Հայաստանի նախկին վարչապետը պատասխանել է 2016–ի Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գործողությունների արդյունավետությունը հետաքննող հանձնաժողովի հարցերին
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակել է Ազգային ժողովի քննչական հանձնաժողովի նիստին, որն ուսումնասիրում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Խոսքը 2016 թ–ի ապրիլին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների մասին է։
Դրանք Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին լայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 թ–ին հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո։ Դրանք ստացել են «ապրիլյան», կամ «քառօրյա պատերազմ» անվանումը։
Հանձնաժողովի առջև խնդիր է դրված հետաքննել, թե արդյոք հայկական բանակն ապահովված է եղել անհրաժեշտ սպառազինությամբ և պարենով։ Այն պետք է պարզի նաև հրամանատարության որոշումների օպերատիվությունը՝ ուղղված ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունների կասեցմանն և կանխարգելմանը։
Կարեն Կարապետյանի մասնակցությանը նիստին շատերն էին սպասում։ Դա կապված է նախկին վարչապետի սկանդալային հայտարարության հետ։ Ավելի վաղ նա ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։
Նիստն անցել է փակ դռների հետևում և երկար չի տևել։ Դրա ավարտից հետո նախկին վարչապետն իրեն բնորոշ ժպիտով և շփման թեթևությամբ պատասխանել է լրագրողների հարցերին՝ իր ընտրությամբ։ Նա ոչ մի կերպ չի պարզաբանել իրավիճակը, մասնավորապես, իր հայտարարության հետ կապված։
Ինչպես նաև Ազգային ժողովի քննչական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որին նիստից անմիջապես հետո ևս շրջապատել էին լրագրողները։ Նա միայն հիշեցրել է, որ հանձնաժողովն աշխատանքն ավարտելու է հունիսի չորսին։ Եվ այդ ժամանակ հասարակությունը կստանա որոշ հարցերի պատասխաններ, սակայն, հնարավոր է, որ ոչ բոլորի, քանի որ, ըստ Քոչարյանի, խոսքը պետական գաղտնիքի մասին է։
Հանձնաժողովի հաջորդ նիստին արդեն հրավիրվել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Կարեն Կարապետյանից առաջ հանձնաժողովի հարցերին պատասխանել էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
Կարապետյանի հայտարարության մասին
Նախկին վարչապետի հայտարարությունը հնչել է 2017 թ–ի փետրվարին։ Կարեն Կարապետյանն ասել է, որ ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական տեխնիկան բազմիցս չի հաջողվել գործարկել անորակ վառելիքի պատճառով։
«Մեր անցկացրած հետազոտությունների արդյունքում բենզինի և դիզելային վառելիքի որակի խնդիրներ են հայտնաբերվել։ Խնդիրը հաճախ պայմանավորված է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացթողումներով», — այն ժամանակ ասել է Կարապետյանը։
Վարչապետի հայտարարությանն այն ժամանակ պատասխանել են պաշտպանության նախարարությունից․ բանակում անորակ վառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի չաշխատելու դեպքեր, այդ թվում՝ 2016 թ–ին, չեն գրանցվել։
Վարչապետի խոսքերը հերքել են նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ու նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը։
Ի՞նչ է ասել Կարապետյանը նիստից հետո
Նախկին վարչապետը հայտարարել է, որ պատասխանել է հանձնաժողովի անդամների բոլոր հարցերին, սակայն չի կարող մանրամասներ հաղորդել, քանի որ այդ տեղեկությունները պետական գաղտնիք են։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք նա հաստատել է վառելիքի որակի մասին իր հայտարարությունը։
«Ես այդ հարցին պատասխանել եմ [հանձնաժողովին]», — ասել է Կարապետյանը։
Նա նոր կառավարությանը հաջողություն է մաղթել, իսկ երկրին՝ այս իրավիճակից նվազագույն կորուստներով ելք, ընդ որում ընդգծել է․
«Սակայն շատ հարցերում ես համաձայն չեմ կառավարության հետ»։
Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել 2018 թ–ի մայիսին՝ «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո։ Դրանից հետո մեծ քաղաքականությունում վարչապետն իրեն ոչ մի կերպ չի դրսևորել։
«Քաղաքականությամբ չեմ զբաղվելու», — լրագրողներին հայտարարել է նախկին վարչապետը։
Ո՞վ է Կարեն Կարապետյանը
Նա մատ մեկ տարի Երևանի քաղաքապետն էր (2010-2011թթ–ին), սակայն նրա հրաժարականը հասարակությունում վրդովմունք և ափսոսանք էր առաջացրել, քանի որ նրա անձի հետ մարդիկ հույսեր էին կապում։
Հրաժարականից հետո Կարապետյանը մեկնել էր Մոսկվա, որտեղ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական «Գազպրոմում»։
2016 թ–ին Կարեն Կարապետյանին կրկին Հայաստան էր հրավիրել այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։
Տնտեսագետ Հայկ Բալանյանը մեկ տարի առաջ JAMnews–ին տված հարցազրույցում ասել է, որ խարիզմատիկ Կարապետյանը «պարզապես փրկել է իշխանությանը՝ 2016թ.-ի բավական լարված իրադարձություններից հետո [նկատի ունի ապրիլյան ռազմական գործողությունները Արցախի և Ադրբեջանի շփման գծում], իր դրական համբավով հանգստացրել է ժողովրդին՝ հաղթանակ բերելով 2017-ի խորհրդարանական ընտրություններում [Սերժ Սարգսյանի կուսակցությանը]»։
2016 թ–ին վարչապետի պաշտոնում նրա նշանակվելը կրկին հասարակությունում դրական փոփոխությունների սպասում էր առաջացրել և հետաձգել պայթյունը, որը տեղի ունեցավ 2018 թ–ի գարնանը «թավշյա հեղափոխության» տեսքով։
Սակայն, ըստ Հայկ Բալանյանի՝ հայկական նախորդ իշխանությունները, որոնք լրացուցիչ ժամանակ էին շահել Կարապետյանի նշանակման շնորհիվ, չօգտագործեցին այն խնդիրների լուծման համար։
Կարապետյանի դերը «թավշյա հեղափոխության» օրերին
Կարեն Կարապետյանի նկատմամբ հասարակությունն առանձնահատուկ հետաքրքրություն ունի նաև այն բեկումնային հանդիպման պատճառով, որը տեղի ունեցավ նրա և «թավշյա հեղափոխության» առաջնորդի միջև 2018 թ–ի ապրիլին։
Երբ ժողովրդական բողոքը գլխավորող Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին, նրա հետ հանդիպեց Կարեն Կարապետյանը։ Թե ինչ են նրանք այն ժամանակ պայմանավորվել, Կարապետյանը չասաց և հիմա, միայն պարզաբանեց, որ Փաշինյանին հանդիպել է լարված իրավիճակից ելք գտնելու համար։
«Այն, ինչ պայմանավորվել ենք, մեր պայմանավորվածություններն են», — ասել է լրագորղներին Կարապետյանը։
Սակայն երկու տարի առաջ՝ այդ հանդիպումից մի քանի ժամ անց, Սերժ Սարգսյանը հայտարարել էր քաղաքական հարթակից հեռանալու մասին։
Հանձնաժողովի մասին
Ազգային ժողովի քննչական հանձնաժողովը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն եկել է պահը ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Ղարաբաղի շփման գծում 2016 թ–ի ապրիլի 2-5–ը տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները։
Հանձնաժողովում ներկայացված են 11 պատգամավոր։ Դրա նախագահը պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։
Խորհրդարանական հանձնաժողովի կազմում են նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները։