Կորոնավիրուսը ադրբեջանցի մի ընտանիքի կյանքում. բանջարեղենը՝ այգուց, տարօրինակ տուգանքներ և գումարի պակաս
«Իմ հայրն ապրում է ամառանոցում՝ Թուրքյան գյուղում (Բաքվի կենտրոնից մեկ ժամվա ճանապարհ – JAMnews): Երբ համաճարակը նոր էր սկսում թափ հավաքել, ես և մայրս որոշեցինք առիթից օգտվել և գնալ այնտեղ հանգստյան օրերին: Այն ժամանակ դեռևս կարիք չկար SMS ուղարկել և տանից դուրս գալու թույլտվություն ստանալ: Իրերից վերցրինք միայն մի քանի շապիկ ու գուլպաներ»:
Ուլքերը 22 տարեկան է:
Նա նոր էր ընդունվել աշխատանքի մի հյուրանոցում, երբ Ադրբեջանում սկսվեց կորոնավիրուսի համաճարակը:
«Հաջորդ օրը ամառանոց եկավ հորաքրոջս ընտանիքը:
Հորաքույրս դասավանդում է արվեստների ակադեմիայում, և նրանց աշխատավարձ չեն վճարում: Համարյա նույնը իմ ծնողների մոտ է. հայրս պատվերով կահույք է պատրաստում, մայրս հրուշակագործ է:
Մենք բոլորս որոշեցինք մնալ, որովհետև վարակը սկսել էր տարածվել, իշխանություններն այդ ժամանակ ակտիվորեն կոչ էին անում մնալ տանը. մենք միասին շատ ուրախ ժամանակ էինք անցկացնում: Երեկոյան խաղեր էինք խաղում, երգում էինք կարաոկե: Եղբայրս պրոյեկտոր էր բերել, մենք սավան ամրացրինք վարագույրի վրա և ֆիլմեր էինք դիտում:
Թուրքյան գյուղը ոչ շատ բարեկեցիկ է: Այնտեղ աշխատանք չկա, զբոսաշրջություն չկա, մարդիկ ապրում են հիմնականում այն ամենի հաշվին, ինչ աճեցնում են այգում: Մեկը ձկնորսություն է անում, մյուսը հավ է պահում:
Ինձ դուր էր գալիս բնական մթերքը, որ գնում էինք հարևաններից. մրգեր, բանջարեղեն, հավկիթ, ձուկ, կանաչեղեն: Հարևաններից մեկը՝ հայրիկիս ընկերը, մեզ հյուրասիրում էր խնձորի կոմպոտ և ջեմ՝ սեփական խնձորենիներից:
Շաբաթը մեկ անգամ գնում էինք խանութ լվացքի միջոցների հաց, ծխախոտ կամ թեյ գնելու համար, որոնք մեր այգում չեն աճում:
Առանց իրերի դժվար էր. չէ՞ որ մեզ հետ ոչինչ չէինք վերցրել: Տարածներս լվանում էինք և սպասում մինչև չորանան, որպեսզի հագնեինք:
Մինչ ամառանոց գալը ես ընդունվել էի աշխատանքի մի հյուրանոցում, սակայն չորս օրից, երբ հասկացանք, որ համաճարակը իրական սպառնալիք է, մայրս ինձ թույլ չտվեց գործի գնալ: Իհարկե, ինձ հեռացրին, բայց ես նույնիսկ ուրախ էի, որովհետև այդ չորս օրերը, որ դեռ աշխատում էի, սարսափելի էին՝ հյուրեր չկային, և ջեռուցումը անջատում էին, իսկ մենք շատ էինք մրսում:
Ես չէի մտածում, թե ինձ կվճարեն, բայց աշխատավայրից զանգեցին և ասացին, որ ես պետք է քարտ բացեմ, և նրանք ինձ կուղարկեն 120 մանաթ (շուրջ 70 դոլար): Մենք ուրախ էինք, քանի որ ձեռքներիս գումարը համարյա վերջացել էր: Որոշեցինք քաղաք գնալ՝ քարտ բացել և միաժամանակ վերցնել անհրաժեշտ իրերը:
Սակայն ճանապարհին մեզ կանգնեցրեց ճանապարհային ոստիկանությունը. տուգանեցին 100 մանաթով (շուրջ 60 դոլար): Ոստիկանի համար միևնույն էր, որ մենք մեքենայում էինք, դիմակներով, ձեռնոցներով, և գնում էինք տուն անհրաժեշտ իրերի հետևից, քանի որ նա նույնիսկ չհարցրեց մեզ, թե ուր և ինչու ենք գնում: Ասաց, որ տուգանում է պարզապես այն բանի համար, որ մենք տանը չենք, և մենք կարող ենք բողոքարկել տասն օրվա ընթացքում, և ընդհանրապես, նա կանգնած է այդտեղ մեզ համար և իր պարտքն է կատարում: Արձանագրության մեջ, չգիտես ինչու, նշված չէ տուգանքի պատճառը և չափը:
Երբ մենք փորձեցինք «գլուխ հանել» ոստիկանության հետ, մեզ ասացին, որ կարանտինից հետո կլուծեն այդ հարցերը: Ամեն դեպքում, միևնույն է, մենք գումար չունենք տուգանքը վճարելու համար:
Այժմ մենք նստած ենք տանը. որոշեցինք ամառանոց չվերադառնալ: Ես գրանցվել եմ այն կայքում, որտեղ դու լրացնում ես քո տվյալները, և «վերևից» ինչ-որ մեկը որոշում է՝ տա՞լ քեզ 190 մանաթ ($118)՝ որպես կորոնավիրուսից տուժած, թե՞ ոչ: Ոչինչ չտվեցին:
Ես աշխատանք գտա, տեսազանգով հարցազրույց անցա, և ինձ ընդունեցին որպես մենեջեր խաղալիքների մեծ խանութում: Մի քանի օրից կգնամ: Չնայած բոլոր արգելքներին և կարանտինի, չգիտես ինչու, այն աշխատում է:
Ես ամաչում եմ, որ խախտում եմ ինքնամեկուսացումը, բայց իմ գրպանում մնացել է ընդամենը 80 մանաթ ($47)»: