Վրաստանում կլուծարվի Պետական դրամաշնորհների կառավարման գործակալությունը
Վրաստանի Պետական դրամաշնորհների գործակալության լուծարումը
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Պետական դրամաշնորհների կառավարման գործակալության լուծարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է նոյեմբերի 24-ին և ստորագրվել վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից։
Որոշման համաձայն՝ մինչև լուծարման գործընթացի ավարտը՝ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ը, գործակալությունը պարտավոր է ապահովել «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ավելին, գործակալությունը պետք է չեղյալ հայտարարի իր նախագահի 2025 թվականի հուլիսի 18-ի հրամանը, որը սահմանում էր պետական դրամաշնորհների տրամադրման և դրանց օգտագործման վերահսկողության կանոնները։
Գործակալության լուծարման գործընթացը վերահսկելու համար ստեղծվում է հատուկ լուծարման հանձնաժողով:
Նրա պարտականությունների մեջ է մտնում գործակալության ակտիվների, ընթացիկ պարտավորությունների և պաշտոնական փաստաթղթերի, այդ թվում՝ արխիվային նյութերի, լիարժեք գույքագրումը։
Հանձնաժողովը որոշելու է նաև այն կազմակերպությունները, որոնց կփոխանցվեն գործակալության ակտիվները, պարտավորությունները և փաստաթղթերը: Ավելին, անհրաժեշտության դեպքում այն նշանակելու է պատասխանատու մարմին։ Վերջինս պետք է իրականացնի վերահսկողություն կազմակերպությունների՝ գործակալության հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ:
Նախապատմություն
Գործակալության ստեղծմանը նախորդել էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Դրամաշնորհների մասին» օրենքում մտցված փոփոխությունները: Այդ փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա դոնորները Վրաստանում գործող կազմակերպություններին կամ անհատներին դրամաշնորհներ տրամադրելուց առաջ պետք է ստանան Վրաստանի կառավարության կամ նրա լիազոր մարմնի նախնական համաձայնությունը: Ըստ օրենքի՝ նման համաձայնության բացակայության դեպքում դրամաշնորհ ընդունելը ենթադրում է տուգանք՝ դրամաշնորհի գումարի կրկնապատիկի չափով:
Փոփոխությունների ընդունմանը զուգընթաց կառավարությունը հայտարարեց պետական ֆինանսավորման նոր մեխանիզմի ստեղծման մասին: Կառավարության փոխանցմամբ՝ գործակալության նպատակն է աջակցել քաղհասարակության այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը համապատասխանում է երկրի զարգացման առաջնահերթություններին: Գործակալության ստեղծման և գործունեության, ինչպես նաև դրա կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար 2025 թվականի պետական բյուջեից հատկացվել էր ընդհանուր առմամբ 20 միլիոն լարի (մոտ 7.7 միլիոն դոլար):
2025 թ․-ի հուլիսին գործակալությունը հայտարարեց իր առաջին դրամաշնորհային մրցույթի մասին: Նախագծերի համար առավելագույն ֆինանսավորումը սահմանվել էր 100․000 լարի (մոտ 38․615 դոլար), մինչդեռ կազմակերպությունների զարգացման համար նախատեսված դրամաշնորհները կարող էին հասնել 700․000 լարիի (մոտ 270․306 դոլար):
Քննադատները պնդում էին, որ կառավարությունը մտադիր է պետական դրամաշնորհներն օգտագործել՝ ֆինանսավորելու համար այն կազմակերպություններին, որոնց հայացքները համընկնում են իր սեփական քաղաքական առաջնահերթությունների հետ, միաժամանակ սահմանափակելով արտաքին ֆինանսավորումը՝ մի քայլ, որը խոչընդոտում էր քաղհասարակության անկախ կազմակերպությունների գործունեությունը։
2026 թ․-ի սեպտեմբերին Իրակլի Կոբախիձեն հայտարարեց գործակալությունը փակելու որոշման մասին։
Նա նշեց, որ ոչ կառավարական կազմակերպությունները ծառայում են որպես արտաքին քաղաքական միջամտության գործիքներ, և որ պետությանը վայել չէ դրանց ստեղծումը կամ ֆինանսավորումը։
Կոբախիձեի հայտարարությունից հետո Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Նոնա Կուրդովանիձեն ընդգծեց, որ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ գործակալության կողմից 2025 թ․-ին հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի միջոցով ֆինանսավորվել է 17 նախագիծ՝ ընդհանուր 1․657․775 լարի (մոտ 640․153 դոլար)։ Նա նշեց, որ ֆինանսավորում ստացած որոշ կազմակերպություններ ստեղծվել են մրցույթի անցկացումից կարճ ժամանակ առաջ։
Կառավարության՝ նոյեմբերի 24-ի որոշման համաձայն՝ գործակալության լուծարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի Պետական դրամաշնորհների գործակալության լուծարումը