«Տեսախցիկն անջատեցի, կարծես ինտերնետը գնաց»։ Վրացի երեխաները պատմում են առցանց դասերի մասին
Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երեխաները դպրոց չեն գնում և հեռավար ռեժիմով են դաս անում։ Ներկայացնում ենք նրանց պատմություններն ու տպավորությունները։
Սաբա, 8 տարեկան, Թբիլիսի
Կորոնավիրուսը կարող է միլիոնավոր մարդկանց սպանել։ Օրինակ՝ տատիկիս ընկերուհին մահացել է։ Նա 86 տարեկան էր։ Շատ վտանգավոր է։
Ինձ այս ամեն ինչի մեջ դուր է գալիս միայն այն, որ դպրոց պետք չէ գնալ։
Իմ առցանց դասերն աղմկոտ էին։ Համադասարանցիներիցս ոմանք ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս պատշգամբ, ինչ–որ մարդկանց հետ խոսում։ Այդ կողմնակի աղմուկից գլուխդ սկսում է ցավել։
Դասերի համար մայրիկի հեռախոսից էի օգտվում։ Իսկ հեռախոսում Microsoft Team ծրագիրը չկա, որն արձանագրում է, թե քանի դասի ես «եղել»։ Առանց անհրաժեշտ քանակի հաջորդ կիսամյակ չես տեղափոխվի։ Այդ պատճառով էլ ուսուցչի հետ շփվում եմ նաև սկայպով։ Սկայպում կարելի է տեսախցիկն ու ձայնն անջատել։ Վերջերս տեսախցիկն անջատեցի, իբր ինտերնետը կորավ։ Իրականում կոմիքսներ էին նկարում։
Ընկերներիս եմ կարոտում՝ Սանդրոյին, Մատեին, Լևանին։ Ուզում եմ դասամիջոցներին վազվզել։
Հրթիռներ եմ սոսնձում։ Սակայն սոսինձս վերջացել է, և չենք կարող գնել․ խանութները փակ են։ Թղթից գնդակ եմ սարքել։ Կպչուն ժապավենը նույնպես վերջացել է ևս մեկը պատրաստելու համար։
Ուզում եմ, որ իշխանություններն ախտահանում կատարեն, մաքրեն բակերն ու փողոցները, այդ ժամանակ ինձ տնից թույլ կտան դուրս գալ։
Սոֆո և Թամունա, 11 և 12 տարեկան, Կրցանիսի
Մենք հինգ քույր ու եղբայր ենք։ Ինտերնետը մայրիկի հեռախոսով է։ Օրական երկու–երեք դաս ունենք։ Երբեմն դրանք ժամանակային առումով համընկնում են, և այդ ժամանակ մեզնից մեկը ստիպված է դասը բաց թողնել։ Այդ պատճառով էլ կռվում ենք։
Դպրոց գնալն ավելի լավ է։ Այնտեղ են ընկերներդ, ուսուցիչները։ Ավելի լավ ես յուրացնում այն, ինչ պատմում են։ Հեռավար ուսուցումն ավելի վատ է, հատկապես որ ինտերնետը հաճախ կորում է։
Գնահատականները դնելու են կիսամյակի վերջում։ Իմ դասարանում երեք երեխա ընդհանրապես չի մասնակցում դասերին՝ չեն կարողանում ինտերնետից օգտվել։ Թամունայի դասարանում էլ այդպիսի երկու հոգի կա։
Մայրս խոստացել է պիկնիկ կազմակերպել, երբ համաճարակն ավարտվի։
Գիորգի, 9 տարեկան, Թբիլիսի
Կորոնավիրուսը մեզ մոտ է եկել Չինաստանից։ Հիմա շատ վատ է Իտալիայում, Թուրքիայում և ԱՄՆ–ում։ Ես չեմ վախենում հիվանդանալ, որովհետև ոչ մի տեղ չեմ գնում։
Մայրս էլ, հայրս էլ համակարգիչ ունեն։ Դրանցից եմ օգտվում առցանց դասերի համար։ Սկզբից իմ դասերն են, հետո քրոջս։ Նա հինգ տարեկան է, դասերի ժամանակ ծառեր է նկարում։
Շատ եմ ուզում, որ սովորական կյանքին վերադառնանք։ Ընկերներիս մոտ կգնամ։ Կամ էլ նրանք կգան։ Թե չէ այսպես միայն Zoom ծրագրով ենք շփվում։ Այսպիսի դասերը հաճույք են։ Հատկապես, որ կարելի է ծածուկ «չատ անել» ընկերների հետ։
Բայց դպրոցում ավելի լավ է։ Դասամիջոցներ, նախաճաշեր․․․ Իսկ հիմա անընդհատ մենակ եմ։
Լավ կլիներ՝ այս կորոնավիրուսը ձմռանը գար։ Առավոտյան ցուրտ է լինում, չես ուզում վեր կենալ, դպրոց գնալ։
Անակո, 10 տարեկան, Թբիլիսի
Ինձ դպրոցում սովորելն ավելի է դուր գալիս։ Առցանցի դեպքում շատերը ոչինչ չեն անում, խանգարում են մյուսներին և ուսուցիչներին։ Գնահատականներ չեն դնում։ Ես հեշտ հարմարվեցի առցանցին։ Այս համակարգիչը նախկինում մայրիկինն էր, այժմ նա այն ինձ է նվիրել։
Թենիսի էլ չեմ գնում, ընկերուհիներիս չեմ տեսնում, նույնիսկ չեմ զբոսնում։ Լավ է՝ գոնե թատերական ստուդիայի դասընթացներն են սկսել հեռավար անցկացնել։ Վերջերս պետք է նկարեինք մեր սիրած գրքային հերոսին, ես «Հարի Փոթերի» Հերմիոնային էի նկարել։
Գիորգի, 10 տարեկան, Կարելիի շրջանի Դիրսի գյուղ
Մեր գյուղում ոչ ոք կորոնավիրուս չունի, այդ պատճառով էլ չեմ վախենում։ Ափսոս, որ ընկերներիս եմ հազվադեպ տեսնում։ Համակարգչով համարյա դաս չեմ անում, ինտերնետը շատ թույլ է։ Ստիպված եմ ուսուցչի հետ մեսենջերով լրացուցիչ շփվել, առաջադրանքներ է տալիս, բացատրում։ Տետրում գրում եմ առաջադրանքները, լուսանկարում արված դասերը և ուղարկում։
Դպրոց գնալն, իհարկե, ավելի լավ է։ Այնտեղ ընկերներս են՝ Լուկան ու Դաթունան։ Սպորտի դասերին ֆուտբոլ ենք խաղում։ Կարոտում եմ նկարչության դասերը։
Անանո, 10 տարեկան, Ցերովանի
Մենք երկուսով ենք ապրում՝ ես ու մայրս։ Այդ պատճառով էլ լինում է, որ վախենում ենք։ Բայց չի կարելի վախենալ․ վախից մազերը ճերմակում են։
Մինչև ցերեկվա մեկը դասերն են, հետո համացանցում տեղեկություններ եմ փնտրում առաջադրանքները կատարելու համար, ինչ–որ մեկը զանգում է, շփվում եմ։ Այդպես էլ օրն անցնում է։
Մի կողմից, առցանց դասերը հետաքրքիր են։ Սակայն, ի՞նչ անեն նրանք, ովքեր ոսկե մեդալի էին հավակնում․ այսքան տարի սովորում էին, և ի՞նչ։ Ես էլ եմ ոսկե մեդալի մասին երազում։
Վերջերս հաճույքի համար մի բան եմ գրել։ Անվանել եմ «Երկօրյա ձանձրույթ»։
«Ի՞նչ է սովորեցրել լռությունը․․․ Միակ զվարճանքը գիրք կարդալն է։ Երկուսով ենք։ Հեռուստացույց էլ չկա։ Հետևաբար, մեզ մոտ միշտ կատարյալ լռություն է։ Եվ կարդալ ոչինչ չի խանգարում։ Ես ու մայրս հաճախ ենք տխրում, իսկ հիմա՝ հատկապես․․․ Այսօրվա լռությունը, երբ չես տեսնում ընկերներիդ, հարևաններիդ, մեզ օգնում է ավելի լավ գնահատել կյանքը։ Գոնե շուտ ավարտվեր այս ամենը, որ փողոցները լցվեին մարդկանցով…»։