Հայ-իրանական հարաբերությունների օգուտներն ու դրանց «ռմբակոծումը»
Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները, հավանաբար, կհանվեն 2016թ. առաջին եռամսյակում: Այս մասին արևմտյան դիվանագետներին հղումով հայտնում է Bloomberg-ը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), ըստ աղբյուրի, հունվար-փետրվարին կավարտի Իրանի միջուկային օբյեկտների դիտարկումն, իսկ վերջնական որոշումը ենթադրաբար կկայացվի ոչ ուշ, քան 2016թ. մարտի վերջին:
Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կարող է լինել:
Առաջին հերթին, տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը կբարելավվի: Երկրորդը, հաշվի առնելով երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները, Հայաստանը Իրանի համար կարող է յուրօրինակ նախամուտք դառնալ: Արևմտյան ընկերությունների համար դժվար կլինի իրանական իրականությանը հարմարվելը, այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար նրանք կարող են օգտվել Հայաստանում և Իրանում հայերի կուտակած փորձից: Երրորդը, Իրանին սահմանակից և ԵՏՄ անդամ Հայաստանը կարող է Եվրասիական միության երկրների համար ապահովել բարենպաստ առևտրատնտեսական պայմաններ Իրանի հետ շփումներում:
Այս երեք հանգամանքներից զատ կարող են գործարկվել նաև այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են հայ-իրանական երկաթգծի կառուցումն ու իրանական գազի տարանցումը Եվրոպա:
Հայկական ու ավստրիական ընկերությունների հետազոտությունների համաձայն, ենթադրվող երկաթգծի կառուցումը կարող է 5 տարի տևել և կարժենա մոտ 1,7-2,8 մլրդ ԱՄՆ դոլար:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, միլիարդավոր ներդրումներ պահանջող նմանատիպ նախագծերը մեկ օրում չեն որոշվում: Դժվար է կանխատեսել երկաթգծային նախագծի իրականացման հավանականությունը, քանի որ այստեղ հաշվի են առնվում ոչ միայն Հայաստանի ու Իրանի շահերը, այլ նաև ավելի խոշոր խաղացողների՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային: «Այս դեպքում հաշվի են առնվում Ռուսաստանի, Չինաստանի և ինչ-որ առումով նաև Եվրոպայի շահերը»:
Նրա խոսքով, այս փուլում հնարավոր չէ վստահորեն ասել, որ ԱՄՆ իր քաղաքականությունն Իրանի հանդեպ փոխում է: Այն, որ պատժամիջոցները մի քանի տարվա մեջ կմեղմացվեն, հետագայում նաև կհանվեն, հնարավոր է: Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ին դուր չի գալիս, որ Իրանն իր արտաքին քաղաքականությունում մեծ մասամբ ինքնուրույնություն է դրսևորում: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ձեռնտու է Ռուսաստանին և Շանհայյան պայմանագրի երկրներին համագործակցության խորացման և ընդլայնման առումով:
Հայաստանը ելք չունի դեպի ծով, իսկ ցամաքային ուղիները խիստ սահմանափակ են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով, ինչը հանգեցնում է տրանսպորտի թանկացմանն ու խոչընդոտում երկրի զարգացմանը:
Նոր ցամաքային ուղին Հայաստանի համար կարող է մեծ նշանակություն ունենալ երկրի զարգացման ու տնտեսության մրցունակության բարձրացման առումով:
Ներկա պահին Հայաստանն արտաքին աշխարի հետ առևտուրն իրականացնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստների, մասամբ երկաթգծային, Վերին լարսի ավտոճանապարհի, ինչպես նաև Հայաստանն Իրանին կապող ճանապարհի միջոցով:
