Ռուսաստանը համավարակի գագաթնակետին սպասելիս
Կառավարությունը նոր հարկեր է ներմուծում, հարուստները բժշկական տեխնիկա են գնում, մասնագետները կարանտին են պահանջում, իսկ բնակիչները բնության գրկում՝ խորոված անում
Մարտի 29–ի վիճակագրությունը
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակման 220 նոր դեպք է գրանցվել, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1,535–ի։
Մահացել է 8 մարդ։
Աշխարհի գրեթե բոլոր երկրները երկու շաբաթով փակ են կարանտինի պատճառով և քարոզում են սոցիալական մեկուսացում կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով։ Ռուսաստանում առաջին սահմանափակման միջոցները սկսում են գործել միայն մարտի 30–ից։
Մինչ այս Մոսկվայում 65 տարեկանից բարձր մարդկանց խստորեն հորդորում էին տանը մնալ։ Այս միջոցի խստացման համար մարտի 28–ից արգելափակվել են սոցիալական քարտերը, որոնցից նրանք օգտվում են հանրային տրանսպորտով երթևեկելու համար։
Մարտի 30-ից Մոսկվայում սկսում է բոլորի համար գործել ինքնամեկուսացման պահանջը՝ արգելվում է տնից դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության:
Այս պահանջը վերաբերում է միայն Մոսկվային:
Մարտի 30–ից Ռուսաստանը փակում է իր բոլոր սահմաններն, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։
Մարտի 28–ից մինչև ապրիլի 5–ը դպրոցականները և ուսանողներն անցնում են հեռավար ուսուցման։
Փակվել են նաև ռեստորանները, սրճարանները, զվարճանքի կենտրոններն ու բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների և դեղատների, սակայն միայն Մոսկվայում և Պետերբուրգում։
Եվ վերջապես, միջոցը, որը մեծ քննադատության է արժանացել․
մարտի 30–ից մինչև ապրիլի 5–ը Ռուսաստանով մեկ ոչ աշխատանքային շաբաթ է հայտարարվել, որպեսզի մարդիկ հեռավորություն պահպանեն, և դա խոչընդոտ լինի կորոնավիրուսի տարածման համար։
Սակայն երկրում այդպես էլ կարանտին չի հայտարարվել։
«Թաղեք մի փոսում, թող մեռնի»։ Չեչնիայի նախագահը կարանտինը խախտողներին հավասարեցրել է ահաբեկիչներին
Կորոնավիրուսն Իրանում․ խոշորագույն բռնկումներից մեկն աշխարհում և իշխանությունների խաբեությունը
Մահվան դեպքեր, նստարանների ապամոնտաժում և ծերերի բռնի ախտահանում․ կորոնավիրուսը Թուրքիայում
«Ոչ աշխատանքային շաբաթ հայտարարելն առանց պարտադիր կարանտինի հանցագործություն է»
«Եթե տանը մնալու պահանջ չկա, մարդիկ, իհարկե, մեկնելու են ամառանոցներ, խորոված են անելու, վարակելու են միմյանց։ Կամ ես ինչ–որ բան չեմ հասկանում, կամ սա մի միջոց է, որի մասին չի պատմել Պուտինը՝ կենսաթոշակային ֆոնդի ծանրաբեռնվածության նվազեցում։ Կսկսեն մահանալ, թոշակ էլ պետք չի լինի վճարել»։
Սա սոցցանցերի տասնյակ մեկնաբանություններից մեկն է։ Այդպես էլ եղավ․ հազարավոր ռուսաստանցիներ զվարճանում էին այգիներում՝ խորովածով և խաղերով։
Համացանցում վերբեռնված բազմաթիվ տեսանյութերում մարդիկ պարծենում էին գերազանց անցկացրած հանգստյան օրերով։ Հատկապես պոպուլյար են դարձել տեսանյութերը, որոնք արվել են Մոսկվայի «Սերեբրյանի բոր» հանգստավայրում։
Ռուսաստանի մայրաքաղաքն, ըստ պաշտոնական տեղեկությունների, առաջատարն է կորոնավիրուսով հիվանդների թվով․ մարտի 28–ին այն հասնում էր 817–ի։
Այդ տեսանյութերում երևում է, թե ինչպես են հանգստացողները մեծ խմբերով ժամանակ անցկացնում պուրակում, խորոված անում։ Նրանց թվում շատ են թոշակառուներն ու երեխաները։
Պետերբուրգի «Ֆոնտանկա» թերթը ռեպորտաժ էր հրապարակել, որը հեգնանքով անվանել էր «Ի՞նչ կարանտին։ Մեզ մոտ խորովածն ու «կարանտինը» գետի ափին են»։
«Ֆոնտանկան» գրում է, որ միայն Պետերբուրգում վերջին մեկ օրում կորոնավիրուսով միանգամից 11 հիվանդ է հայտնաբերվել։ Իսկ մարտի 28–ին նրանցից մեկը մահացել է, դա առաջին մահն էր Պետերբուրգում։
Նախագահ Վլադիմիր Պուտինի (որը 67 տարեկան է) մասին հայտարարվել է, որ նա աշխատում է Վալդայ կղզու իր նստավայրում, որը Մոսկվայից 400 կմ հեռավորության վրա է։
«Անհրաժեշտ է անհապաղ խիստ կարանտին սահմանել և համաճարակի ու տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի պլան մշակել, եթե դեռ ուշ չէ»։
Նախագահին են դիմել առաջատար 14 ռուս տնտեսագետներ, որոնք աշխատում են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում․
«Մտցնել կարանտին, թե ոչ․ կեղծ երկընտրանք է։ Հարցը միայն այն է, թե երբ մտցնել․ երբ երկրում հիվանդների թիվը մի քանի հարյո՞ւր է, թե՞ տասնյակ հազարներ։ Եթե կարանտին հայտարարվի վճռականորեն և արդյունավետ կերպով, իսկ քաղաքացիները պաշտպանված լինեն տնտեսական հետևանքներից, ճգնաժամը կարճաժամկետ կլինի, վերականգնումն՝ արագ։
Հակառակ դեպքում՝ անկումը կլինի խորն, իսկ կյանքերի կորուստը՝ զգալի»։
Թոքերի արհեստական շնչառության սարքեր՝ հարուստների համա՞ր
Սոցցանցերում բուռն քննարկումներ են առաջացնում ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումները, թե մինչ մեծամասնությունը բնության գրկում խորոված է անում ինքնամեկուսացման փոխարեն, հարուստ ռուսաստանցիներն անձնական օգտագործման համար արհեստական շնչառության սարքեր են գնում։
Վրդովմունք է առաջացնում նաև այն տեղեկությունը, որ մարտին, երբ համաճարակն արդեն մոլեգնում էր, և վարակված երկրների հետ ավիահաղորդակցությունը կասեցված էր, բարձրաստիճան ռուս պաշտոնյաների մասնավոր ինքնաթիռներն ավելի քան 20 թռիչք են կատարել դեպի Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Դուբայ։
Սակայն ռուսական հասարակությունում ամենահուզական արձագանքն առաջացրել է երկրում կորոնավիրուսի տարածման մասին իշխանությունների երկարատև լռությունն անգամ այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղի ունեցողը համավարակ է հայտարարել։