Ղարաբաղյան հակամարտության մասին «Շրջանի մասեր» հայ–ադրբեջանական ֆիլմի քննարկում
«Շրջանի մասերը» ղարաբաղյան հակամարտության մասին հայ–ադրբեջանական համատեղ ֆիլմ է, որը կազմված է երեք մասից։ Դրա վրա աշխատանքը սկսվել է 2012 թ–ին բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» հասարակական կազմակերպության առաջարկով։
Ֆիլմի լիարժեք տարբերակը երեք մասից է բաղկացած, դրանք կցուցադրվեն 2020 թ–ին։ Իսկ մայիսի 12–ին կայացել է ֆիլմի կարճ՝ 75-րոպեանոց տարբերակի առցանց պրեմիերան։
Ֆիլմը քննարկում են դրա համահեղինակ, լրագրող Շահին Ռզաևն ու Բաքվի մամուլի ակումբի ղեկավար Արիֆ Ալիևը։ Քննարկումը վարում է լրագրող Սեյմուր Քազիմովը։
«Պետք է դիտել օրիգինալը»
Շահին Ռզաևն ասում է, որ անգլերեն լեզվով այդ 75–րոպեանոց տարբերակի ցուցադրության հիմնական նպատակը նախագծի վրա ուշադրություն գրավելն է։
«Սակայն ես կցանկանայի, որպեսզի ցուցադրվի ֆիլմի երեք մասից բաղկացած օրիգինալ տարբերակը, հետո նոր եզրակացություններ արվեն», — ասում է Ռզաևը։
Նախագծի պայմանն այն էր, որ բոլոր որոշումները կայացվեն փոխզիջման ձևով, երկու կողմերից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ուներ, և յուրաքանչյուր կողմ փորձում էր պատմել իր մասին, որքան հնարավոր է, շատ։
Ռզաևը կարծում է, որ, թեև իրենց չի հաջողվել ֆիմում ներառել այն ամենն, ինչ ցանկանում էին, որպես առաջին քայլ այն բավականին լավ արդյունք է դարձել։
«Հիմնական աշխատանքը տարվում էր մեկ կողմում»
Արիֆ Ալիևը համաձայն է, որ ֆիլմի ճշգրիտ գնահատականը պետք է տրվի միայն բոլոր երեք մասերն ամբողջությամբ դիտելուց հետո։
«Այդ երեք ֆիլմերը մեկի մեջ միավորելիս առաջին պլան է մղվում երկու բան՝ սցենարն ու մոնտաժը։ Ֆիլմի հակիրճ տարբերակի ստեղծման ժամանակ հավասարակշռության պահպանմանը բավականաչափ ուշադրություն չի դարձվել։ Ըստ ամենայնի, աշխատանքի մեծ մասն իրականացվել է մեկ կողմում»։
Ալիևը կարծում է, որ այդ գործոնն, իր հերթին, բացասական է անդրադարձել գործընթացի հաջորդականության վրա։
Այսպես, Հայաստանի հետ կապված իրադարձությունների նկարագրման ժամանակ յուրաքանչյուր գյուղի պատմություն արտացոլվել է ղարաբաղյան ընդհանուր խնդրի ներսում։ «Իսկ Ադրբեջանի դեպքում անդրադարձ չի եղել Գուգարքի և Բաղանիս Այրիմի իրադարձություններին, որոնք լրջորեն ազդել են ողջ գործընթացի վրա։
Տպավորություն է ստեղծվում, իբր հայերը խաղաղ ձևով հավաքել են ադրբեջանցիներին և տուն ուղարկել, իսկ ադրբեջանցիները յուրաքանչյուր գյուղում արյուն են թափել»։
«AZTV–ն մեզ չի տրամադրել իր արխիվը»
Շահին Ռզաևը հաղորդել է, որ ֆիլմը մոնտաժվել է Ինտերնյուս–Ադրբեջան մեդիակազմակերպության հիմքի վրա։ Նա թվարկում է խնդիրները, որոնց իրենք բախվել են․
«AZTV–ն հրաժարվել է մեզ տրամադրել իր արխիվային նյութերը։ Հանգուցյալ օպերատոր Սեիդաղա Մովսումլուն չի կարողացել AZTV–ից ստանալ անգամ իր ձեռքով նկարահանված կադրերը։ Իսկ հայկական կողմին բավական էր մեկ նամակ գրել, որպեսզի նրանց առջև բացվեն երկրի պետական արխիվի դռները։
Այն բանից հետո, երբ 2014–ին ճնշումներ սկսվեցին հասարակական կազմակերպության վրա, մեր հնարավորությունները նույնպես մեծապես նվազեցին։ Այդ պատճառով էլ վերջնական մոնտաժն արվել է Հայաստանում։ Եվ դա օբյեկտիվ պատճառ ունի՝ Ադրբեջանում համապատասխան պայմանների բացակայությունը։
Մենք դիմել ենք պաշտոնյաներին։ Սակայն նրանք ոչ մի մեկնաբանություն չէին տրամադրում այն պատճառով, որ նախագծին մասնակցում են հայերը։
Սումգայիթում նկարահանումներ անել նույնպես չենք կարողացել․ թույլ չեն տվել տեղական գործագիր իշխանությունները։
Իսկ ինչ վերաբերում է Գուգարքին, ապա այդ իրադարձությունների ականատեսներից մեկը հրաժարվել էր հարցազրույց տալ՝ չվնասելու համար իր ազգականին, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Ավելի ուշ մենք մեկ այլ ականատեսի էինք գտել, և ֆիլմի լիարժեք տարբերակում այդ իրադարձություններն արտացոլված են»։
Ըստ Արիֆ Ալիևի՝ «եթե տեղեկություններ կան Գուգարքի մասին, մոնտաժի դեպքում դա ինչ–որ ձևով պետք էր հաշվի առնել»։
«Յուրաքանչյուր կադր բացատրվում է դրան հետևող կադրով։ Այս ֆիլմում «Օղակ» գործողությունից հետո հայտնվում է Մութալիբովը և պատմում, թե իբր ինքը խոսել է Գորբաչովի հետ և ցանկացել իրավիճակը լուծել հօգուտ Ադրբեջանի։ Դա այնքան էլ ճիշտ տեղեկություն չէ ընդհանուր գործընթացի համատեքստում», — ասում է Ալիևը։
Նրա կարծիքով՝ երկու կողմերի հայացքն իրադարձություններին ամբողջությամբ տարբեր են․
«Թեև մենք փորձում ենք անաչառ, արդար լիներ և զգացմունքներին ազատություն չտալ, սակայն դա ինչ–որ ենթագիտակցական մակարդակում է և մոնտաժի ժամանակ զգացնել է տալիս։ Այդ պատճառով էլ ծայրահեղ կարևոր էր հավասարություն պահպանելը»։
«Արտացոլված են Սումգայիթի և Մարաղայի իրադարձությունները, իսկ Խոջալո՞ւն»
Քննադատության առիթներից մեկն այն էր, որ Սումգայիթի և Մարաղայի իրադարձությունները ֆիլմում մանրամասն նկարագրված են, մի քանի րոպե է տրամադրված, սակայն Խոջալուի ողբերգության մասին բավականաչափ տեղեկություններ չկան։
Քննադատություն է առաջացրել նաև այն, որ ֆիլմում չի հիշատակվում Խոջալուի թեմայով խոստովանությունը, որն արել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրող և գրող Թոմ դը Վաալին տված հարցազրույցում։
Ռզաևն ասում է, որ այդ ամենն առկա է ֆիլմի ամբողջական տարբերակում։
«Դրվագներ կան, որոնցում մի քանի ականատես վշտալից պատմում է Խոջալուի ողբերգության մասին։ Ֆիլմի կարճ տարբերակում դա չի ներառվել։ Այն մոնտաժվել է Լոնդոնում, և այնտեղ մտածել են, որ արևմտյան լսարանի համար այդպես ավելի տեղին է։ Սակայն միաժամանակ այս ֆիլմի միջոցով մեզ հաջողվել է աշխարհին իրազեկել որոշ ճշմարտությունների մասին։
Ասկերանի գումարտակի հրամանատար Վիտալի Բալասանյանն ինքն է խոստովանում, որ փետրվարի 20–ին Ասկերանի մարտի ժամանակ ադրբեջանցիներն անզեն են եղել և զոհվել են հայկական կողմի բացած կրակից։
Բացի այդ, Սպիտակի երկրաշարժից հետո Ադրբեջանը մարդասիրական օգնությամբ ինքնաթիռ էր Հայաստան ուղարկել, որը վթարի էր ենթարկվել։ Այս մասին չեն իմացել նույնիսկ հայերը։ Թեև մենք չենք կարողացել անել այն ամենն, ինչ ցանկանում էինք, սակայն քիչ բան չի արվել»։
«Պետք էր պնդել դա»
Արիֆ Ալիևը կարծում է, որ Ադրբեջանում լայն հանրության շրջանում այս ֆիլմը հիմնականում քննադատություն է առաջացնելու։
Որպես հիմնական հարց նա նշում է այն, որ ֆիլմում իրադարձությունների իրավաբանական գնահատական չկա։ Նրա կարծիքով՝ ՄԱԿ–ի չորս որոշումները ներայացվում են միայն որպես փաստաթղթեր, որոնք պահանջում են դադարեցնել կրակը։
«Ես ուշադրությունը կսևեռեի մոնտաժի վրա, որովհետև կողմերից յուրաքանչյուրն այս ֆիլմում ուզում է արտահայտել իր ցանկությունները։ Ադրբեջանական կողմի համար այդ ցանկություններն օկուպացիային վերջ տալն է և օկուպացված տարածքների ազատագրումը։ Սակայն նման դետալ ֆիլմում ընդհանրապես չկա։
Ֆիլմից այնպես է ստացվում, որ այդ չորս որոշումների էությունն ու նպատակը հենց հրադադարն է։ Պետք էր պնդել ավելին»։
Անհնար է հարցազրույց վերցնել
Ռզաևը պատասխանում է, որ «իրավաբանական նրբությունները կարող են շփոթեցնել և հոգնեցնել հանդիսատեսին»․
«Մենք փորձել ենք հաշվի առնել դա։ Ֆիլմի լիարժեք տարբերակում՝ երրորդ մասում, ՄԱԿ–ի որոշումների մասին ավելի մանրամասն է խոսվում»։
Ավազ Հասանովը, որը նույնպես մասնակցում էր ֆիլմի ստեղծմանը, թվարկել է նրանց, ումից հնարավոր չէր հարցազրույց վերցնել՝ Յագուբ Մամեդով, որն այն ժամանակ գլխավորում էր Գերագույն խորհուրդը, Ռասուլ Գուլիև, որն աշխատում էր Սումգայիթում, Ալի Հասանով, Թամերլան Գարաև, նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարով, Խոջալուի գործադիր իշխանության նախկին ղեկավար Էլման Մամեդով։
Շահին Ռզաևն այդ ցուցակին ավելացրել է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Բայրամ Սաֆարովին, որովհետև, ամեն ինչից զատ, ֆիլմը քննադատում էին նաև համայնքի ներկայացուցիների հետ հարցազրույցի բացակայության համար։
Ադրբեջանական կողմը չի կարողացել նաև մասնակցել ֆիլմի լիարժեք, երեք մասից բաղկացած տարբերակի մոնտաժին։ Ռզաևն ասում է, որ ողջ հիմնական աշխատանքն իրականացվել է Հայաստանում, քանի որ այնտեղ դրա համար ավելի շատ տեխնիկական հնարավորություններ են եղել։
«Ադրբեջանական կողմը հաստատել է վերջնական մոնտաժը։ Աշխատանքը տարել են նրանք, սակայն վերջնական որոշումը կայացրել ենք միասին»։
«Սա հկամարտության պատմությանը հայացք գցելու լուրջ փորձ է»
Արիֆ Ալիևը կարծում է, որ նույնիսկ սահմանափակ հնարավորությունների պարագայում կարելի էր ֆիլմը նկարահանել բարձր մակարդակով։ Այդ պատճառով էլ նա անհրաժեշտ է համարում ի գիտություն ընդունել քննարկված մանրամասները։
«Սա հակամարտության պատմությանը հայացք գցելու լուրջ փորձ է, նման բան նախկինում չի եղել»։
Շահին Ռզաև․ «Եթե ես կրկին նկարահանեի դիլմը, բոլորովին այլ կողմից կմոտենայի։ Սակայն սա լուրջ փորձ էր։ Չի կարելի ասել, որ ֆիլմն անհաջող է ստացվել։ Այն լավ է ծառայել Ադրբեջանի հետ կապված մտքերն աշխարհին հասցնելու նպատակին։
Ես կցանկանայի, որ մենք կարողանայինք վերանկարահանել այս համատեղ ֆիլմն՝ առանց ճնշման և սահմանափակումների»։
Քննարկման տեսանյութի լիարժեք տարբերակն ադրբեջաներենով