«Թմրամոլներին» ու «խուլիգաններին» ազատ արձակեցին
Նախագահի հրամանագրով հայտարարված համաներմամբ ազատ արձակվածները մտմտում են, թե ինչ անել անսպասելի շնորհված ազատության հետ: Նրանցից շատերը ստիպված են առողջական հարցերով զբաղվել, մնացածը պատրաստ են վերադառնալ իրենց սովորական կյանքին և շարունակել այն գործունեությունը, որն, ըստ նրանց, եղել է իրենց կալանավորման պատճառը:
Նրանք քաղբանտարկյալներ չեն
Ազատ արձակված քաղբանտարկյալները դատապարտվել են տարբեր հոդվածներով:
Անար Մամեդլի
«Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոն»-ի ղեկավար Անար Մամեդլին դատապարտվել է հինգ ու կես տարվա ազատազրկման հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Յադիգար Սադիգլի
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Յադիգար Սադիգլին վեց տարվա ազատազրկման է դատապարտվել համագյուղացուն ծեծի ենթարկելու համար:
Մամեդ Ազիզով (երիտասարդական շարժում Nida)
Մամեդ Ազիզովն ու նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին
Օմար Մամեդով (Nida)
Nida-ի ակտիվիստները մեղադրվել են պայթուցիկ նյութերի պատրաստման և թմրանյութերի պահպանման համար, նրանք ձերբակալվել են 2013-ին բանակում տիրող ամենաթողության դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո:
Թոֆիկ Յագուբլու
«Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յագուբլուն ձերբակալվել է զանգվածային անկարգությունների կազմակերպման համար Ադրբեջանի Իսմայիլի շրջան այցելելուց հետո, որտեղ բնակչությունը բողոքում էր տեղի իշխանությունների ամենաթողության դեմ:
Ռաուֆ Միրքադիրովը՝ հոր գերեզմանին, ով մահացել է իր բնակարանում խուզարկություն անցկացնելու հաջորդ առավոտյան, երբ Ռաուֆը բանտում է եղել
Լրագրող Ռաուֆ Միրքադիրովն ազատ է արձակվել նույն օրը՝ մարտի 17-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, որի համաձայն պետական դավաճանության համար նրա ազատզրկման իրական ժամկետը փոխարինվել է պայմանականով: Առաջին անգամ մեկնաբանելով իր ազատվելը՝ լրագրողը հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ հերքվել են դատարանում:
Պաշտոնական Բաքուն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն:
Արձագանքն աշխարհում
Reporters Without Borders, Amnesty İnternational, Freedom House, Front Line Defenders, PEN America, World Organisation Against Torture, Article 19 և ևս 14 միջազգային կազմակերպություններ պահանջում են ազատ արձակել նաև մնացած (մոտ հարյուր) քաղբանտարկյալներին: Համաներման որոշմանն իրենց աջակցություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Մարդու իրավունքների և ժողովրդավարության Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի նախագահ Իզաբել Սանտոսն ու մի շարք այլ քաղաքական գործիչներ:
Սոցկայքերը
Սոցցանցերում համաներմանն ուրախությամբ արձագանքեցին. բոլորը միմյանց մի քանի օր շնորհավորում էին, կանխագուշակում, թե ինչ է նշանակում այս հանկարծակի «ջերմությունը» և երբ բաց կթողնեն մնացածներին:
«Շատ ուրախացրեց այս լուրը: Համընդհանուր անարդարության ֆոնին գոնե ինչ-որ դրական բան է»:
«Եթե նույնիսկ համաներմամբ են ազատ արձակել, ապրեն քաղբանտարկյալների իրավաբանները: Թող դատարանի դահլիճներում էլ լսվեն ազատ արձակումների մասին, որպեսզի նրանց ջանքերն ապարդյուն չլինեն»:
Լրատվամիջոցները
Հեռուստատեսությամբ, սակայն, հպանցիկ խոսեցին համաներման մասին՝ չհիշատակելով, որ ազատ արձակվածների թվում քաղբանտարկյալներ կան:
Նույն կերպ մատուցվեց նաև մեկ այլ նորություն. երբ առողջական վիճակի պատճառով ազատ արձակված քաղբանտարկյալներ Արիֆ և Լեյլա Յունուսները դիմեցին դատարան բուժվելու նպատակով երկրից դուրս գալու համար, նրանց մերժեցին: AzTV հեռուստաալիքը հայտնեց միայն, որ նրանք շնորհակալություն հայտնեցին իշխանություններին ներում շնորհելու համար՝ բաց թողնելով խնդրանքի և մերժման մասին տեղեկատվությունը:
«Այդ ցուցակից 14 մարդու ազատ արձակման համար միջնորդել են իրավապաշտպան կազմակերպությունները», — սա են այն բոլոր մանրամասները, որոնք հարկ համարեց հայտնել լրատվական 1news.az կայքը:
«Նրանց մեջ կան իրենց հասարակական և քաղաքական գործունեությամբ հայտնի մարդիկ», — հակիրճ հաղորդում է apa.az-ը ռեպորտաժի վերջում: Հետաքրքիր է, որ այդ նորության տեսանյութի կադրերը Ազատություն ռադիոկայանինն են, սակայն սյուժեն այնպես է մոնտաժվել, որ տեսնում ես միայն համաներվածների հանդիպումը հարազատների հետ:
azadliq.org-ի օրիգինալ տեսանյութում հետո կադրեր կան, որտեղ Թոֆիկ Յագուբլուն համբուրում է իր աղջկա նկարը, ով մահացել է, քանի դեռ նա բանտում էր: Հետո նույն սյուժեում Յագուբլուն ասում է, որ բոլոր այն հայտարարությունները, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, լկտի սուտ է, և նա կարող է դա ապացուցել:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին հրամանագիր է ստորագրել 148 հոգու ներում շնորհելու մասին:
- Ազատության մեջ են 14 քաղբանտարկյալ՝ հայտնի լրագրողներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ:
- Մինչև այժմ բանտերում են հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը և ՌեԱԼ հասարակական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը: