Ֆինեգանսի հոգեհանգստյան արարողությունը
Նախորդ տարին սկսեց նավթի գների անկումով և արժեզրկման առաջին ալիքով: Եվ այստեղ Ադրբեջանում հիշեցին մասնավոր բիզնեսի՝ մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկությունների մասին:
Նախարարների կաբինետում ունեցած գրեթե բոլոր ելույթների ժամանակ Ալիևը խոսում էր այն մասին, որ ժամանակն է երկիրն ազատելու նավթից ունեցած կախվածությունից, աջակցելու բիզնեսին, առաջին անգամ հայտարարեց, որ բազմաթիվ ստուգումներ անցկացողներն ահաբեկելով են զբաղված և նեղացնում են գործարարներին: Եվ նույնիսկ կասեցրեց որոշ երկրորդական ստուգումներ:
Պետությունը սկսեց հայտարարել այդ ոլորտում գրանցած հաջողությունների, նոր աշխատատեղերի, մասնավոր հատվածի զարգացման մասին: Ընդհանուր առմամբ, նավթային հատվածն աճել է 7 տոկոսով, ինչի մասին նախագահը և հայտնեց ամանորյա ուղերձի ժամանակ:
Այնուամենայնիվ, «աչքի համար նկատելի» ձեռնարկություններն ապոկալիպսիսի իրական պատկեր են՝ և Բաքվի ծայրամասերում, և կենտրոնում:
Ազի Ասլանովի մետրոկայարանի շրջակայքը բոլորովին վերջերս համարվում էր ամենալավ բնակելի թաղամասերից: Եվ խանութներն էլ էին այստեղ համապատասխան, կար կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ կահույք, շինանյութ, տեխնիկա, հագուստ, ոչ թանկ ընտանեկան սրճարաններ: Սակայն այս տարի ամեն ինչ հանկարծակի սկսեց փոխվել:
Ահա այստեղ դեռևս տարվա սկզբին տնտեսական ապրանքների խանութ էր: Տերն ասում էր, որ տարածքը վարձակալում էր ամսական 600 մանաթով: Արդյունքում այդ գումարը նրա համար շատ մեծ է եղել: Նրանից հետո այստեղ դյոնարի (սենդվիչի) վաճառքի կետ է բացվել: Դյոնարի հատը մեկ մանաթ էր, վաճառողը ցանկանում էր բոլորին հաճոյանալ, նրա եղբայրը հեծանիվով պատվերներ էր առաքում: Երեք ամիս ձգեցին ու փակվեցին: Ի դեպ, նրանց մոտ շատ համեղ “մյարջի՝ ոսպով ապուր էր լինում՝ նույնպես մեկ մանաթով:
Կողքը դատարկ տարածք է, որտեղ դեղատուն էր նախկինում, իսկ դրանից առաջ՝ ինտերնետ-ակումբ: Տերը (նույն ինքը միակ աշխատողը) պատմեց, որ ակումբը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Եվ նա սկսել էր հաճախորդներին տաք թեյ և սուրճ վաճառել: Հետո հարկայինից ստւգումներ արվեցին, ակումբի տերը երդվում էր, որ բոլորին կտրոն էր տալիս, փաստաթղթերը կարգին էին և որ գումար չունի, սակայն ստւգողներն անողոք էին: Եվ նա ասաց, որ պարզապես կփակի խանութը: Եվ այդպես էլ արեց:
Սա ևս մեկ նախկին դեղատուն է: Նրանք շատ դժվարություններ ունեցան ճգնաժամի հետ կապված: Մատակարարների և վաճառողների խոսքով, այն բանից հետո, երբ պետությունը որոշեց կարգավորել դեղամիջոցների գները, այս բիզնեսը վնասով է աշխատում:
Այստեղ արտարժույթի փոխանակման կետ էր: Դիմացն էլ կետ կար, որը նույնպես այս տարի փակվեց: Փետրվարին, երբ մանաթը կտրուկ անկում ապրեց, պետությունն անհապաղ գտավ մեղավորներին՝ մի քանի տասնյակ արտարժույթի փոխանակման կետեր, որոնք, ինչպես պարզվեց, չարաշահումներ են իրականացնում: Արժեզրկման երկրորդ ալիքից հետո անցկացվեց նաև “չարաշահողների հետ պայքարի երկրորդ փուլը: Այսօր արտարժույթի փոխանակման փակված կետերի և դոլար վաճառող միակ բանկի մուտքի մոտ հավաքված հերթի վրա ոչ ոք չի զարմանում:
Քաղաքի կենտրոնն առաջին հայացքից ծայրամասերից ավելի ծաղկուն է թվում, սակայն այն նույնպես տուժել է: Բազմաթիվ փոքր ու մեծ սրճարաններ ու խանութներ փակվել են:
Ախունդովի այգու դիմացը՝ քաղաքի հենց կենտրոնում, գտնվող Fz լակոնիկ անվանմամբ սրճարանը նույնպես տուժել է: Վերջին ժամանակներս այստեղ սպասարկումը դանդաղ էր, իսկ կերակուրը՝ շատ աղի: Այժմ նրանք ինչ-որ բան վերադարձնելու շանս չունեն. հաճախորդների թիվն այն ժամանակ էլ շատ չէր, իսկ ճգնաժամը այս ոչ այնքան շահեկան բիզնեսի վերջը տվեց:
“Երիցուկ խանութն արժեքավոր էր ոչ այնքան որպես խանութ (այստեղ շատ դեպքերում ապրանքն էր ավելի էժան, ընտրությունն էր ավելի մեծ), այլ որպես հանդիպումների վայր: Թվում էր՝ “Երիցուկը միշտ եղել է և կլինի: Եվ դրա ապակուն “Վարձով է տրվում գրառումը տեսնելը նույնն է, ինչ սեփական տանդ փոխարեն փլատակներ տեսնելը:
“Finnegans-ը փակ է». այս նորությունը ֆեյսբուքյան հանրությունը մարսում էր մի քանի օր: Հայտնի փաբը թեկուզև ոչ բոլորի գրպանին էր հարմար, բայց համաժողովրդական սեր էր վայելում, և “Երիցուկի պես ընկալվում էր որպես անփոփոխ մի բան: Չհասցրեց օգտատերերից մեկը կարծիք հայտնել, որ փաբը,կարծես, փակվել է ժամանակավորապես՝ վերանորոգման նպատակով, Ֆեյսբուքը դրա համար ճոխ թաղում կազմակերպեց: Մնաս բարով բարի մոտ Սուրբ Պատրիկի օրն առաջացող հրմշտոց, մնաք բարով անբնական թանկ կոկտեյլներ, մնաս բարով շաբաթ օրերին հնչող կենդանի երաժշտություն, դաջվածքներով աղջիկներ և հարբած արտասահմանցիներ: Այժմ այստեղ մութ ու լուռ է: Սակայն դռներին դեռևս ոչինչ կպցված չէ վարձակալության հանձնելու մասին, ինչը թույլ է տալիս հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի:
Իսկ ո՞րն է բիզնեսից մարդկանց նման զանգվածային փախուստի պատճառը: Ամեն ինչ շատ պարզ է. սա իրոք ճգնաժամ է, ավելի ճիշտ՝ մանաթի փոխարժեքի անկում: Եթե սպիրտային խմիչքների և մի շարք այլ ապրանքների մատակարարման մենաշնորհը, հարկերի չափերը, որոնք ոչ ոքի մտքով չի էլ անցել իջեցնել մասնավոր բիզնեսին աջակցելու համար, այսքան տարի չկարողացան հավասարակշռությունից հանել ամենադիմացկուն գործարարներին, ապա դա արեց պահանջարկի անկումը:
Մեկ տարվա ընթացքում մանաթը դոլարի հանդեպ կրկնակի էժանացավ: Ապրանքի մեծ մասի գները նույնպես կրկնակի աճեցին: Աշխատավարձերը նույնը մնացին: Այսպիսով, մանաթով աշխատավարձ ստացողներն այժմ կարող են կրկնակի պակաս ապրանք կամ ծառայություն գնել: Նույն այդ ապրանքի ու ծառայությունների վաճառքով զբաղվողների համար դա պարզապես աղետ է: