Դաժան ծեծ ՀՀ մանկատներից մեկում, իրավապաշտպանն ահազանգում է՝ երեխաների ձայնը լսելի չէ
Դաժան ծեծ Հայաստանի մանկատներից մեկում
Հայաստանի մասնագիտացված հաստատություններից մեկում՝ Նոր Խարբերդի մանկատանը դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի:
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը, որի ենթակայությամբ գործում է խնամքի հաստատությունը, հաստատել է տեղեկություններն ու հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, դայակն ազատվել է աշխատանքից և գտնվում է տնային կալանքի տակ։
«Հաշմանդամություն ունեցող երեխային հատակը մաքրելու փայտով ծեծել են մի վայրում, որտեղ պետք է հոգ տանեին նրա մասին։ Իրականում՝ խնամք, որից երեխային պետք է պաշտպանել»,- հայտարարել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։
Իրավապաշտպանը նման հաստատությունների գոյությունն ինքնին խնդիր է համարում։
«Եթե չենք ուզում, որ բռնություն լինի, չպետք է լինեն նաև այս հաստատությունները։ Ընտանիքում մեծանալը, խնամքի այլընտրանքային ձևերը հնարավոր են բոլոր երեխաների համար, եթե պետությունը դրա համար անհրաժեշտ ջանք ու միջոցներ է հատկացնում»,- ընդգծել է Հովսեփյանը։
Ըստ նրա՝ պետության պարտավորությունը չի սկսվում հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելուց հետո և չի ավարտվում ենթադրյալ բռնարարին աշխատանքից ազատելով կամ տնային կալանքով։ Ասում է՝ քանի դեռ նման հաստատություններ գոյություն ունեն, պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որը՝
- «կանխում է բռնությունը, ժամանակին հայտնաբերում դրա նշանները,
- ապահովում բռնության մասին բարձրաձայնելու անվտանգ մեխանիզմներ բոլոր երեխաների համար,
- երաշխավորում պատշաճ քննություն, երեխայի արագ վերականգնում»։
Այս պահին հայտնի տեղեկությունները, մեկնաբանություն
- Հայաստանում ընտանեկան բռնության մասին ահազանգերն ավելացել են․ ո՞րն է պատճառը
- «Դաստիարակվածներին համարում են խեղճ»․ պատանիների շրջանում բռնության դեպքերը ՀՀ-ում
- Աբխազիայում ծեծելով սպանել են 4-ամյա աղջկա․ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները
Ի՞նչ է հայտնի դեպքի մասին
Factor.am-ին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես՝ գործի նյութերի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին։
Դաժան ծեծի ենթարկված երեխան մանկական ուղեղային կաթված և տեղաշարժման խնդիրներ ունի, չի տիրապետում բանավոր խոսքին և չի կարողանում հաղորդակցվել։
Ծեծի ենթարկած դայակը մանկատանն է աշխատում երկար տարիներ՝ սկսած 2012 թվականի սեպտեմբերից։
«Դայակը մանկատան Դ-1 սենյակում նախ հարվածներ է հասցրել մանկատան սան Ֆ․ Մ․-ին, ապա, երբ նա ընկել է գետնին, վերցրել է հատակը մաքրելու համար նախատեսված փայտը և շարունակել է դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել վերջինիս մեջքի ստորին կողային հատվածին, ողնաշարի հատվածին և ձախ թիակային հատվածին, ինչի հետևանքով Ֆ․ Մ․-ին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել»,- հայտնում է լրատվամիջոցը։
«Երեխայի առողջական վիճակը լավ է»․ նախարարության պարզաբանումը
Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը տեղեկացրել է՝ դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել մանկատան տնօրինությունը։
Կոստանյանի փոխանցմամբ՝ դայակն ազատվել է աշխատանքից, իսկ կատարվածի քրեաիրավական գնահատականը գտնվում է իրավապահ մարմինների իրավասության շրջանակներում․
«Երեխայի առողջական վիճակը լավ է, նա շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը»։
Վստահեցրել է՝ նման դեպքերը կարմիր գիծ են նախարարության համար։
«Բռնության որևէ դեպք չի հանդուրժվելու և արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասված է պարզաբանման մեջ:
Փորձագիտական կարծիք
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները դժվարանում են պատմել բռնությունների մասին։
«Պատճառները շատ են։ Նաև որովհետև նրանց խոսքն ավելի հաճախ են կասկածի տակ դնում, փորձում գտնել արդարացումներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Հովսեփյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մանկատանը տեղի ունեցած բռնության դեպքի մասին հանրությանը հայտնի է դարձել միայն մամուլի հրապարակումներից հետո։ Իրավապաշտպանը կարծում է՝ նման դեպքերը պետք է արձագանք ստանան, հատկապես հիմա, երբ անկախ հանրային վերահսկողության մեխանիզմ չկա։
Մեխանիզմ ասելով Հովսեփյանը նկատի ունի հասարակական դիտորդական խումբը, որը գործում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի (այժմ՝ Աշխատանքի և բարեկեցության) նախարարության որոշմամբ և մշտադիտարկում էր իրականացնում երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ներում։
«Դիտորդական խումբը շուրջ 3 տարի առաջ փակվեց։ Հեշտությամբ։ Նույն հեշտությամբ այն չի վերաբացվում»,- արձանագրել է նա։
Հովսեփյանի գնահատմամբ՝ կառավարության ընտրությունն է խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի, իսկ այնտեղ ապրող երեխաներին՝ առանց լսելի ձայնի։
Ասում է՝ քանի որ չկա հասարակական դիտորդական խումբը, դժվար է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝
- ո՞վ էր պարտավոր կանխել բռնությունը,
- ո՞վ կարող էր կանխել բռնությունը,
- եղե՞լ են նախկինում նշաններ, որոնք անտեսվել են,
- երեխային տրամադրվե՞լ է անկախ հոգեբանական և իրավական աջակցություն,
- երեխան ստանալո՞ւ է պետության՝ իրեն պաշտպանելու պարտավորության ձախողման հետևանքով պատճառված վնասի համար փոխհատուցում։
Ինքը՝ Հովսեփյանը, եղել է վերոնշյալ դիտորդական խմբի կազմում։ Հիշում է՝ 2021 թ․-ին այցելել էին նույն հաստատություն՝ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն ու արձանագրել խնամվող անչափահասի նկատմամբ վատ վերաբերմունքի և խտրականության դեպք։
«Մանկատուն նոր տեղափոխված ՄԻԱՎ ունեցող դեռահասին աշխատողները դիպչում էին ձեռնոցներով, առանձնացրել էին նրա սպասքը, հագուստը լվանում էին առանձին և մյուս երեխաներին հորդորել էին հեռու մնալ նրանից՝ չնայած վաղուց աշխարհին հայտնի է, որ ՄԻԱՎ-ը նման շփման միջոցով չի փոխանցվում»։
Մանկատան աշխատակիցներն իրենք էին պատմել այդ մասին՝ համոզված լինելով որ «ամեն ինչ ճիշտ են անում»։
Ելնելով դաժան ծեծի վերջին դեպքից՝ Հովսեփյանը վստահ չէ, որ մասնագիտացված հաստատությունում իրավիճակ է փոխվել․
«Վստահ չեմ նաև, որ բոլոր նոր ընդունվող աշխատողները երեխաների հետ աշխատանքն սկսելուց առաջ ստանում են անհրաժեշտ գիտելիքը, իսկ պետությունը համոզվում է, որ երեխան հուսալի ձեռքերում է։ Վստահ չեմ, որովհետև այդպես չէ»։
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ բռնությունը կանխելու կամ բացահայտելու միակ եղանակը չպետք է լինի մյուս աշխատողների «բարեխղճությունը կամ ողորմածությունը»։
«Հաստատություններում բռնության մասին լռությունը խախտվում է ոչ թե այն պատճառով, որ համակարգը հանկարծ խիղճ է ձեռք բերում, այլ որովհետև հաստատության ներսի կլանային շահերը բախվում են։ Եվ երեխայի իրավունքի մասին հիշում են հիմնականում անձնական հաշիվներ մաքրելու կեղտոտ խաղում»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Դաժան ծեծ Հայաստանի մանկատներից մեկում