Եվրախորհրդարանն իր աջակցությունն է հայտնել նոր կանոններին, որոնք պարզեցնում են երրորդ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման կասեցման գործընթացը։
Օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո առանց վիզայի ռեժիմի կասեցման պատճառների թվին կավելանան՝
ԵՄ-ի արտաքին հարաբերությունների վատթարացումը երրորդ երկրի հետ, մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին կամ ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումներին,
Երկրի վիզային ռեժիմի անհամապատասխանությունը ԵՄ-ի վիզային քաղաքականությանը։
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, եվրոպացի դիվանագետները նշում են, որ նոր կանոնների ընդունումը որոշ չափով կապված է Վրաստանի հետ։
Նոր մեխանիզմի ներդրմանն աջակցել են Եվրախորհրդարանի 518 պատգամավորներ, 96-ը դեմ են քվեարկել, 24-ը՝ ձեռնպահ։
Ի՞նչ են նշանակում նոր կանոնները
● ԵՄ-ի անդամ պետությունները նոր կանոնների ընդունման համար պաշտոնապես կքվեարկեն նոյեմբերի 17-ին։ Ակնկալվում է, որ պարզեցված մեխանիզմն ուժի մեջ կմտնի դեկտեմբերին։
● Նոր միջոցները կկիրառվեն 61 երկրի նկատմամբ, որոնք ունեն առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ։
● Գործող օրենսդրության համաձայն՝ առանց վիզայի ռեժիմը կարող է ժամանակավորապես կասեցվել սկզբնական 9 ամսով՝ ևս 18 ամսով երկարաձգման հնարավորությամբ։ Նոր կանոնների համաձայն՝ ժամանակավոր կասեցման առաջին փուլը 12 ամիս է՝ ևս 24 ամսով երկարաձգման հնարավորությամբ։
● Նոր մեխանիզմը ներառում է ևս մեկ փոփոխություն, որը հատուկ նախատեսված է Վրաստանի համար։ Այն սահմանում է առանց վիզայի ռեժիմի սահմանափակում միայն այն պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են հիմնարար իրավունքների և արտաքին հարաբերությունների ոլորտում ստանձնած պարտավորությունների խախտումների համար։
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հաստատել է, որ ԵՄ-ն դիտարկում է առանց վիզայի ռեժիմի կասեցումը՝ որպես Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու գործիք։
Բացի այդ, սեպտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում Վրաստանի հարցերով մշտական զեկուցող Ռասա Յուկնևիչենեն վրացական «Ֆորմուլա» լրատվամիջոցին տված հարցազրույցում խոսել է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի կասեցման սպառնալիքի մասին՝ նշելով, որ եթե առաջարկությունները չկատարվեն, առանց վիզայի ռեժիմը կկասեցվի, քանի որ «այլ կերպ անհնար է»։
Նրա խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հիանալի հասկանում է, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել երկրի համար առանց վիզայի ռեժիմը պահպանելու համար։ Յուկնևիչենեն կարծում է, որ եթե Վրաստանը չկատարի առաջարկությունները և առանց վիզայի ռեժիմը, այնուամենայնիվ, կասեցվի, դրա պատասխանատվությունը կկրի «Վրացական երազանքը» և նրա ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին։