Դուրս կանե՞ն արդյոք նախագահին
Այս տեսանյութը իտալական հայտնի “Կամակոր տղամարդու սանձահարումը ֆիլմի ծաղրերգութունն է: Այն Ֆեյսբուքի վրացական սեգմենտում մեծ տարածում ունի: Դրանում երգիծական տեսքով նախագահ Մարգվելաշվիլիին դուրս հանելու տեսարանն է:
Նախկին դաշնակիցներ Իվանիշվիլիի ու Մարգվելաշվիլիի միջև կոնֆլիկտը նորություն չէ: Արդեն երկու տարի է՝ Իվանիշվիլին բացեիբաց հայտարարում է, որ Մարգվելաշվիլին ու նրա գործողություններն իր սրտով չեն՝ կլինի դա “Վրացական երազանքի նախաձեռնած օրինագծերին վետո դնելու պրակտիկան կամ իշխող կուսակցության հետ հայացքների տարբերությունը այս կամ այն արդիական հարցի վերաբերյալ:
Լրագրողների հետ շփման ընթացքում նախկին վարչապետը նախագահին խիստ քննադատելու հնարավորությունը բաց չի թողնում: Այսօր Մարգվելաշվիլին նախկին վարչապետի հանդիմանությունների ամենասիրելի օբյեկտն է: ‘Հիասթափություն’, ‘անպատասխանատու’. այս և այլ բնորոշումները հնչում են նախագահի հասցեին վարչապետի կողմից:
Սակայն, ի սկզբանե, ամեն ինչ այլ էր: Հենց Իվանիշվիլիի որոշմամբ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ոչ հարուստ քաղաքական փորձ ունեցող փիլիսոփան, նախագահի թեկնածու է առաջադրվել: Ինչպես հայտարարել է Իվանիշվիլին, նա „կյանքում շատ հազվադեպ է հանդիպել նման արտասովոր մարդու և ‘ցանկացած եվրոպական պետություն կցանկանար ունենալ նման նախագահ’:
Իր հերթին Մարգվելաշվիլին հայտարարում էր, որ ինքը ‘կարծես պլաստիլին լինի և կարող է ադապտացվել ցանկացած իրավիճակի:
Սակայն նախագահ ընտրվելուց հետո պարզվել է, որ ի տարբերություն «Վրացական երազանք» կուսակցության մնացած անդամների, Մարգվելաշվիլիին այնքան էլ հավատարիմ չէ Բիձինա Իվանիշվիլի որոշումներին և մի շարք հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշումը թիմի դիրքորոշումից տարբերվում է: Փորձագետները կարծում են, որ հենց դրանից է վիրավորվել Իվանիշվիլին:
Հավլաբարում գտնվող նախագահական նստավայրը Իվանիշվիլիի ու Մարգվելաշվիլիի հարաբերություններում լարվածության առաջացման կոնկրետ պատճառներից մեկն է: Չնայած նախնական մերժմանը, նախագահ ընտրվելուց հետո Մարգվելաշվիլին որոշեց տեղափոխվել նստավայր, որը կառուցվել է նրա նախորդի՝ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից:
Նախագահական ընտրություններից առաջ Մարգվելաշվիլին հայտարարեց, որ Հավլաբարի նստավայրը շատ մեծ է նախագահի համար և այնտեղ պետք է տեղավորվի նաև վրաց-ամերիկյան համալսարանը:
Իվանիշվիլիի համար, ով չի ընդունում ոչ միայն Սահակաշվիլիին, այլ նաև նրա կառուցած նստավայրը, Մարգվելաշվիլիի որոշումը դավաճանությանը համարժեք քայլ էր:
Իր վերջին հարցազրույցներից մեկում նոյեմբերի 10-ին Իվանիշվիլին կրկին անդրադարձավ նստավայրի թեմային և այս անգամ նա շատ ավելի կտրուկ էր: Նա հայտարարեց, որ Գեորգի Մարգվելաշվիլին անպայման պետք է լքի նախագահական նստավայրը և տեղափոխվի Ատոնելի փողոցում իր համար վերանորոգված շենք: Նրա խոսքերով, նախագահական նստավայրը շատ մեծ է, դրա պահպանման ծախսերը շատ են և երկրի բյուջեի համար մեծ բեռ են ներկայացնում:
‘Իհարկե, այս ամենը պետք է ավարտվի և անպայման կավարտվի, ուզում է նա (նախագահը) թե ոչ… պետությունը պետք է մնա պետություն և պետական կառույցները պետք է իրականացնեն իրենց իրավասությունները’, — հայտարարել է նա:
Եվ թեև Իվանիշվիլին այսօր որևէ պաշտոն կառավարությունում չի զբաղեցնում, ոչ ֆորմալ կերպով հենց նա է ղեկավարում երկիրը և ավելի շատ հեղինակություն ունի իշխող կուսակցությունում, քան գործող վարչապետը:
Վերոնշյալի ամենավառ օրինակն այն է, որ տվյալ հայտարարության հաջորդ օրը խորհրդարանական մեծամասնության անդամներն արդեն սկսել են խոսել նախագահին վտարելու մասին:
‘Ավելի մեծ երկրների ավելի հաջողակ նախագահներ աշխատում են տասնյակ անգամ ավելի պակաս մակերես ունեցող շենքերում, քան Մարգվելաշվիլին: Թող նայի շուրջբոլորը, էլ ով ունի նման ճոռոմ շենք: Այն համարյա Սպիտակ տնից մեծ է, — հայտարարեց “Վրացական երազանք դաշինքի պատգամավոր Թամազ Մեչիաուրին:
Արդյո՞ք գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս անել այդ, երբ նախագահը դա չի ուզում և ի՞նչ տեսք ունի այս հարցը քաղաքական առումով:
„Դա հնարավոր չէ իրավական տեսանկյունից , — Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է “Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա ազդեցիկ աչ կառավարական կազմակերպության նախագահ Թամար Գվարամաձեն:
‘Իրավաբանական տեսանկյունից նախագահի աշխատակազմի նստավայրի փոփոխություն հնարավոր չէ, քանի որ, ըստ Սահմանադրության, նախագահն ինքն է որոշում իր գործունեության ձևը, ինչը ենթադրում է նաև գործունեության վայրը, և նրան որևէ կառույցի թույլտվություն պետք չէ, այդ թվում՝ Վրաստանի կառավարության’, — հայտարարել է նա:
Այս կարծիքը կիսում է նաև սահմանադրագետ Վախթանգ Ձաբիրաձեն: Նրա խոսքով, իրավական տեսանկյունից զատ այս վիճելի հարցն ավելի լուրջ ու սուր քաղաքական մասնաբաժին ունի.
‘Ի՞նչ է ստացվում. երկրի գործող նախագահին, պետության ղեկավարին հետապնդում են իր իսկ երկրո՞ւմ: Դա շատ պարտվողական թեմա է քաղաքական տեսանկյունից: Դա ընդհանրապես ձեռնտու չէ “Վրացական երազանքին… Մեր արևմտյան գործընկերները դա կընկալեն որպես նախագահի հետապնդում: Մենք ինքնե՞րս ենք մեզ խնդիր փնտրում ու ստեղծում’:
Նստավայրը, որտեղ այժմ աշխատում է նախագահ Մարգվելաշվիլին, կառուցվել է Միխայիլ Սահակաշվիլիի կողմից 2009թ.: