Վրացիները կմեկնեն Եվրոպա առանց վիզայի՞
Արդյո՞ք Վրաստանի քաղաքացիները կսկսեն մուտք գործել Եվրոպա առանզ վիզայի: Այս հարցի պատասխանը պարզ կլինի մի քանի ամսից, ավելի ճիշտ՝ դեկտեմբերի 15-ին, երբ կհրապարակվի Վրաստանում ԵՄ դիտորդների առաքելության տեխնիկական հաշվետվությունը: Մինչ այդ առաքելությունը պետք է ստուգի Վրաստանի կողմից վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանով նախատեսված առաջարկների իրագործումը:
Եթե տեխնիկական եզրակացությունը դրական լինի, Եվրոպան հետագայում ստիպված կլինի քաղաքական որոշում կայացնել: Դրական պատասխանի դեպքում 2016թ. հունվարից Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ մուտք գործել Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզայի: Վրաստանը Եվրոպայի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը հասած առաջին երկիրը կլինի Հարավային Կովկասում:
Պաշտոնական Թբիլիսին հավատում է հարցի դրական լուծմանը:
«Եվրամիության կողմից վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է, մնում է տեխնիկական ընթացակարգերն ավարտին հասցնել: Վրաստանը առավելագույնս կատարել է բոլոր հանձնարարականները» — ասում է վարչապետ Ղարիբաշվիլին:
Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Գերմանի խոսքերով՝ Վրաստանն արդեն կատարել է վիզային ռեժիմի դյուրացման հանձնարարականների մեծ մասն ու «հիմքեր չկան ենթադրելու, որ մնացածները չի կարողանա կատարել»:
Ազգային հեռուստատեսությամբ արդեն եթեր է գնում առանց վիզայի ռեժիմից օգտվելու կանոնների մասին տեսանյութ:
Սակայն թերահավատները մի քանի խոչընդոտող հանգամանք են նշում, այդ թվում նաև՝ միգրանտների հետ կապված ճգնաժամը: Եվրոպան հազիվ է կարողանում կարգավորել միգրանտների հոսքը և դժվար թե իր սահմանները բացի ևս մեկ երկրի առջև, կարծում են նրանք:
Հանգամանքներից մյուսն էլ Վրաստանի՝ Շենգենյան երկրներում ապաստան փնտրող քաղաքացիների մեծ քանակն է: Միայն 2013թ. ԵՄ երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 9 110 քաղաքացի: Այդ խնդրի լուծման համար, ԵՄ հանձնարարությամբ, Վրաստանն ընդունեց հակախտրական օրենք, որով արգելվում է մարդու հանդեպ խտրականությունն ու հետապնդումը այս կամ այն հատկանիշի համար:
Վիզային ռեժիմի դյուրացման պլանի կատարման շրջանակում Վրաստանը տասնյակ օրենքներ փոխեց և սկսեց դրանք կիրառել: Դա վերաբերում է անձնական տվյալների պահպանման մասին օրենքին, ինչպես նաև թրաֆիքինգի, կաշառակերության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ օրենսդրությանը:
Վիզաների ազատականացումից կարող է օգտվել Վրաստանի՝ կենսաչափական անձնագիր ունեցող ցանկացած քաղաքացի:
Վրաստանը կոնֆլիկտային շրջանների բնակիչներին նույնպես առաջարկում է օգտվել այդ արտոնություններից:
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին նշում է, որ «վիզաների ազատականացումը մեզ պետք է ավելի շատ Աբխազիայի ու Հարավային Օսիայի համար, քանի որ դա նրանց կողմից մեծ հետաքրքրություն կառաջացնի»:
Ով և ինչպես կարող է օգտվել առանց վիզայի ռեժիմից.
• Վրաստանի քաղաքացիներն իրավունք կունենան գտնվելու Շենգենյան գոտում (այդ թվում՝ Շենգենյան գոտի մտնելու հավակնորդ երկրների տարածք՝ Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա) առանց վիզայի 90-180 օր, ինչպես նաև՝ Շենգենյան մի երկրից մյուսը տեղափոխվելու:
• 90 օրից ավել մնալու դեպքում Վրաստանի քաղաքացին դուրս կբերվի Շենգենյան գոտուց, կձերբակալվի ու կվերադարձվի Վրաստան: Իսկ արդյունքում Վրաստանի քաղաքացին 5 տարի չի կարողանա օգտվել վիզային ռեժիմի ազատականացման արտոնություններից:
• Առանց վիզայի ռեժիմից օգտվելու համար Վրաստանի քաղաքացին պետք է ունենա կենսաչափական տվյալներով անձնագիր, ֆինանսական ապահովվածությունը հաստատող փոաստաթուղթ, հետադարձ տոմս ու հյուրանոցի ամրագրում: Վրաստանի քաղաքացին այս փաստաթղթերը ներկայացնում է անմիջապես սահմանին, այլ ոչ թե հյուպատոսարանում:
• Վիզային ռեժիմի ազատականացումը չի վերաբերում աշխատանքային միգրանտներին ու երկարաժամկետ կրթական վիզաներին: Նման տեսակի վիզա ստանալու համար Վրաստանի քաղաքացին պետք է դիմի հյուպատոսություն: