Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Ադրբեջանի մեղքը հայ զինվորականի սպանության գործով
Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի երկու հոդված՝ ներում շնորհելով ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, որը մեղադրվում էր հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության մեջ։
Այսպիսի վճիռ է կայացրել մայիսի 26–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ըստ դատարանի վճռի՝ Ադրբեջանը հայցվորներին պետք է վճարի միայն 15 հազար ֆունտ ստերլինգ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ Հայցվորները սպանվածի ազգականներն են և նրա ծառայակից Հայկ Մակուչյանը։ Նրանք իրենց համար ֆինանսական փոխհատուցում չեն պահանջել։
«Մենք ձգտում էինք արդարության, այլ ոչ թե փոխհատուցման։ Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի արձանագրումը, կարևոր է վերջ դնել անպատժելիությանն ու կանխարգելել հայատյացությունն», — ասել է Հայկ Մակուչյանը։
- Հայ և դրբեջանցի լրագրողներն այցելել են միմյանց երկիր լիակատար գաղտնիության ռեժիմում
- Սումգայիթ և Խոջալու․ թե ինչպես են Ադրբեջանն ու Հայաստանը տարածում դավադրության տեսություններ ղարաբաղյան հակամարտության մասին։ Բի–Բի–Սի
- Հայաստանը դեմ է, որ իր հետ միասին միևնույն ռազմական դաշինքին անդամակցող երկրները զենք վաճառեն Ադրբեջանին
Սաֆարովի գործը
2004 թ–ի հունվարին ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովն ու ևս մեկ սպա Ադրբեջանից Բուդապեշտ էին ժամանել ՆԱՏՕ-ի էր կազմակերպած անգլերենի եռամսյա դասընթացների մասնակցելու։ Այդ նույն դասընթացներին մասնակցում էին երկու հայ սպա՝ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը։ Բոլոր կուրսանտներն ապրում էին Ազգային պաշտպանության համալսարանի հանրակացարանում։
Փետրվարի 19–ի վաղ առավոտյան Սաֆարովը մտել էր Մարգարյանի սենյակ և սպանել նրան՝ կացինով 16 հարված հասցնելով գլխին և պարանոցին։ Այնուհետև նա փորձել էր սպանել նաև Մակուչյանին, սակայն նրա սենյակի դուռը փակ էր եղել, և նա չէր հասցրել ներս մտնել, քանի որ ժամանել էր ոստիկանությունը։
Իր արարքը Սաֆարովը սկզբից բացատրել էր նրանով, որ, արմատներով Ջաբրայիլի շրջանից է, որը ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի վերահսկողության տակ է, և նա ատում է հայերին։ Իսկ ավելի ուշ՝ դատարանում, նա ասել է, որ Մարգարյանն ու Մակուչյանը ծաղրել և սադրել են իրեն։
2006 թ–ին հունգարական դատարանը Սաֆարովին մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներով սպանության կատարման համար և ցմահ ազատազրկման դատապարտեց՝ զրկելով մինչև 30 տարի ներման համար դիմում ներկայացնելու իրավունքից։
Հունգարական բանտում Սաֆարովը գտնվել է, ընդհանուր առմամբ, ութ տարի։ 2012 թ–ին Ադրբեջանը կարողացել է հասնել նրա արտահանձնմանը, որպեսզի մնացած ժամկետը նա կրի հայրենիքում։
Իսկ Ադրբեջան ժամանելուն պես նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել Սաֆարովին։ Բացի այդ, նա ստացավ ավելի բարձր՝ մայորի կոչում և բնակարան՝ նվեր պետությունից։
Այդ պատմությունը միջազգային սկանդալ էր առաջացրել, իսկ Ադրբեջանում Սաֆարովի արարքի վերաբերյալ կարծիքները կիսվել էին․ ոմանք նրան հերոս էին համարում, մյուսները՝ հանցագործ, որը խայտառակել է երկիրը։
Եվրոպական դատարանի վճիռը
ՄԻԵԴ–ը վճռել է, որ, Սաֆարովին ներում շնորհելով (ի հեճուկս հունգարական դատարանի վճռի), Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունք և խտրականության արգելք։ ՄԻԵԴ–ն ընդգծել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ հանցանքի «սատարումն ու աջակցությունը»։
Սակայն դատարանը համարել է, որ Ադրբեջանը պատասխանատու է հենց հանցագործության կատարման համար։
Երկրորդ պատասխանող կողմն այս գործում Հունգարիան էր, քանի որ Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին։ ՄԻԵԴ–ն այս երկրի կատարած քայլերում խախտում չի տեսել։
Ադրբեջանի արձագանքը դատարանի որոշմանը
Ադրբեջանի արտգործնախարարությունը կարծում է, որ դատարանը փաստացի չի բավարարել Հայաստանի հիմնական հայցը, քանի որ չի պահանջել չեղարկել ներման որոշումն ու մերժել է կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ նյութական հատուցումը։
«Ըստ Եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովը որպես անհատ է գործել և չի ներկայացրել Ադրբեջանի կառավարությունը։ Այսպիսով, Ադրբեջանի կառավարությունը չի կարող միջազգային–իրավական պատասխանատվություն կրել այդ գործողությունների համար», — ասում է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Բացի այդ, նախարարությունը կարծում է, որ գործում պետք է արտացոլվեր հետևյալը․ «Ռամիլ Սաֆարովը ծնվել է 1993 թ–ին Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանում, որն օկուպացված է հայկական զինված ուժերի կողմից, պատերազմի ընթացքում կորցրել է հարազատներին, լինելով դեռահաս՝ վերապրել է բռնի տեղահանվածի կյանքի բոլոր դժվարությունները»։
Այլ պաշտոնական մեկնաբանություն ադրբեջանական իշխանություններից դեռ չկա։ Ռամիլ Սաֆարովը նույնպես չի մեկնաբանել դատարանի որոշումը։
Ինչ վերաբերում է փորձագետներին, ապա, օրինակ, Ռազմավարական մտածողության ազգային կենտրոնի ղեկավար Իսա Գամբարը սպանությունն անվանել է «երկու հստակ անձանց միջև տեղի ունեցած դեպք»․
«Ադրբեջանի հազարավոր քաղաքացիներ ողջ աշխարհում հանդիպում են Հայաստանի քաղաքացիների, ապրում հարևանությամբ, վիճում, լռում, սակայն հազվադեպ է նրանցից մեկը սպանում մյուսին։ Այս դեպքը տեղի է ունեցել ոչ թե էթնիկ, այլ հուզական ֆոնին, աֆեկտի վիճակում»։
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը գրում է․
«Պետությունը պետք է աներ ամեն ինչ, որպեսզի նման բարդ իրավիճակում իր քաղաքացուն հայրենիք վերադարձներ։ Եվ նա արել է դա։ Սակայն Սաֆարովի հերոսացումը չէր համապատասխանում մեր ազգային շահերին»։
Հայաստանի արձագանքը դատարանի վճռին
Մարգարյանի գործով Եվրոպական դատարանի որոշումը հայկական լրատվամիջոցները լուսաբանեցին նույնքան սուր, որքան ժամանակին հայ սպայի սպանությունն ու հետագա իրադարձությունները։
Հայաստանում վերաբերմունքը Սաֆարովի գործին միանշանակ է․ անզեն մարդուն սպանած հանցագործը պետք է պատժվի, բայց դրա փոխարեն ներվել է և հերոսացվել։
Հայցվորների փաստաբանները կարծում են, որ, եթե Եվրոպական դատարանը առաջարկի Ադրբեջանին կրկին կալանավորել Սաֆարովին, դա միջազգային իրավունքի համար կարևոր նախադեպ կլինի։
«Մենք կցանկանայինք, որ դատարանը վճռեր նրան կրկին Հունգարիա կամ մեկ այլ երրորդ երկիր վերադարձնել՝ պատիժը կրելու համար, քանի որ Ադրբեջանում նրան հերոս են համարում», — ասել է փաստաբան Նազելի Վարդանյանը։
Ընդհանուր առմամբ, վճիռը բավարարել է հայցվորներին և փաստաբաններին։
«Սա պատմականորեն առաջին վճիռն է, երբևիցե գոյություն ունեցող, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը, ատելությունը։ Վճռի իրավական հետևանքներից պետք է լինի նաև այն, որ Ադրբեջանը պետք է վերացնի հակահայկական խտրականության վերացումը Ինչպես նաև պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հանցագործը պատիժ կրի», — հայտարարել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Հայաստանը քննարկում է Հունգարիային պատասխանատվության ենթարկելու հարցով ՄԻԵԴ-ի Մեծ պալատ դիմելու հարցը: Փաստաբանները կարծում են, որ հենց Բուդապեշտի քայլերն են Ադրբեջանին թույլ տվել ներում շնորհել հանցագործին։
Հանցագործությունից 4 տարի անց՝ 2008 թ–ին, Երևանում էր Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գոնցը։ Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Սաֆարովն Ադրբեջան վերադառնա, նա պատասխանել էր․
«Սաֆարովի վերադարձի հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը շատ լրջորեն են քննվելու։ Ամենագլխավոր հարցն այն է, թե արդյոք Սաֆարովն Ադրբեջանում է կրելու իր ցմահ ազատազրկումը, թե ոչ»։
4 տարուց, երբ հունգարական իշխանությունները Սաֆարովին հայրենիք վերադարձրին, Հայաստանը խզեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։