«Վրացական երազանքը» ոչնչացնում է քաղաքական ազատությունները․ Social Justice Center
Վրաստանի նոր օրենքների վերլուծություն
Վրացական Social Justice Center ոչ կառավարական կազմակերպությունը մանրամասն վերլուծություն է իրականացրել «Դրամաշնորհների մասին» օրենքում և այլ օրենսդրական ակտերում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:
JAMnews-ը ներկայացնում է զեկույցի կրճատ տարբերակը։ Վրացերենով ամբողջական վերլուծությունը հասանելի է կազմակերպության կայքում:
Վրաստանը ավտորիտարիզմի ճանապարհին. ինչպե՞ս է «Վրացական երազանքը» փոխում քաղաքական ազատության կանոնները
2026 թվականի հունվարի 28-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց օրենսդրական փոփոխությունների փաթեթի մասին, որը, քննադատների կարծիքով, կնշանակի որակական շրջադարձ Վրաստանի քաղաքական համակարգում: Կառավարությունն արդարացնում է այս փոփոխությունները` մատնանշելով երկրի ինքնիշխանությունը արտաքին ազդեցությունից պաշտպանելու անհրաժեշտությունը։ Իրականում դրանք զգալիորեն ընդլայնում են պետության լիազորությունները քաղաքացիների քաղաքական ինքնարտահայտման, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի հանդեպ վերահսկողության տեսանկյունից:
Նախատեսվում են փոփոխություններ «Դրամաշնորհների մասին» օրենքում, «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում, ինչպես նաև քրեական և վարչական օրենսգրքերում:
Փոփոխությունների հիմնական գաղափարը պարզ է՝ գործնականում ցանկացած գործունեություն, որը կապված է արտաքին ֆինանսավորման հետ և որը կառավարությունը համարում է քաղաքական, կարող է հիմք հանդիսանալ ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվության համար:
Արտասահմանյան ֆինանսավորում ստանալը՝ քրեական հետապնդման հիմք
Նոր կանոնների համաձայն՝ դրամաշնորհի սահմանումը արմատապես ընդլայնվում է: Օտարերկրյա քաղաքացուց կամ իրավաբանական անձից ստացված դրամական միջոցները, տեխնիկական օգնությունը, փորձաքննությունը կամ ծառայությունները կարող են համարվել դրամաշնորհ, եթե, ինչպես մեկնաբանում է կառավարությունը, դրանք ազդում են հասարակական կարծիքի, պետական հաստատությունների կամ քաղաքական գործընթացների վրա: Նման դեպքերում դոնորը պետք է ստանա կառավարության նախնական համաձայնությունը: Առանց համաձայնության ստացված ռեսուրսների օգտագործումը կհանգեցնի քրեական պատասխանատվության:
Պատիժները խիստ են՝ օրենքի խախտումը կարող է պատժվել տուգանքով, հարկադիր աշխատանքով կամ մինչև 6 տարվա ազատազրկմամբ, իսկ «արտաքին լոբբինգը» և «քաղաքական նպատակներով փողերի լվացումը» ենթադրում են 9-12 տարվա ազատազրկում:
Օրենքը մասամբ հետադարձ ուժ ունի. առանց կառավարության հաստատման կարգելվի նաև ուժի մեջ մտնելուց առաջ ստացված դրամաշնորհների օգտագործումը:
Իրավաբանները կարծում են, որ նոր նախաձեռնություններն այլևս չեն ստուգում արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկությունը, այլ ավտոմատ կերպով այն համարում են կասկածելի և սպառնալից: Այս կերպ պետությունը քրեականացնում է օրինական քաղաքական ինքնարտահայտումը:
Ո՞վ է որոշում, թե ինչ է «քաղաքականությունը»
Օրենքի ամենախնդրահարույց մասերից մեկը «քաղաքականություն» տերմինի չափազանց լայն սահմանումն է։ Վարչապետի խոսքով՝ այն կորոշվի համապատասխան մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ դատարանների կողմից։
Գործնականում սա նշանակում է, որ քաղաքացիների հայտարարությունները, հետազոտությունները, լրագրողական հոդվածները, ուսուցողական դասընթացները կամ հանրային արշավները կարող են հետադարձ ուժով գնահատվել որպես «քաղաքական ազդեցության գործադրում»։
Մասնագետները կարծում են, որ նման միջավայրում քաղաքացիներն այլևս չեն կարող նախապես հասկանալ, թե ինչն է ընդունելի և ինչը՝ պատժելի։ Սա ստեղծում է, այսպես կոչված, «խարանի ազդեցություն». մարդիկ սկսում են զբաղվել ինքնագրաքննությամբ ոչ թե այն պատճառով, որ խախտում են օրենքը, այլ այն պատճառով, որ չեն հասկանում, թե իշխանություններն ինչպես կմեկնաբանեն իրենց գործողությունները։
Ազդեցությունը կուսակցությունների վրա
Այս փոփոխությունները խորապես կանդրադառնան նաև կուսակցական քաղաքականության վրա:
Արտասահմանյան ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների աշխատակիցներին 8 տարով կարգելվի անդամակցել քաղաքական կուսակցություններին:
Կառավարությունը սա բացատրում է որպես կուսակցություններն «արտաքին շահերից» պաշտպանելու միջոց, սակայն քննադատները պնդում են, որ դա իրականում փակում է դեպի քաղաքականություն տանող ուղին այն անձանց համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են իրավապաշտպան, հետազոտական գործունեությամբ, ընտրական գործընթացներով կամ զանգվածային լրատվամիջոցներով:
Ավելին, ըստ օրենքի՝ քաղհասարակության կազմակերպությունները դիտարկվում են որպես քաղաքական կուսակցություններ: Եթե կազմակերպությունը «մասնակցում է քաղաքացիների քաղաքական կամքի ձևավորմանը», այն կարող է որակվել որպես «կուսակցական-քաղաքական նպատակներ հետապնդող սուբյեկտ»: Այդ դեպքում կարգելվի կազմակերպությանը օգնություն տրամադրելը, նվիրատվությունները կսահմանափակվեն, կկիրառվեն լրացուցիչ բյուրոկրատական և քրեական պատասխանատվության միջոցներ:
Իրավաբանների կարծիքով՝ այս մեխանիզմը պետությանը թույլ կտա վերահսկողություն հաստատել ոչ կառավարական հատվածի նկատմամբ և փաստացի չեզոքացնել այն:
Հարված բիզնեսին
Փոփոխությունները կտարածվեն նաև առևտրային ոլորտի վրա: Իրավաբանական անձի կողմից հրապարակային քաղաքական գործունեությունը, եթե այն ուղղակիորեն կապված չէ նրա բիզնեսի հետ, կպատժվի 20,000 լարի տուգանքով՝ առաջին խախտման համար, և 40,000 լարի տուգանքով՝ կրկնակի խախտման դեպքում: «Քաղաքական գործունեությունը» սահմանվում է որպես կառավարության կամ հասարակության վրա ազդեցություն գործելուն ուղղված ցանկացած գործունեություն:
Այս դրույթը փաստացի բիզնեսներին զրկում է սոցիալական կամ քաղաքական հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն արտահայտելու հնարավորությունից՝ լինեն դրանք դատական բարեփոխումներ, մարդու իրավունքների, թե երկրի արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր։
Ռուսական հետագծի կրկնություն
Քաղհասարակության կարծիքով՝ միջոցների փաթեթը հստակ կրկնում է այն մոդելը, որ հաստատված է Ռուսաստանում և Բելառուսում, որտեղ վերահսկողությունը սկզբում ազդել է կազմակերպությունների, ապա անհատների՝ լրագրողների, ակտիվիստների և հետազոտողների վրա: Այնտեղ պետությունը կարգավորում է ոչ միայն մարդկանց գործողությունները, այլև նրանց կապերը, համոզմունքները և մասնագիտական ընտրությունները:
Արդյունքում քաղաքական ինքնարտահայտումը դադարել է լինել քաղաքացիների բնական իրավունք և դարձել է ռիսկային գործունեություն, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել իրավական հետապնդման:
Երբ օրենքը դառնում է վերահսկողության գործիք
Փոփոխության ընդհանուր տրամաբանությունը հանգեցնում է, այսպես կոչված, ավտորիտար իրավականության՝ մի համակարգի, որտեղ օրենքն այլևս չի սահմանափակում իշխանությանը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում է նրան անորոշ հասկացությունների և կոշտ պատժամիջոցների կիրառման միջոցով։
Քննադատների կարծիքով՝ նման իրավիճակում քաղաքացիները պաշտոնապես պահպանում են իրենց կարգավիճակը, բայց կորցնում են առանց հնարավոր քրեական հետևանքները հաշվի առնելու մտածելու, միավորվելու և գործելու ազատությունը։ Սա այլևս առանձին օրենքների խնդիր չէ, այլ ամբողջ քաղաքական համակարգի վերափոխում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Վրաստանի նոր օրենքների վերլուծություն