Հայաստանում շուտով կարելի կլինի վարսավիրանոց գնալ և բացօթյա սրճարան այցելել․ պարետի կանխատեսումները
«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ է», – կարծում է Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակահատվածում նաև պարետ Տիգրան Ավինյանը։ Նա այդ մասին հայտարարել է՝ նշելով, սակայն, որ ընդունում է իրադարձությունների զարգացման անկանխատեսելիությունը COVID-19 վարակի տարածման դեպքում։
Եվ եթե մոտ ժամանակներս արտակարգ որևէ բան տեղի չունենա, ապա արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում սահմանվել է մարտի 16–ից, զգալիորեն կմեղմացվի։ Այն գործելու է մինչև մայիսի 14–ը, սակայն դրանից դեռ տասն օր առաջ խոսք է գնում վարսավիրանոցները բացելու մասին, հետո նաև բացօթյա սրճարանները։ Ամենակարևորը, աշխատանքը կվերսկսեն ավելի մեծ թվով ձեռնարկություններ։
Բոլոր մանրամասները սպասվող փոփոխությունների մասին, կորոնավիրուսի դեմ պայքարի ձեռքբերումների գնահատականը՝ կառավարությունից և փորձագետներից։
- Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղմել արտակարգ դրության ռեժիմը
- Հայաստան․ որքա՞ն կտուժի բիզնեսը կորոնավիրուսից, ի՞նչ է սպասվում տնտեսությանն արտակարգ դրությունից հետո
Սահմանափակումների չեղարկում մոտ ապագայում
Ըստ պարետի՝ կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունն այս փուլում ցույց է տալիս, որ արդեն «կարելի է որոշ սահմանափակումներ մեղմել»։ Մասնավորապես, խոսքը գնում է մայիսի 4–ից ծառայությունների ոլորտի սահմանափակումների չեղարկման հավանականության մասին։ Անվտանգության որոշակի պահանջների պահպանմամբ կսկսեն գոգրծել գեղեցկության սրահները։
Ավելի ուշ, ինչպես նշել է Տիգրան Ավինյանը, հնարավոր է, որ սկսեն աշխատել բացօթյա սրճարաններն, այնուհետև՝ «սննդի փակ օբյեկտները»։
10 օրվա ընթացքում աշխատանքի կվերադառնան շատ ձեռնարկություններ և կազմակերպություններ։
Ինչ վերաբերում է տրանսպորտի աշխատանքին, ապա այդ հարցին պարետը պատրաստվում է անդրադառնալ մայիսի կեսերին, քանի որ այստեղ, ըստ համաճարակաբանների, վարակի տարածումն առավել հավանական է։
Ընդ որում, պարետը նախազգուշացնում է․
«Մեր կանխատեսումներում ունենք որոշակի զգուշավորություն, եթե տեսնենք, որ ուժեղ բռնկում է գնում, կրկին կարող ենք վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմներին․․․ Ընդհանուր առմամբ ժամանակ շահել ենք, որպեսզի կարողանանք առողջապահական համակարգը բերել մի մակարդակի, որ կարողանա սպասարկել մի քանի հազար վարակակիրների միաժամանակ»:
Ռեժիմի մեղմացման մասին
Կարանտինային միջոցների հետագա մեղմացման մասին հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Հայաստանում արդեն երեք անգամ չեղարկվել են արտակարգ դրության ռեժիմի որոշ սահմանափակումներ։
Ապրիլի 14–ից հանվել են շինարարական աշխատանքների և վերամշակող ադրյունաբերության գործունեության սահմանափակումները։ Ապրիլի 23–ից ավելի շատ ձեռնարկություններ են աշխատանքը վերսկսելու հնարավորություն ստացել։ Խոսքը պոլիգրաֆիական գործունեության, քարի մշակման, մետաղական կոնստրուկցիաների արտադրության և մեքենաների վերանորոգման, բջջային և ինտերնետ–կապի օպերատորների սպասարկման գրասենյակների աշխատանքի մասին է։ Ապրիլի 28–ից մասնակիորեն չեղարկվել են քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները։
Եթե նախկինում տնից կարելի էր դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ապա այժմ կարելի է զբոսնել, հեծանիվ քշել, ճիշտ է, չի կարելի տնից մեկ կիլոմետրից ավելի հեռանալ։ Եթե նախկինում ընտանիքի անդամները երկուսով կարող էին տնից դուրս գալ միայն, եթե աջակցության կարիք ունեցող տարեցի էին ուղեկցում, ապա այժմ կարելի է տնից երկուսով դուրս գալ պարզապես զբոսնելու։
Ի՞նչ է ակնկալում պարետատունը
Պարետն ասում է, որ վարակի տարածման դեմ պայքարը երկարատև գործընթաց է լինելու։ Այդ առնչությամբ նա կոչ է արել հետագայում նույնպես սոցիալական հեռավորություն պահպանել և հետևել հիգիենայի կանոններին, որոշակի իրավիճակներում դիմակներ և ձեռնոցներ կրել․
«Ընդհանուր առմամբ, սրանք վարքագծային փոփոխություններ են բերելու հասարակության մոտ, որոնք, այո՛, դժվարին պայմաններում ապրելու նոր կանոններ են լինելու: Ես համոզված եմ, որ մենք շատ և շատ դասեր ենք քաղելու հենց այդ պրոցեսում»։
Ինչ վերաբերում է տնտեսությանն, ապա, ըստ փոխվարչապետի, դժվարություններ սպասվում են ոչ միայն Հայաստանում։ Այժմ զբոսաշրջության ոլորտը վնասներ է կրում, բիզնեսը մտածում է այս պահին գործող համակարգի մոդիֆիկացման մասին։ Եվ պարետը կարծում է, որ «հանրային կառավարման համակարգը ևս պետք է այդ ուղղությամբ մտածի»:
Պարետն՝ առցանց ծառայությունների մասին
Արտակարգ դրությունն արդիական խնդիրներ է ստեղծել և ստիպել է արագացնել բարեփոխումները կառավարման համակարգում։ Մասնավորապես, բարեփոխումներ են իրականացվել ծառայությունների առցանց տրամադրման ոլորտում։
Ավելի ստույգ, կառավարությունը տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագրեր է մշակել, որոնց շրջանակում քաղաքացիները կարող են պետական ֆինանսական աջակցություն ստանալ։ Եվ այժմ մարդիկ կարող են ստուգել, թե արդյոք իրավունք ունեն օգտվելու պետական օգնությունից՝ տնից դուրս չգալով և տարբեր կառույցներում հերթերում ժամանակ չկորցնելով։ Դրա համար բավական է այցելել ssa.am կայք և մուտքագրել սեփական տվյալները։
«Թվային ծառայությունների հետագա զարգացումը մեր առաջնահերությունների ցանկում է», — հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Կառավարությունն աշխատում է գիտնականների հետ
Ստեղծված իրավիճակի արդյունքում ամրապնդվել են պետական համակարգի և գիտնականների միջև հարաբերությունները։
«Գիտական հանրույթը մեզ շատ է օգնել վարակի տարածման մոդելավորման առումով, հայ գիտնականների կառուցած մոդելներից և եզրակացություններից ելնելով՝ փաստարկված որոշումներ ենք կայացրել», — նշել է պարետը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսելու է ախտորոշիչ թեստերի արտադրություն, որի հումքը ձեռք է բերում կառավարությունը: Մոտ ապագայում ակնկալվում է, որ Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրություն կսհիմնվի։
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որոշակի առաջարկ է ձևավորել, որի արդյունքում նաև պետական միջոցներից դրամաշնորհ ենք հատկացրել: Ակնկալում ենք մոտ չորս ամսում Հայաստանում արտադրված թոքերի արհեստական օդափոխության սարքերի 5 պրոտոտիպ ունենալ և հետո ամսական 40-60 օրինակով սերիական արտադրություն հիմնել», — հայտարարել է փոխվարչապետը։
Նրա կարծիքով՝ դա տեղական ընկերություններին թույլ կտա միջազգային շուկա դուրս գալ։
Մեկնաբանություններ
Կորոնավիրուսի դեմ պայքարի թվարկված ձեռքբերումները ոչ բոլոր փորձագետներին ոգևորել։ Մասնավորապես, քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը կարծում է, որ վարակի դեմ պայքարում և բնակչությանն աջակցության հարցում Հայաստանի իշխանությունների արդյունավետության ցուցիչը վատթարագույնն է՝ տարածաշրջանի երկրների համեմատ։
«Այն, ինչ տեսնում ենք ողջ աշխարհում, կվերաբերի նաև մեզ։ Այս վարակը գրեթե 180 աստիճանով փոխել է իրավիճակը երկրում։ Մեզնից շատերն իրավիճակը Հայաստանում մինչև հիմա լուրջ չեն ընդունում, սակայն դա կարող է տեղի ունենալ 2-3 ամսից», — կարծում է փորձագետը։
Սակայն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ առանց ուշադրության չի մնա ոչ մի քաղաքացի, որը տուժել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով։ Նա հայտարարել է, որ լուծվելու են անգամ չգրանցված աշատակիցների խնդիրները, որոնք առայժմ դուրս են մնացել կառավարության մշակած աջակցության ծրագրերից։
«Կառավարությունը պարզապես քննարկում է քաղաքացուն որպես տուժած գնահատելու չափորոշիչները, աջակցության ձևը», — ասել է նախարարը խորհրդարանի նիստին։