Հայերն ու խնայողությունը. վիճակագրությունն ու իրականությունը տարբեր են
Հայերը խնայո՞ղ են. վիճակագրությունն և իրականությունը
Հայաստանի բնակչության կեսից ավելին (50.4%-ը) դրական է գնահատում ֆինանսական խնայողություններ ունենալը։ Դրա մասին է վկայում Կենտրոնական բանկի իրականացրած «ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում․ Բարոմետր 2025» ազգային հետազոտությունը։ Դրա շրջանակում ԿԲ-ն փորձել է պարզել նաև, թե ինչպես են մարդիկ գործնականում խնայում և պահմանում խնայողությունները։ Ըստ 2026թ․ հունիսին հրապարակված արդյունքների.
- 87.2%-ը խնայողությունը դիտարկում է նաև որպես ներդրում կատարելու և լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն;
- խնայողություններ ունեցող մարդկանց 57.6%-ը գումարը շարունակում է պահել տանը՝ համարելով, որ այդպես ավելի ապահով է, կամ որովհետև գումարի չափը փոքր է;
- բանկային ավանդ ունի ընդամենը 10.7%-ը։
Պարզվել է նաև, որ Հայաստանում մարդիկ տարբեր կերպ են պատկերացնում խնայողությունը։ Ոմանք կեցության համար անշարժ գույքը ևս համարում եմ խնայողության տարբերակ։ Ձեռք են բերում այն հիպոթեքային վարկով և ամեն ամիս իրենց եկամուտներից որոշակի գումար ուղղում այն մարելուն: Որոշները գնում են հողատարածքներ, մեքենաներ, անշարժ գույք՝ նաև Հայաստանից դուրս: Քչերն են վստահում ֆինանսական ինստիտուտներին, ներդրումային ֆոնդերին, կրիպտոշուկային:
- Ի՞նչ է թաքնված ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների հետևում. կարծիք
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
Խնայողությունները պահպանելու հաջող պատմություն
Արտակ Ֆարմանյանն իր խնողությունները դիվերսիֆիկացրել է երեք ուղղություններով՝ անշարժ գույք, ոսկու ձեռքբերում, կրիպտոարժույթ: Վերջին երեք տարիների կտրվածքով ամենաշատ եկամուտը ստացել է կրիպտոակտիվներից, թեև դիմամիկ աճ եղել է նաև ոսկու և անշարժ գույքի շուկաներում:
«Ի տարբերություն ավանդական խնայողությունների և ներդրումների, կրիպտոշուկան շատ հետաքրքիր տրամաբանություն և զարգացում ունի: Ինչքան խորացնում ես գիտելիքներդ այդ ուղղությամբ, այդքան շատ տարվում։ Պարզապես այստեղ ավելի մեծ ռիսկայնություն կա, քան, օրինակ, բանկային ավանդի կամ անշարժ գույքի դեպքում»,- բացատրում է Արտակը:
Ասում է՝ երիտասարդ տարիքում, երբ դեռ ընտանիք և երեխաներ չունես, կարելի է ռիսկային ներդրումներ անել, տարիքի և կարգավիճակի հետ փոխվում են նաև ֆինանսական առանջնահերթությունները․
«Ես նաև ակտիվ կառավարում եմ իմ կենսաթոշակային գումարները՝ երկու անգամ արդեն ֆոնդ եմ փոխել: Փորձում եմ վերլուծություններ կատարել և ըստ դրանց արդյունքների ներդումներ անել: Բայց դրա համար գիտելիքներ են անհրաժեշտ, տարբեր հաշվարկներ իրականացնելու կարողութուն: Որպեսզի կուտակած խնայողություններս մի օր չկորցնեմ, զուգահեռաբար գնում են նաև ոսկի, անշարժ գույք՝ ունեմ երկու սենյականոց բնակարան: Խաղում եմ թույլատրելիի սահմաններում»:
Արտակի կարծիքով՝ վերջին տասը տարիներին երկրում ֆինանսական կայունություն կա բոլոր ոլորտներում և գնալով այն ամրապնդվում է՝ չնայած արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերներին.
«Առաջինն ուշադրություն եմ դարձնում արտաքին ներդրումներին։ Դրանք ինձ համար կողմնորոշիչ են, թե որ ոլորտներում են, ինչ ծավալների և ինչ հեռանկարներով»:
Ամենամեծ հաջողություններն ունեցել է կրիպտոշուկայում։ Սակայն ասում է՝ վերջին վեց ամիսներին այնտեղ սկսել է զգուշավոր գործել։ Կարծում է՝ ճգնաժամերը կարող են հանկարծակի և կործանարար լինել:
Խորհուրդ է տալիս ամբողջ խնայածը մի տեղ չպահել կամ ներդնել.
«Պետք է ունենալ կանխիկ, բանկային քարտով, ոսկու և անշարժ գույքի տեսքով, հետո մտածել պարտատոմսերի, կրիպտոյի և բիզնես ուղղություններով»:
Հայաստանի բնակչությունն ամենաքիչ խնայողների շարքում է
Համաշխարհային բանկի ֆինանսական կարողությունների մասին հարցմանը (Financial capability survey) մասնակցած երկրների ցանկում Հայաստանը մյուս պետությունների համեմատությամբ ավելի թույլ արդյունքներ է գրանցել։ Մասնավորապես՝ երկարաժամկետ ֆինանսական պլանավորման և խնայողության վարքագծի տեսակետից։ Օրինակ՝ ընդամենը 8% հայաստանցիներն են ասել, որ խնայողությունից բավարարվածություն են ստանում, մինչդեռ Պերուում այդ ցուցանիշը 64% է։
Ծերության համար խնայողությամբ ևս հայերն աչքի չեն ընկնում: Նույն կառույցն իրականացրել է մեկ այլ հարցում 143 տնտեսությունների և մոտ 148 հազար մարդկանց շրջանում, որպեսզի պարզի, թե վերջին 12 ամիսներին մարդկանց քանի տոկոսն է գումար խնայել ծերության համար։ Դրա արդյունքերով՝ Հայաստանը եղել է աշխարհի ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում՝ ընդամենը 2.1% ցուցանիշով։
«Հայերի խնայողության ձևերն են այլ». ազգագրագետ
Ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածնու Սվետլանա Պողոսյանն ասում է, որ ճիշտ չէ հայերին համարել չխնայող․
«Խնդիրն այն է, որ մենք այդքան էլ չենք սիրում մեր գումարները վստահել բանկերին, կազմակերպություններին, ներդրումային ֆոնդերին: Տարբեր պատմական աղբյուրներից մեզ հայտնի է, որ հայերը գերադասել են թանկարժեք իրեր ունենալ։ Մասնավորապես՝ ունեցել են արծաթյա գոտիներ (քամարներ), գլխազարդեր, ոսկյա իրեր, որոնք կրել են իրենց վրա։ Եվ աղետների, պատերազմների ժամանակ կարողացել են դրանք տեղափոխել իրենց հետ: Նույնը կարելի է ասել կենղացային գույքի մասին: Կուտակած միջոցներով ձեռք են բերել այնպիսի իրեր, որոնք շարժական են՝ պղնձե տարաներ, սափորներ, աշխատանքային գործիքներ և այլն»:
Նրա խոսքով՝ այսօր էլ հայերը հիմնականում խնայող են, ձեռք են բերում տուն, մեքենա, ոսկյա զարդեր․
«Մի մասն էլ պարզապես գումարը պահում է ներքնակի տակ, ինչպես իր նախնիներն են արել։ Դրան մեծապես նպասել է 90-ականների բանկային խնայողությունների փոշիացումը։ Մարդիկ տարիներով խնայողություններ էին արել և վստահել բանկային համակարգին, որը մի գիշերում պայթեց, մարդկանց թողեց դատարկ տաշտակի առջև: Նրանք և նրանց ևս մեկ սերունդ զգուշավոր և թերահավատ են բանկային համակարգի նկատմամբ»:
Ինչ վերաբերում է երիտասարդներին, ազգագրագետն ասում է, որ նրանք իրենց խնայածն այլ ձևով են «կուտակում».
«Նրանք ներդրում են համարում, օրինակ, կրթությունը, ճամփորդությունները, տարբեր փորձառություններ: Այս բոլորը ևս մեր օրերում շատ կարևոր ներդրում է։ Երիտասարդներն ավանդ չեն դնում բանկում կամ ոսկի գնում, բայց հեռանկարային ծախսեր են անում: Այնպես որ, եկեք մերոնց համարենք ոչ թե չխնայող, այլ ժամանակի պահանջով խնայողությունն այլ կերպ իրացնող հանրություն»:
Ըստ Սվետլանա Պողոսյանի՝ տարբեր միջազգային հարցումների արդյունքով՝ շատ երկրներում մարդիկ գերադասում են բանկային և ներդրումային խնայողությունները։ Իսկ Հայաստանի դեպքում պատկերն այլ է․ ամեն երրորդ մարդ այստեղ գումարը տանն է պահում հենց թղթադրամի և/կամ ոսկու տեսքով:
Մյուս կողմից, որոշ հայ ընտանիքներում գումար կուտակելը, ազգագրետի խոսքով՝ երբեմն ընկալվում է ոչ թե որպես ֆինանսական ապահովություն, այլ որպես կյանքի հաճույքից հրաժարում․
«Կան մարդիկ, որոնք դեմ են խնայողություններին և ուզում են եղած գումարը ծախսել այդ պահին և ստանալ առավելագույն բավարարվածություն։ Սակայն այս վարքագիծը հավաքական ազգին բնորոշ չէ»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայերը խնայո՞ղ են. վիճակագրությունն և իրականությունը