Նորություններ Վրաստանից։ Վրաստանի վանքերն ու եկեղեցիները մինչև 20 հեկտար անտառներ կստանան։ Ընդդիմությունը դա նախընտրական կաշառք է համարում պատրիարքարանին
Վրաստանի վանքերն ու եկեղեցիները մինչև 20 հեկտար անտառներ կստանան։ Ընդդիմությունը դա նախընտրական կաշառք է համարում պատրիարքարանին
Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության խորհրդարանական կոմիտեն սատարել է օրինագիծը, որը ցանկացած ուղղափառ եկեղեցու և վանքի իրավունք է տալիս որպես սեփականություն ձեռք բերել մերձակա 20–ական հեկտար անտառ։
Ակտիվիստներն ու ընդդիմությունը դա անթույլատրելի «նվեր» են համարում Վրաց ուղղափառ եկեղեցուն 2020 թ–ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Գաղափարը պատկանում է գյուղատնտեսության նախարարությանը։
Օրինագիծը բացասական մեծ արձագանք է առաջացրել։ Ֆեյսբուքում հարյուրավոր ստորագրություններ են հավաքվել՝ օրինագծի քննարկումը կասեցնելու պահանջով։
Փորձագետներն ու ոչ կառավարական կազմակերպությունները խոսում են մի շարք վտանգավոր հետևանքների մասին։
1.
Այդ որոշումն ուղղափառ եկեղեցուն ավելի արտոնյալ վիճակ է տալիս, քան ունեն մնացած կրոնական հաստատությունները, խախտում է օրենքի գերակայությունն ու պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։
2.
Ընդդիմությունը կարծում է, որ օրինագիծը կարող է գնահատվել որպես պատրիարքարանին կաշառելու և Վրաստանի ծայրահեղ ազդեցիկ ինստիտուտին իր կողմը գրավելու իշխանությունների փորձ 2020 թ–ի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Գիգա Բոկերիան՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը, հայտարարել է, որ իշխանություններն ընտրություններից առաջ փորձում են օգտվել երկրի բնակչության առավել «հետադիմական» ներկայացուցիչների ուժերից։
3.
Եկեղեցին իր ուժերով չի կարող հոգ տանել ձեռք բերված անտառների համար և պետբյուջեից դրա համար լրացուցիչ միջոցներ է պահանջելու։
Վերջին մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչության 83 տոկոսն ուղղափառ է։ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության համաձայն, որը հրապարակվել է 2020 թ–ի հունվարի 16–ին, Վրաց ուղղափառ եկեղեցուն վստահում է բնակչության գրեթե 70 տոկոսը։ Եկեղեցին ավանդաբար կարևոր դեր է խաղում ընտրական գործընթացներում՝ երբեմն ուղղակիորեն օգտագործելով քարոզները քաղաքական նպատակներով։
Իշխանությունն այդ մեղադրանքները հերքում է՝ իր հերթին ընդդիմությանը մեղադրելով «հերթական ստի» և «քաղաքական շահարկումների» մեջ։
Օրինագիծը եկեղեցու վրա ավելի շատ պարտավորություններ է դնում, քան նրան լրացուցիչ իրավունքներ տալիս, ասում է Նինո Թանդիլաշվիլին՝ գյուղատնտեսության փոխնախարարը։ Պարտավորություններ ասելիս՝ ենթադրվում է գույքագրումը, ծառերի խնամքը, վերականգնումը, մասնագետներ վարձելը և այլն։
Եթե օրենքն, այնուամենայնիվ, ընդունվի, դրա հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն արդեն 2020 թ–ի սեպտեմբերից։
Պատրիարքարանը երկրի ամենահարուստ կրոնական կազմակերպություններից մեկն է։
«Ինդիգո» ամսագիրը «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ մեկ տարի շարունակ ուսումնասիրել է պատրիարքարանի գրանցված սեփականության և ունեցվածքի մասշտաբները։ «Պատրիարքարանի կապիտալը» ներառում է մոտ հինգ հազար փաստաթղթերի վերլուծություն, որոնք ստացվել են պետական ռեեստրից։
Վրաստանի իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնությունը կրկին սպառնալիքի տակ է։ Դատարանն ընդդիմադիր գործչին կալանքի տակ է թողել
Վրացի ընդդիմադիր ակտիվիստ և ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաալիքի սեփականատերերից մեկը՝ Գիորգի Ռուրուան, դատարանի որոշման համաձայն, նախնական կալանքի տակ կմնա։
Դա սպառնալիքի տակ է դնում 2020 թ–ի մարտի 8–ին կառավարության և ընդդիմության միջև ընտրական բարեփոխման մասին ձեռք բերված համաձայնության կատարումը։ Ընդդիմությունը պնդում է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելը համաձայնության անբեկանելի մաս է։
Վրաստանի նախագահի կողմից մայիսի 15–ին ընդդիմադիր առաջնորդներ Գիգի Ուգուլավային և Իրակլի Օկրուաշվիլիին ներում շնորհելուց հետո հենց Գիորգի Ռուրուայի ազատ արձակման հարցը վճռորոշ նշանակություն ունի ընդդիմության համար։
Ընդդիմադիրները հայտարարում են, որ համաձայնագիրը չի իրագործվելու առանց նրան ազատ արձակելու, և իրենք չեն սատարի սահմանադրական փոփոխությունները, որոնց մասին պայմանավորվել են այս տարվա մարտին։
Այնուամենայնիվ, դատավորը մայիսի 18–ի նիստին նախնական կալանքի տակ է թողել Ռուրուային, որը կալանավորվել է զենքի ապօրինի պահպանման համար։
- Վրաստանի կողմից Եվրամությունից 500 մլն եվրո ստանալը կախված է ընդդիմության հետ համաձայնության կատարումի՞ց
- Վրաստանը երես է թեքում Արևմուտքից և դառնում ռուսամե՞տ։ Ամերիկացի սենատորների նամակն ԱՄՆ պետքարտուղարին
Իսկ իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ դատարանն անկախ է իր որոշումներում և նրա վրա ազդելու լծակներ կառավարությունը չունի։
Ընդդիմադիր կուսակցությունները Ռուրուայի գործի առնչությամբ համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշել են, որ կառավարությունը պետք է ամբողջությամբ կատարի համաձայնությունը, որը ձեռք է բերվել մարտի 8–ին, այլապես սահմանադրական փոփոխությունների վրա աշխատանքը չի սկսվի։
Իշխանության ներկայացուցիչներն, իրնց հերթին, մեղադրում են ընդդիմությանը սահմանադրական բարեփոխումների հնարավոր ձախողման համար։
Ի՞նչ է նշանակում ընդդիմության և կառավարության միջև ընտրությունների մասին համաձայնությունը
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ԱՄՆ դեսպանատանը 2020 թ–ի մարտի 8–ին արևմտյան դիվանագետների միջնորդությամբ։ Այն պետք է ելք դառնար բազմամսյա քաղաքական ճգնաժամից և սուր դիմակայությունից, որի պատճառն այն էր, որ իշխող կուսակցությունը հրաժարվել էր կատարել իր իսկ տված խոստումը նախագահական ընտրություններին ամբողջությամբ համամասնական համակարգի անցնելու վերաբերյալ։
Համաձայնագրի գլխավոր կետն ընտրական համակարգի այնպիսի փոփոխությունն է, որպեսզի կուսակցական ցուցակներով ընտրվի 120 պատգամավոր (ներկայիս 77–ի փոխարեն), իսկ մեծամասնական միամանդատ ընտրատարածքներից՝ 30–ը (ներկայիս 73–ի փոխարեն)։
Հուշագրի տեքստում դիվանագիտական արտահայտություններով հիշատակվում է քաղաքական նպատակներով դատարանն օգտագործելուց խուսափելու անհրաժեշտության մասին։ Ընդդիմությունն էլ հայտարարում է, որ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին։
Սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դա հերքել է՝ հայտարարելով, որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան։
Մյուս կողմից, ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ջիմ Ռիշն ու նրա տեղակալ սենատոր Ջին Շահինը վրացի քաղաքական գործիչներին ներում շնորհելուց հետո ևս մեկ հայտարարություն են արել՝ նշելով, որ այժմ ակնկալում են Գիորգի Ռուրուայի ազատ արձակումը։