Պայթյուն Թբիլիսիում. նոյեմբերի 22-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Պայթյուն Թբիլիսիում
Թբիլիսիի Պոնիչալա արվարձանում բնակելի շենքում գազի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Նրանց թվում են երկու մանկահասակ երեխաներ, որոնք մահացել են իրենց մայրերի հետ։
Հինգ տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Հիվանդանոցում բուժում է ստանում նաև երկու անչափահաս։ Ավերածությունների հետևանքով 28 ընտանիք անօթևան է մնացել։ Նրանք գիշերում են հյուրանոցներում։

Վեց զոհերի լուսանկարները նրանց տան կողքին գտնվող այգում։ Հարևաններն այնտեղ են նրանց հիշատակը հարգում
Ի՞նչ է կատարվում այն տան մոտ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը
Պոնիչալա գյուղի ստորին հատվածում, որտեղ նոյեմբերի 19-ի առավոտյան գազի պայթյունի հետևանքով փլուզվել են բնակելի շենքի երկու մուտքերը, տարածքը շարունակում է շրջափակված լինել դեղին ժապավենով: Փրկարարները շարունակում են աշխատել:
Բակում կայանված են շինարարական աղբով լի բեռնատարներ: Փրկարարները մաքրում են փլուզված շենքից բետոնե բեկորները:
Տան մոտ գտնվող այգում ինքնաշեն հուշարձան է ստեղծվել. զոհերի լուսանկարներ, ծաղիկներ, մոմեր և գունագեղ փափուկ խաղալիքներ: Փոքրիկ աղջիկները սև ժապավեններ են կապում հուշարձանի վրա:

Պայթյունի վայրի շենքի մոտ գտնվող այգին։ Լուսանկարը՝ Interpressnews-ի
Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում անձրև է գալիս։ Հուշարձանը ծածկել են բրեզենտով, որպեսզի զոհերի լուսանկարները, ծաղիկները և մոմերը չթրջվեն:
Զոհերի հարազատները, հարևաններն ու ծանոթները գալիս են այգի։ Ոչ ոք չի կարողանում խոսել տեղի ունեցածի մասին։ Մարդիկ դեռևս չեն կարողանում զսպել իրենց արցունքները։
Մահացած երեխաների դասընկերներն ու ընկերները նույնպես գալիս են։ Նրանք տասնյակ փափուկ խաղալիքներ են բերում։
Փրկված բնակիչները փրկարարների օգնությամբ վերադառնում են ավերված բնակարաններ՝ անձնական իրերը հավաքելու։ Դրանք տանում են պլաստիկ տոպրակներով։
«Սարսափելի դղրդյուն լսվեց, մտածեցինք՝ երկրաշարժ է». ի՞նչ է տեղի ունեցել Պոնիչալայում
Նոյեմբերի 19-ի առավոտյան Պոնիչալայում՝ Ռուսթավի մայրուղու 16 հասցեում, հզոր պայթյուն է որոտացել։ Ժամը մոտավորապես իննին։ Մարդիկ պատրաստվում էին գնալ դպրոց և աշխատանքի։ Ոմանք արդեն դրսում էին։
Պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի բնակելի շենքի հինգերորդ հարկում բնական գազի կուտակման հետևանքով։ Հարվածային ալիքը ամբողջությամբ ոչնչացրել է շենքի մի մասը, փլուզել միջհարկային հատվածներն ու հաշված վայրկյանների ընթացքում շենքի երկու մուտքերը վերածել բետոնի կույտի։
Մարդիկ ցատկել են պատուհաններից՝ փորձելով փրկվել։
Հարվածային ալիքը հինգերորդ հարկի բնակարանից դուրս է շպրտել մի երիտասարդի՝ այն բնակարանի տիրոջը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա այժմ հոսպիտալացված է ծանր այրվածքներով։
«Սարսափելի որոտ լսվեց, ամեն ինչ դղրդաց։ Սկզբում մենք կարծեցինք, թե երկրաշարժ է»,- հիշում են շենքից հրաշքով փրկվածները։
Յոթ մարդ մնացել է փլատակների տակ։
Հարևանները պատմում են, որ պայթյունից հետո առաջին րոպեներին լսել են փլատակների տակ մնացած մի քանի մարդկանց հուսահատ ճիչերը։ Նրանք թաղված էին հսկայական բետոնե սալիկների տակ, ինչը անհնար էր դարձնում նրանց հասնելը։
Յոթից միայն մեկին՝ 3-ամյա Տայային է հաջողվել ողջ դուրս բերել։
Մնացած վեցին մահացած են գտել։ Փրկարարական գործողությունն ավարտվել է կեսգիշերին։
Նոյեմբերի 22-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։
Փրկվածները. Երեխաները կլինիկայում են, 31-ամյա տղամարդը՝ ծայրահեղ վիճակում
Բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո 5 անձ տեղափոխվել է կլինիկա: Չորսը հոսպիտալացվել են միջադեպից անմիջապես հետո: Մեկ այլ տուժած՝ երեք տարեկան աղջիկ, ավելի ուշ է տեղափոխվել հիվանդանոց:
Հինգ տուժածներից երեքը մնում են կլինիկայում: Նրանց շարքում են երկու անչափահասներ՝ 11-ամյա Անդրիան և 3-ամյա Տայան:
Նոյեմբերի 20-ի դրությամբ երկու երեխաներն էլ գտնվում են կայուն և բավարար վիճակում: Բժիշկների խոսքով՝ երեխաների հետ աշխատում է նաև հոգեբան: Երեք տարեկան աղջիկը, ենթադրաբար, կլինիկայից դուրս կգրվի 11-ամյա տղայից ավելի շուտ:
Երրորդ տուժածը՝ 31-ամյա տղամարդը, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում:
Մյուս երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և արդեն դուրս են գրվել կլինիկայից:
3-ամյա Տայան ութ ժամ մնացել է փլատակների տակ

Տայային փրկելու կադրերը
Երեքամյա Տայան այս ավերիչ փլուզումից միակ փրկվածն էր։ Նա ութ ժամ անցկացրել է փլատակների տակ։
Հրշեջ և փրկարար Գագա Գիգաշվիլին նկարագրում է փրկարարական գործողությունը.
«Նա թաղված էր մոտ երեք հարկի փլատակների տակ՝ սալիկներ, բետոնե բլոկներ և փայտե կառույցներ։ Երբ մենք հասանք նրան, միայն ոտքն էր երևում։ Երբ դիպչեցինք նրան, մի փոքր շարժեց ոտքը։ Հետո մենք հասանք նրա ձեռքին։ Ձեռքում խաղալիք և մազակալ կար. բռնել էր բռունցքում այդ 8 ժամվա ընթացքում։ Երբ բացեցինք նրա ձեռքը, վերցրինք մազակալը, սեղմեցինք նրա ձեռքը և խնդրեցինք նրան սեղմել մերը, եթե լսում է մեզ։ Երբ նա սեղմեց մեր ձեռքը, հասկացանք, որ գիտակից է, արձագանքում է»։
Անհնար է առանց հույզերի նայել աղջնակին փրկելու կադրերը։ Նրա հագին է կապույտ շապիկ, որը հողով է պատվել, և սպիտակ զուգագուլպաներ։ Նրա դեմքը նույնպես ծածկված է կեղտով և բետոնե փոշով։ Փրկարարները նրան դուրս են բերում փլատակների տակից։
«Մեր սիրելի»,- լսվում է փրկարարներից մեկի ձայնը։ Դա Գագա Գիգաշվիլին է։ Նրա դեմքը աղավաղված է պահի լարվածությունից։
Գագան փոքրիկ աղջկան հանձնում է մեկ այլ փրկարարի։ Նա նրան գրկած վազում է շտապօգնության մեքենայի ուղղությամբ։
Տան դիմաց հավաքված է հսկայական ամբոխ։ Մարդիկ ծափահարություններով և արցունքներով են դիմավորում Տայային։
Այդ պահին արդեն հայտնի էր, որ Տայայի մայրն ու նրա 7-ամյա քույրը մնացել են փլատակների տակ։
11-ամյա Անդրիան լուրջ վնասվածքներ է ստացել
Տասնմեկամյա Անդրիան շարունակում է մնալ հիվանդանոցում։ Նա այնտեղ է տեղափոխվել մոր՝ 38-ամյա կնոջ հետ։ Ինգորոկվա կլինիկայի բժիշկ Գիա Բիբիլաշվիլիի խոսքով՝ երեխան հիվանդանոց է ընդունվել մորից ավելի ծանր վնասվածքներով։
Անդրիան ստացել է գլխուղեղի օջախային վնասվածք, մի քանի կոնտուզիա, թոքերի կոնտուզիա, գանգի կոտրվածքներ, ականջի արտաքին վնասվածք, մաշկի և փափուկ հյուսվածքների բազմաթիվ վնասվածքներ։ Ականջի վնասվածքի պատճառով նաև պլաստիկ վիրահատության կարիք է ունեցել։
Տղայի վիճակը ներկա պահին համեմատաբար կայուն է։ Շուտով նրան վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ։
Անդրիայի մայրը գլխուղեղի ցնցում է ստացել, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
31-ամյա Իլյա Իսաևը՝ նա, ում բնակարանում տեղի է ունեցել պայթյունը
Ամենածանր վնասվածքներն ստացել է 31-ամյա Իլյա Իսաևը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել մարմնի 87%-ը ծածկող այրվածքներով։ Այրվածքաբանության կենտրոնի բժիշկների խոսքով՝ վնասվել են նաև նրա շնչուղիները։
Սկզբում Իլյան գիտակից է եղել։ Նույնիսկ հոսպիտալացվելուց առաջ հասցրել է նկարագրել, թե ինչպես է տեղի ունեցել պայթյունը։
Իլյան այդ բնակարանում մշտապես չի բնակվել։ Նա Բաթումիից Թբիլիսի է վերադարձել դեպքից ընդամենը մեկ օր առաջ։ Ասել է, որ այդ գիշեր փորձել է միացնել գազի ջեռուցիչը, բայց չի կարողացել։ Առավոտյան նա կրկին փորձել է։ Այդ պահին տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն Իլիային դուրս է շպրտել բնակարանից։
Նա այժմ հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին։ Բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել ծայրահեղ։
Ո՞վքեր զոհվեցին Պոնիչալայի պայթյունի հետևանքով, ի՞նչ է հայտնի նրանց մասին
Մահացածների թվում էին երկու մայրեր՝ երեխաների հետ՝ երիտասարդ կանայք և նրանց փոքրիկ դուստրերը։ Մահացել են նաև 54-ամյա կին և 28-ամյա տղամարդ։
Նինո Չելիձեն և նրա 7-ամյա դուստրը՝ Նուցան

Նինո Չելիձեն երեք տարեկան Տայայի մայրն է։ Նա մեծացնում էր հինգ երեխա և աշխատում էր հագուստի խանութում։
Պայթյունի պահին Նինոն տանն էր երկու երեխաների՝ երեք տարեկան Տայայի և յոթ տարեկան Նուցայի հետ։ Նրանց հայրը դպրոց էր տարել մյուս երեք երեխաներին։
Նինոյի մարմինը հայտնաբերվել է Տայային փլատակներից դուրս բերելուց կարճ ժամանակ անց։ Նուցան գտնվել է շատ ավելի ուշ՝ երկար ժամերի որոնումներից հետո։
«Նինոն և նրա ամուսինը մեծացնում էին հինգ հրաշալի երեխաների։ Նրանք շատ երջանիկ էին։ Շատ կենսուրախ, լավ մարդիկ։ Եվ հանկարծ ամեն բան փլուզվեց։ Խոսքեր չունեմ։ Երբ Տայան գտնվեց, ես իսկապես հույս ունեի, որ մյուսներին էլ ողջ կգտնեն, բայց, ցավոք, այդպես չեղավ»,- ասում է ընտանիքի մտերիմ ընկերը։
Վերիկո Վանիշվիլին և առաջին դասարանցի Արիանան

Վերիկո Վանիշվիլին ապրում էր Պոնիչալայի նույն տանը՝ երկրորդ հարկում, իր վեցամյա դստեր՝ Արիանա Ռիստիչի հետ։ Մայրն ու դուստրը այդ առավոտ տանն էին։
Վերիկոն աշխատում էր Grand Bellagio խաղատանը՝ որպես մարքեթինգի ղեկավար։
«Նրա ժպիտը, անկեղծությունը և նվիրումն աշխատանքին հավերժ կմնան մեր թիմի հուշերում»,- ասված է խաղատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
Արիանային հիշում են Թբիլիսիի թիվ 58 մանկապարտեզի աշխատակիցներն ու նրա դասընկերները։
«Դու հավերժ կմնաս մեզ համար մեծ ցավ, անդառնալի կորուստ, դատարկություն և չբուժվող վերք՝ մեր պայծառ, ուրախ, բարի և քաղցր աղջիկ»,— գրել են մանկապարտեզի աշխատակիցները։
«Արիանա, դու մեր դպրոցի մի փոքր մասն էիր և միշտ կմնաս այդպիսին։ Դժվար է հաշտվել այն փաստի հետ, որ քո մանկական ժպիտն այլևս չի լուսավորի մեր դասարանը»,- նշել է «Հելիոս» մասնավոր դպրոցի ադմինիստրացիան։
Լալի Շիշմանաշվիլին՝ «երկվորյակների մայրը»

54-ամյա Լալի Շիշմանաշվիլին ապրում էր առաջին հարկում: Նրա երկվորյակ դուստրերը նույնպես շենքում էին, երբ պայթյունը տեղի ունեցավ։
Հարևանները պատմում են, որ երբ փլուզումը սկսվել է, Լալին հասցրել է գոռալ դուստրերին, որ ցատկեն պատուհանից: Աղջիկներին հաջողվել է փրկվել:
«Մայրիկը հասցրեց գոռալ՝ «Ցատկե՛ք»,- հիշում է հարևաններից մեկը: «Երկվորյակների մայրը»,- այդպես էին հարևաններն անվանում Լալիին։
Նրա խոսքով՝ Լալին օգնություն էր կանչում և աղաչում փրկել իրեն՝ ասելով, որ վախենում է մթությունից։
«Նրա ննջասենյակի դուռը փակված էր բետոնե սալիկներով, իսկ սենյակի մի սալիկը փլուզվել էր: Ոչ ոք չէր կարող օգնել նրան: Ես անընդհատ ասում էի նրան. «Փրկարարներն արդեն այստեղ են, շուտով քեզ դուրս կհանեն»,— հիշում է հարևանուհին։
Լալին բանասեր էր և տանը կրկնուսույց էր աշխատում:
«Մայր, որն ապրում էր իր երեխաների համար»։ Ամեն ինչ անում էր, որ նրանց լավ կյանքով ապահովի»,- հիշում է Լալիի ընկերուհին, ով ամբողջ գիշերն անցկացրել է տան մոտակայքում՝ հույս ունենալով, որ ընկերուհուն կփրկեն։
Ջաբա Սակեվարաշվիլի, 28-ամյա առաքիչը

Պոնիչալայի պայթյունի մեկ այլ զոհ էր 28-ամյա Ջաբա Սակեվարաշվիլին։ Նա աշխատում էր «Վրաստանի փոստ»-ում՝ որպես առաքիչ։
Ընկերությունը նրան հիշում է որպես պատասխանատու, աշխատասեր և նվիրված աշխատակցի։
Ջաբայի ընկերոջ խոսքով՝ երիտասարդը վերջերս էր տեղափոխվել այդ բնակարան։
28 ընտանիք մնացել է անօթևան, 62-ը շարունակում են ապրել նույն շենքում
Շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, բազմաբնակարան է՝ վեց մուտքով։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ շենքում ապրել է 90 ընտանիք։ Պայթյունից անմիջապես հետո բոլոր բնակիչները տարհանվել են:
Սկզբում Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել էր, որ պատրաստ է բոլոր տարհանվածներին տեղավորել հյուրանոցներում։ Նույն օրը քաղաքային ծառայությունները շենքում ստուգում են անցկացրել։ Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է, որ խնդիրներ կան միայն երկու մուտքերի հետ՝ այն մեկի, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, և այն մեկի, որը հարակից է։ Շենքի մյուս չորս մուտքերը բնակելի են։
Երկու փլուզված մուտքերում բնակվող 28 ընտանիքները՝ ընդհանուր առմամբ 143 մարդ, այժմ գիշերում են հյուրանոցներում։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ քաղաքապետարանը նրանց կառաջարկի բնակարանների փոխարինման ծրագիր։ Մինչև նոր բնակարանների կառուցումը ընտանիքները կտեղավորվեն վարձակալված բնակարաններում։ Վարձը կվճարի քաղաքապետարանը։

Ընտանեկան լուսանկարների ալբոմների մնացորդներ ավերված տան մոտ։ Լուսանկարը՝ Առաջին ալիքի
Նոյեմբերի 20-ի ուշ երեկոյան «Վրացական երազանք» կուսակցությունը տարածեց Բիձինա և Էկա Իվանիշվիլիների ցավակցական նամակը։ Նամակում նշվում էր, որ Իվանիշվիլի զույգը բնակարաններ կգնի անօթևան մնացած 28 ընտանիքների համար։
Այս հայտարարությունը հաջորդեց Թբիլիսիի քաղաքապետի ավելի վաղ արված հայտարարությանը։ Ներկայումս հայտնի չէ, թե որտեղ է Իվանիշվիլի զույգը բնակարաններ գնելու, չեն հաղորդվել նաև նոր բնակարան ստանալու ժամկետները և այն, թե ինչպես է բաշխվելու աջակցությունը։ Պարզ չէ նաև, թե ինչպես է այս նախաձեռնությունը համատեղվելու քաղաքապետարանի՝ բնակարանի փոխարինման ծրագրի հետ։
Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ բնակարանային փոխարինման ծրագրին մասնակցելու հնարավորություն կտրվի նաև շենքի՝ թիրախ դարձած մյուս մուտքերի բնակիչներին։ Սա ներառում է 62 ընտանիք, որոնք դեռևս շարունակում են ապրել նույն շենքում։
Հնարավո՞ր էր կանխել ողբերգությունը. կպարզի քննությունը
«Թբիլիսի Էներջի» գազաբաշխիչ ընկերության տեխնիկական տնօրենի տեղակալ Գիորգի Լեֆսվերիձեն հայտարարել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ընկերության տվյալների բազայում գրանցված է որպես գազամատակարարում չունեցող։
Նրա խոսքով՝ 2025 թ.-ի դեկտեմբերից մինչև պայթյունի օրը այդ հասցեում գազի սպառում չի գրանցվել, իսկ բաժանորդն ամեն ամիս զրոյական հաշիվներ է ստացել։ Ընկերությունը հայտնել է նաև, որ վերջին 2 տարիների ընթացքում այդ հասցեից գազի հոտի մասին որևէ հաղորդում չի ստացվել։
Լեֆսվերիձեն նշել է, որ շենքում պլանային ստուգումներ են անցկացվել 2025 թ.-ի հունվարին և 2026 թ.-ի հունվարին։ Սակայն 2026 թ.- ի հունվարին ընկերության աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել այն բնակարան, որտեղ հետագայում տեղի է ունեցել պայթյունը։ Հարևանների օգնությամբ նրանք կապ են հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ։ Սեփականատերը հայտնել է, որ գտնվում է Թբիլիսիից դուրս և խոստացել է վերադառնալուց հետո մուտք ապահովել ստուգման համար։
Քննությունը կպարզի, թե որն է եղել պայթյունի կոնկրետ պատճառը և թե ով է դրա համար պատասխանատու։ Քննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով՝ շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում:
Էներգետիկ հարցերով օմբուդսմենի գրասենյակն անցկացնում է միջադեպի հանգամանքների վերաբերյալ իր սեփական հետաքննությունը։ Ողբերգության օրը գերատեսչությունը համապատասխան տեղեկատվություն է խնդրել «Թբիլիսի Էներջի»-ից։
Մեկանգամյա միջադե՞պ, թե՞ համակարգային խնդիր. Թբիլիսին հիշում է նման ողբերգությունները
Պոնիչալայում տեղի ունեցած միջադեպը առաջին նման դեպքը չէ։ Թբիլիսիում երկար տարիներ պարբերաբար գազի արտահոսքի հետևանքով պայթյուններ են տեղի ունենում։ Երբեմն դրանք հանգեցնում են զոհերի, երբեմն այնպիսի ավերածությունների, որոնց հետևանքով տասնյակ ընտանիքներ ժամանակավորապես անօթևան են դառնում։
2019 թվականին FactCheck-ը հրապարակեց վիճակագրություն՝ հիմնված «КазТрансГаз»-ի տվյալների վրա։
«КазТрансГаз»-ի տվյալների համաձայն՝ 2016 թ.-ից մինչև 2019 թվականի առաջին եռամսյակ Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունների և թունավորումների հետևանքով մահացել է 101 մարդ, իսկ ևս 285-ը՝ թունավորվել։
Յուրաքանչյուր նման ողբերգությունից հետո քննարկում է ծավալվում պատասխանատվության մասին. ո՞վ է պատասխանատու նման միջադեպերի համար: Ո՞վ է պատասխանատու բնակելի շենքերի կայունության և գազաբաշխման ցանցերի շահագործման և անվտանգության ստուգման համար։
Այժմ նոր հարցեր են առաջ եկել. ի՞նչ է տեղի ունենում, եթե գազային ընկերության աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել բնակարան: Արդյո՞ք գազի սպառման բացակայությունը նշանակում է, որ բնակարանն անվտանգ է: Ի՞նչ մեխանիզմներ են գործում, եթե սեփականատերը երկար ժամանակով բացակայում է, իսկ տեխնիկական ստուգում անցկացնելն անհնար է։
Ինժեներ և պրոֆեսոր Թեմուր Միկիաշվիլին Netgazeti-ին տված մեկնաբանության մեջ նշում է, որ գազի սպառման պակասը չի երաշխավորում անվտանգությունը: Նա բացատրում է, որ հաշվիչը կարող է չգրանցել փոքր արտահոսքը, իսկ փակ բնակարանում գազը կարող է ժամանակի ընթացքում կուտակվել։
Նա նաև նշում է, որ գազային սարքավորումները միացնող պլաստիկ խողովակների և ռետինե խողովակների մաշվածությունը կարող է աննկատ արտահոսքերի պատճառ դառնալ:
Մասնագետի խոսքով՝ գազի դետեկտորները՝ սարքերը, որոնք ձայնային ազդանշան են տալիս կամ ծանուցում են ուղարկում արտահոսքի դեպքում, կարևոր կանխարգելիչ միջոց են: Կան նաև մոդելներ, որոնք թույլ են տալիս ավտոմատ կերպով անջատել գազի մատակարարումը:
Թբիլիսիի ևս մեկ խնդիր՝ բնակելի շենքերի մաշվածությունը
Թբիլիսիի խնդիրը չի սահմանափակվում միայն գազամատակարարման համակարգերի անսարքությամբ։ Պոնիչալայի բնակելի շենքն այնքան արագ փլուզվեց, որ ողբերգությունը կրկին հարցեր առաջացրեց շենքերի շահագործման ժամկետների վերաբերյալ։
Թբիլիսիում կան բազմաթիվ հին և խարխուլ բնակելի շենքեր: Տասնամյակներ առաջ կառուցված շենքերից շատերն այլևս չեն համապատասխանում անվտանգության ժամանակակից չափանիշներին։
Թբիլիսիի քաղաքապետարանն ունի առանձին ծրագիր և բյուջե՝ վթարային շենքերի խնդիրը լուծելու համար։
Կոռուպցիայի հետազոտող Իրակլի Աբեսաձեի հրապարակած տվյալների համաձայն՝ Թբիլիսին այս ոլորտում ունի երկու հիմնական բյուջետային ծրագիր.
- Վթարային շենքերի ամրացում– 2018-25 թվականներին, երբ քաղաքապետը Կախա Կալաձեն էր, ծրագրի վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 87.742.800 լարի: Այս միջոցներն օգտագործվել են 269 շենքի լրիվ կամ մասնակի ամրացման համար։
- Վթարային շենքերի փոխարինում– ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին: 2022-25 թվականներին ծրագրի իրականացմանն ուղղվել է ընդհանուր առմամբ 19.081.700 լարի:
Աբեսաձեն այս ծրագրերի ֆինանսավորումը համեմատում է այն գումարների հետ, որոնք, ենթադրաբար, յուրացվել են կոռուպցիոն սխեմայի միջոցով։
Ըստ նրա՝ միայն 41.105.298 լարին, որը, ենթադրաբար, յուրացվել է մետրոյի վագոնների արդիականացման նախագծի շրջանակներում, բավարար կլիներ վթարային շենքերի ամրացման ծրագրի ֆինանսավորումը 50%-ով ավելացնելու համար։
Աբեսաձեի դիտարկմամբ՝ դա թույլ կտար ամրացնել հավելյալ մոտ 100 շենք։ Նույն գումարը, ըստ նրա, կարող էր եռապատկել վթարային շենքերի փոխարինման ծրագրի ֆինանսավորումը։
GYLA. Պետության պարտավորությունները չեն սահմանափակվում միայն քննությամբ
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) նույնպես մատնանշում է խնդիրների լայնածավալ և համակարգային բնույթը: Կազմակերպության գնահատմամբ՝ պետության պարտավորությունները չեն ավարտվում քննության մեկնարկով: Անհրաժեշտ է որոշել, թե որքանով են պահպանվում գազաբաշխման ցանցի կանոնակարգերով սահմանված ստուգման պահանջները և ինչ միջոցներ են ձեռնարկվում այն դեպքերում, երբ սպառողի բնակարան մուտք գործելն անհնար է։
GYLA-ն հղում է անում Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի՝ 2021 թ.-ի դեկտեմբերի 31-ի թիվ 80 որոշմամբ հաստատված կանոնակարգերին: Այդ կանոնակարգերի համաձայն՝ համակարգի օպերատորը պարտավոր է պարբերաբար ստուգել սպառողի գազամատակարարման համակարգը, որևէ խախտում հայտնաբերելու պարագայում գրավոր տեղեկացնել սպառողին և ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Այս հարցը հատկապես արդիական է հին բնակելի շենքերի համար, որոնք օգտագործում են տասնամյակներ առաջ տեղադրված ենթակառուցվածքներ, վերանորոգված խողովակներ, հնացած ջեռուցման սարքավորումներ և օդափոխման համակարգեր, որոնք չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին:
Պայթյուն Թբիլիսիում