Հայաստանը հարստացել է
2015 թվականն ավարտվեց, կարելի է տարին ամփոփել՝ տնտեսական զարգացումների տեսանկյունից։ Հաջո՞ղ տարի էր, թե՞ ոչ՝ այս հարցին միանշանակ պատասխան չկա։ Կախված է նրանից, թե ով է պատասխանողը։
Եթե պատասխանողը ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են, կպարզվի, որ ամենևին էլ վատ չէ։ 2015-ը ըստ երևույթին կփակենք 3.5% տնտեսական աճով։ Ու չնայած 2015-ի պետբյուջեով մի փոքր ավելի բարձր ցուցանիշ էր նախատեսված, 3.5%-ը այս իրավիճակում իսկական հերոսություն է։ Չէ՞ որ տարվա ընթացքում արտաքին աշխարհից (առաջին հերթին Ռուսաստանից) եկող բացասական ազդակները լրջորեն խոչընդոտում էին մեր տնտեսական աճը։ Օրինակ՝ նավթի գների կտրուկ անկումն ու ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ այդ երկրում տարեվերջին կգրանցվի տարբեր գնահատականներով 4-4.5% տնտեսական անկում։
Այդ անկման ազդեցությունը Հայաստանը զգում է մի քանի ուղղություններով։ Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումներն, օրինակ, 2015 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են ավելի քան 500 մլն դոլարով։
14.8%-ով կրճատվել է նաև Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը և կազմել 989.6 միլիոն դոլար։ Ընդ որում, դեպի Ռուսաստան արտահանման անկման տեմպը (շուրջ 30մլն դոլար) կրկնակի անգամ գերազանցում է ներմուծման անկման տեմպին։
Ընդհանուր առմամբ, ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ. հունվար-հոկտեմբերին նվազել է ավելի քան 20%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 3.9 մլրդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում ներմուծումը նվազել է 26.6%-ով և կազմել 2 մլրդ 677.5 մլն դոլար։
Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 1 մլրդ 454 մլն ԱՄՆ դոլար։ Ներմուծման կրճատումը մի կողմից բարելավում է մեր արտաքին առևտրի հաշվեկշիռը, մյուս կողմից՝ նվազեցնում ներմուծումից բյուջե մուտքագրվող հարկերը։ Դա նաև վկայում է ՀՀ բնակչության գնողունակության անկման մասին։
Սակայն արի ու տես, որ պաշտոնական վիճակագրությունը մեզ հակառակն է ապացուցում՝ գնողունակությունը տարվա ընթացքում աճել է։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում բյուջեի քվեարկության ժամանակ հատուկ ընդգծեց, որ 2015 թվականի սեպտեմբեր ամսին միջին անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 185 հազար դրամ (մոտավորապես 380 դոլար), 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 7.2 տոկոսով, երբ նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.7 տոկոս։
Ասել է թե՝ աշխատավարձերն ավելի արագ են աճել քան գները, ինչը նշանակում է, որ ապրուստը Հայաստանում էժանացել է (իհարկե, ըստ պաշտոնական վիճակագրության)։ Ավելին, 2015-ի վերջին հրապարակվեց նաև աղքատության ցուցանիշը՝ 2014 թվականի վերջի դրությամբ։ Պարզվեց, որ 2014-ի ընթացքում մեր երկրում աղքատությունը կրճատվել է՝ 32%-ից հասնելով 30%-ի։
Սա, ինչ խոսք, ուրախալի է։ Սակայն ամեն դեպքում պետք է հիշել, որ նույն այս տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատ են եղել 900 հազար հոգի, ծայրահեղ աղքատ (օրվա հացի խնդիր ունեցող)՝ 70 հազար հոգի։ Ընդ որում, ծայրահեղ աղքատ մարդկանց թիվն աճել է 0.7 տոկոսային կետով, կամ շուրջ 20 հազարով։
Այս ամենին էլ գումարենք այն, որ խորացել է նաև եկամուտների և սպառման բևեռացումը: Ինչը նշանակում է, որ հարուստները շարունակում են ավելի հարստանալ, իսկ աղքատները ավելի աղքատանալ։
Սակայն եկեք ավելի ուրախ թեմաներից խոսենք։ Տնտեսական աճ ունենք վերջիվերջո։ Իսկ ինչի՞ հաշվին է գրանցվել այդ աճը։ Տնտեսական բլոկի պաշտոնյաներն այս հարցը չեն սիրում, որովհետև տնտեսությունն աճել է հիմնական գյուղատնտեսության հաշվին։
Այս տարվա հունվար-հոկտեմբերին գյուղոլորտի արտադրանքը աճել է երկնիշ թվով՝ 11.6%-ով։ Աճը ինքնին լավ բան է։ Սակայն եկեք հիշենք՝ ի՞նչ տնտեսություն էինք մենք ցանկանում ունենալ՝ ագրարայի՞ն։ Ժամանակին ասում էինք՝ ինովացիոն, գիտելիքահենք… Պարզվում է՝ նկատի են ունեցել ինովացիոն եղանակով, գիտելիքի կիրառմամբ լոլիկ աճեցնելը։
Հանուն արդարության, նշենք, որ տնտեսական աճի ցուցանիշին նպաստել է նաև հանքարդյունաբերությունը։ Ընդհանուր առմամբ, արդյունաբերության ոլորտը հունվար-հոկտեմբերին ունեցել է 4.6% աճ, իսկ այդ թվում հանքարդյունաբերությունը։ Այստեղ էլ հարկ է նշել, որ մետաղների գները 2015-ի ընթացքում նվազել են. պղնձի գինը, օրինակ, նվազել է մոտ 25%-ով։ Նման պայմաններում հանքարդյունաբերության աճը նշանակում է, որ այս տարի ավելի ինտենսիվ ենք շահագործել Հայաստանի ընդերքը։
Ըստ վիճակագրության՝ տարվա ընթացքում աճել են նաև օտարերկրյա ներդրումները։ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 141.5 մլրդ դրամ (մոտավորապես 300 մլն դոլլար)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` դրանք աճել են շուրջ 39 մլրդ դրամով կամ 27.5 տոկոսով։ Այդ թվում` ուղղակի ներդրումների զուտ հոսքն աճել է 17.9 մլրդ դրամով (կամ 16.7%-ով) և կազմել 125.1 մլրդ դրամ։ Ներդրումների հոսքը և աճը պայմանավորված է հիմնականում մեկ ոլորտով` հանքարդյունաբերության և հարակից ոլորտներով ներդրված գումարներով։
Տարին նշանավորվել է նաև մի քանի խոշոր տնտեսական գործարքներով։ Ամենակարևորներից մեկը, թերևս, Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքն էր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերի 30-ին։ Տարօրինակն այն է, որ մինչ այդ որպես գնորդ պաշտոնական փաստաթղթերում շրջանառվում էր «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» օֆշորային ընկերության անունը։
Իդեպ, գործարքը հաջորդեց էլեկտրաէներգիայի թանկացմանը, չնայած համաժողովրդական պայքարին, «Ոչ թալանին» շարժմանը։
Տարվա ամենակարևոր գործարքներից էր նաև բջջային կապի օպերատոր Orange Armenia-ի ձեռքբերումը Ucom-ի կողմից։ Բանակացությունների մասին ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին հուլիսի 22-ին։ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օտարման գործարքին հավանություն տվեց օգոստոսի 20-ին։ Ֆրանսիական Orange-ը հեռացավ Հայաստանից, սակայն Orange բրենդը դեռ որոշ ժամանակ կշարունակի գործել Հայաստանում։
Տարեվերջին գրեթե միաժամանակ նմանատիպ 2 գործարքներ եղան նաև բանկային ոլորտում։ Դեկտեմբերի 8-ին պաշտոնապես հայտարարվեց, որ «Հայէկոնոմբանկը» իրեն է միացնում ղազախական կապիտալով աշխատող «ԲՏԱ (Հայաստան) բանկը»։ Իսկ հաջորդ օրը պաշտոնապես հաստատվեց նաև այն տեղեկությունը, որ տեղական «Ինեկոբանկը» ձեռք է բերում գերմանական կապիտալով աշխատող «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստանը»։
Այս բոլոր գործարքներն ունեն մեկ օրինաչափություն՝ օտարերկրյա կապիտալը դուրս է եկել Հայաստանից՝ բիզնեսը զիջելով հայաստանյան կամ հայկական ծագման կապիտալին։ Լավ է սա, թե վատ՝ դժվար է ասել։