Վրաստանում քրեական հետապնդում է հարուցվել ընդդիմության 8 առաջնորդների՝ Միխեիլ Սաակաշվիլիի, Գիորգի Վաշաձեի, Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի, Զուրաբ Գիրչի Ջափարիձեի, Էլենե Խոշտարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ։
Գործը համատեղ հարուցել են Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունն ու Ներքին գործերի նախարարությունը՝ «պետության դեմ հանցագործությունների՝ սաբոտաժի, օտարերկրյա պետության թշնամական գործունեությանը օժանդակելու, սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման, ինչպես նաև սահմանադրական կարգի բռնի փոփոխության և իշխանության տապալման կոչերի» մեղադրանքներով։
Դատախազությունը միջնորդում է գրավի դիմաց ազատ արձակել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, ինչպես նաև նախնական լսումներ անցկացնել մնացած մեղադրյալների մասով, որոնք արդեն իսկ կալանքի տակ են։
Ըստ Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեի՝ «մինչ Վրաստանի կառավարությունը ընտրել էր խաղաղության պահպանման ուղին և հրաժարվել էր Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել», ընդդիմադիր կուսակցությունների որոշ առաջնորդներ (Էլենե Խոշտարիա, Զուրաբ Ջափարիձե և Գիորգի Վաշաձե), իբր, արտասահմանյան երկրների ներկայացուցիչներին տեղեկություններ են փոխանցել նավթամթերքի ներմուծման և երկրի ռազմական ոլորտում տիրող իրավիճակի մասին: Հետաքննությունը պնդում է, որ նրանք տարածել են «կեղծ տեղեկություններ այն մասին, որ Վրաստանի օդային տարածքն օգտագործվում է Ռուսաստան իրանական անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար»:
Ավելին, ըստ գլխավոր դատախազի՝ Խոշտարիան, Ջափարիձեն և Վաշաձեն արտասահմանյան գործընկերներին են փոխանցել պետական ծառայողների ցուցակներ և այլ փաստաթղթեր՝ պատժամիջոցներ կիրառելու համար: Դատախազի կարծիքով՝ դրա արդյունքում Արևմուտքի կողմից պատժամիջոցներ են սահմանվել մոտ 300 պաշտոնյաների և գործարարների նկատմամբ:
Դատախազը նաև հայտարարել է, որ 2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո մեղադրյալները սկսել են «ակտիվ փողոցային գործունեություն, որն ուղղված է եղել գործընթացի արմատականացմանը։ Մասնավորապես՝ հրապարակայնորեն կոչ են արել հեղափոխություն անել, տապալել իշխանությունը, ակցիաներ անել կառավարական շենքերի մոտ և ֆիզիկական դիմադրություն ցույց տալ իրավապահ մարմինների աշխատակիցներին»:
«Բացի վերոնշյալից, օրինական կառավարությունը տապալելու նպատակով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օգտագործել է իր սոցիալական ցանցի էջը, կողմնակիցներին հրապարակավ կոչ արել ձեռնարկել անօրինական և բռնի գործողություններ՝ հայտարարելով պայքարի և ագրեսիվ դիմադրության անհրաժեշտության մասին: Իր հայտարարություններում նա նաև համակիրներին հորդորել է գրավել կառավարական շենքերն ու «տապալել ռեժիմը»»,- հավելել է դատախազը։
Խտացված գույներով ներկայացնելով Վրաստանում գրեթե մեկ տարի շարունակվող բողոքի ցույցերը՝ դատախազությունը պնդել է, որ ցուցարարները ֆինանսավորվել և նյութական աջակցություն են ստացել մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և հատուկ ստեղծված հիմնադրամների միջոցով, որոնք միջոցներ են ստացել միջազգային դոնորներից։