Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիր:
Ծրագրի համաձայն՝ պետությունը օգնություն է տրամադրելու գործազուրկներին, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Հակաճգնաժամային միջոցառումների համար կառավարությունը հատկացրել է 3,5 միլիարդ լարի (շուրջ 1,1 մլրդ դոլար):
Ի՞նչ է գրված ծրագրում, և ինչո՞ւ է ընդդիմությունն այն քննադատում:
Ինչպիսի՞ վնասներ կրեց երկիրը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Թվեր
● Վարչապետի խոսքերով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի ֆոնին Վրաստանում տնտեսական աճը կկազմի մինուս 4 տոկոս՝ նախատեսված 4.3 տոկոս աճի փոխարեն:
● Երկրի բյուջեն կորցնում է 1,8 մլրդ լարիի չափով եկամուտ (շուրջ 560 մլն դոլար):
● Բյուջեի ընթացիկ ծախսերը կնվազեն 300 միլիոն լարիով (շուրջ 95 մլն դոլար):
● Գախարիայի կարծիքով, աշխատանքը կկորցնի 350 հազար մարդ:
Ո՞վ կստանա օգնություն
Գործազուրկները, թոշակառուները և սոցիալապես անապահովները
Առաջիկա վեց շաբաթների ընթացքում ամսական 200 լարի (շուրջ 62 դոլար) կստանան նրանք, ովքեր կորցրել են աշխատանքը կամ չվճարվող արձակուրդ են գնացել արտակարգ դրություն հայտարարվելուց հետո:
Ընդհանուր առմամբ, այս օգնությունը կվերաբերի 350 հազար քաղաքացիների, ասել է վարչապետը: Դա բյուջեին կարժենա 460 միլիոն լարի (շուրջ 144 մլն դոլար):
Ինքնազբաղվածները կստանան միանվագ օգնություն 300 լարիի չափով (շուրջ 95 դոլար), եթե կարողանան ապացուցել, որ կորցրել են եկամուտը արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով: Վարչապետի խոսքով՝ դրա վրա բյուջեից կգնա 75 միլիոն լարի (շուրջ 23,5 մլն դոլար):
Բացի դրանից, վեց ամիսների ընթացքում ամսական 100 լարի (շուրջ 30 դոլար) կստանան պաշտոնապես գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, բազմազավակ անապահով ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդիկ:
Այդ վեց ամիսների հաշվարկը կսկսվի արտակարգ դրություն հայտարարելու օրվանից, այսինքն՝ մարտի 21-ից: Վճարումները կսկսվեն մայիսին:
2021 թվականից բոլոր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 20 լարիով (շուրջ 6 դոլար), իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 25 լարիով (շուրջ 8 դոլար):
Օգնություն բիզնեսին
Գործատուները, ովքեր չեն ազատում աշխատողներին և պահպանում են նրանց աշխատատեղերը և աշխատավարձը, պետությունից կստանան հարկային արտոնություններ:
Մասնավորապես, առաջիկա վեց ամիսների ընթացքում մինչև 750 լարի (շուրջ 235 դոլար) աշխատավարձերը ամբողջությամբ, իսկ 750 լարիից բարձրը կիսով չափ ազատված են եկամտահարկից:
Այս նպատակի համար բյուջեից կհատկացվի 250 միլիոն լարի (շուրջ 78,5 մլն դոլար):
Կառավարության ծրագրի համաձայն՝ գործարկվելու է ԱԱՀ-ի ավտոմատ վերադարձի մեխանիզմ, և այս տարի բիզնեսը կստանա լրացուցիչ 600 միլիոն լարի (շուրջ 188 մլն դոլար):
Առևտրային բանկերը նույնպես կառավարությունից կստանան 600 միլիոն լարի, որով կկարողանան վարկավորել բիզնեսին:
Լրացուցիչ 500 միլիոն լարի (շուրջ 157 մլն դոլար) բյուջեից կհատկացվի փոքր և միջին ձեռնարկությունների վարկերի համար: Պետությունը վարկի 90 տոկոսի երաշխավոր կլինի, եթե ձեռներեցը որոշի նոր բիզնես սկսել և նոր վարկ վերցնել: Իսկ հին վարկեր ունեցող ընկերություններին պետությունը կօգնի վերակազմավորել վարկերը և կֆինանսավորի վարկի 30 տոկոսը:
Փոփոխություններ են մտցված Էկոնոմիկայի նախարարության «Արտադրիր Վրաստանում» ծրագրում: Հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ձեռնարկությունների վարկերի համաֆինանսավորման ժամկետը կավելացվի 24-ից 36 ամսով: Տոկոսադրույքի համաֆինանսավորման մեխանիզմը նույնպես փոխվում է:
Գյուղատնտեսություն
Կառավարության որոշման համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք այս տարի ամբողջությամբ կազատվեն ոռոգման ջրի վճարից, դուրս կգրվեն ընթացիկ պարտքերը:
Գյուղատնտեսության նախարարությունը միկրոդրամաշնորհների առավելագույն չափը կավելացնի մինչև 30 հազար լարի (շուրջ 9,5 հազ. դոլար) ներկայիս հինգ հազար (շուրջ 1,500 դոլար) լարիի փոխարեն:
Կառավարությունը գյուղատնտեսական վարկերի համար կհատկացնի 50 միլիոն լարի (շուրջ 15,5 մլն դոլար) տարեկան բերք աճեցնելու համար (օրինակ՝ ցորեն, կարտոֆիլ, վարունգ): Վարչապետը կանխատեսում է, որ ծրագրից կարող է օգտվել հինգ հազար մարդ, կառավարությունը ամբողջությամբ կֆինանսավորի նրանց վարկերի տոկոսները:
Երեք տարվա ընթացքում կգրանցվի 1,2 միլիոն հեկտար հող: Վարչապետի խոսքերով՝ հենց այդքան հող է մնացել Վրաստանում առանց գրանցման:
______________________________________________
Ընդդիմության գնահատականները
Գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կտրուկ քննադատության ենթարկեցին կառավարության հակաճգնաժամային ծրագիրը:
Քաղաքագետները գտնում են, որ այն օգնությունը, որը կառավարությունն առաջարկում է բնակչությանը, չի համապատասխանում երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Դա բավարար չէ, և ծրագիրը չի կարող մեղմացնել տնտեսական ճգնաժամի լուրջ հետևանքները մարդկանց համար, ասում են կառավարության ընդդիմախոսները:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը համարում է, որ իրավիճակից ելք կարող է լինել հարկերի կրճատումը և ոչ թե միանվագ օգնության տրամադրումը:
«Մենք լսեցինք վարչապետ Գախարիայի մշուշոտ, ուշացած, մակերեսային, վնասակար բնազդներով և ոչ ադեկվատ չափանիշներով լի ելույթը»,- ասել է կուսակցության ղեկավար Գիգա Բոկերիան:
Բոկերիան չնչին է անվանել օգնության այն չափը, որը պետությունն առաջարկում է քաղաքացիներին, իսկ այն, որ կառավարությունը չի նվազեցնում հարկերը, նրա խոսքերով, «անմիտ» է:
Կառավարությունը չի մշակել տնտեսությունը խթանող համակարգված ծրագիր, որը թույլ կտար գործազուրկներին վերադառնալ աշխատանքի, հայտարարել է «Լելո» քաղաքական միության (հիմնադրվել է անցյալ տարի հայտնի բանկիր Մամուկա Խազարաձեի կողմից) ներկայացուցիչ Բադրի Ջապարիձեն: Իսկ ֆինանսական օգնությունը, որը մարդիկ կստանան, մնալով գործազուրկ, շատ քիչ է:
Ջապարիձեն գտնում է, որ դա ավելի շուտ նախընտրական ծրագիր է, քան ճգնաժամից դուրս գալու ծրագիր: «Նաև կասկած է հարուցում, որ ժամանակացույցը նախատեսված է կես տարվա համար: Վեցերոդ ամիսը համընկնում է ընտրությունների հետ: Հարցը նրանում է, թե ինչու այդ օգնությունը չի կարող տրամադրվել երեք ամսվա ընթացքում», — ասում է Ջապարիձեն:
Վրացական կառավարությունը հնարավորություն ուներ աշխատելու ընդդիմության հետ և մշակելու ազգային համաձայնության հակաճգնաժամային ծրագիր, բայց կառավարությունը այդ հնարավորությունը չի օգտագործել, գտնում է «Քաղաքացիական շարժման» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
«Այդ ծրագրի էությունը պետք է լինի այն, որ տներում փակված մարդիկ ֆիզիկապես փրկված լինեն… Այդ նախարարները և խորհրդարանի նախագահը, որ այնտեղ գոհ նստած են, արժանի են ստիպված լինելու ընտանիքով ապրել ամսական 200 լարիով», — ասում է Էլիսաշվիլին:
Էլիսաշվիլին գտնում է, որ կառավարությունը կարող էր ավելին անել:
«600 միլիոն լարի է կուտակվել կենսաթոշակային ֆոնդին: Մեր բյուջեն 10 միլիարդ լարի է (շուրջ 3,1 մլրդ դոլար): Բյուջեի 30 տոկոսը կարելի է խնայել, եթե կրճատենք ընթացիկ ծախսերը՝ գործուղումները, պարգևավճարները և այստեղ-այնտեղ ուղևորությունները: Դա երեք միլիարդ լարի է (շուրջ 942 մլն դոլար): Մենք նաև արտաքին օգնություն ունենք՝ երեք միլիարդ լարի: Այդ գումարը ճիշտ բաշխելու դեպքում կարելի է իրապես աջակցել մարդկանց և նրանց տալ ամսական 1,200-1,500 լարի (շուրջ 375-470 դոլար): Դրա համար հնարավորություն կա», — ասել է Էլիսաշվիլին:
Վրաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը հաստատվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ: