Նախագահն արտահայտվել է նեղ շրջապատում
Սկզբում մի քանի հեռուստաընկերություններ նորությունների ժամանակ հայտարարեցին, որ նախագահն արտահայտվել է սահմանադրական փոփոխությունների մասին, որոնց վերաբերյալ դեկտեմբերի 6-ին հանրաքվե է անցկացվելու: Դա դեկտեմբերի 2-ին էր: Հաջորդ օրը հեռուստաալիքները շարունակում էին լռություն պահպանել, մինչև president.am կայքում չհայտնվեց այդ մասին պաշտոնական հաղորդագրությունը, լրագրողների հետ երկրի ղեկավարի զրույցի տեսանյութն ու նրա ելույթի սղագրությունը:
Առցանց ռեսուրսներում միանգամից դրա վերաբերյալ մեկնաբանություններ հայտնվեցին: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքն առաջինը արձագանքեց այդ իրավիճակին.
«Կասկածներ են առաջանում, թե գրաքննության խնդիր կա, նույնիսկ եթե հավաքվածների մեջ բոլորը «վստահելի» լրատվամիջոցների ներկայացուցիչներ են: Ավելի հեռուն գնացող կասկածներ են ծնվում՝ արդյո՞ք նույն վայրում մոնտաժված, բայց իրարից մի քիչ տարբեր սյուժեներ չենք դիտելու»:
Մեկ այլ առցանց լրատվամիջոց՝ «Civilnet»-ը հարց է տալիս. «Աշխարհի ո՞ր երկրում եք տեսել, որ 8 հեռուստաընկերության 12 լրագրող մասնակցի մի ասուլիսի միայն մեկ հեռուստաընկերության տեսախցիկներով: Էդ դեպքում մյուսներն ինչու՞ են այդքան հաճախականություններ զբաղեցնում»:
Ինչ վերաբերում է հենց ասուլիսին, ապա Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումն է հայտնել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, բացատրել, թե ինչու են դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ երկրին և ինչու է նա նախաձեռնել այս գործընթացը.
«Ես վտանգ եմ տեսնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում և իմ պարտքն եմ համարում այդ վտանգի մասին բարձրաձայնել: Չեմ կարող լուռ, հանգիստ մնալ և ասել` ես տեսնում եմ այս վտանգը, բայց քանի որ որոշ մարդիկ ասում են, որ ժամանակը չի կամ հասարակական պահանջ չկա, այդ պատճառով լուռ մնալ»:
Սարգսյանի կարծիքով, առաջին ու գլխավոր վտանգը իրավունքի և պատասխանատվության անհամաչափությունն է կիսանախագահական կառավարման համակարգի պարագայում, որն ամրագրված է երկրի գործող Սահմանադրությունում: Խոսքը գնում է երկրի ղեկավարի լիազորությունների մասին, ով պատասխանատու է երկրի անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության համար, այն դեպքում, որ նա իրավունք ունի միմիայն «համակարգել» պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, այլ ոչ թե «ղեկավարել» դրանք:
Երկրորդ վտանգն, նախագահի կարծիքով, այն է, որ, ըստ գործող Սահմանադրության, երկրի ղեկավարը տնտեսական իրավիճակի համար նույնպես պատասխանատվություն չի կրում:
Երրորդ վտանգը կայանում է «դատական համակարգի ներքին ու արտաքին անկախության մեջ»: Սերժ Սարգսյանը դիմել է ասուլիսի մասնակիցներին. «Ես կարծում եմ, որ ձեզնից որևէ մեկը չի ժխտի, որ մեր հանրության մեջ տարածված կարծիք կա, թե բոլոր դատավճիռներն անցնում են Բաղրամյան 26-ով՝ մինչ դատարանում հրապարակելը»: Այժմ բոլոր դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը: Իսկ առաջարկվող տարբերակով «մասնագետների ճնշող մեծամասնության կարծիքով», այս խնդիրն էլ է լուծվում, հայտարարեց Սարգսյանը:
Ամենամեծ հետաքրքրությունն առաջացրեց նախագահի հետևյալ հայտարարությունը. «Ես անկեղծորեն եմ ասում, եթե մեր երկրում գործեր մաքուր նախագահական համակարգ, միգուցե ես չգնայի այս բարեփոխումներին, միգուցե չգնայի, որովհետև խորհրդարանական համակարգն ունի իր առավելությունները, նախագահական համակարգն ունի իր առավելությունները: Եվ, օրինակ, պատերազմական իրավիճակում նախագահական համակարգը շատ նորմալ է, որևէ վտանգ իր մեջ չի ներառում, բայց չի կարելի ասել, որ պատերազմական իրավիճակում խորհրդարանական համակարգը կենսունակ չէ: Այս կիսանախագահական համակարգն է, որ կենսունակ չէ»:
Ցավոք, ասուլիսին ներկա գտնված լրագրողներից և ոչ ոք չհարցրեց, թե ինչու է այդ դեպքում նախագահն ընտրել ոչ թե 100-տոկոսանոց նախագահական կառավարման համակարգը, այլ խորհրդարանականը: Գուցե հարցրել է, սակայն մենք դա չտեսանք ու չկարդացինք: