Հայաստանում առցանց հավելվածն օգնում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակվածներին
Հայաստանում ապրիլի 9–ին կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 921–ի։ Ապաքինվել է 138 մարդ, տասը մարդ մահացել է։
Հայաստանում առցանց հավելվածի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված չորս քաղաքացիների։ Խոսքը գում է Covid-19 Armenia հավելվածի մասին, որը ստեղծվել է կառավարության նախաձեռնությամբ։ Ապրիլի 1–ին Ազգային ժողովի պատգամավորները քվեարկել են սկանդալային օրենքի ընդունման օգտին, որը թույլ է տալիս հսկել մարդկանց տեղաշարժը՝ շնորհիվ այդ հավելվածի։
Կառավարության այդ նախաձեռնությանը սատարել են միայն իշխող դաշինքի պատգամավորները։ Ընդդիմությունը նույնիսկ չի մասնակցել օրենքի քվեարկությանը, որը պետական մարմիններին թույլ է տալիս մարդկանց տեղաշարժին և շփմանը հետևել բջջային հեռախոսների հավելվածի միջոցով։
Ապրիլի 5–ին փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում նաև պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել էր Covid-19 Armenia հավելվածը։ Իսկ ապրիլի 8–ին կառավարությունն արդեն հաղորդել է դրա շնորհիվ գրանցած հաջողությունների մասին։
Թեստ անցնելուց հետո 1500 օգտատեր «կարմիր գոտում» է հայտնվել, 31 մարդ մեկուսացվել է, չորս հոգու կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Համաճարակ, արտակարգ դրություն Երևանում, ի՞նչ տեսք ունի այն։ Տեսանյութ
Ինչպե՞ս է աշխատում հավելվածը
Բջջային հավելվածի գործարկումից առաջ պարզ չէր, թե ինչ է այն իրենից ներկայացնում և ինչպես է գործելու։
Այժմ պատկերն ավելի հստակ է։ Համակարգը յուրօրինակ թեստ է։ Օգտատերը, որն այն ներբեռնել է, անցնում է թեստն ու դրա արդյունքով պարզում, արդյոք ինքը վարակման ռիսկ ունի։
Յուրաքանչյուր անձի պատասխանների հիման վրա հավելվածը գնահատում է նրա առողջական վիճակն ու անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս։
Նրանց հետ, ովքեր, ըստ համակարգի գնահատականի, ռիսկի գոտում են, կապվում են համաճարակաբանները, որոնք էլ որոշում են, թե արդյոք պետք է նրան բուժել։ Այդ առումով կարևոր է ճիշտ տվյալներ նշել, որպեսզի բժիշկները կապվեն միայն այն մարդկանց հետ, որոնք իրոք օգնության կարիք ունեն։
Ապրիլի 8–ի դրությամբ հավելվածն արդեն ներբեռնվել է 40 հազար անգամ, առցանց թեստավորում է անցել 240 հազար մարդ։
Թվերի տարբերությունը բացատրվում է նրանով, որ օգտատերի կողմից թեսթն անցնելու քանակական սահմանափակումներ չկան։
Նրանցից 1500–ը հայտնվել են վտանգավոր գոտում։ Այս մասին հաղորդել է պարետի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրն առանձնացրել է նրանցից 31-ին, 12 մարդ թեստավորվել է․
«8 քաղաքացիների թեստերը բացասական են եղել, 4–ինը՝ դրական, մնացածների արդյուքները դեռ չեն ստացվել»։
Բագրատ Բադալյանը պարզաբանել է նաև, որ հավելվածի ներբեռնումը պարտադիր չէ։
Մինչև այս պահն այդ հարցն անհանգստացնում էր երկրի բազմաթիվ բնակիչների։ Սոցցանցերում ծավալվող քննարկումներից նաև պարզ է դառնում, որ մարդիկ չեն վստահում կառավարության պնդումներին, թե նրանց անձնական տվյալները ոչնչացվելու են արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո։
Իսկ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ հավելվածի նպատակը միայն կորոնավիրուսի տարածումը կանխելն է։
Թեստն անցածների նկատմամբ վերահսկողության մասին
Ծրագիրն այն ներբեռնած անձանց ցուցումներ է ուղարկում նաև ինքնամեկուսացման վերաբերյալ։
Եվ եթե դրանից հետո քաղաքացին լքում է ինքնամեկուսացման վայրը, համակարգը նրա գտնվելու վայրի մասին տվյալներն ավտոմատ կերպով փոխանցում է ոստիկանությանը։
«Այդ պահին հատուկ խումբը դեպքի վայր է մեկնում։ Եթե անձը լքել է այդ վայրը, ապա նա վարչական տուգանքի է ենթարկվում, եթե դա կրկնվում է մի քանի անգամ, անձը տեղափոխվում է մեկուսացման վայր», — հաղորդել է պարետի խորհրդական Բագրատ Բադալյանը։
Դրանով առցանց վերահսկողությունը չի սահմանափակվում։ Ինքնամեկուսացված քաղաքացուն հաղորդագրություն է գալիս սելֆի ուղարկելու պահանջով, որպեսզի պարզ լինի, որ նա տանն է։ Ընդ որում, այդ հաղորդագրություններն անսպասելի են գալիս, այլ ոչ թե որոշակի պարբերականությամբ։ Դա արվում է նրա համար, որպեսզի դժվար լինի դրանք շրջանցելը։
Կառավարությունը ևս մեկ անգամ հայտարարում է․ քաղաքացիների տեղաշարժի մասին բոլոր տվյանլերը պահվելու են միայն Հայաստանի արդարադատության նախարարությունում և հեռացվելու են արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո։
Խորհրդարանի հաստատած նախագծի մասին
Արտակարգ դրության պայմաններում մարդկանց տեղաշարժի և շփման շրջանակի առցանց վերահսկման մասին օրինագիծը խորհրդարանում բուռն քննարկում էր առաջացրել։ Ընդդիմությունը կտրականապես դեմ էր, որ թույլատրվի հետևել քաղաքացիների գտնվելու վայրին և հեռախոսազանգերին։
Սակայն իշխող մեծամասնությունը բավականաչափ ձայն ունի, և մարտի 31–ին, թեև երկրորդ փորձից, բայց օրենքն ընդունվել էր։
Ընդդիմությանը հետևյալ հարցերն էին հետաքրքրում․
- երկրի քաղաքացիների անձնական տվյալների օգտագործումը,
- ո՞ր հաստատությունն է զբաղվելու տեղեկության հավաքագրմամբ և վերահսկմամբ,
- տեխնիկական և տեղեկատվական անվտանգության ի՞նչ մեթոդներ են կիրառվելու։
Նշվում էր, որ պարզելու համար, թե որտեղ է գտնվում այս կամ այն անձը, նրա հեռախոսազանգերը վերահսկելու անհրաժեշտություն չկա, քանի որ հեռախոսազրույցը կենդանի շփում չի ենթադրում։
Ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բազմիցս վստահեցրել է, որ հեռախոսազանգերի բովանդակությունը չի գաղտնալսվելու․
«Ոչ մի գաղտնալսում չի կարող լինել։ Միայն վերահսկողություն է իրականացվելու այն անձանց նկատմամբ, ում հետ շփվել է կորոնավիրուսով հիվանդը՝ պահպանելով քաղաքացիների իրավունքները»։