Մարզային տրանսպորտի մուտքը Երևան կարգելվի՞․ փոխքաղաքապետի հայտարարությունն ու արձագանքները
Մարզային տրանսպորտի հնարավոր արգելք Երևանում
Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությունը։ Factor TV-ի եթերում նա հայտարարել է, որ քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից է քաղաքի մուտքերի մոտ կառուցել ավտոկայանատեղիներ, որտեղ մարզից եկող վարորդները կկարողանան թողնել իրենց մեքենաները, ապա երթևեկությունը շարունակել հանրային տրանսպորտով։
«Մարդիկ գան, որոշակի կետում իրենց ավտոմեքենաները թողնեն, այսինքն՝ պետք է ավտոկայանատեղիներ կառուցված լինեն քաղաքի մուտքերի մոտ, որից հետո արդեն հանրային տրանսպորտով երթևեկեն»,- ասել է Գրիգորյանը։
Տրանսպորտի ոլորտի փորձագետներն ու հանրությունը ակտիվորեն քննարկում են թեման։
Փորձագետները մայրաքաղաքը բեռնաթափելու համար առաջարկում են բարձրացնել կայանման համար սահմանված վճարները։
Քաղաքացիները ահազանգում են ազատ տեղաշարժի սահմանափակման և խտրական որոշումների կայացման ռիսկերի մասին։ Քաղաքային իշխանություններին հարցնում են՝ ինչպե՞ս են Երևանում տրանսպորտով տեղաշարժվելու, եթե օրինակ՝ մանկահասակ երեխաների կամ մեծահասակների հետ են, եկել են բուժօգնություն ստանալու և այլն։
- Էլեկտրամոբիլներն անվտանգ են, մարտկոցները՝ խնդրահարույց. ՀՀ-ում քննարկում են հնարավոր ռիսկերը
- «Ծուխ ու փոշի ամբողջ քաղաքում». Երևանի օդի աղտոտվածության դեմ պայքարի մասին
- Ինչո՞ւ է աղմուկի մակարդակն այդքան բարձր Հայաստանում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ. կարծիքներ
Էլ ի՞նչ է ասել փոխքաղաքապետը
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ Երևանում երթևեկության սահմանափակումները չեն իրականացվելու անմիջապես։ Նրա փոխանցմամբ՝ կայանատեղիների կառուցումն ու հանրային տրանսպորտի համալրումը ժամանակ են պահանջում։ Մեքենաների մուտքի հնարավոր սահմանափակումների կոնկրետ ընթացակարգ կամ ժամկետ նա չի մատնանշել։
Տեղեկացրել է՝ Հայաստանում ավտոմեքենաների քանակը 2014 թ․-ից մոտ 500․000-ից հասել է 1 միլիոնի։ Երևանում մեքենաների թիվը տարեկան ավելանում է մոտ 15․000-ով կամ ավելի։
Անդրադարձել է նաև քաղաքապետարանի կողմից իրականացվող գնումների գործընթացին և հայտնել, որ առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել 171 նոր ավտոբուս։ Ինքը՝ Գրիգորյանն, ընդունել է, որ չի կարելի վստահորեն պնդել, թե այսօր բոլոր քաղաքացիները մեքենան թողնելու և հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունեն։
«Կա թյուրըմբռնում, թե նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան»․ պարզաբանում
Քաղաքացիների բուռն արձագանքից հետո փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդես է եկել պարզաբանմամբ։ Շեշտել է՝ ինքը խոսել է ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել։
«Կա թյուրըմբռնում, թե, իբր, նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,- ընդգծել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ որոշ անձանց շրջանում տարակուսանք է առաջացրել հարցազրույցի բովանդակության հետ կապ չունեցող վերնագիրը։
«Սա թերևս ցցուն օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ լրատվական նյութն ընկալվում է բացառապես վերնագրի մակարդակում»,- արձանագրել է նա։
Փորձագիտական կարծիք
Տրանսպորտի հարցերով փորձագետ Արտակ Գաբոյանը Factor TV-ի հետ զրույցում նոնսենս է որակել մարզից մասնավոր մեքենաների մուտքի ամբողջական սահմանափակումը։
«Ամբողջ աշխարհը ոչ թե ասում է՝ ես ձեզ արգելում եմ, այլ ասում է՝ ես այնպիսի պայմաններ եմ ստեղծում, որ ավելի հարմար, ավելի ձեռնտու լինի ձեր մեքենան թողնել, հետո մտնել»,- նկատել է նա։
Ինքը՝ Գաբոյանը, Երևանի կենտրոնը բեռնաթափելու համար այլ առաջարկ ունի։ Ասում է՝ պետք է թանկացնել կայանման վճարը, օրինակ՝ մեկ ժամի համար սահմանելով 1000 դրամ՝ ներկայիս 300 դրամի փոխարեն։
«Ավտոկայանատեղիների [քաղաքի մուտքի մոտ] մոտ պետք է գործի նաև անվճար տրանսպորտ, որն այդ կայանատեղիներից վարորդներին կբերի որևէ մոտակա տրանսպորտային հանգույց կամ մոտակա մետրոյի կայարան, կամ այնպիսի տեղ, որտեղից տարբեր ուղղություններով հասանելի է հանրային նորմալ տրանսպորտ»,- մանրամասնել է նա։
Փորձագետն իր առաջարկի լիարժեք գործարկման համար շատ կարևոր է համարում «հասարակական տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը»։ Օրինակ է բերում մայրաքաղաքի բանուկ հատվածների մեկը՝ Իսակովի պողոտան և հավելում՝ երթևեկության առնվազն մեկ գոտին պետք է հատկացնել հանրային տրանսպորտին։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Հիմա էլ տարբերություն եք դնում երևանաբնակի և մարզերի բնակիչների միջև։ Մինչև ե՞րբ եք տարանջատելու հայերիս։ Այդ ամենի փոխարեն թեթևացրեք մայրաքաղաքը և կարգավորեք երթևեկությունը»։
«Դա ոտնահարում է մարդկանց իրավունքը՝ ազատ տեղաշարժվելու։ Առանց այդ էլ էս քաղաքապետարանը բոլորիս համար ստեղծել է անտանելի պայմաններ»։
«Իսկ կարո՞ղ է անդրադառնաք նրան, որ քաղաքում շատ մարդիկ ալարում են մեկ կամ երկու կանգառի համար տրանսպորտ նստել ու իրենց մեքենաներով են տեղաշարժվում»։
«Փոքր երեխաների հետ գալիս ենք, պայուսակներով։ Ո՞նց է ինքը պատկերացնում մեր տեղաշարժը հանրային տրանսպորտով»։
«Մարզերի բնակիչներին առանց անձը հաստատող փաստաթղթի, եկամտային հայտարարագրի, ինքնակենսագրականի և առնվազն երեք երաշխավորագրի Երևան չթողեք։ Հաջորդ էտապով մարզերի բնակիչներին իրենց գյուղերից բաց թողեք միայն Ոստիկանության համաձայնությամբ»։
«Երևանի փոխքաղաքապետը կարող է այսօրվանից օրինակ ծառայել` հանրային տրանսպորտով գնա տուն, վաղը հանրային տրասնպորտով գա գործի, հետո հանրային տրասնպորտով իր երեխաներին տանի դպրոց, հետո հանրային տրասնպորտով գնա բժշկի։ Մի խոսքով` մի շաբաթ թող էսքանը անի, հետո կտեսնենք»։
«Փոխքաղաքապետն ընդգծել է, որ նման գաղափարի իրագործմանն ընդառաջ առնվազն պետք է մայրաքաղաք մտնող հատվածներում ավտոկայանատեղիներ կառուցել և ավտոբուսային գծեր ունենալ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունը վերջին 8 տարում Գայի պողոտայի ավտոբուսային գծից այն կողմ այդպես էլ չանցավ, այսինքն՝ ամբողջական ավտոբուսային գիծ չստեղծեց, իսկ մետրոյի հարցում էլ առանձնապես առաջընթաց չունի, ակնկալել, որ մարզերից Երևան մտնող մեքենաների սահմանափակման հարցը կլուծի, ֆանտաստիկայի ժանրից է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Մարզային տրանսպորտի հնարավոր արգելք Երևանում