Այս պայմաններում Հայաստան-Իրան երկաթգիծը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ ինչպես լեռնամետալուրգիական արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնման համար, ինչպես նաև դառնալ ելք դեպի մերձավորարևելյան ու միջինասիական շուկաներ:
Տեսականորեն Ռուսաստանին պետք է ձեռնտու լինի, որպեսզի իր ռազմավարական գործընկեր Հայաստանը դառնա ավելի կայուն և ուժեղ: Հայաստանը ԵՏՄ անդամ է, և Իրանի հետ հարաբերությունների խորացումը վերջին հաշվով շահավետ է ողջ Եվրասիական միության համար: Սակայն գործնականում այդ շահավետությունը կարող են ի չիք դարձնել Ռուսաստանի առևտրային շահերը: Հազիվ թե Ռուսաստանը ցանկանա, որպեսզի իրանական գազն իր գազի հետ մրցակցի եվրոպական շուկայում:
Արևմուտքի ու Իրանի համագործակցության հեռանկարն, ըստ Միջազգային հարցերի ու անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ, Իրանի ծրագրի ղեկավար Արմեն Վարդանյանի, կբերի Ռուսաստանի գազից եվրոպական երկրների կախվածության նվազմանը:
«Հայաստանը պետք է բոլոր ճիգերը գործադրի, որպեսզի դեպի Եվրոպա գնացող իրանական գազի ճանապարհին տարանցիկ երկիր դառնա», — նշում է Վարդանյանը՝ հավելելով, որ նման սցենարի դեպքում Հայաստանը կարող է մեծացնել իր ազդեցությունը և բարձրացնել երկրի անվտանգությունը տարածաշրջանում: Հակառակ դեպքում հերթական էներգետիկ նախագիծը կիրականացվի առանց Հայաստանի, ինչն ավեի շատ կմեկուսացնի երկիրը արտաքին աշխարհից, կարծում է փորձագետը:
Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ իրանական գազի տարանցումը Հայաստանի տարածքով չի մտնում Հայաստանում “Գազպրոմի ռազմավարության մեջ. “Դա չի տեղավորվում Հայաստանում Ռուսաստանի քաղաքականության շրջանակում: Դա Հայաստանում Ռուսաստանի ակնկալած գազի գներին տրամագծորեն հակառակ գներ են: Ռուսաստանը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Հայաստանի տարածքով տարանցումը “Գազպրոմի մենաշնորհը չխախտելու համար:
Վերջերս տեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի, Ադրբեջանն ու Իրանը քննարկում են դեպի Եվրոպա իրանական գազի արտահանումը Ադրբեջանի տարածքով կազմակերպելու հարցը, որը նույնիսկ իր ենթակառուցվածքներն, ինչպես նաև իր գազապահեստներն է պատրաստ ծառայեցնել գազի ու նավթի արտահանմանը դեպի համաշխարհային շուկաներ: Մեհրաբյանի կարծիքով, Ռուսաստանը կարող է համաձայնել այդ առաջարկին, քանի որ Ադրբեջանի վրա ազդելու բոլորովին այլ լծակներ ունի:
Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի Իրանը՝ որպես Եվրասիայում նավթային պահուստներով իր գլխավոր մրցակից, առավելագույն դժվարություններն ունենա համաշխարհային շուկա դուրս գալու ճանապարհին, հատկապես՝ Կովկասի միջոցով:
“Եթե Հայաստանում խախտվում են ռուսական պետական կորպորացիաների մենաշնորհային դիրքերը, որոնք ոչ թե տնտեսվարող սուբյեկտներ են, այլ կազմակերված հանցավոր խմբավորումներ, դա նշանակում է, որ մեր երկիրը կարող է նաև համակարգի փոփոխության համար տնտեսական հիմք ծառայել: “Գազպրոմի խողովակներով մեր երկիր է մտնում ոչ միայն գազը, այլ նաև կաշառակերությունը, քրեականացվածությունը, օլիգարխիան, բիզնեսի ու քաղաքականության միաձուլումը, — նկատում է Մեհրաբյանը: Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանում շատ “շրջանակներ կընդդիմանան Ռուսաստանի նման քաղաքականությանը: