«Երկաթյա վարագույրը փլուզելու փորձ». հայ փորձագետները՝ Բաքու կատարած այցի մասին
Հայ փորձագետների այցը Բաքու
Նոյեմբերի 21-22-ը Ադրբեջանում էին 5 հայ փորձագետներ։ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու կազմակերպվել էր հոկտեմբերին ադրբեջանցի փորձագետների՝ ՀՀ կատարած այցին ի պատասխան:
Նախաձեռնությունն արդեն անուն ունի՝ «Խաղաղության կամուրջ»։ Երկու երկրների քաղհասարակության ներկայացուցիչների օրակարգում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր հարցերն են՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից մինչև հաղորդակցությունների ապաշրջափակում։ Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումներն ու փոխայցելությունները։
Ադրբեջան մեկնած հայ փորձագետները գործընկերներին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ներկայացրել են ՀՀ-ի հանրությանը հուզող հարցերի ողջ շրջանակը, սակայն կենտրոնացել են դրանցից առաջնայինի՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի վրա։ Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» տնօրեն, խմբի անդամ Նաիրա Սուլթանյանը նկատել է՝ փորձել են հարցը տեղավորել խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ և ցույց տալ, թե «ինչու է երկու կողմերի շահերից բխում այս խնդրի լուծումը»։
Այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ դեռևս չեն արձանագրվել։ Սակայն ՀՀ-ից հարևան երկիր մեկնած փորձագետներին Հիքմեթ Հաջիևը հավաստիացրել է՝ ընթանում են ակտիվ բանակցություններ։
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ԽՍՀՄ տարիներին ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերություններ են կառուցել կենտրոնի՝ Մոսկվայի միջոցով, իսկ միության փլուզումից հետո ունեցել են «միայն պատերազմի ու կոնֆլիկտի փորձառություն»։
Քաղաքագետն ասում է՝ համակեցության միջավայր ձևավորելու ճանապարհին մեծ աշխատանք կա անելու։
«Անցնող 35 տարիների ընթաքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է ինչ-որ չափով երկաթյա վարագույր։ Այս նախաձեռնությունն արդեն երկու անգամ այդ վարագույրի միջով անցել է։ Բավարա՞ր է սա ասելու համար, որ երկաթյա վարագույրը սկսել է փլուզվել, ոչ։ Բայց միանշանակ է, որ սա քայլ է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Քոչինյանը։
Բաքու էին մեկնել հայ փորձագետներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանն ու Սամվել Մելիքսեթյանը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Բացի այդ, պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
Այցի շրջանակում նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Փորձագետների ասուլիսի կարևոր դրվագները
- «Թրամփի ուղի». Արևմուտքի պատրա՞նք, թե՞ Հարավային Կովկասի պատմության շրջադարձային պահ
- «Հետ գնալու դեպքում քարտեզներում չենք տեսնի Ադրբեջանը»․ արձագանք Ալիևին
- «ԱՄՆ-ն խաղադրույք կատարեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»․ կարծիք Երևանից
«Պարկեշտ մերժում»․ հայ գերիներին տեսակցելու և նրանց վերադարձի մասին
Դեռևս երկու շաբաթ առաջ նախաձեռնության անդամներից Բորիս Նավասարդյանն ասել էր «Ազատությանը», որ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ իրենք Բաքվում հայ գերիներին տեսակցելու ցանկություն են հայտնել։ Ընդգծել էր՝ տեղում պարզ կլինի, թե ինչպիսի արձագանք է գտել իրենց խնդրանքը։
«Եթե դա չի առաջարկվել որպես ծրագրի մաս, նշանակում է՝ մերժվել է: Մեզ առաջարկվել է մեր այցելության օրակարգ։ Մենք դրա վերաբերյալ ունեինք որոշ մեկնաբանություններ, քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել էինք։ Նշանակում է պարկեշտ մերժում»,- ասուլիսի ժամանակ նկատել է Նավասարդյանը։
Նրա գնահատմամբ՝ առաջնահերթություն է եղել ոչ թե Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելը, այլ նրանց վերադարձի հարցում առաջընթաց գրանցելը․
«[Գերիների վերադարձի] հարցը քննարկվում է, միգուցե կստանա որոշակի լուծում։ Երբ, ոնց և ինչպիսի լուծում կլինի՝ երևի կտեսնենք մոտ ժամանակներս»։
Հաջիևի ուղերձները հայ հանրությանը․ «Պատերազմն ավարտվել է, ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հանրությանը փոխանցել հետևյալ ուղերձները՝
- «պատերազմն ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա,
- հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավարտվել է,
- Ադրբեջանն ուզում է չպատերազմ վիճակից կառուցել խաղաղություն, գնալ ՀՀ-ի հետ համապարփակ և երկարաժամկետ խաղաղության,
- Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի»։
Արձագանքելով այս ուղերձներին՝ լրագրողները հարցեր բարձրացրին, մասնավորապես՝ Բաքվից հնչող «Արևմտյան Ադրբեջանի» թեզի, ՀՀ-ով անցնող հաղորդակցության ուղին «Զանգեզուրի միջանցք» անվանելու հետ կապված։
Քաղհասարակության ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին Բաքուն խոսում է՝ ի պատասխան արցախահայերի վերադարձի մասին հայտարարությունների, այսինքն՝ իբրև «հայելային պահանջ»։
Ինչ վերաբերում է «միջանցքին», ըստ փորձագետների, Ադրբեջանում ունեցած հանդիպումների ընթացքում, այդ թվում՝ Հիքմեթ Հաջիևի շուրթերից չի հնչել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ասում են՝ Հաջիևն օգտագործել է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհ ձևակերպումը։
Հայ և ադրբեջանցի փորձագետները քննարկել են «համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները»
Այդ մասին տեղեկանում ենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի հրապարակած հաղորդագրությունից։ Դեռևս հոկտեմբերին Երևանում կայացած հանդիպումից հետո ԱՔՀԿ-ից հայտնել էին, որ պլանավորում են մշակել խմբի համատեղ գործողությունների ծրագիր։
«Նախագծերը, որոնք քննարկել ենք դեռևս Երևանում, Բաքու կատարած այցի ընթացքում, ըստ էության, վերջնական փուլ են մտել քննարկումների տեսանկյունից։ Մոտ ապագայում կտեսնեք այդ նախագծերի իրականացման առաջին քայլերը»,- JAMnews-ի հարցին ի պատասխան ասել է կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արեգ Քոչինյանը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի փոխանցմամբ՝ խոսքը հետևյալ ուղղությունների մասին է՝
- փորձագետների ներգրավում տարբեր ձևաչափերով քննարկումների և միջոցառումների,
- ԶԼՄ-ների հետ աշխատանք, որպեսզի նպաստեն կարգավորման գործընթացին և չգնան իրողությունների խեղաթյուրման,
- նախաձեռնության «5+5» (ամեն երկրից 5 ներկայացուցիչ) ձևաչափի ընդլայնում։
Ավելի վաղ, մինչև Բաքու մեկնելը նա նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների քննարկումների օրակարգում են բազմաթիվ հարցեր․
- խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրում,
- ապաշրջափակման գործընթացի արագացում,
- համատեղ տնտեսական ծրագրեր,
- սահմանամերձ բնակիչների շփումներ և այլն։
Ընդգծել էր՝ նշված հարցերի շուրջ համատեղ առաջարկներ են ձևակերպել, որոնք «ինչ-որ չափով կարող են մտնել նաև պաշտոնական բանակցությունների օրակարգ»։
JAMnews-ը Նավասարդյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք այդ առաջարկությունները ներկայացվել են Բաքվում, օրինակ՝ Հիքմեթ Հաջիևին։
«Կա որոշակի հերթականություն քայլերի։ Պարտադիր չէ, որ այն, ինչ նախատեսում ենք, զարգանա հենց այս նախաձեռնության շրջանակում։ Օրինակ՝ նոյեմբերի վերջին Երևանի և Բաքվի մամուլի ակումբները մի քանի փաստաթղթեր են պատրաստելու, որոնք առաջարկություններ են լրատվամիջոցների համար»,- արձագանքել է Երևանի մամուլի ակումբի նախագահը։
Նրա պարզաբանմամբ՝ ներկայացնելու են «հիմքերը», թե ինչպես պետք է աշխատեն լրագրողները, որպեսզի ոչինչ չթաքցնեն, միևնույն ժամանակ «չգրգռեն հասարակություններին»։
Ադրբեջանցի «էկոակտիվիստը» չի մասնակցել երկրորդ հանդիպմանը․ ինչո՞ւ
Քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն Ադրբեջանից մասնակցել են Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Քյամալա Մամեդովան, Ռամիլ Իսկանդերլին և Ֆուադ Աբդուլլաևը:
Աբդուլլաևը նոր է ներառվել խմբում: Հոկտեմբերի 21–22-ին Երևանում կազմակերպված հանդիպմանը ադրբեջանական պատվիրակության անդամ էր Դիլարա Աֆանդիևան։ Նրա մասնակցությունը, սակայն, վրդովվեցրել էր հայ հանրությանը: Բանն այն է, որ Աֆանդիևան 2022 թ․-ի դեկտեմբերին մասնակցել է Լեռնային Ղարաբաղը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքի փակմանը՝ ներկայանալով որպես «էկոակտիվիստ»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ խմբի անդամների ընտրությանը չեն միջամտում։ Շեշտում է՝ միմյանց վեթինգ անելը կլինի «ճանապարհ դեպի ոչ մի տեղ»։
«Աֆանդիևան հանդիպմանը չի մասնակցել անձնական խնդրի պատճառով։ Հետագա մասնակցության հարցը կորոշի ադրբեջանական կողմը»,- հայտարարել է Քոչինյանը։
Ի՞նչ է հայտնի «Խաղաղության կամուրջ»-ի ստեղծման մասին
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանն այսօր հայտնել է՝ նման ձևաչափի ստեղծումն իր և ադրբեջանցի գործընկերոջ գաղափարն է եղել։
«Ես ՀՀ-ում, գործընկեր փորձագետը՝ Ադրբեջանում, մոտեցել ենք իշխանություններին։ Ասել ենք՝ կա նման գաղափար, որ ուզում ենք անել երկկողմանի այցեր, համատեղ նախագծեր առանց միջնորդների, առանց երրորդ երկրների և երրորդ կողմերի ներգրավվածության։ Ստացել ենք աջակցություն»,- պատմել է նա։
Քոչինյանի փոխանցմամբ՝ ինքն է ընտրել նաև նախաձեռնության հայ անդամներին։
Ասում է՝ սահմանափակումներ չկան, բարձրաձայնում են հասարակությանը մտահոգող բոլոր հարցերը․
«Բնականաբար, խորհրդակցություններ իրականացնում ենք մեր մայրաքաղաքների հետ, բայց դա որևէ կերպ չի նշանակում, թե մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում»։
Երևան-Բաքու-Երևան. շուրջ 17,5 միլիոն դրամ է ծախսվել
Հայաստանի կառավարությունը Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքները կազմակերպելու համար շուրջ 17,5 միլիոն դրամ է հատկացրել: Որոշումն ընդունվել էր գործադիրի հերթական նիստում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ քննարկմանը մասնակցելու միջոցով՝
- կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները,
- կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանն ընդգծել է՝ նախաձեռնության անդամների համար պարտավորեցնող է, որ պետությունը նման ռեսուրսներ է ներդնում։
«Ձևաչափն այս պահի դրությամբ հնարավոր է դարձել միայն պետական աջակցության շնորհիվ։ Բայց մեր խումբն իր առջև խնդիր է դրել դիվերսիֆիկացնելու ֆինանսական հոսքերը, աջակցության հնարավորությունները, որպեսզի այս ամենը չլինի միայն պետբյուջեի հաշվին»,- նկատել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայ փորձագետների այցը Բաքու