Հայաստան․ կորոնավիրուսով վարակման մեծ թվով նոր դեպքեր, էլի մահեր և միաժամանակ՝ սահմանափակումների չեղարկում
Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք։ Վարակվածների ընդհնաուր թիվը դարձել է 2386։ Առողջացել է ևս 25 պացինետ: Այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Մինչ այժմ կատարվել է 24 177 թեստավորում:
Առողջապահության նախարարությունը հայտնում է նաև կորոնավիրուսային հիվանդությունից ևս երկու մահվան դեպքի մասին։
Մահացների մասին ասվում է, որ դա եղել են 79-ամյա մի կին և 58-ամյա տղամարդ։ Այսպիսով, մահերի ընդհանուր թիվն այս պահին արդեն հասել է 35-ի:
Բժիշկների մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը, կամ մոտ 13.4%-ը հայտնաբերվել է հենց բուժաշխատողների շրջանում։
Նախարարի խոսքով, սա շատ ցավալի, բայց և անխուսափելի երևույթ է․
«Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ պետք է բուժես կամ մեկուսացնես այն մարդուն, ով ինքը պետք է բուժի կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Եվ հաշվի առնելով հիվանդության բավականին երկար տևողությունը բուժաշխատողները շատ երկար ժամանակ չեն կարողանում աշխատել։
Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր բուժաշխատողների շրջանում չեն արձանագրվել՝ շնորհիվ նաև առողջապահության նախարարության այն ցուցման, որ 60-ից բարձր տարիքով և քրոնիկ հիվանդություններով բուժաշխատողները առավելագույնս մնան տանը։ Սա իհարկե կրկին բարդացնում է իրավիճակը, քանի որ բազմաթիվ բուժաշխատողներ չեն կարողանում օգնել իրենց առավել երիտասարդ ու առողջ գործընկերներին պայքարել պացիենտների կյանքի համար՝ ավելի մեծացնելով վերջիններիս ծանրաբեռնվածությունը և վտանգը, որի մեջ նրանք աշխատում են»:
Սահմանափակումների չեղարկում
Փոխվարչապետ, վերջին ժամանակահատվածում նաև պարետ Տիգրան Ավինյանը չեղարկել է արտակարգ դրության սահմանափակումների մեծ մասը:
Մայիսի 4-ից հանվում է մարդանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, հետևաբար, տնից դուրս գալու համար այլևս չի պահանջվում տեղաշարժման թերթիկ լրացնել:
Տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներն ավելի են ազատականացվում։ Մասնավորապես, մայիսի 4-ից վերաբացվում են ռեստորանների, սրճարաններ և սննդի այլ օբյեկտների բացառապես բացօթյա տարածքները:
Վերաբացվում է մշակող արդյունաբերությունը՝ տեքստիլի, կահույքի, կոշիկի, պոլիգրաֆիական նյութերի արտադրությունը: Արդեն թույլատրվում են նաև շինարարության ավարտական փուլի աշխատանքները:
Մինչ այս գործող մթերայիններից բացի կաշխատեն մեծածախ և մանրածախ առևտրի բոլոր խանութներն ու կրպակները: Փակ կմնան դեռ մոլերը, առևտրի կենտրոններն ու շուկաները: Դրանց տարածքում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական ապրանքի վաճառքի կետերը, դեղատները:
Դեռևս չի թույլատրվում հանրային տրանսպորտի աշխատանքը, քանի որ այն համարվում է առավել ռիսկային վարակի տարածման տեսանկյունից։
Եվ բոլոր նրանց համար, ովքեր պետք է երկուշաբթի աշխատանքի հասնեն, սա դառնալու է որոշակի խնդիր։
Վերաբացվում են բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքներն ու արգելոցները:
Սպորտային ակումբների գործունեությունը թույլատրվում է միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար:
Կգործեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, մարմնի խնամքի ծառայությունները, նաև լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները,:
Միաժամանակ պարետատունը զգուշացնում է, որ վերաբացված բոլոր ոլորտներում պետք է պահպանվեն պարտադիր կանոններ, այլապես կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Վերահսկողությունը այդ կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացվելու է։
Պարետի խոսքով, սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է․
«Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել»։
Իրավիճակի վատթարացման դեպքում պարետատունը կարող է կրկին խիստ սահմանափակումների ռեժիմը մտցնել: