Ով և ինչպես է Վրաստանում տարածում Կրեմլի մեսիջները
ՊՆԴՈՒՄ. Ռուսաստանը վերահսկում է Վրաստանի տեղեկատվական դաշտը ինչպես սեփական մեդիանախագծերի, այնպես է տեղական լրատվամիջոցների շնորհիվ: Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Դա մասամբ ճիշտ է: Վրաստանում նվազագույնը մեկ հեռուստատեսություն, մի քանի ինտերնետային հեռուստատեսություններ, կայքեր ու ամենաքիչը երկու տպագիր թերթեր կան, որոնք հստակ ու հետևողականորեն հակաարևմտյան հռետորաբանություն են տարածում, իսկ տեղեկատվություն տարածելիս հիմնականում հիմնվում են ռուսական ռեսուրսների վրա՝ դրանով իսկ անուղղակիորեն տարածելով ռուսական պրոպագանդան:
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վեբ-հարթակ
Վրաստանում գործում է ընդամենը մեկ ռուսական վրացալեզու մեդիանախագիծ՝ «Սպուտնիկ-Ջորջիան»: Այն ռուսական պրոպագանդայի գլխավոր մուլտիմեդիա նախագիծն է, որի իրականացումն ու տարածումը ողջ աշխարհի մասշտաբով սկսել է 2014թ. նոյեմբերին:
«Սպուտնիկը» ստեղծվել է «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական գործակալության հիման վրա, իսկ գլխավոր տնօրենը Դմիտրի Կիսելյովն է՝ լրագրող, որն աչքի է ընկնում Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն իր հավատարմությամբ:
«Սպուտնիկն» իր մամուլի կենտրոնն ունի, որը հաճախ ռուսամետ ու հակաարևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ է հրավիրում, օրինակ «Եվրասիական ինստիտուտի», «Եվրասիական ընտրության» և այլն, որոնք վերջին երեք տարիներին բավականին ակտիվ են:
«Սպուտնիկը»-ից բացի, որն անմիջականորեն կրեմլյան նախագիծ է և ռուսական պրոպագանդայի հիմնական հենքը հետխորհրդային տարածքում, Վրաստանում այս ուղղվածության ևս մի քանի տեղական կայքեր են աչքի ընկնում:
Դա «Սակինֆորմին» է, «Վրաստանն ու աշխարհը» և «Իվերիոնին»:
Տվյալ մեդիառեսուրսները Վրաստանում գործող ամենաակտիվ ռուսամետ ոչ կառավարական կազմակերպություններից մեկի՝ «Եվրասիական ինստիտուտի» մեդիագործընկերներից են: «Եվրասիական ինստիտուտի» կայքում այդ կազմակերպության ֆինանսավորման աղբյուրները նշված չեն, սակայն հայտնի ռուսական գաղափարակիր Ալեքսանդր Դուգինի «Միջազգային եվրասիական շարժում» կազմակերպությունը նշում է, որ Վրաստանում իր գործընկերն է «Եվրասիական ինստիտուտը»:
Ամենօրյա նորություններից զատ «Սակինֆորմին», «Վրաստանն ու աշխարհը» և «Իվերիոնին» իրենց կայքերում վերլուծական նյութեր են տեղադրում: Դրանցում արտահայտված տեսակետները, որպես կանոն, համընկնում են այս կամ այն հարցի շուրջ (օրինակ, Ուկրաինայի իրադարձությունները, 2008թ. օգոստոսյան պատերզմը, ռուս-թուրքական կոնֆլիկտը) ռուսական պրոպագանդիստական լրատվամիջոցների կամ հենց պաշտոնական Մոսկվայի տեսակետների հետ: Տեղեկատվություն տարածելիս տվյալ կայքերը հիմնականում հղում են տալիս ռուսական աղբյուրներին, որոնք մեծ մասամբ վստահություն չեն ներշնչում:
Օրինակ, 2014թ. ապրիլին «Սակինֆորմին», հղում անելով ռուսական politikus.ru աղբյուրին, նյութ էր հրապարակել այն մասին, որ իբր Եվրամիությունը թուրքական ընկերության միջոցով Ուկրաինայում համակենտրոնացման ճամբարներ է կառուցում քաղբանտարկյալների համար: Նյութին կցված էր ֆոտոկոլաժ նացիստական համակենտրոնացման ճամբարի ու տարբեր շինանյութերի լուսանկարներից: Այդ ամենը ներկայացված էր որպես ապագա «Օսվենցիմ» Ժդանովկայում: Տվյալ կայքերը շաբաթական 400-4000 այցելու ունեն:
Տպագիր մամուլ
Տպագիր մամուլում հակաարևմտյան հռետորաբանությունը հանդիպում է «Ասավալ-դասավալի» թերթում, այն ամենաագրեսիվն է: Այդ առումով առանձնանում են նաև «Ալիա» և «Կվիրիս պալիտրա» թերթերը: ինչպես նաև պակաս տարածված թերթեր՝ ռուսալեզու «Ազատ Վրաստանն» ու «Georgian Times»-ը:
Հակաարևմտյան հրապարակումներից բացի «Ասավալ-դասավալի» թերթն առանձնանում է հոմոֆոբ ու այլատյացություն պարունակող նյութերով: Այստեղ հրապարակվող հակաարևմտյան պրոպագանդայի հիմնական ուղերձը հետևյալ ձևակեպրումներում է. Արևմուտքը Վրաստան է մտցնում միասեռականությունը, ուղղափառության, վրացիների հավատքի ու ազգային արժեքների դեմ պայքար է մղում:
«Ասավալ-դասավալին» նույնպես ձգտում է ներկայացնել Արևմուտքը որպես Ուկրաինայում կատարվածի ոգեշնչող: Այս թերթի էջերին հաճախ կարելի է հանդիպել այն մտքին, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցումը տարածքներ կորցնելու վտանգ է ստեղծում, իսկ Եվրոպան ու ԱՄՆ ներկայացված են որպես հեղաշրջումների ու եվրամայդանների ոգեշնչողներ:
«Ասավալ-դասավալին» շաբաթական թերթ է: Տպաքանակն, ըստ տարբեր տվյալների, տատանվում է տասից երկու հազար օրինակի միջև, տպաքանակով այն Վրաստանի երկրորդ թերթն է:
Հեռուստատեսություն
Ըստ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հանրային կարծիքի հետազոտության տվյալների, հարցվածների 97%-ի համար տեղեկատվության հիմնական աղբյուրը վրացական հեռուստաալիքներն են: Բնակչության մեծ մասը տեղեկատվություն ստանում է վրացական ազգային հեռուստաընկերություններ «Ռուսթավի-2»-ից ու «Իմեդիից», Հանրային ալիքից: Ռուսական ալիքները հասանելի են բնակչության ընդամենը 9%-ին:
Հակաարևմտյան պրոպագանդան բնորոշ չէ վրացական հիմնական լրատվամիջոցներին: Չնայած «Իմեդիի» և «Մաեստրոյի» առանձին նյութեր հիշատակվում են «Մեդիայի զարգացման հիմնադրամ» ոչ կառավարական կազմակերպության հաշվետվությունում որպես հակաարևմտյան «ուղերձներ» պարունակող:
Հակաարևմտյան տրամադրությունների ամենաագրեսիվ տարածմամբ զբաղվում է «Օբյեկտիվ» հեռուստաընկերությունը:
«Օբյեկտիվ» հեռուստաընկերությունը պաշտոնապես գրանցվել է 2010թ. Այն ղեկավարել է լրագրող Իրմա Ինաշվիլին, ով ավելի ուշ քաղաքականություն մտավ: Հեռուստաալիքը մի քանի հաղորդավար ունի, որոնք թոք-շոուի թեմաներն իրենք են ընտրում:
«Օբյեկտիվի» եթերում հակաարևմտյան հայացքներ են արտահայտում ոչ միայն հաղորդավարներն ու թղթակիցները, այլ նաև եթերին հեռախոսով միացող հեռուստադիտողը:
Հակաարևմտյան տրամադրություններից բացի տվյալ հեռուստաընկերությունն աչքի է ընկնում նաև թուրքաֆոբիայի ու իսլամաֆոբիայի տարածմամբ:
«Օբյեկտիվի» վարկանիշ գոյություն չունի, քանի որ այդ հեռուստաընկերությունը չի համագործակցում Վրաստանում վարկանիշների ուսումնասիրմամբ զբաղվող ընկերության հետ, սակայն մեդիափորձագետները, ընկերության հեռարձակման գոտին հաշվի առնելով, ենթադրում են, որ այս հեռուստաընկերության արտադրանքն այդքան էլ սակավաթիվ լսարան չունի: Տվյալ հեռուստաալիքի վարկանիշի անուղղակի ցուցանիշ կարող է լինել այն փաստը, որ ընկերության քաղաքականություն մտած հիմնադիր Իրմա Ինաշվիլին տեղական ինքնակառավարման մարմինների վերջերս կայացած ընտրություններին հաղթահարել է ընտրական շեմը: Պետք է նշել, որ Ինաշվիլիի նախընտրական քարոզզարշավն ամբողջությամբ «Օբյեկտիվի» եթերում է ծավալվել:
Այն ընդհանուր հեռարձակման թույլտվություն ունի և եթեր է դուրս գալիս մալուխային հեռուստաալիքների միջոցով: Թբիլիսիից բացի «Օբյեկտիվը» հեռարձակվում է նաև շրջաններում: Աջարիայում «Օբյեկտիվը» տեղական «25-րդ ալիք» հեռուստատեսությունից գնում է 8 եթերային ժամ: Այն ներկայացված է բոլոր մալուխային հեռուստատեսությունների փաթեթներում: Բացի այդ «Օբյեկտիվն» իր հաղորդումները հեռարձակում է ռադիոեթերի միջոցով: FM 105.1-ի ուղիղ եթերում կարելի է լսել հեռուստահաղորդումները:
Հեռուստաընկերությունը տեխնիկապես շատ թույլ է: Ձևաչափը հիմնականում հաղորդավարի ու հյուրերի զրույցի ինչպես նաև ուղիղ եթերում հեռուստադիտողների զանգերի տեսքով է:
Հեռուստաալիքը սեփական կայքն ունի, որտեղ առցանց կարելի է դիտել հեռուստահողորդումները անգամ Վրաստանի սահմաններից դուրս:
«Օբյեկտիվից» բացի հակաարևմտյան հռետորաբանություն ունեն նաև մալուխային «Դրո» («Ժամանակ») հեռուստաալիքը և «Հայրենասեր TV»-ն: Սրանք համեմատաբար պակաս զանգվածային հեռուստաընկերություններ են:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Երկրում, որի բնակչության չնչին մասն է ռուսական հեռուստաալիքներ նայում, աճել է այն վրացախոս լրատվամիջոցների քանակը, որոնք ռուսական հեռուստատեսության հորինած առասպելներն են տարածում: Ըստ «Տեղեկատվության զարգացման հիմնադրամի» անցակցրած վերջին հետազոտությունների, հակաարևմտյան ուղղվածության լրատվամիջոցների գերակշռող թեմաներն են միասեռականությունը, մանկապղծության «օրինականացումը» և Արևմուտքի կյանքի “այլասերված կանոնները: Շատ լրատվամիջոցներ Արևմուտքը ներկայացնում են որպես «ուղղափառ քրիստոնեության» ու ավանդական արժեքների դեմ պայքարող, իսկ Ռուսաստանին՝ “նույնադավան երկիր վրացական հասարակությանն ավելի մոտ ավանդույթներով:
Վերոնշյալ լրատվամիջոցները միավորում է հենց հակաարևմտյան ուղղվածությունն ու բովանդակությունը: Դրանք համարյա երբեք չեն բարձրաձայնում այլընտրանքային կարծիք: Եվ որպես թղթակից ընտրվում են միայն նրանք, ովքեր այս կամ այն հարցին նայում են բացառապես հակաարևմտյան տեսանկյունից:
Վրաստանում հակաարևմտյան հռետորաբանության լսարանի քանակական չուցանիշը դժվար է նշել, քանի որ նման հետազոտություն չի անցկացվել:
Սակայն ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի պատվերով անցկացված հանրային կարխիքի վերաբերյալ հարցման, Վրաստանում ռուսամետ կարծիքները դանդաղ, բայց աճում են: Օրինակ “Պե՞տք է արդյոք Վրաստանը անդամակցի Եվրամիությանը 2015թ. օգոստոսին դրական պատասխան են տվել հարցվածների 19%, մինչդեռ 2013թ. այդ թիվը կազմել է 11%:
Այսպիսով, ելնելով այն բանից, որ Վրաստանում ռուսական լրատվամիջոցներն ու ռուսալեզու հեռուստաալիքները մեծ ժողովրդականություն չեն վայելում, ակնհայտ է ոչ թե ուղղակի այլ անուղղակի ռուսական պրոպագանդան, որն իրականացվում է վրացական լրատվամիջոցների միջոցով, և դրա հիմնական նպատակը հակաարևմտյան հռետորաբանությունն է: