Վատերին փոխարինենք լավերով
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը
Քաղաքական գործընթացները Հայաստանում
Վերջին երեք տարում Հայաստանում տեղի ունեցավ երկու գործընթաց:
Առաջինը՝ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական հարթակների գրավումն էր Հանրապետական կուսակցության կողմից: Արդյունքում, նրանք են քաղաքական որոշումներ կայացնողները: Հանրապետականները հաղթանակներ տոնեցին ընտրական մարաթոնում՝ առաջ անցնելով նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Հատուկ պետք է նշել երևանյան ընտրությունները, քանի որ Երևանը երկրի մեկ երրորդն է, և այդ ընտրությունները համապետական նշանակություն ունեն:
Այս հաղթանակը բացարձակ է, հանրապետականներն իրենց վստահ են զգում, կարողանում են ղեկավարել՝ ոչ մեկին հաշվի չառնելով: Մասամբ դրա հետ է կապվում այն փաստը, որ խորհրդարանում ներկայացված և քիչ թե շատ նշանակություն ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները լավ հնարավորություն ունեն ասելու այն, ինչ ուզում են, և այդտեղ ոչ մի ռիսկ հանրապետականները չեն տեսնում: Նրանք օգտվում են խոսքի ազատության իրավունքից, տարբեր հիստերիաներ են անում, մամուլի հետ են աշխատում, սակայն իրական քաղաքականության վրա չեն կարող ազդել:
Երկրորդը` մարգինալացման, կամ ընդդիմության վախճանի գործընթացն է:
Ընդդիմադիր կուսակցությունները գործնականում վերածվել են ակումբների, որոնք ի վիճակի չեն ընտրազանգված հավաքել: Նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային, ո՛չ մեդիա, ոչ էլ` փորձագիտական: Գրեթե բոլոր կուսակցություններն առավելագույնը կարող են ընտրություններից առաջ գյուղերում մեկուկես ամիս տևողությամբ արշավ անցկացնել՝ առանց շրջաններում լուրջ ներկայացուցիչներ ունենալու, ովքեր մշտապես կաշխատեին տեղերում և իրականում կդիմակայեին հանրապետականներին:
Այդ կուսակցություններն անձնավորված են, ունեն խիստ մշուշոտ ծրագիր, որը հիմնված է «վատերին փոխարինենք լավերով, և ամեն ինչ լավ կլինի» սկզբունքի վրա:
Այս մարդիկ հիմնականում միավորվում են բացասական հատկանիշի շուրջ՝ նրանք բոլորը դեմ են իշխանությանը: Թե ինչին են կողմ, նույնպես նշվում է, սակայն դա բավականին խղճուկ տեսք ունի և հեռու է գաղափարախոսություն լինելուց. մի՛ սպանիր, մի՛ գողացիր, որովհետև գողանալը վատ է, գերադասելի է արդար լինել, ազատ մրցակցությունը լավ է, մոնոպոլիզմը վատ է և այլն:
Սովորաբար, այս բոլոր կուսակցությունների առաջնորդները բնակչությանը լավ ծանոթ անձինք են: Հեռուստադիտողներն արդեն 25 տարի է նույն դեմքերն են տեսնում, ովքեր նույն բանն են ասում: Չկան կուսակցություններ, որոնք երկարատև քաղաքական աշխատանք են վարում: Բոլոր նրանց գործողությունները մեկանգամյա են:
Այդ կուսակցությունները ոչ թե ուզում են իրական ընդդիմություն լինել, այլ ուզում են պարզապես զբաղեցնել այդ տեղը. նստել Երևանում, քննադատել իշխանություններին, հոդվածներ տպել ԶԼՄ-ներում՝ այդ կերպ փոխարինելով քաղաքական գործունեությանը: Դա ավելի հեշտ է, ավելի քիչ ջանք է պահանջում, քանի որ քաղաքական գործչի առօրյան ծանր աշխատանքն է:
Կողքից նայելիս, նման քաղաքականության արդյունքում ստացվում են բավականին տարօրինակ ակցիաներ՝ փողոցներ փակել, անվերջանալի հացադուլներ:
Իրական քաղաքական կուսակցությունը կարիք չունի նման յուրատեսակ ակցիաների, հատուկ էֆեկտների. նա առանց այդ էլ հզոր է և գրավում է բոլորի ուշադրությունը:
Մյուս կողմից, Հանրապետականը իրական քաղաքական կուսակցություն չէ: ՀՀԿ-ն հետխորհրդային տարածքին բնորոշ կուսակցություն է, որը նման է բիզնեսին սերտաճած չինովնիկների արհեստակցական միության:
Իրական կուսակցության իրական գործառույթ ՀՀԿ-ն չի կատարում, և եթե նրան հեռացնեն իշխանությունից, կամ` իշխանությունը նրանից, ապա կկատարվի նույնը, ինչ եղավ Հայոց համազգային շարժման հետ. 1990թ. ՀՀՇ-ն հեռացվեց իշխանությունից, և այն գրեթե անհետացավ:
Հետևաբար, մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որը ես «կայուն անկայունություն» կանվանեի:
Հանրապետականներն ուժեղ են ոչ թե այն պատճառով, որ իրականում են ուժեղ ու լեգիտիմ, այլ որովհետև նրանց ոչ ոք չի դիմակայում: Աշխարհում ընդունված այսպիսի մեկուկես կուսակցական համակարգը կարող է բավականին երկար գոյատևել:
Այդ պատճառով էլ Հայաստանի հիմնական խնդիրն իրական քաղաքական կուսակցություններ ստեղծելն է: Ոչ թե մեկանգամյա օգտագործման զենք ստեղծել, ոչ թե լինգ, որով կոնկրետ ընտրություններին պետք է պատ քանդել, այլ` մշտական աշխատող շարժիչ: Ցավոք, նման կուսակցություններ առաջիկա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին չեն ակնկալվում:
Թույլ ընդդիմության վառ օրինակ է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը, որը 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հավաքեց ձայների 37%-ը:
Երևանում այն 43% հավաքեց. սա ահռելի ռեսուրս է, այն էլ, որ «Ժառանգությունը» նման չէ բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանին»:
Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի»` «Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսական միջոցներ չուներ:
Ընտրողների 43%-ն այն մարդիկ էին, ովքեր քվեարկել էին ոչ նյութական դրդապատճառներից ելնելով: Սակայն 2.5 ամիս անց՝ մայիսի 5-ին, Երևանի Ավագանու ընտրություններին նույն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը հավաքեց միայն 8%՝ հինգ անգամ պակաս:
Այնուհետև այս կուսակցությունը ձախողվեց խորհրդարանում: Այժմ Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնում է միայն Զարուհի Փոստանջյանը:
Պատճառն այն է, որ իրական կուսակցություն չկա, որ ամեն ինչ ընկալվում է որպես մեկանգամյա օգտագործման զենք` ընտրություններին պատ քանդելու համար: Նման մարտավարությամբ ոչ մեկին չի հաջողվի ոչ մի պատ քանդել:
Այս կուսակցությունների մոտեցումը հեղափոխական է՝ խոսքի փոխաբերական իմաստով: Նրանք կարծում են, որ եթե մեկ անգամ «ճիշտ» մարդկանց ընտրեն, ապա ամեն ինչ միանգամից կփոխվի դեպի լավը՝ օլիգարխները կանհետանան, քաղաքացիական հասարակության կամ հոգևորականության ներկայացուցիչները կդառնան բիզնեսմեն և ազնիվ կմրցակցեն իրար դեմ, և բացարձակ արդարություն կտիրի: Ամեն ինչ Ադամ Սմիթի դասագրքով կլինի, որին ինքը` Սմիթը, 18-րդ դարում չէր հավատում:
Նման պատկերացումը մանկական քաղաքական մշակույթի հետևանք է, որը նոր երևույթ է Հայաստանում: Հայաստանն ինքն էլ շատ երիտասարդ երկիր է, իսկ մշակույթը մեկ օրում փոխել անհնար է:
Անցում դեպի խորհրդարանական համակարգ
Հետխորհրդային տարածքում միայն 5 երկրում քիչ թե շատ կա հասարակական քաղաքականություն՝ ժողովրդավարության բաղադրիչներով, իշխանության ռոտացիայով և այլն: Դա Մոլդովան է, Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանն ու Ղրղզստանը: Մնացած երկրներում ոչ մի նման բան չկա, և գործում է սուպերնախագահական կառավարում:
Հետխորհրդային տարածքում խորհրդարանական համակարգը դիտարկվում է որպես մի բան, որ ավելի եվրոպական և ժողովրդավարական է, սակայն, իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Պարզապես համակարգն ավելի դիմացկուն և կայուն դարձնելու ինչ-որ պահանջ կա: Բայց այդ հինգ երկրներից և ոչ մեկի մոտ դա դեռ չի ստացվել, քանի որ անհրաժեշտ են փոփոխություններ, անհրաժեշտ է նոր քաղաքական մշակույթի ծնունդ և դաստիարակություն, քաղաքական համակարգի ձևավորում:
Լուրջ քաղաքական ուժերի բացակայության պայմաններում` սահմանադրական բարեփոխումները կամ խորհրդարանական համակարգին անցնելը ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:
Սկսենք բացասականից:
Բարեփոխումը ձևի ստեղծում կամ վերստեղծում է: Բարեփոխումը բաժակ է, որի մեջ պետք է լցնել գինի՝ զարգացած քաղաքական համակարգ:
Եթե այդ ձևի մեջ կան զարգացած քաղաքական կուսակցություններ, դրանք օրենքի և իշխանությունների ձեռքից կխլեն իրենց սեգմենտը` ոչ թե համընդհանուր արդարության և երջանկության հասնելու համար, ոչ էլ այն մղումով, որ լավ մարդիկ իրենց տեղում լինեն, այլ իշխանության իրենց կտորն ունենալու համար:
Եթե այդպիսի կուսակցություններ չկան, ապա ոչինչ չի փոխվի. մարդիկ պարզապես կատեն ոչ թե նախագահին, այլ` վարչապետին:
Հայաստանում վաղուց գոյություն ունի մի համակարգ, որի դեպքում որոշումները կայացվում են քաղաքական էլիտայի համաձայնությամբ՝ ՀՀԿ ղեկավարության, որոշ նախարարների, պաշտոնյաների և օլիգարխների կողմից: Նրանք են որոշում, թե ինչպես է գործելու այս կամ այն օրենքը, հետո արդեն այս նախագիծը ձևակերպվում է խորհրդարանում:
Այժմ դրական կողմերի մասին:
Բարեփոխումներն այլ կերպ հնարավոր չէ անցկացնել: Դա միշտ ձևի փոփոխություն է, սպասումով, որ այն ինչ-որ բանով կլցվի:
Ազնիվ լինելու համար ասենք, որ հանրապետականները դրան հասել են անգիտակցաբար: Նրանք այլ կերպ են մտածում:
Բոլոր հետխորհրդային երկրների և Հայաստանի ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրը, մասնավորապես, զարգացած քաղաքական կուսակցությունների բացակայությունն է: Դրանց հայտնվելու համար պետք է փոխվի քաղաքական կյանքի մշակույթը, պետք է փոխվեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև` քվեարկության ձևը:
Օրինակ, Արևմուտքի զարգացած ժողովրդական երկրներում մարդիկ քվեարկում են ոչ թե հաճելի մարդկանց օգտին, այլ` հստակ շահերից ելնելով: Գյուղացիներն, օրինակ, իրենց ձայնը տալիս են այն կուսակցությանը, որը ագրարային սուբսիդիաներ է խոստանում, բիզնեսմենները՝ լիբերալ կուսակցությանը, պետծառայողները՝ ինչ-որ արտոնություններ առաջարկող կուսակցությանը: Սրանց համադրությունը քաղաքականություն է ձևավորում, որտեղ ներկայացված են լայն սոցիալական խմբերի շահերը: Մեզ մոտ հակառակն է տեղի ունենում:
Քաղաքականությունում ներկայացված են էլիտայի՝ բիզնեսմենների և պաշտոնյաների շահերը: Մարդիկ գումար են վերցնում և քվեարկում կոնկրետ մարդու օգտին, իսկ ով չի վերցնում, գնում է հրապարակ, բայց ինչ-որ ժամանակ անց, հեռանում է այնտեղից:
Պահանջարկ կա, առաջարկ չկա
Եթե վաղը հայտնվի քաղաքական կուսակցություն, որը լուրջ ծրագիր կներկայացնի՝ ընդգրկելով մարդկային գործունեության տարբեր ոլորտներ, այդպիսի կուսակցությունն աննկատ չի մնա:
Այդ կուսակցությունն անպայման կգա խորհրդարան, թեկուզև սկզբում մեկ հոգով, ով պարզապես 5 տարի կաշխատի, հաջորդ անգամ երեքին կընտրեն, ևս հինգ տարուց՝ վեցին, հանկարծ կտեսնենք, որ մեկ սերունդ հետո իրավիճակը կփոխվի: Ցավոք, նման մարդիկ չկան:
Լուրջ քաղաքական ուժերը Հայաստանում փոխարինվել են սիմուլյակրով՝ գյություն չունեցող երևույթների պատճեններով: Հասարակության հոգնածությունն այդ երևույթներից ավելի քան ակնհայտ է, և մարդիկ նրանց ձայն չեն տալիս:
Պարզ է, որ հանրապետականներին էլ մարդիկ ձայն չեն տալիս, նրանք հաղթում են ընտրական անտարբերության շնորհիվ: Հայ ընտրողի ստանդարտ տրամադրությունը սա է՝ «գրողի ծոցը գնաք բոլորդ»: Եթե ընդամենը տասը տարի առաջ հասարակությունը մերժում էր էլիտային, իշխանությանը, ապա այժմ այդ վերաբերմունքին են արժանանում բոլոր քաղաքական գործիչները միասին:
Իրավիճակը շատ հետաքրքիր է. պահանջարկ կա, բայց առաջարկ չկա: Հայաստանը հղի է ընդդիմությամբ, սակայն այն լույս աշխարհ չի գալիս՝ առաջարկ չկա: