար այդ շրջանը չենք ընդգրկել», — հայտնել է հանրաքվեի անցկացման նախաձեռնող խմբի ղեկավար Դաուր Թանիան:
Ընդդիմության կարծիքով, Ռաուլ Հաջիմբան պետք է վաղաժամկետ թողնի նախագահի աթոռը, քանի որ նա իր նախընտրական խոստումները չի կատարել:
Հիմնական փաստարկներն առաջ է քաշում ընդդիմադիր բլոկի անդամ «Ափրա» սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների հիմնադրամի նախագահ Ասլան Բժանիան: Նա գործող նախագահի գլխավոր մրցակիցն էր 2014-ին կայացած նախագահական ընտրություններում:
«Իշխանության գլուխ անցած պարոնայք նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց խոստումները կապում էին հստակ ժամկետների հետ: Օրինակ, պ-ն Հաջիմբայի թիմը Աբխազիայի թոշակառուներին խոստացել է 15 հազար ռուբլի կենսաթոշակ: Սակայն նման բան տեղի չունեցավ: Ինձ կարող են հակաճառել, որ երկրում և դրանից դուրս տնտեսական իրավիճակը վատացել է: Սակայն կան բաներ, որոնք այս ընթացքում պետք է արված լինեին, և դրանք ոչ մի կերպ կապված չեն տնտեսության հետ», — ասում է Ասլան Բժանիան:
Նա հիշեցնում է նաև համաձայնագիրը, որը ստորագրվել է այն ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Հաջիմբայի նախաձեռնությամբ, որի հիման վրա պետք էր ձևավորել Աբխազիայի կառավարությունը: «Այն օրվանից, ինչ նա իշխանության է եկել, երկու կառավարություն է ձևավորվել, իսկ այդ համաձայնագիրը շարունակվում է անտեսվել»:
«Կամ, օրինակ, ինչո՞ւ, լինելով նախագահի թեկնածու, Հաջիմբան ասում էր, որ բնակարանների վաճառքը ռուսներին կքանդի մեր պետությունը, սակայն, իշխանության գլուխ անցնելուց հետո, նա հակառակն է պնդում»:
«Պ-ն նախագահը, լինելով ընդդիմադիր, ասում էր, որ 700 մլն ռուբլի վարկը, որը Ռուսաստանից 2011-ին ստացվել է բանկային համակարգին աջակցելու համար, սխալ քայլ էր, որ գումարները գողացվել են և օգուտ չեն բերել: Զուգահեռ նա գովում է «ԱՊՐԱ» վճարային համակարգը, որը գործարկվել է հենց այդ վարկի հաշվին, խոսում է այն մասին, որ համակարգը պետք է ընդլայնել»:
Նախագահ Հաջիմբային անվստաություն հայտնելուն դեմ արտահայտվողների փաստարկները
«Ռաուլ Հաջիմբան փորձ է արել սեփական ուժերով երկիրը ծանր տնտեսական իրավիճակից դուրս բերելու: Ռուսաստանն Աբխազիային ֆինանսական օգնություն էր խոստացել, սակայն նախորդ տարի մենք այն չստացանք: Այնուամենայնիվ իշխանությունները դիմացան այս դժվարին իրավիճակին: Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում փորձ է արվել ինքնավարություն իրականացնել և ներքին ռեսուրսներ փնտրել: Սա չի կարելի չտեսնել», — կարծում է պատգամավոր Վալերի Կվարչիան:
Նախագահ Ռաուլ Հաջիմբան չի խախտել հանրապետության Սահմանադրության ոչ մի կետ, և, հետևաբար, ոչ մի պատճառ չկա հանրաքվե անցկացնելու, ասում է իշխանամետ «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ասլան Կոբախիան:
«Գոյություն ունի Աբխազիայի Սահմանադրություն, որում հստակ ամրագրված են նախագահի իրավունքներն ու պարտականությունները. Ընդհանուր առմամբ 26 կետ: Երկու նախկին գլխավոր դատախազ, ովքեր ներկա պահին ընդդիմության գլխավոր իրավաբաններն են, այդպես էլ չկարողացան որևէ խախտում գտնել, որը նախագահը թույլ տված կլիներ իր գործունեության ընթաքում: Նրանք հանրաքվե անցկացնելու պատճառը հորինել են, քանի որ իրենք են ուզում իշխանությունը զբաղեցնել», — ավելացնում է Կոբախիան:
Կասկածողնորը
Աբխազիայի օրենսդրությունն այս հարցում իրոք անթերի չէ, և այնտեղ շատ հակասական բաներ կան:
Օրինակ, նախագահին վստահություն արտահայտելու հարցը «Հանրաքվեի մասին» օրենքում է գրված, համաձայն որի պլեբիսցիտի համար տաբու թեմաներն են «Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանության ոչնչացման հարցը, դրա սահմանների և տարածքային ամբողջականության փոփոխության հարցը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակման հարցը»:
Սակայն եթե հանրաքվեն կայանա, և ընտրազանգվածի մեծամասնությունը նախագահին անվստահություն հայտնի, դա նախագահի համար բացարձակ գործելու հիմք չէ: Նա իրավունք ունի ընտրելու, թե ինչ անել՝ հեռանալ, թե մնալ: Քանի որ, ըստ Սահմանդրության, նրան ընտրում են 5 տարով, և, եթե նա ծանր հանցագործություն չի կատարել կամ անգործունակ չէ, ապա վաղաժամկետ հեռանալ նախագահը կարող է միայն սեփական ցանկության դեպքում:
Իմպիչմենտի ընթացակարգը մինչև վերջ մշակված չէ: Սակայն ընտրազանգվածին վրդովում են ոչ միայն օրենսդրությունում առկա թերությունները:
Քաղաքագետ Ռուստամ Անշբայի դուռը վերջերս ծեծել են ստորագրություններ հավաքողները: «Ընդհանուր առմամբ, ես հանրաքվե անցկացնելուն կողմ եմ, սակայն այժմ դեմ եմ», — պատասխանել է նա: Հետո բացատրել է իր դիրքորոշումը:
«Առաջին հերթին, եթե հանրաքվեն անցկացվի, և դրա արդյունքներն ընդունեն կողմերը, դա ևս մեկ հարված կհասցնի ընտրական համակարգին: Բոլոր արտապլանային ընըրությունները կհանգեցնեն կայացած ընտրական համակարգի հետագա փլուզամանն ու կառավարման ապարատի կոլապսի»
«Երկրորդ փաստարկը նոր քաղաքական գործիչների պակասն է: Մենք բոլորս էլ գիտենք, որ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Ներքին և արտաքին զարգացման ուղղություններն արդեն հաշվարկված են նվազագույնը տասը տարով»:
Սակայն հանրաքվեի գաղափարի քննարկումն այնքան է պառակտել հասարակությունը, որ, ինչպես կատակում է պուբլիցիստ Իբրահիմ Չկադուան, հանրաքվեի գաղափարն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է ստորագրահավաք անցկացնել հանրաքվեն չեղարկելու համար:
«Ինչպե՞ս է այս նախաձեռնությունն ընկալվելու իրավաբանների կողմից, հատկապես Սահմանադրական դատարանի բացակայության պարագայում: Չեմ զարմանա, որ շատերը և դեմ, և կողմ քվեարկեն»:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 08.04.2016