«Հափշտակողների որս» Ադրբեջանում․ ի՞նչն է տարօրինակ
Ադրբեջանի տարբեր շրջանների գործադիր իշխանությունների հինգ ղեկավարներ կալանավորվել են կոռուպցիայի և վերջին հինգ ամսում հափշտակությունների մեղադրանքով։ Նման բան երկրում տեղի չէր ունեցել շատ երկար ժամանակ։
Հասարակությունը համոզված է, որ գործադիր իշխանությունների ղեկավարների մեծ մասը կաշառք է վերցնում, թալանում շրջաններն ու անում, ինչ ցանկանում է, և չի պատժվում։ Իրերի նման դասավորությունն արդեն որպես նորմա էր ընկալվում։
Այդ պատճառով էլ, երբ կառավարությունն անսպասելիորեն կոռուպցիոներների և հափշտակիչների «որս» հայտարարեց, շատերին դա տարօրինակ թվաց։
- «Վարակի բովով»․ ինչպե՞ս անցավ ստուգումն ադրբեջանական կառավարությունն ու հասարակությունը
- Ադրբեջանի փայլուն հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ․ ի՞նչն այն չէ
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
Այդ բոլոր պաշտոնյաներին առաջադրվող մեղադրանքները շատ են նման՝ կոռուպցիա, սոցիալական նպաստների և շրջանի բարեկարգման համար դուրս գրված պետական միջոցների, աշխատավարձային քարտերի յուրացում։ Նրանք բոլորը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամներ են և այդ պաշտոններում երկար տարիներ են անցկացրել։
Ի դեպ, այդ պաշտոնն ընտրովի չէ, գործադիր իշխանությունների ղեկավարներին նախագահն է նշանակում։
Եվ բոլոր հինգ անգամն էլ բազում հանցագործությունները «բացահայտվել են» տեղի բնակիչների բողոքներից հետո։
Բնակչության մի մասը կատարվածին արձագանքել է «վերջապես արդարություն հաստատվեց» ոգով։
Սակայն ավելի շատ են նրանք, ովքեր արդարության այդ հանկարծակի հաղթանակը կասկածելի են համարում։ Հատկապես՝ այն բանի ֆոնին, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը հազիվ է խուսափում արժեզրկումից։
Բացի այդ, COVID-19–ի համավարակի պատճառով երկրում կարանտինային ռեժիմ է սահմանվել, որը շատերին առանց աշխատանքի է թողել։ Այսինքն՝ հասարակությունում իրավիճակն անառողջ է բոլոր իմաստներով։
Ճիշտ է, այդ հինգից առաջինի կալանքը տեղի է ունեցել 2019 թ–ի դեկտեմբերին, երբ չկար դեռ ոչ պանդեմիա, ոչ ֆինանսների հետ կապված լուրջ խնդիրներ։
Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն հիշեցնում է, որ Ադրբեջանում գործադիր իշխանությունների 87 ղեկավար կա, և եթե դրան է հասել, ապա պետք է կալանավորել բոլորին՝ ամսական մեկին։ Ընդհանուր առմամբ, նա կալանքը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց չի համարում․
«Եթե առաջին կալանքներից հետո կոռուպցիոներները չվախեցան և չհանդարտվեցին, ուրեմն այս մեթոդն անարդյունավետ է։ Հետո շրջանների կալանավորված բոլոր ղեկավարները մեղադրվում են այն բանի համար, որ կաշառք են վերցրել մասնավոր ձեռնարկատերերից և յուրացրել բնակչության առավել քիչ պաշտպանված շերտերի փողերը։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական աջակցության ներկայիս համակարգն ու միջոցների բաշխման մեխանիզմը չեն աշխատում։ Պետք է դրանք փոխել։ Եվ ի վերջո, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում նրանք, ովքեր այդ պաշտոնյաներին օգնել են իրենց պաշտոնները զբաղեցնել։ Չէ՞ որ նրանք իրենք իրենց չեն զբաղեցրել շրջանի ղեկավարի աթոռը։ Եվ այդ պաշտոնում անցկացրել 10-15–ական տարի։ Ի՞նչ է, նրանք միայն հիմա՞ են հանկարծակի սկսել կաշառակերությամբ զբաղվել»։
Իբադօղլուն առաջարկում է չեղարկել գործադիր իշխանությունների ինստիտուտը և այդ լիազորությունները փոխանցել մունիցիպալիտետներին։
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին իր տարեկան հաշվետվությունում Ադրբեջանը դասել է ավտորիտար երկրների շարքին։ Կազմակերպությունը կարծում է, որ նախագահ Իլհամ Ալիևը փոփոխություններ է իրականացնում իշխանության բարձրագույն շերտերում՝ հիմնականում հօգուտ իր տիկին և երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի։
«Տնտեսության դանդաղման պայմաններում և սաստկացող կլանային քաղաքականության ֆոնին, որը կորցնում է հանրային աջակցությունը, Ալիևը հեռացնում է «հին գվարդիայի» պաշտոնյաներին՝ փորձելով նվազեցնել էլիտայի ներսում դավադրության հավանականությունը։ Հեռացված անձինք դեմ էին արտահայտվում Ալիևի տիկնոջը կամ նրան հավատարիմ չէին», – այսպես է կատարվածը բացատրում «Freedom House»–ը։
Նախկին քաղբանտարկյալ, ակտիվիստ Գիաս Իբրահիմովը վստահ է, որ շրջանային ղեկավարների կալանքներն, ինչպես նաև կարանտինի հետ կապված բոլոր մանիպուլյացիաները (որը մերթ մեղմում են, մերթ սպառնում կրկին խստացնել) պարզապես հնարքներ են, որոնք կառավարությունն օգտագործում է նավթի գներից և ճգնաժամի սպառնալիքից ժողովրդի ուշադրությունը շեղելու, հանրային վրդովմունքը եռման չհասցնելու համար։