Հայաստանի իշխանությունները մեղմում են արտակարգ դրության ռեժիմը՝ ավելի շատ ձեռնարկություններ կարող են վերսկսել աշխատանքը
Հայաստանում պարետատունն արդեն երկրորդ անգամ ընդլայնում է բիզնեսի այն ոլորտների ցանկը, որոնք կարող են վերադառնալ աշխատանքի։ Չեղարկվում է շրջանների միջև տրանսպորտային երթևեկության սահմանափակումը։
Սակայն նախկինի պես ուժի մեջ են մարդկանց ազատ տեղաշարժի և քաղաքների ու գյուղերի ներսում հանրային տրանսպորտի երթևեկության սահմանափակումները։
Խիստ սահմանափակումները ներմուծվել էին մարտի 16–ին, երբ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ դրություն հայտարարվեց։
Ապրիլի 14–ին պարետատունը թույլատրեց աշխատանքի վերադառնալ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների մի մասին, շինարարներին և ինժեներներին։ Դրանից հետո Հայաստանում կրկին ավելացել է վարակման դեպքերի թիվը։ Եվ սկսել են մեկուսացվել ամբողջական բնակավայրեր երկրի տարբեր շրջաններում։
Ապրիլի 23–ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 50–ով՝ ընդհանուր առմամբ կազմելով 1523։ Ապաքինվածների թիվը կազմում է 659։ Համաճարակի մեկնարկից ի վեր բուժաշխատողներին չի հաջողվել փրկել 24 օացիենտի, որոնց մոտ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ են եղել։
Բոլոր մանրամասները․ ո՞ր սահմանափակումներն են չեղարկվել և ինչո՞ւ, որտե՞ղ է խիստ կարանտին սահմանվել, ի՞նչ է ասում առողջապահության նախարարը։
Ո՞ր սահմանափակումներն են չեղարկվել
Չեղարկվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը Հայաստանի մայրուղիներում:
Փոխարենը սահմանափակվելու է առանձին քաղաքների և գյուղերի մուտքն ու ելքը, որտեղ վարակի բռնկումներ գրանցվեն։
Այս մասին ապրիլի 23–ին կառավարության նիստին հայտարարել է արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։ Խոսքը պոլիգրաֆիական գործունեության, քարի մշակման, մետաղյա իրերի արտադրության, մեքենաների նորոգման մասին է։ Կվերսկսվի անշարժ գույքի շուկայի հետ կապված կազմակերպությունների աշխատանքը։ Որոշ սահմանափակումներով կարող են բացվել բջջային և ինտերնետ–կապի օպերատորների սպասարկման գրասենյակները։
Տասն օր առաջ արդեն թույլատրվել էր վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը։ Վերսկսվել էր ծխախոտային ապրանքի, ցեմենտի, գիպսի, կրի, մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը, այն ձեռնարկությունների աշխատանքը, որոնք դրանք հավաքելու համար դետալներ են մատակարարում։ Ժամանակավորապես արելված գործունեության ցանկից դուրս էր եկել շինարարության գրեթե ողջ ոլորտը։
Պարետը չի բացառում, որ ոլորտների ցանկը, որոնցում զբաղված անձինք կարող են աշխատանքի վերադառնալ, ավելի ընդլայնվի։
Ինչո՞ւ է բիզնեսին թույլատրվում աշխատել
Դա պարզ է դառնում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքից․
«Վարակի դեմ պայքարի շրջանակում ներմուծված սահմանափակումների պատճառով կարող է ՀՆԱ իրական աճի վրա բացասական ազդեցություն արձանագրվել մինչև 2-2,4%–ով», — ասել է նա։
Կառավարությունը կանխատեսում է, որ տարին փակելու է մինուս երկու տոկոս տնտեսական անկմամբ, և մտադիր է պարտքի տեսքով ներգրավել ավելի քան կես միլիարդ դոլար՝ այդ հետևանքները փոխհատուցելու համար։
«Հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի սպասվող մեծությունը՝ մեր պետական պարտք/համախառն ներքին արդյունք ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ 2019 թվականի արդյունքներով մենք ունեինք կառավարության պարտք/համախառն ներքին արդյունք հարաբերակցության 50 տոկոս մակարդակ», – նշել է ֆինանսների նախարարը։
Կարանտինը շրջաններում
Արտակարգ իրավիճակի ռեժիմը պարետատունն առաջին անգամ մեղմեց ապրիլի 14–ին։ Եվ հաջորդ օրն արդեն լուրեր հայտնվեցին Արարատի մարզի Նորաշեն գյուղը կարանտինի փակելու մասին։
Ապա տեղեկատվություն հայտնվեց Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված միանգամից ինը բուժաշխատողի մասին։
Ապրիլի 18–ին պարետի որոշմամբ Մարալիկում և Շիրակի մարզի Ձորակապ բնակավայրում կարանտին սահմանվեց։ Այն գործելու է մինչև ապրիլի 25–ը:
Գեղարքունիքի մարզում, որտեղ մինչև ապրիլի 11–ը վարակման ոչ մի դեպք չէր գրանցվել, այժմ 47 հիվանդ կա։ Ընդ որում, ըստ մարզպետի, նրանցից 12–ը հիվանդանոցի աշխատակիցներ են, 9–ը՝ պոլիկլինիկայի։
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախ է հայտարարվել Վարդենիսը։ Եվ պարետատունը քաղաքի մուտքի և ելքի սահմանափակում է կիրառել մինչև ապրիլի 28–ը։
Բոլոր բնակավայրերում, որտեղ կարանտին է սահմանվում, հսկիչ անցակետեր են տեղադրվում։
Ի՞նչ է ասում առողջապահության նախարարը
Նախարարը կարծում է, որ, հաշվի առնելով տնտեսական գործունեության որոշ տեսակների թույլտվությունը, պետք է շարունակել կորոնավիրուսի տարածման կանխարգելման բոլոր գործողությունները․
«Թուլանալու կամ զգոնությունը կորցնելու առիթներ չունենք․․․ Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ խոսենք այլ տարբերակների անցնելու մասին: Դեռ հնարավորություն ունենք բոլորին հոսպիտալացնելու, իսկ շատ թեթեւ դեպքերը՝ հյուրանոցային պայմաններում պահելու համար», — ասել է Արսեն Թորոսյանը։
Նապարաի խոսքով, ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում այժմ բուժում է ստանում 840 մարդ։ 10 հիվանդի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։
Մոտ 230 հիվանդի մոտ թոքերի բորբոքում կա։ Թոքերի արհեստական օդափախման սարքերին է միացված հինգ մարդ, նրանցից մեկը 27–ամյա երիտասարդ է, բայց նա ծանր քրոնիկ հիվանդություն ունի։ Բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ՝ նրա նրա կյանքը փրկելու համար։