Ոճիրներ առանց պատժի
Հայաստանում սահմանադրական հանրաքվեից հետո ընտրական խախտումների վերաբերյալ հարուցված քրեական 57 գործերը դեռևս չեն բացահայտվել, ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Միայն մի գործ հասավ դատական որոշման հրապարակման փուլին. ընտրական հանձնաժողովում Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ Վարդան Հարությունյանին կաշառելու փորձի համար մեղադրվող Զավեն Միրիջանյանը, որը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն էր, հունվարի 15-ին ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանը որոշում կայացրեց վերջինիս նկատմամբ 2 տարի փորձաշրջան սահմանել:
Ընդդիմադիրները այս փաստը գնահատել են որպես իշխանությունների կողմից ընտրակեղծարարներին սատարելու և պաշտպանելու վարքագծի վկայություն:
2015թ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին տարատեսակ կեղծարարություններ և ընտրական իրավունքի խախտումներ՝ թե լրագրողները, թե դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից: Այդ մասին մենք հայնտնել ենք հենց հանրաքվեի անցկանցման օրը:
Այժմ ներկայացնում ենք առավել մեծ թվով արձանագրված խախտումների տեսակները՝ դասակարգված:
1. Ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների կաշառման փորձեր և սպառնալիքներ
Հանրաքվեից դեռ մեկ ամիս առաջ ընտրական հանձնաժողովներում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող հանձնաժողովների անդամները սոցիալական ցանցերով և մամուլով բարձրաձայնեցին, որ իրենց նկատմամբ կիրառվում է շանտաժ, եղել է կաշառելու փորձ: Ընդդիմադիր ՀԱԿ կուսակցությունը դատախազությանը ներկայացրեց տեսագրություն, որտեղ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զավեն Մրիջանյանը փորձում էր կաշառել հանձնաժողովի ընդդիմադիր անդամին: Ընդդիմադիր գործիչների վկայությամբ, այդ տեսագրության հրապարակումից հետո նման փորձերը թեև պակասեցին, սակայն չվերջացան՝ սկսեցին կրել ավելի քողարկված բնույթ:
2. Ընտրակաշառք և ձայների վաճառք
Մի շարք լրատվամիջոցներ հանրաքվեի օրը նկարահանել էին մարդկանց, որոնք ցուցակներով քվեարկողներին ուղեկցում էին տեղամասեր, վճարում որոշակի գումար և ապա նրանց միկրոավտոբուսներով հետ էին տեղափոխում: Այդ տեսանյութերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:
3. Ուռճացված ընտրական ցուցակներ և բազմակի քվեարկություն
Ընտրական ցուցակներում ներառված էր 2,550,323 մարդ` մոտավորապես այնքան, որքան կազմում է hանրապետությունում ապրող ողջ բնակչության թիվը: Տարիներ շարունակ ընդդիմությունը և լրատվամիջոցները բարձրաձայնում են այն փաստը, որ ընտրական ցուցակները ուռճացված են, հաճախ այդ ցուցակներում հայտնվում են թե մահացածների անուններ, թե մարդկանց, ովքեր վաղուց արդեն Հայաստանում չեն բնակվում:
Հանրաքվեի օրը շատ մարդիկ ահազանգում էին, որ ցուցակներում իրենց տան հասցեով հաշվառված են մարդիկ, որոնց մասին նրանք անգամ գաղափար չունեն՝ կրկնակի քվեարկություն կազմակերպելու նպատակով:
Լուսանկարը՝ Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի
Իշխանությունները հանրաքվեից մեկ ամիս առաջ հանեցին ID քարտերով ընտրություններին մասնակցելու օրենսդրական արգելքը, արդյունքում մոտ 500 000 մարդ՝ թե սովորական անձնագիր և թե ID քարտ ունեցող՝ պոտենցիալ հնարավորություն ստացան քվեարկել երկու անգամ: Ավելին, եթե անձնագիրը կնքվում էր հատուկ կնիքով, փաստելու համար, որ այդ անձը քվեարկել է, ապա նույնականցման քարտերը չէին կնքվում:
Լրատվամիջոցները նաև ֆիքսել են դեպքեր, թե ինչպես էին երկրի տարբեր մարզերից մարդիկ ավտոբուսներով բերվում Երևան ու մայրաքաղաքի տարբեր տեղամասերում քվեարկում: Նրանք գրանցված էին մարզերում, սակայն ընտրություններից մի քանի օր առաջ հաշվառվել էին Երևանի տարբեր համայքների ընտրական տեղամասերում, որ իբր ընտրությունների օրը Երևանից ստիպված չլինեն գնալ իրենց մարզեր քվեարկության և քվեարկեն Երևանում:
4. Հայկական կառուսել
Այս ընտրակեղծիքը հայաստանյան ընտրությունների անբաժան մասնիկն է: Քվեարկության մասնակիցը քվեարկության տուփի մեջ է գցում միայն ծրարը, առանց քվեաթերթիկի, որը հանձնում է «պատվիրատուին»: Հետագայում այդ քվեաթերթիկները՝ արդեն նշումով՝ տրվում են կաշառված ընտրողներին, որ նրանք դնեն ծրարի մեջ և գցեն քվեատուփը, իրենց հետ դուրս հանելով իրենց ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված մաքուր քվեաթերթիկը: Սա արվում է համոզվելու համար, որ կաշառված անձը այլ նշում չի կատարել:
5. Լցոնումներ, ուրիշի փոխարեն քվեարկություն, քվեների հաշվարկի ժամանակ քվեաթերթիկների գողություն և դրանց փոխարինում, ձայների սխալ հաշվարկ
Ընտրական հանձնաժողովների ընդդինադիր կուսակցությունների ներկայացուցիչների խոսքերով, ընտրակեղծիքները ավելի են սաստկացել ձայների հաշվարկի և ամփոփման ընթացքում, երբ պարզվել է, որ սահմանադրական հանրաքվեի «դեմ» քվեարկած ձայները գերազանցում են ցանկալի շեմը: Այս պարագայում արդեն «ոչ» նշումով քվեաթերթիկները գողացվում էին, անհետանում էին և փոխարինվում ԱՅՈ-ներով:
Որոշ տեղերում քվեների գողության փոխարեն կեղծվել են ընտրությունների արձանագրությունները, այսինքն պարկերում եղել է այլ պատկեր, իսկ արձանագրությունում՝ այլ, ինչպես օրինակ Երևանի 4/20 տեղամասային ընտրական հանձնաժողովի պարագայում, որի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ընդդիմությունը հայտարաում է, որ մեծ մասամբ հնարավորություն չունեցավ բողոքարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում տեղի ունեցան ընտրությունների բողոքարկման կարգի խախտումներ: Այսինքն սահմանված 5օրյա ժամկետում վերադաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերանայեցին իշխանությունների կողմից հետին թվով ներկայացված բողոքները, իսկ հետո հայտարարեցին, որ այդ գործընթացի համար հատկացված ժամանակահատվածը չբավականացրեց ստուգելու ընդդիմադիր կուսակցությունների անդամների կողմից ներկայացված բողոքները:
Իսկ սահմանադրական դատարանը հրաժարվեց ընդունել ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի հայցը՝ անվավեր ճանաչել սահմանադրական հանրաքվեի արդյունքները: