Բունդեսթագի նախկին պատգամավորը մեղավոր է ճանաչվել Բաքվից կաշառք ստանալու մեջ
Բունդեսթագի նախկին անդամը կաշառք է ստացել Ադրբեջանից
Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը (Oberlandesgericht) Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից տասնյակ հազարավոր եվրո կաշառք ստանալու մեջ։

Գործը հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն»։ Մեղադրանքների համաձայն՝ Ֆիշերը գումարի դիմաց առաջ է մղել Բաքվի շահերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։
Դատարանը նախկին պատգամավորին դատապարտել է մեկ տարի երկու ամիս պայմանական ազատազրկման։
Դատավճիռը ենթադրում է նաև՝
- երկու տարի ժամկետով պետական պաշտոն զբաղեցնելու արգելք,
- 20,000 եվրոյի բռնագրավում,
- զոհերի աջակցության հիմնադրամին 12,000 եվրո վճարելու պարտավորություն։
Կաշառքներ լոբբինգի դիմաց
Աքսել Ֆիշերը 2010-18 թվականներին ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության անդամ էր և մինչև 2021 թվականը՝ Բունդեսթագի անդամ։
Դատարանի տվյալներով՝ այս տարիների ընթացքում նա գործել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ գաղտնի «անօրինական համաձայնագրի» հիման վրա և հանդես եկել Բաքվի կառավարության շահերի դիրքերից։ Նա ադրբեջանական կողմին փոխանցել է գաղտնի փաստաթղթեր և բազմիցս վեհաժողովում քվեարկել է Ադրբեջանի օգտին։
Դատարանը նշել է, որ չնայած համաձայնագիրը ուժի մեջ է եղել 2011 թվականից, խորհրդարանի անդամների կողմից իրենց մանդատի չարաշահման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքն ուժի մեջ է մտել միայն 2014 թվականի սեպտեմբերին։ Հետևաբար, Ֆիշերի՝ 2014 թ․-ից առաջ ստացած 79,000 եվրոյի համար քրեական հետապնդում սկսելն անհնար է։
Նոր օրենսդրության համաձայն՝ հանցագործություն են որակվել միայն 24,500 եվրոյի չափով կանխիկ եղանակով ստացած կաշառքները, որոնք նա ստացել է 2014 թվականի աշնանից մինչև 2018 թվականը։
Ֆիշերը հերքել է մեղադրանքները և պնդել, որ երբեք գումար չի ստացել Ադրբեջանից։ Սակայն դատարանը նրա բացատրությունները համոզիչ չի համարել։
Նրա փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը։
Սա Գերմանիայում առաջին դեպքն է, երբ պատգամավորը դատապարտվում է պաշտոնավարման ընթացքում կաշառք ստանալու համար։
Լինտների գործը և «լվացքատան» սկանդալը
Այս որոշումը հաջորդում է նույն դատարանի կողմից 2025 թվականի հուլիսին Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների դեմ կայացված դատավճռին։ Դատավարության ընթացքում Լինտներն Ադրբեջանի օգտին իր լոբբիստական գործունեությունը բացատրել էր «ազնիվ մղումներով»՝ այն անվանելով «օրինական լոբբինգ»։
Նա մեղավոր էր ճանաչվել նմանատիպ մեղադրանքով։ Ըստ որոշ տեղեկությունների, Լինտների վերաբերյալ կայացվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման որոշում, և ներկայումս նա բողոքարկում է դատավճիռը։
Լինտները OCCRP-ի և նրա մեդիա գործընկերների կողմից 2017 թվականին բացահայտված փողերի լվացման հսկայական սխեմայի՝ այսպես կոչված, «ադրբեջանական լվացքատան» մեջ ներգրավված անձանցից մեկն է։
Հետաքննությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի իշխող վերնախավն օգտագործել է 2.9 միլիարդ դոլարի գաղտնի՝ «սև բյուջե» ոչ միայն սեփական հարստացման, այլև եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու համար՝ նպատակ ունենալով բարելավել երկրի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում, հատկապես խախտումների վերաբերյալ աճող քննադատության ֆոնին։
Ի սկզբանե Լինտներն ու Ֆիշերը պետք է միասին կանգնեին դատարանի առաջ, բայց Ֆիշերի հիվանդության պատճառով նրա գործը հետագայում առանձնացվեց։
Transparency International Germany-ի արձագանքը
Մեկնաբանելով Աքսել Ֆիշերի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը՝ Transparency International Germany-ն նշել է.
«Մինչ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ կաշառք էին վերցնում Ադրբեջանի շահերն առաջ մղելու և Եվրոպայի խորհրդում քննադատությունը ճնշելու համար, իրավապաշտպաններն ու քաղբանտարկյալները շարունակում էին մնալ Բաքվի բանտերում»։
Կազմակերպությունը դատավճիռն անվանել է «Գերմանիայում և Եվրոպայում հաշվետվողականության հասնելու ուղղությամբ կարևոր քայլ» և «լվացքատան» սկանդալում ներգրավված մյուս երկրներին կոչ արել հետևել Բեռլինի օրինակին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Բունդեսթագի նախկին անդամը կաշառք է ստացել Ադրբեջանից