«Ռուսթավի 2»-ի գործը բարդանում է
Թբիլիսիի քաղաքային դատարանը նոյեմբերի 12-ին «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավարությանը վերադարձրել է իրավասությունները: Այսպիսով, դատարանը չեղարկել է նոյեմբերի 5-ի իր որոշումը, որի համաձայն հեռուստաընկերության վերահսկողությունը փոխանցվել է ժամանակավոր կառավարիչների:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 5-ին, դատարանը «Ռուսթավի 2»-ում ժամանակավոր ղեկավարություն նշանակելու մասին որոշում էր կայացրել: Դրա հետևանքով գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիային, ինչպես նաև ֆինանսական բաժնի ղեկավարին փոխարինեցին ժամանակավոր կառավարիչները: Այս որոշումը, որը դատարանը նոյեմբերի 12-ին էլ չեղարկեց՝ իր պաշտոնին թողնելով գլխավոր տնօրեն Գվամարիային, մեծ ռեզոնանս էր առաջացրել և ոչ կառավարական կազմակերպությունների ու հասարակության այլ ներկայացուցիչների քննադատությանը արժանացել: «Ռուսթավի 2»-ում չեն շտապում ուրախանալ, քանի որ այն հերթական «խորամանկությունն» են համարում: Նիկա Գվամարիայի կարծիքով կարևոր խոսքն այս գործում Սահմանադրական դատարանինն է, որին «Ռուսթավի 2»-ի գործող ղեկավարությունը դիմել է՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել նորմը, որի հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռուստաընկերության ժամանակավոր կառավարիչներ է նշանակել: ’Միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո հեռուստաալիքը կարող է շարունակել հանգիստ աշխատել, քանի դեռ «Ռուսթավի 2»-ի սեփականատերերի մասին գործով վերջնական և բողոքարկման անենթակա որոշում չի կայացվել’, — հայտարարել է Գվամարիան: Ընդդիմադիր հեռուստաընկերության շուրջ կատարվող գործընթացները ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ փորձագետներ խոսքի ազատության հանդեպ ոտնձգություն և 2016թ. աշնանն անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաաջ քննադատություն հնչեցնող ԶԼՄ լռեցնելու փորձ են համարում:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «Ռուսթավի-2»-ի շուրջ իրավիճակը փոխվում է կայծակնային արագությամբ:
Նոյեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանը բավարարեց «Ռուսթավի-2»-ի նախկին սեփականատեր Կիբար Խալվաշիի միջնորդությունը, ով պահանջում էր ետ վերադարձնել հեռուստաընկերությունը, որն, ինչպես ինքն է պնդում, իրենից խլել են 2006թ.-ին իշխանությունների, մասնավորապես անձամբ Միխայիլ Սահակաշվիլիի ճնշման ներքո:
Չնայած դատարանի որոշմանը՝ Խալվաշին չի կարող անմիջապես վերականգնել հեռուստաընկերության նկատմամբ վեարհսկողությունը, քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ, դատական որոշման անհապաղ կատարման մասին նորմը կասեցված է, մինչև գործը չանցնի բոլոր ատյանները:
Սակայն Խալվաշիի փասատաբանները դիմել են դատարան հեռուստաընկերությունում ժամանակավոր կառավարիչներ նշանակելու պահանջով մինչ գործը կանցնի բոլոր ատյանները:
Դատապարտելով դատարանի որոշումը՝ Նիկա Գվամարիան հայտարարել է, որ չի պատրաստվում ենթարկվել դրան: «Ես դուրս չեմ գալու այս շենքից, եկեք և ստիպեք ինձ անել դա, — հայտարարել է Գվամարիան ուղիղ նոյեմբերի 6-ի եթերում՝ կեսգիշերին, ով հեռուստաընկերության գործերով զբաղվելու՝ աշխատավարձ տալու, փաստաթղթեր ստորագրելու իրավասություն այլևս չունի:
«Մենք չենք պատրաստվում լքել հեռուստաընկերությունը սեփական կամքով», — բոլոր լրագրողների անունից հայտարարել է նորությունների հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին:
Նիկա Գվամարիա
Խալվաշին ու նրա նոր մենեջերները մամուլի ասուլիսին հայտարարել են, որ չեն պատրաստվում փոխել կամ խառնվել հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը, ինչպես նաև՝ մուտք գործել «Ռուսթավի-2»-ի շենք ուժի կիրառմամբ:
Սակայն ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու անկախ փորձագետները կարծում են, որ տեղի ունեցածը անկախ ԶԼՄ-ները լռեցնելու փորձ է:
«Այս որոշումը խաթարում է «Ռուսթավի-2»-ի խմբագրական քաղաքականությունը, ԶԼՄ ազատության հիմքերը, վերացնում է երկրում մեդիաբազմակարծությունն ու Վրաստանի սահմանադրական կարգի ու կայունության համար սպառնալիք ստեղծում: «Ռուսթավի-2»-ի՝ որպես քննադատ հեռուստաընկրության պահպանումը կարևոր է Վրաստանի ժողովրդավարության համար, մասնավորապես 2016թ. ընտրություններին ընդառաջ», — ասված է ոչ կառավարական 9 կազմակերպությունների համատեղ հայտարարությունում:
Իրավիճակն ակտիվորեն քննարկում է նաև միջազգային հանրությունը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին հայտարարել է, որ «չափազանց մտահոգված է» «Ռուսթավի-2»-ի շուրջ ւատարվող վերջին դեպքերով, որոնց համաձայն, դատավորի կողմից հեռուստաընկերության ժամանակավոր կառավարիչների նշանակումը կատարվել է հեռուստաընկերության պատկանելիության վերաբերյալ շարունակվող դատաքննության ֆոնին:
«ԱՄՆ դեսպանությունը խորապես անհանգստացած է այս գիշեր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության կառավարման ու պատկանելիության հետ կապված դեպքերի առնչությամբ, — նշված է դեսպանի նոյեմբերի 6-ի գրավոր հայտարարությունում: — Հեռուստաալիքի ղեկավարության փոփոխության փորձը մինչ բողոքարկման գործընթացը խորը քաղաքական հետևանքներ է ունենալու: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ողջունի, այլ ոչ թե խլացնի քննադատական կարծիքը»:
«Խմբագրական որոշումները պետք է ընդունվեն լրատվական ծառայություններում, այլ ոչ թե դատարաններում, — հայտարարել է ԵԱՀԿ ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Դունիա Միատովիչը: — ԶԼՄ խմբագրական քաղաքականության վրա ապօրինի կերպով ազդելու դատարանի փորձերը ոչ այլ ինչ են, քան օրենքի գերակայության և հասարակության ժողովրդավարական հիմքերի խախտում: Կոչ եմ անում դատական համակարգին «Ռուսթավի-2»-ի խմբագրական անկախության իրավունքի հանդեպ հարգանք դրսևորել»:
«Ռուսթավի-2»-ի կողմնակիցները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել են հեռուստաընկերության շենքի բակում այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան հայտնի է դարձել դատավորի որոշման մասին:
Վերջին իրադարձությունների պատճառով հեռուստաընկերությունն աշխատում է արտատարգ՝ նոն-ստոպ, ռեժիմով:
«Ռուսթավի-2»-ի նորությունների բաժին