Կորոնավիրուսային սկանդալ․ Հայաստանի առողջապահության նախարարությունը Վրաստանից ներողություն է խնդրել իր նախարարի խոսքերի համար
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատական հայտարարությունները հնչել են մայիսի 22–ին։
Նա կասկածի տակ էր դրել Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդաբանությունը և հավելել, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգն ավելի լավն է։
Վրաստանում Թորոսյանի արտահայտությունները որակել են որպես ոչ կոռեկտ և կոչ են արել ներողություն խնդրել։
Արդեն մայիսի 23–ի երեկոյան Հայաստանի առողջապահության նախարարությունը «նախարարի անունից ափսոսանք է հայտնել նրա հայտարարությունների առնչությամբ»։
- Թբիլիսին դուրս է գալիս կարանտինից․ տեսանյութ
- Հայաստանի վարչապետ․ «Եթե չփոխենք կորոնավիրուսի տարածման տեմպն, ապա հունիսի 12–ին 20 հազար վարակված կունենանք»
Ի՞նչ է ասել Հայաստանի նախարարը
Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգտատերերը հարցադրում են անում, թե ինչու է Վրաստանում, ուր կորոնավիրուսն ավելի շուտ էր ներթափանցել, վարակվածների թիվն ավելի քիչ, քան Հայաստանում։
Եվ այդ հարցը հասել էր նախարարին։
Մայիսի 22–ին Հայաստանի Հանրային խորհրդի նիստին դրան պատասխանելիս, Արսեն Թորոսյանը սկզբից գովել էր վրացի գործընկերներին, որ նրանց մոտ կարանտինը շատ ավելի խիստ և լավ է կազմակերպվել։ Այնուհետև հավելել էր, որ վիճակագրության տարբերությունը պայմանավորված է հենց Հայաստանի հակահամաճարակային համակարգի առավելություններով․
«Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է, քան Վրաստանինը։ Ես դա չեմ ասում հպարտանալու համար, ուղղակի փաստ եմ արձանագրում մասնագիտական և ոչ թե քաղաքական, որովհետև մենք հետաքրքրված ենք նրանով, որ մեր հարևաններն ուժեղ հակահամաճարակային համակարգ ունենան»։
Մյուս կողմից, ըստ Թորոսյանի, պատճառը կարող է լինել ինչպես անցկացվող թեստերի քանակը և որակն, այնպես էլ ընդհանուր վիճակագրության մեթոդաբանությունը։ Մասնավորապես, Հայաստանի նախարարը հետևյալ հարցերն էր առաջ քաշել․
- արդյո՞ք Վրաստանում թեստավորման բոլոր դեպքերում կիրառվել են PCR-թեստեր, թե խոսքն արագ թեստերի մասին է, որոնք Հայաստանում գործնականում չեն կիրառվում ոչ բավարար ճշգրտության պատճառով;
- արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները կորոնավիրուսի թեստ են անցնում;
- արդյոք վիճակագրությունը հաշվի է առնում թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքերը, եթե նաև կորոնավիրուսի վարակ է հաստատվել։
«Երբ մենք ախտորոշում ենք Վրաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների, վարորդների, այդ թվում վրացի, որոնց թեստերը լինում են դրական և նրանց թիվը շատ մեծ է։ Կարելի է՞ համարել, որ Վրաստանում օրական մեկ, երկու դեպք է լինում կամ կարելի՞ է համարել, որ ոչ բոլոր դեպքերն են համարվում վիճակագրության մաս», — հայտարարել է Արսեն Թորոսյանը։
Այս համատեքստում նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանն իր վիճակագրությունը ներկայացնում է թափանցիկ և ճշգրիտ։
Սակայն արդեն մայիսի 23–ին Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով ափսոսանք էր հայտնել պաշտոնական Թբիլիսիին Արսեն Թորոսյանի խոսքերի համար։
Այնուհետև նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այդ առթիվ հայտարարել էր․
«Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել։ Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը…
Բոլոր երկրներն ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկություններն, առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները: Մեր վրացի գործընկերներին հաջողություն ենք մաղթում համավարակի դեմ պայքարում»։
Ինչպե՞ս են արձագանքել Վրաստանում
Թբիլիսիում Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունն աննկատ չի մնացել, թե Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի սխալ մեթոդաբանություն է կիրառվում և ոչ բավարար մակարդակի թեստավորում իրականացնում։
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է Հայաստանի նախարարի հայտարարությունը․
«Մենք միանգամից արձագանքել ենք դիվանագիտական խողովակներով։ Իհարկե, այդ մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս, երբ դա արել է առողջապահության նախարարը»։
Նրա խոսքով՝ վրացական կողմին արդեն փոխանցվել է Երևանի ափսոսանքը․
«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ նրա արտահայտությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ են մեկնաբանվել, վշտացրել են վրացի գործընկերներին»։
Արսեն Թորոսյանի հայտարարությունը մեկնաբանել է Վրաստանի գլխավոր համաճարակաբան, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն․
«Զարմանալի էր նման հայտարարություն լսել այն դեպքում, երբ մենք երկու բարեկան ժողովուրդներ ենք, հարևաններ»։
Նրա խոսքով՝ եթե իրոք եղել է դեպք, երբ Հայաստան մուտք գործած վրացի վարորդի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ապա հայկական կողմը պետք է տեղյակ պահեր Վրաստանի առողջապահության նախարարությանն՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոնվենցիայի, որի մի մասն են կազմում Հայաստանն ու Վրաստանը։
Գամկրելիձեն ասում է, որ, երբ Վրաստանում նման դեպք էր տեղի ունեցել, վրացական կողմն իրազեկել էր այն երկրին, որտեղից կորոնավիրուսով վարակվածը ժամանել էր։
Գամկրելիձեն հերքել է նաև Հայաստանի նախարարի այն խոսքերը Վրաստանում բարձր մահացության և այն մասին, որ վրացի բժիշկները կորոնավիրուսով հիվանդների հայտնաբերման համար մեծ մասամբ օգտագործում են արագ թեստեր, այլ ոչ թե ավելի ճշգրիտ և վստահելի PCR-թեստերը։
«Չգիտեմ, թե որտեղից է նա վերցրել այդպիսի տվյալներ։ Մենք բոլորի համար բաց լիարժեք հաշվետվություն և վիճակագրություն ենք վարում, այդ թվում՝ անգլերեն լեզվով», — ասել է Գամկրելիձեն։
Կլինիկական իմունաբանության, ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ծերծվաձեն նույնպես ոչ կոռեկտ է անվանում Հայաստանի նախարարի հայտարարությունը։ Նա կարծում է, որ Թորոսյանը պետք է իր հայտարարության փաստաթղթային հիմնավորումը ներկայացնի կամ ներողություն խնդրի։
«Չեմ կարծում, որ Արսեն Թորոսյանին պետք է սովորեցնել, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություններ անի, ընդ որում՝ չփաստարկված։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերումը շատ բարձր մակարդակի վրա է, ինչը հաստատել են միջազգային ինստիտուտներն ու փորձագետները։ Հաշվի առնելով աղետալի համաճարակային իրավիճակը Հայաստանում՝ նախարարի այն հայտարարությունը, թե Հայաստանի համաճարակային հակազդեցության համակարգն ավել լավն է, քան վրացականը, կարող է միայն ժպիտ առաջացնել։ Մենք կարող ենք Արսեն Թորոսյանին և բոլոր հետաքրքրված անձանց հրավիրել և մեր փորձով կիսվել», — ասել է Թենգիզ Ծերծվաձեն։
«Կորոնասկանդալին» են անդրադարձել նաև վրացի քաղաքական գործիչներն։ Այսպես, «Լելո» քաղաքական շարժման ներկայացուցիչ Գիորգի Կանաշվիլին կարծում է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակում Վրաստանի իշխանությունները պետք է օգնություն առաջարկեն Հայաստանին, որը տարածաշրջանում կորոնավիրուսային ամենածանր դրության մեջ է։
«Պարզ է, մեզ է համար էլ է դժվար։ Սակայն, չնայած դրան, ցանկալի կլիներ որևէ օգնություն առաջարկել։ Նման իրավիճակներ հաճախ չեն առաջանում, և գործողություններն առանձնակի արժեք են ձեռք բերում։ Թող դա լինի խորհրդանշական օգնություն, սակայն խորհրդանիշները հսկայական դեր են խաղում։ Ազգային պատմական հիշողությունը, մեծ հաշվով, ոչ այլ ինչ է, քան այդպիսի խորհրդանիշների ժողովածու։ Այդ պատճառով էլ հույս ունեմ, որ Վրաստանի իշխանությունները համապատասխան հայտարարությամբ հանդես կգան», — գրել է Կանաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Նրա կարծիքով՝ Հայաստանի նախարարի խոսքերն առանձնահատուկ ուշադրության արժանի չեն․
«Մարդիկ գալիս և գնում են, իսկ մեր ժողովուրդները դեռ դարեր շարունակ կողք–կողքի են ապրելու»։