Առանց ընտրության հնարավորության. պատմություն, որը սկսվեց մեկ նամակից
Լրագրող Լիա Խոջոյանն ամիսներ շարունակ բարեգործական աշխատանք է կատարում, որը նախապես չէր պլանավորել։ Ամեն բան սկսվեց Էջմիածնում ապրող մի ընտանիքի մեկուսացման պատմությունից։ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին և, թերևս, ամենամեծ օջախը Էջմիածին քաղաքն էր: Այս քաղաքում բնակվողներից շատերը ստիպված էին մեկուսանալ՝ դեռ հայտարարված արտակարգ դրությունից առաջ:
«Էջմիածնում հայտարարված կարանտինի առաջին օրվանից մեր խմբագրությունը սկսեց ահազանգեր ստանալ այն մարդկանցից, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում: Ինձ համար շարժիչ դարձավ մի կնոջ հուսահատ նամակը, ում ամուսինը մեկուսացված էր Ծաղկաձորում՝ կորոնավիրուսի կասկածով (հետագայում հաստատվեց), իսկ ընտանիքի անդամներին՝ կնոջը, երեք անչափահաս երեխաներին, ամուսնու ծնողներին մեկուսացրել էին տանը։ Ու նրանք ո՛չ սնունդ ունեին, ո՛չ էլ հնարավորություն՝ այն ձեռք բերելու:
Ու ես ուղղակի սոցիալական ցանցի ընկերներիս դիմեցի, պատմեցի, որ մտադիր եմ օգնել կարիքի մեջ հայտնված այս ընտանիքին, և եթե կան ցանցացողներ, ապա կարող են միանալ: Օգնելու համար դիմեցի նաև «Բարի մամա» հասարակական կազմակերպությանն ու անմիջապես դրական պատասխան ստացա։ Ինձ տվեցին սննդի փաթեթ՝ ու ոչ միայն այդ ընտանիքի, այլև ևս երկու ընտանիքի համար: Այդպես սկսվեց իմ գործունեությունը», — պատմում է Լիան:
- Օգնում են նրանք, ովքեր իրենք էլ օգնության կարիք ունեն։ Անձնական պատմություններ Հայաստանից
- Երբ կորոնավիրուսը «թակում է դուռը»․ պատմում են նրանք, ովքեր վարակվել են և արդեն բուժվել
- Նամակներ հայաստանյան բանտից։ «Կորոնավիրուսը չէ, որ սպանում է»
Այդ օրվանից՝ ամեն երեկո, աշխատանքից հետո, Լիան իր մեքենայով սնունդ է բաժանում դրա կարիքն ունեցող ընտանիքներին: Ասում է, իր համար առաջնահերթություն են միայնակ տարեցները, բայց ուժերի ներածի չափով փորձում է օգնել բոլորին.
«Կան ընտանիքներ, որոնք բարդ իրավիճակում են, երեխաները սոված, բայց շատ են եղել դեպքեր, երբ ես խնդրել եմ ինձ հասցե տրամադրել, խոսակցության մեջ պարզել են, որ ես կառավարությունից չեմ, ու փորձել են հրաժարվել օգնությունից՝ ինձ նեղություն չտալու համար: Դա էլ այդ մարդկանց հոգատարության դրսևորումն է իմ նմատմամբ»:
Լիային օգնում են բոլորը՝ ընկերները, ընկերների ընկերները, անծանոթ մարդիկ: Նրանք գումար կամ սնունդ են ուղարկում՝ համոզված լինելով, որ իրենց աջակցությունը կհասնի ում ամենաշատն է պետք:
Լրագրողի համար այս համախմբումն իր նախաձեռնության շուրջը և՛ սպասելի էր, և՛ անսպասելի.
«Բոլորն այսօր խնդիրներ ունեն, շատերն են աշխատանք կորցրել կամ, եթե չեն էլ կորցրել, ապա վախ ունեն ապագայի հանդեպ: Բայց այն, որ մեկ ամսից ավելի ես գրեթե ամեն օր հնարավորություն եմ ունեցել տարբեր մարդկանց շնորհիվ աջակցել օրական երկու-երեք ընտանիքի, ուղղակի հրաշք է: Մարդիկ արձագանքում են, առաջարկում օգնել՝ մեկը սնունդ է տալիս, մյուսը հագուստ, մեկն առաջարկում է վերանորոգման աշխատանքով օգնել, մյուսը դեռ չծնված երեխայի օժիտն է փոխանցում։ Մարդիկ շատ լավն են, այս իրավիճակն ապացուցեց դա»:
Բարդ, զգացմունքային, հուզական ժամանակաշրջան է Լիայի համար։ Որոշ դեպքերի մասին առանց արցունքների չի կարողանում խոսել.
«Հերթական անգամ աջակցություն բաժանելիս՝ ծանոթացա 23-ամյա հղի կնոջ հետ, որի պատմությունը շատ է հուզել ինձ: Մանկատան սան է, ապրում է միայնակ՝ սարսափելի պայմաններում, վարձակալությամբ, մի սեփական տան փոքրիկ սենյակում, առանց որևէ հարմարությունների: Դեպի սենյակ տանող աստիճանը կոտրված էր, ու ամեն անգամ տեսնելով դա, ես մտածում էի, լավ է՝ վայր չի ընկել, վաղաժամ չի ծննդաբերել:
Ընթացքում արզվեց, որ բացի նրանից, որ աղջիկը սնվելու հնարավորություն չունի, խորքային խնդիրներ էլ կան․ չունի անձնագիր, հղիության 6 ամսվա ընթացքում դեռ բժշկի մոտ չի եղել ու չի հաշվառվել, նախքան կարանտինը մաքրուհի է աշխատել, բայց հիմա, հասկանալի պատճառներով, չի աշխատում ու չի էլ աշխատելու:
Այս պատմությանը շատ մարդ արձագանքեց: Բացի սնունդից, մարդիկ հագուստ փոխանցեցին աղջկա ու ապագա երեխայի համար, բալիկի համար անկողնային պարագաներ, խաղալիքներ, հիգիենայի պարագաներ: Կային մարդիկ, որ պատրաստ էին աստիճանը վերանորոգել, բայց վարչական շրջանի ղեկավարն իր վրա վերցրեց այդ հարցի լուծումը։ Մինչ այդ աջակցել էր, որպեսզի երիտասարդ կինը կարողանա անձնագիր ստանալ:
Այսօր մեր բոլորի հղին հաշվառվել է բժշկի մոտ, մայիսի 14-ին կստանա անձնագիր ու հուլիսին կունենա իր առաջնեկին: Բայց ամենակարևորն այն է, որ ինքը, լինելով մանկատան սան ու շատ բարդ ճակատագրի տեր, իմ հարցին՝ պահելո՞ւ ես երեխային, դրական պատասխան տվեց, իսկ ավելի ուշ ուղարկեց օրորոցի լուսանկարը, որն արդեն հարդարել է նրա համար»:
Լիան խոստովանում է, որ այս շրջանում իր կյանքում շատ բան է փոխվել, մասնավորապես, իր ընկալումները։ Ու հասկացել է, որ չի ուզում միայնակ ծերանալ․
«Առաջ այդ հարցին մատների արանքով էի նայում, բայց հիմա տեսանելի կերպով հասկացա, որ կյանքի վերջում մենակությունից ահավոր բան չկա»:
Ամեն երեկո Լիան իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է հաշվետվություն՝ այդ օրը կատարած աշխատանքի մասին՝ շնորհակալություն հայտնելով իրեն օգնողներին: