«Ավելի հարմար ու հասանելի»․ ՀՀ-ում պարզեցվել է եկամուտների հայտարարագրման գործընթացը
Հայտարարագրման գործընթացի պարզեցում ՀՀ-ում
Հայաստանում եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը մոտենում է։ Մինչև նոյեմբերի 1-ը բոլոր աշխատող և ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները պետք է ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականի համար։
Մինչ այս պահը, սակայն, էլեկտրոնային փաստաթուղթը լրացրել է շուրջ 200 հազար քաղաքացի։ Ազգային ժողովը որոշել է պարզեցնել հայտարարագրման գործընթացը։
«Քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, բայց մուտք չեն գործել համակարգ, այլևս պատասխանատվության չեն ենթարկվի։ Նրանց հայտարարագրերը կհամարվեն լրացված և հանձնված Պետական եկամուտների կոմիտեի կողմից արդեն իսկ հասանելի տվյալների հիման վրա»,- հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Այսինքն՝ այն անձինք, որոնք գրանցված աշխատողներ են, կողմնակի եկամուտներ չունեն, կարող են նաև չլրացնել հայտարարագիրը։
Թունյանի պարզաբանմամբ՝ նպատակն է քաղաքացիների համար ապահովել առավել հարմար ու հասկանալի գործընթաց, ինչպես նաև նվազեցնել վարչական բեռը։
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 169․1 հոդվածի համաձայն՝ հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսվում էր նախազգուշացում, այնուհետև 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ մինչև 50 հազար դրամ տուգանք։ Այդ տուգանքը նշանակելուց հետո ևս 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նախատեսվում էր մինչև 100 հազար դրամի տուգանք։
- ՀՀ-ում գործազրկության մակարդակը նվազել է. վիճակագրական տվյալներ և մեկնաբանություններ
- Հայաստանը օտարերկրյա հարկատուների մասին տվյալներ կփոխանակի, ռուս ռելոկանտները մտահոգ են
- Ո՞վ է ճիշտ և ո՞վ՝ սխալ․ Պուտին-Փաշինյան բանավեճ ապրանքաշրջանառության ցուցանիշների շուրջ
Ի՞նչ է փոխվել հայտարարագրման գործընթացում
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի փոխանցմամբ՝ Հայաստանի Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կնպաստի եկամուտների հայտարարագրման համակարգի կատարելագործմանը, կօգնի լուծել համակարգի գործարկումից հետո առաջացած խնդիրները։
Մասնավորապես՝ եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, այլևս գործողություն կատարելու անհրաժեշտություն չի ունենա։
Սակայն այն քաղաքացիները, որոնք անձամբ չեն լրացրել (առնվազն հաստատել) հայտարարագիրը, չեն կարողանա ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում կրթական և առողջապական ծառայությունների համար։
«Այս փոփոխությունները միտված են քաղաքացիներին մոտիվացնելու, որ մասնակցեն հայտարարագրերը լրացնելու կամ հաստատելու գործընթացին»,- բացատրել է Թունյանը։
Բացի այդ, ընդունված փաթեթի համաձայն՝
- ՊԵԿ-ը կկարողանա քաղաքացիների համաձայնությամբ բանկերից ավտոմատ կերպով ստանալ անհրաժեշտ տվյալները, օրինակ՝ ավանդներից ստացված տոկոսային եկամուտների մասին։ Այդ տվյալներն այլևս ձեռքով չեն մուտքագրվի;
- ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները չեն լինի հայտարարագրման ենթակա,
- ֆիզիկական անձանց կողմից ստացվող վարկերն ու փոխառությունները չեն ներառվի հայտարարագրման պարտադիր դաշտերի մեջ։
ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը [ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը] գտնվում է Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև ՀՀ-ում պետական ծառայության մեջ գտնվող, սակայն ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:
Համակարգը փուլային եղանակով է ներդրվում
2026 թ․-ից հայտարարագիր կլրացնեն Հայաստանի բոլոր չափահաս քաղաքացիները՝ անկախ նրանից գրանցված աշխատող են, թե ոչ։
Այս տարի հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեն 2024 թ․-ի ընթացքում վարձու աշխատող համարված և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները, ինչպես նաև՝
- 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,
- 2023 թ․-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները,
- 2024 թ․-ի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և նախորդ տարի 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):
Տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև այն քաղաքացիները, որոնք տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են եկամուտ, օրինակ՝ բնակարանի վարձի տեսքով։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիների այս խումբը պետք է հայտարարագիրը ներկայացնելուն զուգահեռ պետբյուջե վճարի նաև եկամտային հարկ։
300 հազար դրամի շեմ․ ո՞ր եկամուտները կարելի է չհայտարարագրել
Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից (յուրաքանչյուր գործարքից) միանվագ ստացված չհարկվող եկամուտներին։
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին, օրինակ՝ աշխատավարձին, որը չի երևում ՊԵԿ տվյալներում, քանի որ քաղաքացին այն ստացել է արտերկրից։
Վերոնշյալ դեպքում աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում։ Այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից կնվազեցվի օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։
Մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր լրացնողները կարող են ստանալ ծախսերի փոխհատուցում
Խոսքն այն սոցիալական ծախսերի մասին է, որոնք քաղաքացին կատարել է իր կամ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար։ Ծախսերը պետք է արված լինեն հետևյալ 2 ուղղություններով՝
- առողջապահության՝ առողջության ապահովագրական փաթեթ, ատամնաբուժական ծառայություններ (փոխհատուցման առավելագույն չափը` տարեկան 50․000 դրամ),
- կրթության՝ ուսման վճար, արտադպրոցական կրթական ծառայության վճար, ոչ ֆորմալ կրթական ծառայության վճար, դպրոցական դասագրքի վարձակալության վճար (փոխհատուցման առավելագույն չափը` տարեկան 100․000 դրամ)։
Միաժամանակ երկու ուղղություններով ծախս կատարած լինելու պարագայում փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։
Կրթության կամ առողջապահության մասով սոցիալական ծախսերի վճարումները պետք է կատարված լինեն բացառապես անկանխիկ եղանակով: Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության համար կատարված վճարումները։
Փոխհատուցում ստանալու համար քաղաքացին պետք է ՊԵԿ ներկայացնի առանձին դիմում՝ կցելով նաև հաշվարկային փաստաթուղթը (ինվոյս):
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայտարարագրման գործընթացի պարզեցում ՀՀ-ում