Ծեծկռտուք հայկական խորհրդարանում։ Տեսանյութ
Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 8–ին ծեծկռտուք և մասսայական իրարանցում է տեղի ունեցել։ Ընդ որում, կառավարության անդամների և վարչապետի ներկայությամբ։ Նախաձեռնողներն ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ էդմոն Մարուքյանն ու իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայլելյանն էին։
Պատգամավորներին մի քանի րոպե շարունակ փորձում էին բաժանել գործընկերները, նախարարներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Խորհրդարանի խոսնակը ստիպված էր ընդմիջում հայտարարել, քանի որ կռվից հետո էլ իրավիճակը չէր հանդարտվում։
Ինչի՞ց է սկսվել իրարանցամը
Հերթական նիստի ընթացքում ելույթ էր ունենում իշխող կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա քննադատեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին։ Նրանից հետո ամբիոնին մոտեցավ դրա առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա փորձեց պատասխանել հնչած քննադատությանը։
Սակայն նրա ելույթի ժամանակ իշխող խմբակցության պատգամավորները տեղերից ինչ–որ արտահայտություններ և մեկնաբանություններ էին անում։
Իրավիճակը սրվեց Սասուն Միքայելյանի արտահայտությունից հետո, որը Մարուքյանին դիմեց՝ «լսի՛, հոպար» արտահայտությամբ։ Բացի այդ, Միքայելյանը Մարուքյանին սպառնաց «ցխել»։
Ընդդիմադիր խմբակցության առաջնորդը հունից դուրս եկավ և իջավ ամբիոնից, իսկ իշխող խմբակցոթյան պատգամավորն իր տեղից վեր կացավ։
Ծեծկռտուքից հետո Մարուքյանը վերադարձավ ամբիոնի մոտ և շարունակեց իր ելույթը․
«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսալու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն խփեց մեջքից»։
«Սա քստմնելի սադրանք է և անձամբ իմ ամենամեծ պարտությունը»․ վարչապետ
Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպն արդեն մեկնաբանել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի գործողությունները «քստմնելի սադրանք» է անվանել։ Միաժամանակ նա քննադատել է իր թիմի պատասխան գործողությունները։ Ըստ վարչապետի՝ իշխող մեծամասնությունն, այսինքն՝ իրեն սատարող «Իմ քայլը» քաղաքական խմբակցությունն իրավունք չունի արձագանքելու նման սադրանքներին․
«Նրանք ուզում են մեզ հունից հանել։ Ամեն օր իշխանությունը դառնում է բռնության զոհ՝ սերժական, քոչարյանական [Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին նախագահներն են] հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական բանսարկուների կողմից։ Ահա ողջ ճշմարտությունը․․․
Դատապարտում եմ ինձ և կատարվածը համարում իմ ամենամեծ պարտությունը հեղափոխությունից հետո»։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը
Ծեծկռտուքը մեկնաբանել է նաև դրա մասնակից Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միջադեպի քաղաքական գնահատականի հույս ունի․
«Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքը հեղափոխության և դրա առաջնորդի խնդիրն է։ Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերն, ինչպես նաև արժեքները, որոնք հռչակել է հեղափոխությունը։ Հայկական խորհրդարանի նիստերի դահլիճում խմբակցության առաջնորդին երբեք մեջքից չէին հարվածել… Ապագայում կկողմնորոշվենք, թե ինչպես շարունակել աշխատանքն այստեղ»։